Հեղինակային կրթական ծրագրի կազմակերպում: 30 +1, որտեղ մեկը ես եմ, սովորողի համար՝ 1-ին ուսումնական տարի, ինձ համար՝ նոր-դասվարական գործունեություն:
Լուսավոր և հարմարավետ դասարան-լաբորատորիա, նախագծային և առցանց ուսուցում, ստուգատեսներ, ճամփորդություններ, լողուսուցում, ամենօրյա ուրախ օտար լեզու, ընտանեկան նախագծեր, դասարանական ներկայացումներ, ծնողների մասնակցությամբ համատեղ նախագծեր, առցանց քննարկումներ, միասնական ծեսեր, ծնողական սեմինար- հավաքներ, բաց դասեր, ցուցադրություններ, մեդիաուրբաթներ և այլն… կարելի է ասել՝ լիարժեք իմացումի հրճվանք ծրագիր:
Ամառային հանդիպումները սովորողների հետ օգնեցին սեպտեմբերը ավելի հեշտ հաղթահարել: Ինչո՞ւ սեպտեմբերը, որովհետև երեխաները ամենատարբեր ընտանիքներից` տնային ինքնակրթությամբ, տարբեր մանկապարտեզներից, կրթահամալիրի նախակրթարանից մեկտեղվում են մեկ ընդհանուր միավորի մեջ, որտեղ սանից վերածվում են սովորողի: Դառնում են անդամը մի հավաքանու, որտեղ ինչքան ազատ, անկաշկանդ է մթնոլորտը, այնքան հստակ են պահանջները՝ ինչպիսի՞ն պետք է լինի սովորողը, որո՞նք են նրա իրավունքները, որո՞նք են նրա պարտականությունները: Այդ իրավունքների և պարտականությունների գիտակցման մեջ մեծ է սովորողի ընտանիքի դերը: Կարևոր է, որ ընտանիքը նույնպես ներառվի, դառնա գործընկեր, ոգևորի և ոգևորվի: Առցանց ուսուցումը հրաշալի տարբերակ էր այդ կապը հաստատելու և գտնելու համար: Հունվարյան արձակուրդային պարտադիր պարապուրդը մի անասելի թափ և հմայք հաղորդեց կրթահամալիրյան այլընտրանքին:
Մենք չհասցրինք մեկմեկու կարոտել, ընդհակառակը` մտանք սովորողի տուն, ապրեցինք նրա առօրյայով, մի բան, որ ուսումնական ամենրյա առօյայում ավելի դժվար կլիներ: Այդ մասին պատմել եմ՝«Առցանց ուսուցման հմայքն ու առանձնահատկությունները» հոդվածում:
Սեպտեմբերը սկսեցինք ընդունակ սովորողների մի մեծ խմբով: Երբ այդ խմբից տարբեր պատճառներով ուզում ես առանձնացնել որևէ մեկին, չի ստացվում. անմիջապես հիշում ես երկրորդին, երրորդին ու այդպես շարունակ: Ամեն օր զարմանում եմ, հրճվում, մի նոր իմացումի հրճվանք եմ ապրում, երբ սովորողը պատասխանում է իմ հերթական այնպիսի հարցին, որը տալուց առաջ ինքս էլ եմ մտածում, արդյոք գլխի կընկնի՞, թե ինչ եմ հարցնում: Օրինակ` մի օր խոսում էինք չափման միավորների մասին, փորձում էինք առանձնացնել, թե ինչն է հնարավոր չափել, ինչը` ոչ: Հասանք խելքին: «Սադրիչ» հարց տվեցի` իսկ խելքը հնարավո՞ր է չափել, ինչպե՞ս. hնչեց նույնչափ «սադրիչ» պատասխան՝ ընկեր Տաթևը մեր խելքն է չափում…
Խոսում եմ միանիշ և երկնիշ թվերի մասին: Ասում եմ, որ հարյուրը եռանիշ է, որովհետև ունի երեք նիշ, հնչում է հաջորդ հարցը` իսկ ո՞րն է ամենամեծ եռանիշ թիվը, բա հազա՞րը, բա ծիծիլյո՞նը…Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են սովորողները անգլերենի դասին, անգլերեն երկխոսություններ վարում, երբ ջանում են ուսուցչի հարցերին անպայման իրենք պատասխանել, երբ անկաշկանդ պարում և երգում են անգլերեն:
Ի˜նչ լուրջ են վերաբերվում ռուսերենի դասին, ի˜նչ հաճույքով են սովորում ռուսերեն փոքրիկ բանաստեղծություններն, ի˜նչ սիրով են ֆիլմեր պատրաստում:
Անցյալ օրը սովորողներից մեկն ինձ հարցնում է՝ արդյո՞ք ճիշտ է «հեծանիվը քշում են», թե՞ «վարել»-ն ավելի ճիշտ է: Ու այսպես ամեն օր գործընկերային ամենալավ հարաբերություններ, ջերմ մթնոլորտ, քննարկումներ, ընթերցումներ, կարծիքներ, կարծիքներ, կարծիքներ… Սիրով ինքս էլ եմ գրի առնում հնչած կարծիքները:
Մայիս ամիս, արձանագրում ենք մի վիճակ, երբ սովորողները գրաճանաչ են, տառաճանաչ, ինքնուրույն կարդում են, մուտքագրում և գրում: Կարողանում են լսել, լսածի և տեսածի վերաբերյալ հարցեր տալ, կարծիքներ հայտնել, լսածը և տեսածը վերարտադրել նկարների միջոցով, իրենց սեփական հեքիաթները հորինել, իրենց կարծիքը հայտնել, չհամաձայնել, հիմնավորել: Իրենց զգում են դասարան- հավաքականի մի մասնիկ, համապատասխան վարքագիծ են դրսևորում, ընկերոջ համար ցավում են, անհանգստանում, կարողանում են ուրախությունը միասին ապրել: Սեփական, դասարանական և դպրոցական գույքի նկատմամբ դրսևորում են սրտացավություն, կանաչ տարածքների նկատմամբ ունեն ուշադիր-հոգատար վերաբերմունք: Սովորողները կարողանում են ինքնուրույն օգտվել իրենց էլեկտրոնային հասցեներից, նամակներ են ստանում և նամակներ են ուղարկում, ինքնուրույն ընթերցանության նյութեր են ստանում, իրենց Paint ծրագրով նկարած նկարներն ու հանձնարարություններն են ուղարկում, որը յուրաքանչյուր սովորողի համակարգչից հավաքելու համար նախկինում շատ ժամանակ և ջանքեր էին պահանջվում: Ավելի հմուտ սովորողներն իրար փոքրիկ հաղորդագրություններ են ուղարկում` մի կտոր պիցցայի կամ ժպտացող մարդուկի ուղեկցությամբ:
Սովորողները իրենց համակարգչի աշխատանքային սեղանին ունեն բացած թղթապանակներ, որտեղ հավաքում են իրենց Paint ծրագրով նկարած նկարները, մասնավորապես՝ Էլեկտրոնային այբբենարանները, որոնք արդեն սկսել ենք թողարկել և հնարավորինս լավ տարբերակներ ենք փնտրում այն անհատապես ներկայացնելու համար:
Ունենք նաև այբբենարանների թղթային տարբերակները, որոնց դեռ անդրադառնալու և լրամշակելու ժամանակ կգտնենք:
Ռոդարիական օրերը հրաշալի ժամանակ է, երբ ավարտել ենք գրաճանաչության փուլը, և մեզ օգնության է գալիս երևակայության քերականությունը, անսահման երևակայություն, հրաշալի հեքիաթներ, ռոդարիական հնարքներ, ծուռումուռտիկ հարցեր՝ իրենց թարսուշիտակ պատասխաններով, մի խոսքով՝ հավես: Ձմռանը ամանորյա մի մյուզիքլ ներկայացրինք: Իրականում դժվար էր, շատ էի լարվել` սովորողներ, դերասանական խաղ, երաժշտություն, բեմական հանդերձանք, կարծիքներ, որոնք այս փուլում կարևոր են և իհարկե՝ իմ ներքին պատասխանատվությունն ու ինքնաքննադատ մոտեցումները: Ստացվեց, ամեն ինչ մտածված էր կոկիկ, մշակված:Մի խոսքով՝ դրված խնդիրը լուծվեց, տոնը կայացավ, ծնողները գոհ էին, սովորողները` բավարարված, ես` երջանիկ:
Սովորողներին խոստացել էի, որ տարվա ընթացքում ներկայացում էլի ենք ունենալու: Եվ ահա աղայանական և ռոդարիական օրեր:Կարդացինք ու քննարկեցինք «Մուկը, որ կատու էր ուտում»: Պատմությունը շատ հավանեցինք, արագ դերերի բաշխում արեցինք, փորձեցինք ու մի լավ ծիծաղեցինք: Հետո ավելացրինք մի քիչ Աղայան՝ «Մանկական հեքիաթ», մի քիչ Խնկոյան` «Փեսացու մուկը», մի քիչ Դեմիրճյան` «Պույ-պույ մկնիկը» և իհարկե Թումանյան` «Մուկիկի մահը»: Մի քիչ էլ ռուսերեն ու անգլերեն ավելացրինք, մի լավ խառնեցինք ու հիմա փորձում ենք այդ ամենից գլուխ հանել:
Նախորդ ներկայացմանը նշաձողը որոշակի բարձրության վրա էինք դրել. այս անգամ ավելին անելու հավակնություն ունենք, չենք շտապում, մանրամասն ենք պատրաստվում, յուրաքանչյուր ստեղծագործություն մանրամասն ընթերցում ենք, դուրս ենք բերում գլխավոր հերոսին՝ մկնիկին, նմանեցնում և համեմատում ենք, նկարում ենք` փորձելով կերպարն ավելի ամբողջացնել:
Ներկայացման մեջ շատ կարևոր է դերաբաշխումը. այն պետք է շատ դիպուկ արվի, այլապես ներկայացումը չի շահի: Մյուս կողմից՝ դու գործ ունես սովորողների հետ, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է լինել գլխավոր հերոս: Սա նորմալ է, նույնիսկ՝ տրամաբանական, բայց ավելի դժվար է այն ծնողների հետ, որոնք ներկայացումը դիտում են անհատական ասմունքի, ավանդական հանդեսների պրիզմայով:
Այդ դեպքում ես բերում եմ մնջախաղի թատրոնի օրինակը՝ ասելով, որ ներկայացումը բոլորովին էլ խոսքը չէ, այն նաև շարժումն է՝ պլաստիկա, գույն, երաժշտություն, ինքնազգացողություն և ամենակարևորը` այդ բոլորի ներդաշնակությունը: Մեզ բոլորիս ներդաշնակություն ցանկանալով՝ անցնեմ առաջ:
Լողուսուցման մասին արդեն խոսել եմ, առցանց քննարկում ենք անցկացրելծնողների հետ, սեփական օրինակով՝ հանձնել եմ ստուգարք երեք լողաոճերից, դե ջուրը իմ տարերքն է` անկախ կրթահամալիրյան մոտեցումներից: Լավ է, որ իմ և կրթահամալիրի մոտեցումները համընկնում են: Շախմատը` հանրակրթության բաղկացուցիչ, հրաշալի է:
Դասարանում կան սովորողներ, որոնք զբաղվում են շախմատով, կան սովորողներ, որոնք տանը խաղում են: Բայց կար սովորողների մի խումբ, որոնց համար շախմատը մի վերացական բան էր: Շախմատի դասերը միշտ բուռն ոգևորություն են առաջացնում սովորողների մոտ, հատկապես այն ժամանակ, երբ դասարանում շախմատի անկյուն առանձնացվեց, դրվեցին սեղաններ, որոնց վրա մշտապես շարված են շախմատայի ֆիգուրները: Դա նպաստեց, որ սովորողներն ավելի շատ ժամանակ տրամադրեն շախմատին, նստեն ընկերոջ հետ ու սկսեն խաղալ:
Մեծ դասարան- լաբորատորիան սովորողի վազքի այլընտրանքն է: Թվում է, թե ազատ է, ընդարձակ, 6-7 տարեկան սովորողներ են, աշխույժ աղջիկներ և ավելի աշխույժ ու շարժուն տղաներ սակայն, հավատացեք, դասարանում վազք չկա: Եթե ազատ են, անելու բան չունեն, ուրեմն շախմատի սեղանների շուրջ են խմբված կամ ուղղակի իրենց սիրելի գորգին են պառկած կամ սպունգներով աշտարակ են շարում:
Հիշում եմ՝ սեպտեմբերին, երբ խոսվում էր գորգի անհրաժեշտության մասին, շատ կարծիքներ հնչեցին, սակայն մեկ ուսումնական տարին բավական է պնդելու համար, որ, այո՛, հատկապես երկարացված օրվա պարագայում գորգը անհրաժեշտություն է:
Հ.Գ.։ Ինչպես առաջին ուսումնական տարին, այնպես էլ իմ հոդվածը, կարծում եմ, ծավալուն ստացվեց: