Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

9-րդ գլուխ (շարունակությունը)

Սկիզբը
Նախորդ հատվածը

Վերոնշյալներն իրականում նշանակում են, որ մենք ընդունակ ենք անընդհատ զարգացնելու մեր ստեղծական ունակությունները և ինտելեկտը՝ կախված նրանից, թե ինչպես ենք կյանքի նոր փուլեր անցնում: Իհարկե, երիտասարդ ժամանակ այն ավելի ինտենսիվ է լինում: Երեխայի ուղեղը չափազանց ակտիվ է և աներևակայելի ճկուն: Այն հարյուր միլիարդ նեյրոնների պոտենցիալով հնարավորությունների իսկական գունդ է: Այն ամենից, ինչին բախվում ենք աշխարհում, նա կարող է ստեղծել գրեթե անսահման քանակությամբ հնարավոր կապեր՝ ի ցույց դնելով այն, ինչ գիտնականներն անվանում են «նյարդային փոխանցող (հաղորդիչ) ուղիներ»: Մեր ուղեղը որոշ չափով ծրագրավորված է մեր գեների շնորհիվ, բայց փորձը խոր ազդեցություն է ունենում մեր անձնական էվոլյուցիայի և ուղեղի զարգացման վրա:

Նայեք, թե ինչպես ենք խոսել սովորում: Լեզվի յուրացումը երեխաների կյանքի կարևորագույն ձեռքբերումներից է: Մեզանից շատերը խոսել են սովորում կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում: Մեզ լեզու չի սովորեցնում ոչ ոք. հաստատ՝ ոչ էլ ծնողները: Նրանք չեն կարող դա անել, քանի որ խոսակցական լեզուն չափազանց բարդ է, ունի անսահման շատ նրբություններ և տատանումներ, որ որևէ մեկը պատշաճ կերպով կարողանա այն սովորեցնել երեխային: Բնականաբար, այդ գործընթացում ծնողները և այլ մարդիկ փոքրերին ինչ-որ բաներ հուշում են, գովում, խրախուսում, ուղղում սխալները: Բայց երեխաները կանոններով չեն սովորում խոսելը: Նրանք շարժվում են նմանակելու և տրամաբանական եզրահանգումների ճանապարհով: Բոլորս ծնվում ենք բնազդային խորը լեզվական ունակություններով, որոնք ակտիվանում են գրեթե անմիջապես մեր առաջին շնչի հետ:

Երեխաներն ենթագիտակցորեն կռահում են այն հնչյունների և հնչերանգների իմաստը, որ լսում են իրենց շրջապատից: Ապրելով տանը, որտեղ շուն կա, նրանք, որպես օրենք, արձագանքում են ընտանի կենդանու հանած ձայնին: Սակայն այդ ձայները չեն խառնում մարդկային լեզվին: Երեխաներից քչերն են ընտրում հաչոցը, որպես հաղորդակցման հիմնական միջոց, թերևս կարող են բացառություն լինել միայն այդ «անտանելի» երկու տարեկան երեխաները և ուշ դեռահասության տարիքի քմահաճ արարածները:

Ըստ ամենայնի, լեզուներ սովորելու հարցում մարդկային ընդունակության ոչ մի սահմանափակում չկա: Երեխաները, որոնք մեծանում են բազմալեզու ընտանիքներում, որպես օրենք, խոսում են յուրաքանչյուր լեզվով, որ հնչում է իրենց ընտանիքում: Նրանք չեն նյարդայնանում և ասում. «Խնդրում եմ, այստեղ մի՛ թողեք տատիկին, չեմ հասկանում նրա բարբառը»: Փոքր երեխաները սովորաբար խոսում են բոլոր լեզուներով, որ լսում են, և առանց դժվարության անցնում են մի լեզվից մյուսին: Հիշում եմ՝ ինչպես մի քանի տարի առաջ ծանոթացա երեք դպրոցական եղբայրների հետ: Նրանց մայրը ֆրանսուհի էր, հայրն՝ ամերիկացի, ապրում էին Կոստա-Ռիկայում: Երեխաները սահուն խոսում էին ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, նաև արտահայտվում այս երեք լեզուների խառնուրդով, որ ստեղծել էին բացառապես իրար հետ շփվելու համար:

Եվ ընդհակառակը, եթե երեխան մեծանում է միալեզու ընտանիքում, դժվար թե նա ձգտի այլ լեզու սովորել, ծայրահեղ դեպքում մինչև այն ժամանակը, երբ պետք է դպրոցում սովորելու համար ընտրի որևէ օտար լեզու: Այդ տարիքում նոր լեզու սովորելը ավելի դժվար է, քանի որ մանկական ուղեղն արդեն ստեղծել է բազում նյարդային հաղորդիչ ուղիներ կապված այդ լեզվի հետ (այլ խոսքով՝ մարդն արդեն ընդունել է որոշում՝ ինչպես կոչի որոշակի առարկաները, ինչպես կառուցի արտահայտություններ, և անգամ, ինչպես շարժի բերանը խոսքի ժամանակ): Երեսուն տարեկանում օտար լեզվով առաջին անգամ խոսելն ավելի դժվար է:

Նյարդաբան Սյուզան Գրինֆիլդը պատկերում է երիտասարդ ուղեղի զարմանալի ճկունությունը վեցամյա իտալացի տղայի ուսուցողական պատմության օրինակով, որը մեկ աչքով կույր էր: Նրա կուրանալու պատճառը հանելուկ էր մնացել: Որքանով կարողացան դատել ակնաբույժները՝ նրա աչքը լրիվ նորմալ էր: Վերջապես պարզվեց, որ վաղ մանկության ժամանակ տղային բուժել են թեթև վարակից: Բուժման ընթացքում անհրաժեշտ է եղել երկու շաբաթ աչքին վիրակապ դնել:

Դա ոչ մի ազդեցություն չէր ունենա չափահաս մարդու աչքին: Բայց փոքր երեխայի համար աչքի և ուղեղի նյարդային կապերի փոխազդեցությունը շատ նուրբ ու կարևոր գործընթաց է: Քանի որ աչքը սպասարկող նեյրոնները, որոնց վրա վիրակապ էր դրվել, չէին օգտագործվել զարգացման այս առանցքային ժամանակահատվածում, ուղեղը կարծել է, որ դրանք ընդհանրապես գոյություն չունեն: «Ցավոք,- ասում է Գրինֆիլդը,- վիրակապ դնելը ուղեղի կողմից ընկալվել է որպես ակնհայտ նշան այն բանի, որ տղան կյանքում չի օգտագործելու աչքը»: Արդյունքում այդ աչքն ընդմիշտ կուրացել էր:

Երիտասարդ ուղեղն անընդհատ փոփոխման և զարգացման գործընթացում է՝ շատ զգայուն արձագանքելով շրջակա միջավայրին: Զարգացման վաղ փուլերում այն անցնում է մի գործընթաց, որը գիտնականներն անվանում են նեյրոնների կրճատում: Ըստ էության, դա նշանակում է նյարդային հաղորդիչ ուղիների հեռացում, որոնք, ինչպես մենք ենթագիտակցական մակարդակում որոշեցինք, մեզ համար ունեն աննշան գործնական նշականություն երկարաժամկետ հեռանկարում: Այդ պրոցեսը խիստ անհատական է, բայց կենսականորեն անհրաժեշտ յուրաքանչյուր մարդու համար:

Նեյրոնների կրճատումը մեր ուղեղի համար կատարում է այն նույն գործառույթը, ինչ ծառերի էտումը՝ այսինքն ավելորդ ճյուղերից ազատվելը անհրաժեշտ է աճի շարունակության և  ընդհանուր կենսունակության բարձրացման համար: Նեյրոնների կրճատման պրոցեսում մենք ազատվում ենք այն նյարդային հաղորդիչ ուղիներից, որոնք այլևս չենք գործածելու. դա տեղ է ազատում նոր նյարդային ուղիների համար, որոնք մենք պարբերաբար կօգտագործենք: Արդյունքում մեզ տրված հսկայական բնածին ընդունակությունները ձեռք են բերում հստակ ձևեր և ուրվագծեր, դասակարգվում և միասնականացվում են, դառնում լայնածավալ կամ սահմանափակ մեր ներքին կենսաբանական գործընթացների և կենսափորձի անընդհատ փոխազդեցության շնորհիվ:

Ամենաուրախալին այս ամենի մեջ այն փաստն է, որ ուղեղի ֆիզիկական զարգացումը գծային գործընթաց չէ: Իր տիրոջ առաջին մեքենայի հայտնվելուն պես ուղեղը չի դադարում զարգանալ, չնայած ապահովագրական ընկերությունները, հենց այդպես էլ ենթադրում են: Իր ժամանակին հարվարդյան նյարդաբան Ջերալդ Ֆիշբախը լայնածավալ հետազոտություն անցկացրեց հաշվելով ուղեղի բջիջները և եկավ այն եզրակացության, որ բջիջների ճնշող մեծամասնությունը պահպանվում է ուղեղի կողմից ողջ կյանքի ընթացքում: Միջին ուղեղը ավելի շատ նեյրոններ է պարունակում, քան ունակ է գործածելու իր կյանքի ընթացքում՝ անգամ հաշվի առնելով սպասվող աճը:

Բացի դրանից, հետազոտությունները ցույց են տալիս, որ քանի դեռ ակտիվորեն օգտագործում ենք մեր ուղեղը, նա շարունակում է ստեղծել նոր նյարդային փոխանցող ուղիներ, նույնիսկ երբ մեծանում ենք: Սա մեր ստեղծական մտածողության համար մշտական ներուժ է ապահովում և հետագա զարգացման համար լրացուցիչ խթան տալիս: Կան համոզիչ ապացույցներ, որ մեր ուղեղի ստեղծական ընդունակությունները զարմանալիորեն հզոր են մնում երկար ժամանակ. մենք կարող ենք թարմացնել և վերականգնել թաքնված շատ շնորհներ և հմտություններ, եթե հատուկ պարապենք: Ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական վարժությունները մեր մկաններին վերադարձնում են ուժը, մտավոր վարժությունները կարող են նոր կյանք տալ մեր ստեղծական ընդունակություններին: Պարզ է դառնում, որ ի հեճուկս նախապաշարմունքի, որին հավատացել ենք ավելի քան հարյուր տարի, մարդկային ուղեղը շարունակում է նոր բջիջներ առաջացնել, և որոշ մտավոր գործառույթներ, ինչպիսիք են մեդիտացիան, կարող են անգամ արագացնել այդ պրոցեսը:

Մենք կարող ենք հիանալ Ջորջիո Օ’Կիֆի, Ալբերտ Էյնշտեյնի, Պոլ Նյումանի և Բեյ Յումինայի գործերով, որոնք նրանք ստեղծել են հասուն տարիքում, բայց չպետք է  այդ մարդկանց ձեռքբերումները ակնառու համարենք միայն տարիքի հետ կապված: Այդ մարդիկ հասել են բարձունքների, որովհետև գիտեին, որ կենսականորեն կարևոր է պահել մտքի հստակությունը, որ շարունակես հասնել հաջողությունների: Այն, որ նրանց ձեռքբերումները հասուն տարիքում եղան, չպետք է մեզ զարմացնեն, որովհետև հաճախ է այդպես լինում:

Ավելի շուտ ես հիշատակել եմ այն մասին, թե մարդու համար ինչքան անհավանական է հարյուր տարեկանում «Կարապի լճում» առաջատար դեր կատարելը: Սակայն դա կտրականապես անհնարին չէ, այլ քիչ հավանական: Պատճառն ակնհայտ է, և մինչև մեր բժշկությունը մի քանի քայլ առաջ չգնա, մեր որոշ կարողություններ իսկապես տարիքի հետ կվատանան, հատկապես նրանք, որոնք կապված են ֆիզիկական պատրաստվածության հետ: Այս փաստը ժխտելու իմաստ չկա, բայց մեզնից ոմանք հուսահատորեն փորձում են դա անել այն աստիճան, որ շփոթեցնում են շրջապատի մարդկանց:

Ցավոք, մեր ոչ բոլոր ընդունակություններն են հարյուր տոկոսով պահպանվել: Լավ պարմեզան պանրի նման, դրանց մի մասն իրականում տարիքի հետ միայն լավանում է: Ըստ ամենայնի, այս կամ այն հնարավորությունները մշտապես առաջանում են մեր կյանքում և կարող են փոփոխվել՝ կախված մեր գործունեության բնույթից: Օրինակ՝ ընդունված է ասել, որ մեր մաթեմատիկական ընդունակությունները սովորաբար տարիների հետ ավելանում են և գագաթնակետին հասնում քսանից քառասուն տարեկանում: Նկատի չունեմ սննդի ծախսերը հաշվելը կամ «Սուպերգավաթում» սիրած թիմի հաղթելու հավանականությունը հաշվարկելը: Ես խոսում եմ բարձրագույն մաթեմատիկայից, որով զբաղվում են համաշխարհային մակարդակի պրոֆեսիոնալները, ինչպիսին է Թերենս Տաոն: Մաթեմատիկոս հանճարների լավագույն աշխատանքներն արվել են այն տարիքում, երբ մյուսները վերցրել են իրենց առաջին հիպոթեքային վարկերը, ինչը մենք հավանաբար չէինք անի, եթե լավ գլուխ հանեինք մաթեմատիկայից: Նույնը ճիշտ է և վերաբերում է նաև երաժշտական գործիքներ նվագելու տեխնիկական հմտություններին:

Սակայն գործունեության որոշ բնագավառներում հասունությունը կարող է իսկական առավելություն լինել: Հատկապես դա արվեստին է բնորոշ: Շատ գրողներ, պոետներ, նկարիչներ և կոմպոզիտորներ իրենց լավագույն ստեղծագործությունները ստեղծել են՝ հասնելով փորձի, իմաստության, ընկալունակության որոշակի աստիճանի: Նույնը կարելի է ասել նաև տրամագծորեն հակառակ այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են՝ իրավագիտությունը, խոհարարությունը, դասավանդումը կամ լանդշաֆտային դիզայնը: Իրականում ցանկացած բնագավառում, որտեղ փորձը զգալի դեր է խաղում, տարիքը ավելի շուտ ակտիվ է, քան պասիվ:

Այս ամենից հետևում է, որ «չափազանց ուշ է» արտահայտությունը կարող է վերաբերել մարդու հասունության տարբեր աստիճանների՝ կախված այն բանից, թե ինչ ոլորտում է նա փնտրում իր կոչումը: Եթե այն մարմնամարզություն է միջազգային մրցույթներում մասնակցելու երազանքով, ապա չափազանց ուշ կարող է լինել անգամ տասնհինգ տարեկանում: Եթե այն նոր խոհարարական ոճի ծնունդ է, ապա «չափազան ուշ»-ը կարող է երբեք էլ չլինել: Մեզանից շատերի համար «չափազան ուշ»-ը դեռ շատ հեռու է:

Կյանքի հանդեպ մշտական հետաքրքրություն

Կյանքի գծային ու միակողմանի ընկալման հետևանքներից մեկը մարդկանց ըստ տարիքի զատման (սեգրեգացիա) սկզբունքն է, այն իսկապես այդպես է արևմտյան մշակույթի մեծամասնության համար: Փոքր երեխաներին խմբով ուղարկում ենք մսուր և մանկապարտեզ: Դեռահասները նույնպես կրթություն են ստանում խմբերով: Իսկ տարեց մարդկանց տեղավորում ենք ծերանոցում: Իհարկե, այդ ամենի համար ծանրակշիռ պատճառներ կան: Ի վերջո, ինչպես դեռ տասնամյակներ առաջ նշել է Գեյլ Շիհին*, մեր կյանքում կան կանխատեսելի փուլեր, և որոշակի իմաստ ունի այնպիսի միջավայր ստեղծելը, որտեղ մարդիկ կարող են արդյունավետ անցնել այդ փուլերով:

Սակայն ոչ պակաս օբյեկտիվ պատճառներ կան տարիքային խտրականության հետ կապված կարծրատիպերի ոչնչացման համար: Փայլուն օրինակ կարող է լինել Օկլահոմայի նահանգի Տալսա մարզի Ջենքս դպրոցական շրջանի յուրահատուկ կրթական ծրագիրը:

Այդ նահանգում գործում է վաղ ընթերցման համազգային հայտնի ծրագիրը, որի շրջանակում ամբողջ նահանգում անցկացվում են ընթերցման պարապմունքներ երեքից հինգ տարեկան երեխաների համար: Ջենքս շրջանում այդ ծրագրի իրականացման համար մշակվել է յուրահատուկ մոտեցում: Այն գրեթե պատահական է ստացվել, երբ դպրոցական տեսուչին դիմել է Ջենքսի հաստատություններից մեկի տերը, որը գտնվում էր քաղաքի կրտսեր դպրոցի դիմաց: Այդ մարդը լսել էր ծրագրի մասին և հետաքրքրվեց՝ թե արդյոք չի կարող իր հաստատությունն ինչ-որ բանով օգնել: Տեսուչը դրական է արձագանքել այդ առաջարկին: Մի քանի բյուրոկրատական խոչընդոտներ հաղթահարելուց հետո նա ուրախությամբ նոր հաստատությունն ընդգրկեց Օկլահոմա նահանգի երեխաներին կարդալ սովորեցնելու միասնական ծրագրի իրականացման համար:
Այդ հաստատությունը Grace Living Center ծերանոցն էր:

Քաղաքապետարանը մի քանի ամսում նախադպրոցականների համար հրաշալի դասասենյակ կահավորեց Grace Living Center-ի կենտրոնում: Թափանցիկ ապակե պատերով (վերևում՝ անցք, որ երեխաների ձայնը լսելի լինի դրսից), հրաշալի սենյակը գլխավոր շենքի նախասրահում էր: Երեխաները և նրանց ուսուցիչներն  ամեն օրը այնտեղ են գալիս, ինչպես սովորական դասարան: Քանի որ սենյակը նախասրահում էր, ծերանոցում ապրողները նրա կողքով անցնում էին օրական երեք անգամից ոչ պակաս, երբ գնում էին ճաշարան:

Երբ դասարանը նոր էր բացվել, շատ տարեցներ կանգնում էին, որ նայեին ապակե պատերի միջով, թե ինչ է կատարվում ներսում: Ուսուցիչները նրանց բացատրում էին, որ երեխաները կարդալ են սովորում: Այդ ժամանակ նրանք մեկը մյուսի հետևից սկսել են հարցնել, թե չեն կարող իրենք էլ օգնել: Ուսուցիչները անկեղծ գոհ էին նման առաջարկից, և ծնվեց հատուկ ծրագիր՝ «Գրքի ընկերներ» անունով, որը նախատեսում էր յուրաքանչյուր երեխայի «կապել» մի տարեցի հետ: Մեծահասակները լսում էին, թե ինչպես են կարդում երեխաները, և իրենք էլ կարդում էին նրանց համար:

Ծրագիրն ունեցավ մի քանի հրաշալի արդյունք: Առաջինը՝ ինչպես ցույց տվեցին ստանդարտացված թեստերը՝ Grace Living Center հաճախող երեխաների մեծամասնության առաջադիմությունը ավելի էր, քան այլ շրջաններինը: Երեխաների 70 տոկոսը ծրագիրն ավարտեց հինգ տարեկանում՝ կարողանալով կարդալ երրորդ դասարանի երեխայի մակարդակին հավասար, նույնիսկ ավելի լավ: Սակայն երեխաները սովորում էին ավելին, քան ուղղակի միայն կարդալը: Շփվելով իրենց «գրքի ընկերներ»-ի հետ՝ նրանք տարբեր թեմաներով զրուցում էին մեծերի հետ, և տարեցները հաճախ հիշում էին իրենց մանկությունը Օկլահոմայում: Երեխաներն օրինակ հարցնում էին, թե ինչ չափ ուներ iPod-ը, երբ մեծերը երեխա էին, իսկ մեծերը բացատրում էին, որ իրենց կյանքը բոլորովին այլ էր և կտրուկ տարբերվում էր այսօրվա կյանքից: Այսօրվա երեխաներն ապշահար լսում էին, թե ինչպես են իրենց քաղաքում երեխաները խաղացել 70, 80, անգամ 90 տարի առաջ: Նման շփման ընթացքում փոքրերն իրենց հարազատ քաղաքի հիանալի սոցիալական պատմությունն իմանում էին այն մարդկանցից, ովքեր այդ տեղանքի կյանքին հետևել են տասնամյակներ շարունակ: Ծնողներն այնքան գոհ էին այդ ծրագրի արդյունքներից, որ այսօր այդ դասարանը ձևավորելու համար անցկացվում է վիճակախաղ, քանի որ վաթսուն տեղի համար պահանջարկը շատ մեծ է:

Սակայն Grace Living Center-ում տեղի է ունենում ևս մի զարմանալի բան. օգտագործվող դեղորայքի քանակը նվազում է: Տարեցներից շատերը հրաժարվեցին դեղորայքից կամ քչացրին ընդունման քանակը:

Ինչո՞ւ… որովհետև այս ծրագրի մեծահասակ մասնակիցները կյանք վերադարձան: Իրենց օրերն անխուսափելի վերջին սպասելով անցկացնելու փոխարեն նրանք խթան ստացան՝ առավոտյան արթնանալու և ուրախ անհանգստությամբ սպասելու, թե ինչ կբերի նոր օրը: Նրանք նորից իրենց ներսում բացահայտեցին ստեղծական էներգիայի աղբյուրը, և հիմա իսկապես երկար են ապրում:

Այս փորձի ընթացքում երեխաները նույնպես սովորեցին ոչ միայն կարդալ: Ժամանակ առ ժամանակ ուսուցիչները ստիպված էին նրանց ասել, որ իրենց «գրքի ընկերներ»-ից մեկն այլևս չի գալու, որովհետև հեռացել է կյանքից: Եվ երեխաներն արդեն այդ տարիքում սկսում են հասկանալ, որ աշխարհն ապրում է իր օրենքներով, և կյանքն ունի իր ռիթմերը և փուլերը, և հարազատ մարդիկ անգամ ենթակա են այդ հանգամանքների կամքին:

Ինչ- որ առումով Grace Living Center-ում սերունդների միջև հին, ավանդական հարաբերությունների վերածնունդ եղավ: Երիտասարդ և տարեց մարդկանց միշտ միավորում է անտեսանելի, գրեթե միստիկական կապը: Երբեմն թվում է, որ նրանք  անխոս խորությամբ հասկանում են իրար: Արևմուտքում հաճախ կիրառվում է այս սերունդների հարկադիր բաժանումը: Բայց «Գրքի ընկերներ» ծրագիրը, հաստատելով ավանդույթի արժեքը, ցույց է տալիս սերունդների շփումից փոխադարձ հոգևոր հարստացման պարզ, բայց շատ արդյունավետ մեթոդը: Այն ապացուցում է, որ որոշակի պայմաններում և ոգեշնչումից տարեց մարդկանց մոտ նորից վերադառնում է վաղուց կորցրած էներգիան:

Ժամանակ կա

Ի՞նչ են մեզ սովորեցնում մարդկանց պատմությունները, որոնց մասին պատմում է այս գիրքը՝ Սյուզան Ջեֆերսից և Ջուլի Չայլդից մինչև «գրքի ընկերներ»-ը: Հավատացեք ամենատարրական բաներին. եթե մենք հնար գտնենք կտրվելու ամենօրյա գործերից, վերանայենք մեր ուղին և նորից հիշենք նախասիրությունները, որոնք ինչ-ինչ պատճառով թողել ենք անցյալում կամ ընդհանրապես ուշադրություն չենք դարձրել, մեզ հետ կարող են պատահել իսկապես հրաշալի իրադարձություններ՝ ընդունակ երկարացնելու մեր կյանքը: Մեր կյանքի ցանկացած փուլում գործնականում կարող ենք շարժվել նոր ուղղությամբ: Իրականում մենք ունակ ենք բացահայտելու մեր ընդունակությունը ցանկացած տարիքում: Ինչպես մի անգամ ասել է դերասանուհի Սոֆի Լորենը՝ «Երիտասարդության աղբյուրը կա. այն ձեր գլխում է, ձեր շնորհներում, արվեստում, որը թույլ ենք տալիս մտնել ձեր և ձեր մտերիմների կյանք: Երբ սովորում եք այդ աղբյուրից օգտվել, իսկապես հաղթում եք ժամանակին»:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը 


*Ամերիկացի լրագրողուհի, բազում գրքերի՝ կիրառական հոգեբանության և անձնական աճի թեմաներով բեսթսելերի հեղինակ:

Թարգմանիչ՝ Մարինե Ամիրջանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով