Արհեստների ավագ դպրոցում համատեղվում են հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական կրթությունն ու ընդհանուր հանրակրթությունը: Այս դպրոցի շրջանավարտը ավարտական ատեստատի հետ մեկտեղ ստանում է նաև մասնագիտական հմտություններն հավաստող պետական նմուշի դիպլոմ: Նախնական մասնագիտական կրթությունն արհեստների դպրոցում իրականացվում է մոդուլային համակարգով, ընդհանուր հանրակրթությունը՝ ըստ պետական չափորոշիչի: Ընդհանուր հանրակրթական «Հայոց լեզու», «Հայ գրականություն» դասընթացները 10-11-րդ դասարաններում կազմակերպվում են որպես սովորողի խոսքի մշակում, իսկ 12-րդ դասարանում այդ դասընթացներն ուղղված են պետական ավարտական քննության նախապատրաստությանը:
Մյուս կողմից՝ մասնագիտական արհեստագործական կրթության պետական չափորոշիչներով ու ծրագրերով նույնպես նախատեսված է «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» դասընթացը, որի նպատակը հիմնական կրթության հիմքով սովորողների մայրենի լեզվի գրավոր ու բանավոր խոսքի հմտությունների հետագա զարգացումն է։
Մենք փորձ ենք անում միավորել այս երեք դասընթացները՝ բացառելով կրկնությունները, փոխադարձաբար հարստացնելով, ինչպես նաև գրական տեքստերի ընտրության միջոցով տարբեր մասնագիտություններ ընտրած սովորողների համար տարբերակելով դասընթացները։
Բացի այդ, արհեստագործական ավագ դպրոցում այժմ աշխատում ենք արդեն թեմատիկ պլանավորման փուլում տարբեր դասընթացների թեմատիկ որոշ տարրեր ինտեգրել, միավորել՝ գործնական, նախագծային աշխատանքային ծրագրերում։
Խոսքի մշակույթ առարկայի կազմակերպումը արհեստների ավագ դպրոցում
Խոսքի մշակույթի դասընթացը նպատակաուղղված է հիմնական կրթություն ստացած սովորողի մեջ շարունակելու զարգացնել այն հմտություններն ու կարողությունները, արժեքային համակարգը, որ սահմանված է մայրենիի պետական չափորոշիչով: Ըստ պետական չափորոշիչի՝ արհեստների ավագ դպրոցի սովորողը պիտի կարողանա ազատ, անկաշկանդ, գրավոր և բանավոր խոսքի միջոցով արտահայտել սեփական մտքերը, հույզերը, հաղորդակցվել մարդկանց հետ, ձեռք բերել գիտելիքներ իրեն շրջապատող աշխարհի, բնության, հասարակության ու մարդու մասին:
Ի՞նչ ենք կարդում
Դասընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչներից մեկը ընթերցանությունն է: Կարդում ենք փոքր ծավալի արձակ և չափածո ամենատարբեր նյութեր՝ կրթահամալիրի տոնացույցով սահմանված բանաստեղծների ստեղծագործություններ, զրույցներ, ավանդություններ, գեղարվեստական ու հանրամատչելի հետաքրքիր պատմություններ, որոնք սովորողի համար կարող են միջոց դառնալ՝ իր մտքերն ու հույզերն արտահայտելու: Դրանք պատմություններ են միջնադարյան արհեստների, մեր պատմության երևելի դեմքերի, բնության, ծառ ու ծաղկի, ճարտապետական կոթողների ու անանուն վարպետների և շատ այլ բաների մասին, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս արհեստների ավագ դպրոցի սովորողին ձեռք բերելու ընդհանուր գիտելիքներ իրեն շրջապատող աշխարհի, բնության ու մարդու մասին, այլև ավելի խորը ճանաչելու իր ընտրած մասնագիտությունը, հարստացնելու իր մասնագիտական գիտելիքներն ու բառապաշարը, տեսնելու կապը այսօրվա իր ընտրած մասնագիտության ու պատմության ընթացքում ստեղծված արժեքների միջև:
Ընթերցանության բովանդակությանն առնչվող այս խնդիրները լուծելու համար հաճախ հարկ է լինում օգտագործել հենց սովորողի ներուժը: Քանի որ վերը հիշատակված նյութերը հարկ են լինում գտնել, հավաքել տարբեր գրքերից ու այլ աղբյուրներից, ապա համակարգչին ավելի գրագետ տիրապետողները մուտքագրում են այս նյութերը: Դրանից հետո, անշուշտ, հեշտանում է ընթերցանության կազմակերպումը: Դասից առաջ ընթերցվելիք նյութը կամ հղումը՝ կից առաջադրանքներով, ուղարկվում է սովորողների հասցեներին: Դասի ընթացքում շատ կարևոր է, թե սովորողը որքանով է յուրացնում ընթերցածը:
Բանավոր խոսքի կազմակերպում
Դասային գործընթացի այս փուլում հարկ է կազմակերպել բանավոր խոսքի զարգացմանն ուղղված աշխատանքներ: Քանի որ սովորողների կարդալու ու կարդացածը հասկանալու հմտություններն ու կարողությունները տարբեր են, դասավանդողը հնարավորություն է ունենում անհատապես աշխատելու յուրաքանչյուր սովորողի հետ՝ վերապատմել տալով, կարդացածը հարցերի միջոցով ստուգելով ու ամփոփելով, չհասկացած հատվածը մի անգամ ևս կարդալ տալով, իսկ հետո նաև՝ ընդհանուր քննարկում, մտքերի փոխանակում կազմակերպելով:
Ընթերցվող նյութին կից առաջադրանքները սովորողները կատարում են անհատական կամ զույգերով՝օգտվելով հաճախ միևնույն համակարգչից կամ էլեկտրոնային գրատախտակից: Առաջադրանքներում շատ կարևոր է, որ լինեն այնպիսի հանձնարարություններ, որ սովորողը ինքը որոնի, փնտրի ու գտնի համացանցում: Շատ ցանկալի է, որ իր գտած, առանձնացրած նյութերի հետ սովորողը որոշակի աշխատանք կատարի՝ կարդա, համադրի, քննական վերաբերմունք դրսևորի, անհրաժեշտության դեպքում՝ թարգմանի, ոչ թե պարզապես այն պատճենի ու կցի իր առաջադրանքին: Ուստի դասի ընթացքում պատճենած նյութի վրա հրավիրելով սովորողի ուշադրությունը՝ դասավանդողը հարկ է համարում ստուգել, թե սովորողը որքանով է ծանոթ իր պատճենած նյութին: Հասկանալի է, որ մեկ դասաժամի ընթացքում աշխատանքը ավարտին հասցնել հաճախ հնարավոր չի լինում: Կիսատ մնացած աշխատանքը սովորողները շարունակում են հաջորդ դասաժամին և ուղարկում ուսուցչին: Աշխատանքը ստուգելուց ու անհրաժեշտ շտկումներ անելուց հետո դասավանդողը այն ուղարկում է սովորողի հասցեին՝ նրա բլոգում տեղադրելու համար:
Բլոգավարությունը՝ որպես ուսումնական գործընթացի բաղադրիչ
Այսօր արհեստների դպրոցի գրեթե բոլոր սովորողներն ունեն իրենց բլոգները, բայց, այնուամենայնիվ, նրանք դժվարությամբ են ներառվում բլոգային գործընթացի մեջ: Դա ժամանակի խնդիր է: Իհարկե, կան սովորողներ, որոնց համար սեփական բլոգը ինքնաարտահայտման, ինքնագործունեության հրաշալի միջավար է, և ուսումնական նյութերից, հաշվետվություններից զատ՝ նա գրում է, ստեղծագործում, հարստացնում իր բլոգը ամենատարբեր նյութերով: Հետևելով կրթահամալիրի ուսումնական տոնացույցին՝ նա զետեղում է սիրելի բանաստեղծի կամ գրողի՝ իրեն դուր եկած ստեղծագործությունները, նամակները, կենսագրական մանրամասներ ու տեսանյութեր: Շատերի բլոգներում տեղ են գտնում իրենց մասնագիտությանը առնչվող հետաքրքիր նյութեր, նկարներ, տեսաֆիլմեր: 1 Ուսուցիչը միայն խրախուսում ու խթանում է սովորողի նման ինքնագործունեությունը:
Լեզվական հմտությունների ամրապնդում
Սովորողի հետ ընթերցվող նյութի վրա իրականացվող կարևոր աշխատանքներից են լեզվական գիտելիքներին վերաբերող առաջադրանքները: Այսպես՝ սովորողը հենց ընթերցվող տեքստում գրավոր կամ բանավոր աշխատանքի միջոցով որոշում է բառերի կազմությունը, խոսքիմասային պատկանելիությունը, նախադասությունների կազմությունը, գտնում բառի հոմանիշը կամ հականիշը, համապատասխան դարձվածքը, բացատրում այս կամ այն կետադրական նշանի գործածությունը: Այս աշխատանքները ոչ միայն ամրապնդում են հիմնական դպրոցի ստացած գիտելիքները, այլև միտված են սովորողի բառապաշարի, մասնագիտական բառապաշարի հարստացմանն ու ընդհանուր գրագիտությանը:
Գրավոր խոսքի կազմակերպում
Գրավոր խոսքի զարգացմանը, անշուշտ, նպաստում են տարաբնույթ աշխատանքները՝ նկարագրական, վերլուծական, ստեղծագործական շարադրանքները, գրավոր կարծիքները, խոհերը: Այսօր կրթահամալիրում իրականացվում են ամենատարբեր նախագծեր, հանդիսություններ, դիջիթեքներ, մեդիաուրբաթներ, նախագծային հանդիպումներ ժամանակակից գրողների և տարբեր մարդկանց հետ, ուսումնական ճամփորդություններ ու էքսկուրսիաներ, ստուգատեսներ, էկոտուրեր, մարզական միջոցառումներ, ցուցահանդեսներ, շաբաթօրյակներ և այլն, և շատ կարևոր է, որ արհեստների դպրոցի սովորողն իրեն չօտարի այս ամենից, այլ մասնակցելով այդ ամենին՝ իր մայրենի լեզվով ազատ, անկաշկանդ շարադրի, պատմի, նկարագրի իր զգացածը, տեսածն ու լսածը, վերլուծի, կիսի իր խոհերը ընտանիքի, դպրոցի, ընտրած մասնագիտության ու ընկերների մասին, արտահայտի իր մտքերը:
Կրթահամալիրի կայքն ու արհեստների դպրոցի ենթակայքը այն անհրաժեշտ վիրտուալ միջավայրն են, որ սովորողին կարող են մղել իր խոսքի մշակմանը նպաստող աշխատանքներին: Իր գրած աշխատանքը, պատրաստած նյութը տեսնելով կայքում կամ ենթակայքում, հերթական դիջիթեքին իր մասնակցության հայտը ներկայացնելով՝ սովորողն անպայման ոգևորվում է. դա յուրատեսակ խթան է նրա համար:
Առարկայական ինտեգրումը՝ որպես անհրաժեշտ բաղադրիչ
Այս մասին խոսելիս չպետք է անտեսել, որ մայրենին ոչ միայն ուսումնական առարկա է, այլև կրթության լեզու, և ուսումնական բոլոր առարկաներն էլ իրենց ներդրումը պիտի ունենան սովորողների լեզվական կարողությունների զարգացման գործում: Ասել է թե սովորողի խոսքի մշակման աշխատանքներն իրականացնելիս շատ կարևոր է դառնում առարկան դասավանդող և մյուս առարկաները, այդ թվում նաև մասնագիտական առարկան դասավանդող ուսուցիչների համաձայնեցված գործունեությունը: Չէ՞ որ բոլորի համատեղ աշխատանքի արդյունքում է զարգանում ու կատարելագործվում թե՛ սովորողի լեզվի գործնական կիրառությունը, թե՛ հասարակության մեջ նրա լիարժեք կենսագործունեությունը: Առայժմ այդպիսի համագործակցության հաջողված օրինակ են մայրենիի, օտար լեզվի և մասնագիտության դասերի արդյունքում ստեղծված անգլերեն-հայերեն մասնագիտական (կարուձևի, վարսավիրության) էլեկտրոնային բառարանները, պատմության ուսուցչի կողմից ենթակայքում հրապարակած արհեստների պատմությանը վերաբերող մի քանի նյութերի ընթերցումներն ու քննարկումները խոսքի մշակութի ժամերին: Համագործակցության նոր ձևեր պետք է փնտրել ու ավելի սերտացնել խոսքի մշակույթի և մասնագիտական դասերի կապը:
Տարբեր դասընթացների որոշ տարրերի ինտեգրումը արդեն թեմատիկ պլանավորման փուլում կարևոր քայլ կարող է լինել այս առումով։ Օրինակ՝ ընթերցանության, գրական նյութերի ընտրության հարցում մեծ է պատմության, օտար լեզուների դասընթացների և մասնագիտական մոդուլների հետ ինտեգրման հնարավորությունը։ Համատեղ իրականացվող մեկ նախագծային աշխատանքը, ասենք՝ մասնագիտության պատմության մասին, հնարավորություն կտա ստուգարքային աշխատանք հանձնել միանգամից 4-5 առարկաներից.
- համապատասխան նյութերի որոնում հանրագիտարաններում, համացանցում (խոսքի մշակույթ, պատմություն, ՏՀՏ, օտար լեզուներ, մասնագիտական դասընթացներ)
- դրանց ընտրություն, թարգմանություն, խմբագրում (խոսքի մշակույթ, օտար լեզուներ, ՏՀՏ)
- էլեկտրոնային ուսումնական նյութերի, PP ներկայացումների ստեղծում, ներկայացում (խոսքի մշակույթ, պատմություն, ՏՀՏ, մասնագիտական դասընթացներ)։
Արտադրական ուսուցումն ընտրած սովորողի խոսքի մշակման գործընթացին, անշուշտ, նպաստում են առավոտյան ընդհանուր պարապմունքները: Համատեղ ասմունքը, աղոթքը, երգը, նշանավոր մարդկանց՝ հասարակությանը, իրենց զավակներին ուղղված նամակների և այլ նյութերի համատեղ ընթերցումն ու քննարկումը, հնչեցրած հարցադրումները ոչ միայն ոգևորիչ են, հետաքրքիր, այլև ուղղված են սովորողի ճաշակի ձևավորմանն ու զարգացմանը, հանրության մեջ իր վարքի, պահվածքի հղկմանը, հանդուրժողականության դրսևորմանը:
Խմբագիր՝ Գայանե Թերզյան