Հունվարի 27-ին «Ձմեռային ազգագրական փառատոն 2021»-ի շրջանակում Հյուսիսային դպրոցի Artասահմանում տեղի ունեցավ «Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդես-վաճառքը, որի արդյունքում ձեռք բերված հասույթը «Հոգատարություն» նախագծով տրամադրվեց Արցախի Ավետարանոց (Չանախչի) գյուղի Համբարձումյանների ընտանիքին:
«Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի ստեղծում նախագիծը «Ծեսերի բաց լաբորատորիայի» անդամներով նախագծել էինք դեռ դեկտեմբերի կեսերին և նախատեսել էինք, որ վաճառքից գոյացած դրամական միջոցները պետք է փոխանցենք «Հոգատարություն» նախագծով կրթահամալիրային բարեգործական որևէ նախաձեռնության: Այսպիսով, հունվարին խմբով որոշեցինք հասույթը փոխանցել Քնարիկ Ներսիսյանի «Հոգատարությունը շարունակվում է» նախաձեռնությանը:
Կրթահամալիրում ազգային օրորոցայիններով ձայնասկավառակ ստեղծվել էր 2018 թվականին «Աստղափայլ օրորներ» անունով: Երկու տարիների ընթացքում երաժշտության դասավանդողները նոր օրորներ էին ուսումնասիրել և իսկապես անհրաժեշտություն կար «Ձայնադարանը» համալրելու նոր շարքով:
2020 թվականի հունիսին ֆիզարձակուրդից կրթահամալիր վերադարձած Տաթև Մանվելյանը իր կախարդական ֆլեյտայով ձեռնամուխ եղավ շրջել կրթահամալիրի նախակրթարանի խմբերով և քնի ծեսի ընթացքում նվագել «հակաբացիլ մեղեդիներ»: Ֆլեյտայի հնչյունների ներքո սաների քնի ծեսը կազմակերպվում էր ավելի արդյունավետ: Տաթևի օրինակը ոգևորեց մյուս երաժիշտներին: Կենդանի կատարումներով նոր հակաբացիլ օրորները, մեղեդիները, երգերը քնի ծեսի ընթացքում ավելի տարածվեցին:
Լաբորատորիայի անդամներով որոշեցինք ձայնասկավառակի կառուցվածքը և բովանդակությունը: Ծրագիրը քննարկեցինք կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ: Նրա հավանությունը ստանալուց հետո անցանք ձայնագրություններին: Կարեն Խաչատրյանի ձայնագրման ստուդիայում կատարվեցին բոլոր ձայնագրությունները, մշակումները:
Կարևոր էր ոչ միայն ձայնասկավառակի բովանդակությունը, այլև արտաքին տեսքը, որի հարցում մեզ օգնեց Կարինե Մացակյանը: Նա պատրաստեց նկարը, որը պետք է լիներ ձայնասկավառակի վրա: Տաթև Աթոյանի և Հարություն Հովսեփյանի օգնությամբ գծագրվեց ձայնասկավառակի տուփը. պատրաստվեց տուփերի 50 օրինակ:
Կարևոր էր նաև, թե ինչ անուն պետք է ունենար ձայնասկավառակը: «Հակաբացիլ նանիկներ» անունն էլ ծնվեց Նելի Արղությանի հետ զրույցի ընթացքում:
Այսպիսով, կարծես ամեն բան պատրաստ էր «Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի համար:
Որքան մոտենում էր օրը, այնքան բոլորս դառնում էինք ավելի անհամբեր՝ գիտակցելով, թե հասույթը ինչ նպատակի է ծառայելու:
Հունվարի 24-ին, Նելի Արղությանի համակարգմամբ, «Երբ օրորոցայինը պարտեզից մտնում է ընտանիք» նախագծի շրջանակում համացանցը ողողվեց ազգային օրորոցայիններով: Մայրիկները երգում էին օրորոցայիններ և քնեցնում իրենց բալիկներին: Մենք էլ հիացած հետևում էինք այդ կախարդական գործընթացին: Ծնողների ոգևորվածությունը մեծ էր, և նախագիծը շարունակվեց նաև մյուս օրերի ընթացքում:
«Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդեսի շրջանակում կրթահամալիր հրավիրեցի ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտի գիտաշխատող, Ռ. Մելիքյանի անվ. քոլեջի դասախոս, ԱԵՊԱ վերապատրաստող մասնագետ Անի Հակոբյանին: Լինելով օրորոցայինների մեծ գիտակ և ունենալով օրորոցայիններիին նվիրված աշխատանքներ և հետազոտություններ՝ նա մեծ ոգևորությամբ և սիրով ընդունեց հրավերը:
Հունվարի 26-ին vnews.am մշակութային կայքը, Քնարիկ Ներսիսյանի միջնորդությամբ, անդրադարձավ «Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակին և հրապարակեց «Շնորհադես-վաճառքի ողջ հասույթը կփոխանցվի Արցախից տեղահանված բազմանդամ ընտանիքի» վերնագրով պատումը, որտեղ նշված էր նախաձեռնության բարեգործական նպատակների մասին:
Հունվարի 27-ին՝ ժամը 11.00-ին, կրթահամալիրի երաժշտության դաստիարակները «Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակը նվիրեցին նախակրթարանի խմբերին և գեղեցիկ տոնախմբությամբ՝ խաղերգերով ու թռնոցիներով, շնորհավորեցին սաներին մե՜ծ նվերի կապակցությամբ: Սաների խինդը և հրճվանքն անսահման էր:
Հունվարի 27-ին՝ ժամը 13.00-ին, Հյուսիսային դպրոցի Արտասահմանում էին հավաքվել նախապես հայտագրված հյուրերը:
«Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդեսը ոչ միայն Արտասահմանում էր, այլև նախակրթարանի 15 խմբերում: Դաստիարակները քնի ծեսի ընթացքում նոր ձայնասկավառակն էին փորձարկում և ֆեյսբուքյան ուղիղ եթերով լուսաբանում:
Ձայնասկավառակի շնորհադես-վաճառքը ընթացավ ջերմ, բարի և սիրառատ, անսահման հոգատարության մթնոլորտում:
Քնարիկ Ներսիսյանի «Հոգատարությունը շարունակվում է» նախաձեռնության ներկայացումից հետո նախակրթարանի սաների մայրիկները՝ Անուշ Ավետիսյանը և Լիլիթ Տիտանյանը ներկայացրեցին, թե ինչպես է կրթահամալիրի օգնությամբ օրորը մտել իրենց ընտանիք և կենդանի կատարումներով ցուցադրեցին երգերը:
Նախակրթարանի դաստիարակներ Հասմիկ Հարությունյանը և Արմինե Եղիազարյանը հյուրերին ներկայացրեցին՝ ինչպես է կրթահամալիրում կազմակերպվում քնի ծեսը:
Շնորհանդեսի երկրոդ հատվածում օրորների մեծ գիտակ Անի Հարությունյանը ներկայացրեց ազգային օրորների կարևորությունը, դրանց շուրջ կատարված միջազգային հետազոտությունները, հայկական օրորների բազմազանությունը և խոսեց ձայնասկավառակում առկա օրորների պատմության մասին:
Անիի զրույցի ընթացքում երաժշտության դաստիարակները հանդես եկան հիասքանչ կատարումներով և հյուրերին ներկայացրին ձայնասկավառակում առկա օրորոցայինների բովանդակությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվեցինք, որ օրորների երրորդ ձայնասկավառակը կստեղծվի ծնողական համայնքի մասնակցությամբ:
Այսպիսով, «Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդես-վաճառքի արդյունքում ունեցանք 104.000 (մեկ հարյուր չորս հազար) ՀՀ դրամի հասույթ, որը փոխանցեցինք Համբարձումյանների ընտանիքին;:
Փետրվարի 10-ից կթողարկվի «Հակաբացիլ նանիկների» երկրորդ խումբը, որի հասույթը նույնպես կուղղվի նույն ընտանիքին:
Լուսաբանումներ՝
- Էլյա Գրիգորյանի տեսանյութը,
- Քրիստինե Շահբազյանի տեսանյութը,
- Մարինե Մկրտչյանի բլոգում հրապարակում:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերներ
- «Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդես-վաճառք:
- «Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդես-վաճառք:Մաս 2:
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան