Առանձին գործող ավագ դպրոցը հանրապետությունում իրականություն է արդեն 7 տարի (2009-ից): Ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովումն է:  Կրթահամալիրի կազմում, որտեղ գործում են ուսումնական կենտրոններ` մասնագիտական միջավայրով, և հեղինակային կրթական ծրագիրը` իր ուսումնական պլանով, հնարավոր են դարձնում, որ ամեն անհատ ձևավորի իր կրթական պատվերը, որ կրթական ծրագիրը առավելագույն չափով անհատականացվի, և մի ավագ դպրոցում, անգամ մի դասարանում կարող են սովորել տարբեր խորացված ուսուցման (այլ կերպ ասած` տարբեր հոսքերի) սովորողներ, ընդ որում մեկը կարող է դասընթացներ ընտրել տաբեր բնագավառներից:

Կրթահամալիրի Ավագ դպրոցում ուսուցման կազմակերպման տարատեսակ ձևերերից ընտվել է նախագծային ուսուցումը: Նախագծային ուսուցման մեթոդները սովորողների մոտ զարգացնում են ճանաչողական, ստեղծագործական հմտություններ, հնարավորություն են տալիս ներկայիս ինֆորմացիոն հսկայական հոսքը համակարգել, ներկայացնել սեփական տեսակետից:

Ողջ հանրապետությունում 12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման համար մեկ խնդիրն այն է, որ շրջանավարտը՝ ապագա դիմորդն արդեն ունի  մասնագիտական կողմնորոշում, զբաղված է դպրոցից դուրս իր «անհատական կրթական ծրագրի» իրագործմամբ: Դա նրանից խլում է ողջ ժամանակը, ուժերը: Կամ սովորողը, որ ուզում է դպրոցն արագ ավարտել ու իր կյանքն ինչ-որ կերպ դասավորել, հոգնել է դպրոցից ու չի գալիս այլևս, կամ գալիս է անիմաստ է համարում ուսումնական աշխատանքով զբաղվելը. դրանով չի գրավվում։ Այս բոլորի հետ մեկտեղ՝ հանրակրթության բովանդակություն և կազմակերպման անհամաձայնություն կա։ Հանրակրթական պետական չափորոշիչն Ավագ դպրոցի բովանդակությանը ներկայացնում է պահանջներ՝ քննադատական մտածողության, մտագործունեությանը նպաստել, որոշակի աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ կարողությունների և հմտությունների ձևավորման ապահովում, հասարակական կյանքում և ամենօրյա գործունեության մեջ համապատասխան վարքագծի դրսևորման համար վարվեցողության կուլտուրայի, զարգացած արժեքային համակարգի ձևավորման ապահովում, բնական և տեխնածին աղետների ժամանակ և կենցաղային վտանգավոր իրադրության մեջ, արտակարգ իրավիճակներում ռիսկերի գիտակցումը և դրանց կանխարգելման կարողությունների զարգացումը, արագ կողմնորոշվելու, ուրիշներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հմտությունների ձևավորումը… Իսկ 12-րդ դասարանի՝ քննություններին ուղղված շտեմարանային ուսուցումն այդ պահանջնիերին անհաղորդ է։ Տեսնելով հաստափոր, 4-5 հատորներով շտեմարանները, պետական ավարտական և միասնական քննությունների թեստերը՝ պարզ կարելի է հասկանալ, որ վերը նշվածը այդպես էլ գրված կմնա:

Այս հոդվածում չեմ ուզում խոսել չափորոշչային բովանդակության և հանրապետության բոլոր ավագ դպրոցներում առկա խնդիրներից, խոսելու եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում իրականացված մի նախագծի մասին, որն մի քանի տարի է անվանում ենք «Ցտեսություն» ուսումնական նախագիծ: «Ցտեսություն» նախագիծը փորձ է հենց 12-րդ դասարանում ուսումնական աշխատանքի կազմակերպումը փոխելու, հաշտեցնելու, սովորողներին ներառելու, նախագծերով դպրոցին կապելու…

Նախագծի նպատակն ու խնդիրները.

  • ավագ դպրոցի շրջանավարտներին (2016-ին՝ 116 շրջանավարտ) համախմբել մեկ նախագծի շուրջ.
  • յուրաքանչյուր անհատի հնարավորություն տալ անհատականացնելու նախագիծը, հանդես գալու նախաձեռնություններով.
  • օգտագործել կրթահամալիրի առաջարկած հնարավորությունները, օր օրի նորացվող միջավայրը.
  • ազդել շրջանավարտի կենսակերպի վրա.
  • ազատել շրջանավարտներին ավարտելու հետ կապված բազում ձևականություններից, արհեստականությունից։

Նախագծի բովանդակությունը ներառում էր քանի բաղադրիչ՝ պար, երգ, տեխնոլոգիա, սովորողների անհատական ուսումնական պլանով որոշված խորացված ուսուցման արդյունքների ներկայացում՝ անհատական և խմբային ցուցահանդեսներ, համերգներ, ներկայացումներ:

«Ցտեսություն» նախագծի առջև դրված խնդիրները սկսվեցին լուծվել քայլ առ քայլ:

Այսպիսով, որպես նախագծի մեկնարկ, սկսվեցին թողարկվել շրջանավարտների Ես եմ..  խոստովանությունները Սեբաստացի TV-ի հետ համատեղ:

«Ցտեսություն» ուսումնական նախագծի շրջանակներում շրջանավարտներ Սուրեն Պողոսյանը և Հովսեփ Աբրահամյանը ներկայացան մենահամերգով:

Գեղարվեստի ուսումնական կենտրոնի կին-ֆոտո ընտրությամբ խմբի 6 սովորողները գեղարվեստի ցուցասրահում բացեցին իրենց անհատական ֆոտո ցուցահանդեսը՝ դասավանդող Մարինա Մկրտչյան.

Ցուցահանդեսին հաջորդեց կրթահամալիրի շրջանավարտ Եվա Մարկոսյանի կազմակերպված «Հրաժեշտի հնչյուններ» համերգը, որին իր հետ մասնակցեց նաև Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան Անի Մկրտչյանը:

Գեղարվեստի ուսումնական կենտրոնի նկարիչ սովորողները իրենց եռամյա գործունեությունը ամփոփեցին «Վերջին ակորդ» ցուցահանդեսում: Ցուցահանդեսին մասնակից սովորողները շարունակեցին իրենց մասնագիտական գործունեությունը ամառային ճամբարի ընթացքում «Կրթահամալիրի վերնիսաժ» կամ «Սեբաստաի մոլ» նախագծում:

«Ցտեսություն» ուսումնական նախագծի եռամսյա գործունեության ընթացքում ձևավորվեցին երգչախմբեր՝ խմբավարներ Լուիզ Քեշիշյան և Նելլի Փիլոյան, պարային խմբեր՝ պարուսույց Ստեփան Թորոյան, շրջանավարտներ Ջուլի Սիմոնյան, Քրիստինե Աթոյան: Այստեղ դրսևորվեց նաև շրջանավարտների ինքնուրույնությունն ու ինքնակազմակերպումը: Գեղարվեստի ուսումնական կենտրոնի սովորողները Անի Հովհաննիսյանի հետ ձեռնամուխ եղան տեխնոլոգիական նախագծերին՝ միջավայրի ձևավորում, դիզայն (12):

Ի՞նչն էր կարևոր կազմակերպման մեջ։

  • Նախագիծը մտավ սովորողի անհատական պլան, անհատական դասացուցակ:
  • Շեշտը դրված էր միասնականության, համերաշխության վրա:
  • Նախագծում ընդգրկված էին խմբավարներ, տեխնոլոգներ, երաժշտության, պարի մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրը հստակ գիտեր իր անելիքը:
  • Երգչախմբերի ձևավորումը կազմակերպման նոր ձև էր:
  • Նոր էր և հետաքրքիր մայիսի 26-ի էստաֆետը առաջին դասարանցիների հետ:
  • Ավագ ընկերոջ նվերերով կրթահամալիրի կրտսեր դպրոցները ճամբարային նոր պիտույքներ ունեցան՝ գնդակներ, օղակներ ու պարաններ:

Ի՞նչը չստացվեց 2016-ին։

  • Չստացվեց ի վերջո ներառել 116 շրջանավարտներին էլ: Հասկանալի է, որ գործ ունենք տարբեր խառնվածքի, աշխարհայացքի տեր պատանիների հետ, և միշտ չէ, որ բոլորին կարելի է համախմբել մի բովանդակության շուրջ: 2017-ին պետք է փորձել լրացնել այս բացը՝ նախագծում նոր բովանդակություն ներառլով կամ կազմակերպումն ավելի որոշակի դարձնելով։
  • Արհեստականության դրոշմը մնացել էր «Վերջին պարապմունք» կոչվող հավաքների վրա։ 2017-ին դասարանային վերջին պարապմունքներ չեն լինի, անհրաժեշտության դեպքում դրանք կփոխարինվեն այլ հավաքներով:
  • Շրջանավարտները նախագիծը իրենք չէին լուսաբանում, չէին պատմում մեդիայում, չէին ներկայացնում անոնսներ, գովազդներ, հոլովակներ… բաց մնաց:

«Ցտեսություն» նախագիծն ամբողջացավ մայիսի 27-ին, Մարմարյա սրահում՝ «Ցտեսություն-ցնծություն» տոնախմբությամբ։ Կարծում եմ՝ այստեղ արդեն ես չէ, որ պետք է գնահատականներ տամ. որպես հանրապետությունում իրեն սպառած «Վերջին զանգի»՝ հեղինակային կրթական ծրագրով այլընտրանք, երևույթը գնահատեցին ԶԼՄ-ները. օրվան անդրադարձան 1in.am-ի լրատվական կայքը, Շանթ TV-ն։

Անդրադարձան նաև կրթահամալիրի Սուրհանդակ ռադիոնմիջին դպրոցի սովորողներըշրջանավարտները։

2016-2017 ուսումնական տարում նախագիծը պատկերացնում եմ այսպես։

  • «Ցտեսություն» ուսումնական նախագիծը քննարկված ներկայացված լինի առաջին կիսամյակից: Սովորողի անհատական ուսումնական պլանում ներառվի երկրորդ կիսամյակի սկզբից։
  • Հստակ լինի նախագծի օրացույցը, որով որոշված լինեն նաև բոլոր հավաքները՝ իրենց բովանդակությամբ:
  • Ըստ օրացույցի պատշաճ հանրայնացվի, բացվի այլ դպրոցների շրջանավարտների համար:
  • «Ես եմ…» նախագծի բովանդակության և իրականացման մեջ նոր տարրեր մտնեն։
  • Լուսաբանման կազմակերպումը դառնա նախագծի բաղկացուցիչ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով