Կրթահամալիրի տնօրենի օրագրից
Սեբաստիա-Բագրատունյաց անցումի ճանապարհային կամրջի վրայի մեծ պաստառը՝ «Մի՛ անցիր», թվում է՝ ինձ չի կանգնեցնում, ես հեծանվով եմ, արագություն հավաքած, ձեռքով աջ եմ անում և վստահ դուրս եմ գալիս ծովակալ Իսակով, կամրջի ռուսական եկեղեցու հարթակ-լանջեր՝ կանաչ-ծաղկապատ. շշմելո՜ւ տեսարան է դեպի Արարատ… Չեմ անցնում. դադար եմ առնում, դիտարկում, խնդիրներ եմ լուծում, չեմ շտապում….
Այս գովազդային «Մի՛ անցիր»-ն ինձ հետ է, ու ահա դարձավ գիր-վերնագիր, դիմում, սեբաստացի գործընկերներիս՝ կրթահամալիրի դպրոցների-կենտրոնների ղեկավարներին, բոլոր կարգի կազմակերպիչներին, մանկավարժական աշխատողներին… Մի՛ անցիր. չգիտեմ՝ գովազդն ինչ ծառայություն-ապրանք է առաջարկում իմ ուշադրությանը, բայց ձեզ ես ասում եմ՝ տե՛ս խնդիրը, լուծի՛ր… Դադար առ, թո՛ղ մյուս գործերը հետոյի, բայց այս մեկը, քո խնդի՞րն է՝ հենց հիմա լուծիր, մի՛ անցիր կողքով, չնկատելու-չկարևորելու մի՛ տուր, մշտապես զբաղված մարդ… Երեկ թեքված ծառի կողքով անցան շինարար բանվորները, նրանց ղեկավարը, դպրոցի ղեկավարը… պարտիզպանը… Բոլորը շտապում են, անցնում են, բազմազբաղ են, ու ծառը կմնա հետոյի… Ես որոշեցի բոլորին հետ կանչել. մի՛ անցիր, այս խնդիրը լուծիր, քոնը դարձրու, նոր անցիր… Մի՛ անցիր-հեռացիր, դադար առ, թափված-պռատ է, խոցելի՝ պահն է, միջամտիր, լուծիր:
Երեկ, Մարմարյա սրահում ինձ մոտեցան Միջին դպրոցի լրագրողներ…
— Ե՞րբ կարող եք հարցազրույց տալ…
Հե՛նց հիմա, Մարմարյա սրահի կենտրոնում. միացրե՛ք ձայնագրիչը… Կարդացե՛ք իմ օրագիրը, ձեր կրթահամալիրի տնօրենի խոսք-շնորհավորանքը, մտահոգությունը, առաջարկությունը՝ ուղղված ձեզ, իմ խնդրանքը լսե՛ք, մի՛ անցեք…
— «Շանթ»-ի առավոտյան ծրագրի համար ե՞րբ կարող եք մեզ հարցազրույց տալ,- լրագրողն է հարցնում:
— Հենց հիմա, համեցեք, երբ մտնեք Բանգլադեշ…
— Ինչպե՞ս փոխել դպրոցները,- հարցնում են…
— Բացելով,- պատասխանում եմ,- փակածը, կողպածը, մարդուց օտարվածը բացելով-վերադարձնելով մարդուն, հանրայնացնելով… հանրակրթություն կոչվածը…
— Ներեցե՛ք, ե՞րբ կարող եմ ձեզ մոտ գալ…
— Կանգնած եմ, հեծանվով եմ, թե ոտքով, հիմա։ Եկել եք՝ լսում եմ…
— Այստե՞ղ, հիմա՞…
— Այո, այստեղ ու հիմա. մի՛ անցեք…
Իսկ իմ շուրջ, աջուձախ լսվում է.
— Հիմա դրա տեղը չէ, հետո կխոսենք, երբ ժամանակ լինի, ազատվեմ…
Չէ ու չէ, ամենաօպերատիվ ռեժիմը միացրեք, մի՛ անցեք, հիմա լուծեք՝ նոր ուստարվա մեկնարկը թող թեթև, լուծումներով լինի:
Իմ ծննդյան օրը պայմանավորվել ենք առիթ դարձնել ու միասին Արագածի փեշերում-Բյուրական-Ամբերդում անցկացնենք, Արագածը գրոհենք… Հիմա իմ ընկեր Գևորգի ու Արմինե Թոփչյանի օգնությամբ հրապարակում եմ «Բարձունքի նվաճում» մեկնարկի նախագծերից մեկը՝ որպես իմ նվերը ձեզ ծննդյանս օրվա առիթով… Սեբաստացի-ոչ սեբաստացի… Բլեյան թե Հովհաննիսյան…
Սեպտեմբերի 5-ի ավանդական կրթական շքերթը ես ընդունում եմ որպես սպասված նվեր. ամեն ինչ ունեմ, այդ օրն է պակաս՝ իր գույնով-ձայնով՝ տոնով… Տոնից լավ նվե՜ր… կա՝ մի՛ անցիր, մի խնդիր հիմա՛ լուծիր ու ինձ որպես նվեր ուղարկիր… Անձրևները, ասում են, չեն ուշանա, սեպտեմբերի առաջին օրերով կգան… Մեր հողը, մեր լանջեր-արտերն անջուր մնացին…
Հիմնական դպրոցի առաջին դասարանցիների ջերմ հանդիպումը։
Ֆոտոշարքը՝ Շամիրամ Պողոսյանի։Ճիմապատվող լանջերն իրենց հետ նոր ռեժիմ են բերում. առավոտ իրիկուն՝ ցնցուղով ջուր, տասն օրը մեկ՝ խուզում… Ու այսպես՝ անընդհատ, ու անգլիական գազոնները կհայտնվեն կրթահամալիրի Բանգլադեշում, կդառնան իմ շրջակա միջավայր-աշխարհի գույնը-նյութը-ձևը… Նկարիչ Արեն Շահնազարայանը երեկ ինձ զանգեց երեկոյան 7-ին՝ Գեղարվեստի կանաչող լանջերից, իրենից հետո՝ Միքայելը, հետո՝ Վահրամը, ավելի ուշ՝ Քնարիկը Ներսիսյան, վերջում՝ ճիմապատող մասնագիտական խմբի ղեկավարը… Ի՜նչ լավ է, որ մենք չանցանք, միայն շինարարությամբ չզբաղվեցինք, չասֆալտեցինք-քարապատեցինք… Տեսեք՝ ինչ դաժան ճանապարհով գնաց իմ գործընկերը թիվ 181 դպրոցից՝ կանաչն անմատչելի ցանկացապատեց, ներկեց, բորդյուրեց-ասֆալտապատեց… Եվ ի՜նչ թեթևություն-մխիթարություն՝ իրենց մի կտորի հետ կապված… Հիմա ես անցնում եմ իրե՞նց ցանկապատի մոտով… Իրե՞նց… Անցնո՞ւմ եմ…
Զառա Առաքելյանը՝ Դպրոց-պարտեզի ընկերներով-ծնողներով օգոստոսի 30-ի մեկնարկը տվեց Բախշյան այգում… Այն մտքից, որ ընդհանուր պարապմունքները կրթահամալիրի կրտսեր դպրոցներում կանցնեն շրջակա աշխարհում՝ բակերում, պուրակներում, հրապարակներում… Ես զվարթանում եմ… Կորցրել էի կապը, անցնում էի մեր դպրոցների կողքով… Հիմա չեմ անցնի, ոտքով թե հեծանվով, չեմ անցնի, կմասնակցեմ առավոտյան մեր ծեսին… Բարի օ՜ր, իմ շրջակա աշխարհ, բարի օ՜ր, Բանգլադեշ, ու այս բարին թող շատանա Հայաստանով… այլ աշխարհով…