Հանելով նրանց
Այս գլուխը երեխաներին դպրոցից հանելու ձևերի մասին է: Որոշ ծնողներ հեշտությամբ են ստացել տեղական դպրոցների համաձայնությունն ու աջակցությունը, որոշ ծնողներ դրանք ստացել են լոկ բավականին պայքարելուց հետո, որոշներն իրենց երեխաներին հեռավոր դպրոցներում են գրանցել, որոնք էլ այնուհետև հաստատել ու վարել են տնային ուսուցման դասընթաց, ոմանք իրենց տներն իբրև մասնավոր դպրոցներ են գրանցել, ոմանք էլ պարզապես կա՛մ շրջանցել, կա՛մ արհամարհել են օրենքը:
Շարադրելով սեփական նկատառումները
Երեխաներին դպրոցից հանած մարդկանց մեծ մասը կարծում է, որ սեփական երեխաներին ուսուցանելու առավել լայն հնարավորություններ կընձեռվեն նրանց, ովքեր կպատրաստեն դպրոցին ուղղված ավելի հանգամանալից ձևակերպումը այն մասին, թե ինչու են ուզում այդպես անել, ինչպես են ծրագրում անել այդ, և թե դատական ո՛ր որոշումներն են խրախուսում այդ անելու իրենց իրավունքը: Այս փաստաթուղթը չպետք է շատ ծավալուն լինի: Որքան լավ շարադրեք, թե ինչու և ինչպես եք ցանկանում տանը կրթել ձեր երեխաներին, որքան շատ կրթական մարմինների ու դատական վճիռների հղումներ անեք, այնքան լավ: Ձեր ծրագիրը նրբորեն քողարկված իրավաբանական համառոտագիր է (ռեզյումե): Այն հասցեագրված է ոչ միայն դպրոցները վերահսկող տեսուչին և բաժնին, այլև դատարաններին, եթե դպրոցներն անխոհեմություն ունենան ձեզ այնտեղ տանելու: Շրջահայաց կլինեք, եթե ծրագրերում դատարան դիմելու մասին ոչինչ չհիշատակեք՝ փոխարենը նշելով, որ համոզված եք, որ դպրոցները միանգամայն խոհեմ ու պատրաստակամ կգտնվեն՝ համագործակցելու (ինչպես, անշուշտ, շատ դպրոցների պարագայում եղել է) ձեզ հետ: Սակայն եթե ձեր ծրագիրը բավականաչափ ավարտուն է և օրենքների փայլուն իմացության ցուցանիշ, հակառակվելու գայթակղություն ունեցող դպրոցների ղեկավարները կմտմտան. «Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք սա վիճարկենք դատարանում»: Պետք է այնպես անել, որ նրանք հասկանան, որ այդքան հեռու գնալու դեպքում կպարտվեն:
Երկրորդ` պետք է ծրագրի պատճեններն ուղարկել հնարավորինս մեծ թվով դպրոցական պաշտոնյաների, որքան շատ, այնքան լավ, պարտադիր՝ դպրոցական բաժնի բոլոր անդամներին, դպրոցը վերասկող տեսուչին ու նրա վարչակազմի առաջատար անդամներին, գուցե թե մյուսներին նույնպես:
Ձեր ուղարկած յուրաքանչյուր օրինակին կցեք ստացողների ողջ ցուցակը: Մեծ մասը կկարծի, թե կարդալուց հետո պարտավոր է քննարկել այն մյուսների հետ: Պետք է այնպես անել, որ նրանք զգան, որ ոչ միայն լուրջ եք տրամադրված, պարտանաչ եք և գիտակ, այլ նաև, որ ձեզ հետ առճակատելը շատ ժամանակ ու ճիգ կպահանջի: Այս բազմազբաղ մարդիկ առանց այն էլ ստիպված են ամենատարբեր հանդիպումներ ունենալ, իսկ դուք ուզում եք, որ նրանք սարսափեն էլ ավելի շատ հանդիպումների հեռանկարից:
Երրորդ` ծրագիրը պիտի տպագրվի մաքուր ու կոկիկ, պատշաճ գործնական ոճով, 8,5 x 11 դյույմանոց թղթի վրա, ցանկալի է՝ պաշտոնական բլանկի վրա, եթե կա: Եթե լավ չեք մուտքագրում, դիմեք որևէ հմուտ մուտքագրող ընկերոջ կամ մասնագետի: Սա տպավորություն կգործի ոչ միայն դպրոցական պաշտոնյաների, այլև անտեսանելի դատավորի վրա, որից խուսափելու մեծ հույսեր եք տածում: Տեսքը չի կարող ամեն ինչ որոշել, սակայն այս աշխարհում այն կարևոր է: Ստեղծեք ամենաազդեցիկ փաստաթուղթը, որ միայն կարող եք: Այնպես արեք, որ ձեր կազմած ուսումնական ծրագիրն ընդունելի լինի դպրոցների համար, չլինի այնպիսին, որ ձեր առջև դռները փակի: Պետք չէ դպրոցական պաշտոնյաներին պատմել այն ամենը, ինչ պատրաստվում եք անելու, առավել ևս, համոզել նրանց, որ դա ճիշտ է: Քանի որ դպրոցական ծրագրի շատ չնչին մասն է գործնականում իրականանում, հանգիստ խղճով կարող եք ասել, որ անցնելու եք անգլերեն, մաթեմատիկա, սոցիոլոգիա, բնագիտություն, առողջագիտություն և դպրոցական ծրագրում ներառված մյուս առարկաները: Ի վերջո, այս կամ այն կերպ սա մեզ շրջապատում է ամենուր: Եթե կարող եք, խուսափեք ասելուց, որ, ասենք, յուրաքանչյուր հինգշաբթի 9.00-10.00 ինչ-որ որոշակի առարկա ունեք դասացուցակում, կամ նման կոնկրետ բաներ: Եվ ընդհակառակը, վստահաբար շեշտեք, որ թվարկվածս առարկաներից յուրաքանչյուրին հատակցվելու է նույնքան ժամաքանակ, որքան դպրոցում: Հասկանալու համար, թե ինչ ոճի և բովանդակության նամակ է պետք գրել երեխաներին դպրոցից հանելու պատճառների մասին, մի քանի պարբերություն անց կարդացեք Հոբարթի և Քենդրիքսի նամակը՝ ուղղված իրենց դպրոցները վերահսկող տեսուչներին:
Երբ դպրոցները համագործակցում են
Շերոն Հիլեստադից, Մինեսոտա. «….Անսպասելի դյուրին էր ստանալ Մեթյուին տանը կրթելու թույլտվությունը: Առաջինը, որ արեցի, զանգահարեցի կրթության բաժին: Խոսեցի պետի՝ Դոկտոր Փիթըրսընի հետ: Նա տեղեկացրեց, որ պետք է ստանալ մեր դպրոցական շրջանի տեսուչի թույլտվությունը, ապահովել բարձր որակավորում ունեցող ուսուցչի առկայություն և օրական հինգ ժամ դասարանական աշխատանքի կազմակերպում: Ամուսինս ու ես հանդիպեցինք տեսուչին ու ներկայացրինք նրան գրավոր առաջարկը: Թեև պարոն Լակրուոյը հավանություն չտվեց մեր ծրագրին, երաշխավորեց, որ կստանանք թույլտվություն: Առաջարկեց ժամատախտակ, ուսումնական ծրագիր ու գնահատման մեթոդ ներկայացնել: Դպրոցը չափազանց բարյացակամ էր: Մեթյույի ուսուցչին հանդիպելու բախտ ունեցա Արագացված քրիստոնեական դաստիարակության դպրոցում, որտեղ Մեթյուն ավարտեց առաջին և երկրորդ դասարանը: Հենց առաջին օրը վերջ դրեց ինձ հուզող բոլոր հարցերին, քանզի ես հայտնաբերեցի, որ ես դարձել եմ «դասարանական» մի ուսուցիչ, որը կառչում է ժամատախտակից ու գերագույն նպատակ է դարձրել առարկաները մի կերպ դասավանդելն ու անցնելը: Որդիս կտրականապես ըմբոստանում էր, և ես հասկացա, որ ծրագրերը ծառայում էին, գլխավորապես, վարչարարների շահերին, և շատ քիչ կապ ունեին այն ամենի հետ, ինչ Մեթն իրականում սովորելու էր: Հիմա մենք օրական չորս առարկա ենք անում՝ անկախ այն բանից, թե Մեթյուն ի՛նչ և ե՛րբ կսովորի: Կարծում եմ՝ փայլուն տարի է լինելու…
Նենսի Փլենթը գրում է. «….Ձեր փաստաթղթերին կից կգտնեք Նյու Ջերսիի Կրթության պետական տեսչության «Կրթության պետական բաժնի օրենքների և կանոնների ժողովածուն Նյու Ջերսիի մասնավոր դպրոցների վերաբերյալ», հասցե՝ 225 Ու. Ստեյթ փ., Թրենթոն NJ 08625: Երկրորդ և իններորդ էջերում զետեղված են տանը կրթություն ստացողներին անհրաժեշտ տեղեկությունները: Ինչպես ժողովածուից երևում է, Նյու Ջերսիում հեշտացվել է մասնավոր դպրոց հիմնելու ընթացակարգը, և գործընթացը սկսելուց հետո այլևս ոչ մի խոչընդոտ չի լինում: Ես ունեմ Նյու Ջերսիի ուսուցչի վկայագիր և ծրագրում եմ ներկայացնել երդմամբ հաստատված գրավոր ցուցմունք (Էֆիդևիտ), որն ինձ մասնավոր դպրոցի լիազորություն կշնորհի: Գուցե այս երկու հարցում կարողանամ օգտակար լինել ուրիշներին: Իմ առաջին քայլերից մեկն ԱՔԱՄ (Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միություն) զանգահարելն էր: Նրանք խոստացան երեխաներին տանը կրթելուն վերաբերող օրենքների փաթեթ կազմել, եթե գրավոր ներկայացնեմ իմ փաստարկները: Ինչպես նաև ուղարկեցին ինձ Կրթության իրավաբանական կենտրոն: Չգիտեմ՝ ինչպես է Նյու Ջերսիում, բայց մյուս նահանգները, կարծում եմ, ևս, ունեն նմանատիպ կազմակերպություններ, որոնց մասին քչերը գիտեն: Մի քանի հեռախոսազանգով հեշտությամբ կարելի է հայտնաբերել դրանք: Կենտրոնի իրավաբանը չափազանց բարյացակամ էր և բոլորովին հակված չէր բռնել հանարկրթությունը պաշտպանողի դիրք: Նա ասաց, որ Մասաչուսեթս նահանգում ընդունված համապատասխան որոշում կա, և որ ես պետք է ցույց տամ Նյու Ջերսիում ներկայացրածս ուսումնական ծրագրին համարժեք մի ծրագիր: Նա խորհուրդ տվեց ներկայացնել մի խելացի կազմված ուսումնական ծրագիր՝ կոնկրետ ժամատախտակով: (Ես կարող եմ այս ամենը «ներկայացնել», բայց ես չեմ կարողանում համակերպվել ոչ մի «ստանդարտ»-ի հետ): Վերջում նա խորհուրդ տվեց ներկայացնել այնպիսի ծրագիր, որը մարտահրավեր նետի դպրոցի տնօրենին՝ բարձրացնելով «մասնագիտական էթիկա»-ի հարց: Բացատրեց, որ եթե դասի ժամին ինձ դրսում տեսնող լինի, ու բողոքի այդ կապակցությամբ, տնօրենն իրեն վատ կզգա, որ իր գլխավորած շրջանում ինքն ամենատեղեկացվածը չէ, և ավելի խիստ կլինի իմ հանդեպ: Նյու Ջերսիի կրթության մասին օրենքների ժողովածուի իններորդ էջում ասվում է, որ վեցից տասնվեց տարեկան երեխաները պիտի դպրոց հաճախեն կամ «համարժեք կրթություն ստանան որևէ այլ տեղ»: Երկրորդ էջում ասվում է. «Մասնավոր տարրական դպրոցները կամ պարտեզները Կրթության պետական տեսչության կողմից տրվող թույլտվության կարիք չունեն: Ամբողջությամբ կամ մասամբ պարտեզից մինչև ութերորդ դասարան ներառող դպրոցներն արտոնագրի կարիք չունեն»:
Ուսուցիչ Ալբերթ Հոբարթը Մասաչուսեթսում հիմնել է համագործակցային դպրոցական համակարգ. «Երկու տարի առաջ, երբ մեր որդին դարձավ վեց տարեկան, որոշեցինք ինքներս կրթել նրան: Մենք դեռ ծանոթ չէինք պարտադիր կրթության օրենքներին, սակայն աչքի առաջ ունեինք ուսմասվարների վերահսկողության, դատարան ներկայանալու և բանտային տհաճ տեսլականները: Այսպիսով, մենք հարցրինք մի իրավաբանի, որն ավելի վաղ հայտնաբերել էր, որ համաձայն գործող օրենսդրության ծնողներն իրավունք ունեն կրթելու սեփական երեխաներին (Մասաչուսեթսում), թե արդյոք պե՞տք է «նախնական թույլտվություն» ստանալ դպրոցական բաժնից կամ տեսուչից: Նրա առաջարկով զանգահարեցինք տեսչություն և հարցրինք, թե ինչ պետք է անել՝ թույլտվություն ստանալաու համար: Զանգահարելիս հասկացա, որ մինչ այս տեսչությունում ոչ ոք այդպիսի հարցի հետ չէր առճակատվել, բայց քիչ անց ինձ կցեցին տեսուչի մի օգնականի, որը մեզ հրավիրեց տեսչություն: Կինս խոսեց նրա հետ, ու ասաց, որ օգնականը, թեև հարգալից, շատ էր հարցասեր: Համոզվելուց հետո, որ մեր մտադրություններն անշուշտ լուրջ են, նա խնդրեց հետևյալ կետերը ներառող նամակ գրել իրեն.
ա. Մեր նախադրյալները
բ. Ինչո՞ւ ցանկացանք մեր որդուն տանը կրթել
գ. Ի՞նչ մտադրություններ ունենք մեր որդու կրթության հետ կապված, և ուսումնական մեր ծրագիրը:
Այս նամակի վրա մենք աշխատեցինք մի ամբողջ շաբաթ՝ փորձելով մեր տեսակետը ներկայացնել հնարավորինս պարզ` չառաջադրելով վիճահարույց հարցեր: Փորձեցինք կիրառել այն բառերն ու հասկացությունները, որ ծանոթ էին դպրոցի մարդկանց, և ցույց տալ, որ մեր որդին իր սովորական ամենօրյա գործունեության ընթացքում սովորում է այն ամենը, ինչ երեխաները սովորում են դպրոցում:
Ահա հատվածներ տեսուչի օգնականին ուղղված Հոբարթի նամակից. «Մեր որդին՝ Ռոբերտը, օգոստոսի 27-ին դարձավ վեց տարեկան, և համաձայն անցյալ երեքշաբթի օրվա ձեր պահանջի, մենք գրում ենք գալիք ակադեմիական տարում նրան տանը կրթելու մտադրության մասին: Ներողություն ենք խնդրում ձեզ այսքան ուշ դիմելու համար, բայց մինչ բոլորովին վերջերս մենք կարծում էինք՝ երեխաները Մասաչուսեթսում պաշտոնապես դպրոցահասակ են համարվում յոթ տարեկանից: Կարծում ենք, որ երեխաները չափազանց վաղ են մտնում դպրոցական միջավայր՝ իր բոլոր լարումներով, և լավ կլիներ, որ նրանցից շատերն իրավունք ունենային փոքր-ինչ երկար մնալու տանը: Մենք անշուշտ գիտակցում ենք, որ շատերը համաձայն չեն մեզ հետ, և որ կան բազմաթիվ ծնողներ, որոնք կա՛մ չեն կարող, կա՛մ չեն ուզում իրենց երեխաներին տանը պահել: Ուսուցչական մեր փորձը ցույց է տվել, որ երեխաների՝ դպրոցում ունեցած խնդիրներից շատերը կնվազեն կամ կվերանան, եթե նրանք դպրոց մտնեն փոքր-ինչ ավելի մեծ տարիքում, կհավելեինք՝ հնարավորություն ունենան ավելի աստիճանաբար վարժվելու դպրոցական երկարատև օրվան: Օրինակ, մենք նկատել ենք, որ նույնիսկ որոշ վեցերորդ դասարանցիներ դժվարությամբ են հարմարվում դպրոցում ամեն օր վեցուկես ժամ դաս ունենալուն, և բնական է, որ առաջին դասարանցիների համար է՛լ ավելի բարդ է այդքան ժամանակ դպրոցում անցկացնելը: Կարծում ենք, որ երեխաներն ստիպողաբար չպետք է սովորեն: Փոխարենը` ցանկության դեպքում պիտի ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Սա, մեր պատկերացմամբ, «բաց դասարան» [1] մեթոդի ամենաառանցքային մոտեցումն է: Բայց «բաց դասարանի» մեր դիտարկումները թե´ պետական, թե´ մասնավոր դպրոցներում հանգեցրին նրան, որ ուսուցիչների համար, միևնույն է, դժվար է դիմակայել ստիպելու գայթակղությանը: Նրանց չի կարելի մեղադրել՝ հաշվի առնելով երեխաների քանակը, և ծնողների ու դպրոցի տնօրինության հավակնոտ սպասելիքները: Որպեսզի սխալ չհասկացվենք, երեխային նման ճնշումից պաշտպանելու մասին խոսելիս, թույլ տվեք ընդգծել, որ մենք ի նկատի չունենք «ամենաթողություն»-ը, այսինքն անորոշությունը՝ վարքի չափորոշիչների հարցում: Այնքանով, որքանով Ռոբերտը հասկանում է ճիշտն ու սխալը, մենք խստագույնս հետևում ենք, որ նա հաշիվ տա իր յուրաքանչյուր արարքի համար: Դուք մեզնից ուսումնական ծրագիր եք պահանջում, մասնավորապես լեզվի, հումանիտար առարկաների և մաթեմատիկայի վերաբերյալ: Ինչպես տեսնում եք, մեր մոտեցումն այսպիսին է՝ սպասել այնքան, մինչև ժամանակը գա՝ Ռոբերտին որոշակի հմտություն կամ փոքր-ինչ գիտելիք տալու, այնպես որ չենք կարող ձեզ ներկայացնել այն ծրագրերն ու նպատակները, որ շարադրված են ուսուցչական ձեռնարկներում: Բնականաբար, կուզեինք, որ նա կարողանա հստակ ներկայանալ թե´ բանավոր, թե´ գրավոր, և գործնականում ու տեսականորեն լավ պատկերացնի մաթեմատիկա առարկան: Դուք մատնանշում եք խնդիրը, որը կառաջանա, երբ Ռոբերտը երկրորդ դասարան տեղափոխվի Լեքսինգթոնում. արդյոք կունենա՞ ծրագրին համարժեք գիտելիք: Անհանգստությունն արդարացի է, բայց մենք, հավանաբար, կուղարկենք նրան մասնավոր դպրոց: Եթե երկրորդ դասարան նա հաճախի Լեքսինգթոնում, ապա անշուշտ, կհասցնենք նրան այդ մակարդակի: Օրինակ, իր դպրոցի հետ կապվելով` կիմանանք, թե ինչ է պահանջվում և բնականաբար, տարբեր դասագրքերի միջոցով կտանք նրան անհրաժեշտ հիմք: Եվ վերջապես, դուք հարցնում եք՝ արդյոք Ռոբերտը չի՞ նեղվի, որ իր հասակակիցներին ճանաչելու ավելի քիչ հնարավորություն ունի: Ռոբերտն արդեն ունի մի շարք իր տարիքի ընկերներ, և նրանց հետ մշտապես ժամանակ է անցկացնում: Ունի նաև այլ տարիքի ընկերներ: Այն, ինչ նա հիմա անում է, կարծես, ճիշտ է, որովհետև մարդիկ հաճախ են գովում նրա սոցիալական զարգացումը, իսկ ընկերների ծնողներն անչափ գնահատում են, որ իրենց զավակները նման են խաղընկեր ունեն: Տվյալ դեպքում մենք կարծում ենք, որ դպրոցական միջավայրում տարեկիցների հետ ընկերություն անելը կարևորված է շատ ավելի, քան պետք է, և որ շատ երեխաների համար ավելի լավ կլիներ, եթե տարբեր տարիքի երեխաների հետ ընկերություն անելու հնարավորություն ունենային: Նաև կարծում ենք, որ ծնողները չափից դուրս շատ են կապում դպրոցը երեխաների հասարակական կյանքի և ինչու ոչ, բարոյական արժեհամակարգի հետ: Կրկին շնորհակալ ենք հանդիպման համար: Եթե հարցեր կծագեն գալիք տարում Ռոբերտի կրթության հետ կապված մեր ունեցած ծրագրի մասին, տեղյակ պահեք մեզ»:
ՄԱԴ-ին գրած իր նամակում Ալբերթ Հոբարթը պատմում էր հետագա զարգացումների մասին. «Շուտով տեսուչի օգնականից պատասխան ստացանք, որում ասվում էր, որ տեսուչը «լավ» է ընդունել մեր խնդրանքը, և որ թույլ է տալիս, որ մեր որդին ուղիղ մեկ տարի չգնա դպրոց՝ կրթվելով տանը: Սակայն ավելացնում էր, որ եթե ուզում ենք հաջորդ տարի ևս նրան տանը կրթել, պիտի նորից թույլտվություն ստանանք: Այսպիսով, հաջորդ տարի՝ երկրորդ դասարան փոխադրվելիս, մի կարճ նամակ գրեցինք նույն օգնականին (ինքը՝ օգնականը, թոշակի էր անցել), որում ասվում էր, թե որքա՜ն հաջող է ընթացել տարին մեր որդու համար, և որ կուզեինք ևս մեկ տարի կրթել նրան տանը: Ոչ ոք նույնիսկ չփորձեց պատասխանել նամակին, և մեզ այլևս այս կապակցությամբ ոչ ոք չանհանգստացրեց: Մտածեցինք, որ տեղի պարբերականը (օրաթերթ), որը համայնքում մեծ ազդեցություն ուներ, կարող է օգտակար լինել մեզ: Լինելով ավանդապահ և քաղաքական դաշտում պահպանողական՝ պարբերականը մի ծավալուն, սիրուն հոդված հրապարակեց մեր որդու տնային կրթության վերաբերյալ: Կարծում ենք, որ այն մեծ դեր խաղաց՝ դպրոցամետ համայնքի աչքերում մեր լեգիտիմությունը բարձրացնելու և դպրոցական պաշտոնյաների դրական դիրքորոշումը պահպանելու գործում: Իմ կինը վկայագիր ունեցող ուսուցչուհի է, սակայն մինչև չստացանք տեսուչի թույլտվությունը՝ կրթելու մեր որդուն տանը, նա չստացավ իր վկայականը: Մասաչուսեթսում օրենքի տառը հատուկ պահանջներ չի ներկայացնում երեխաներին տանը կրթել ցանկացող ծնողների որակավորման վերաբերյալ, սակայն, հնարավոր է, որ մեր երկար տարիների դասավանդման փորձը որոշակի դեր է խաղացել տեսուչի որոշման հարցում: Մեր որդու հետ ոչինչ չենք անում, որ փոքր-ինչ կհիշեցներ այն, ինչ արել ենք ուսուցիչ եղած ժամանակ: Դասավանդումից ձեռք բերած միակ առավելությունն այն է, որ մենք սեփական փորձով ենք համոզվել, որ դպրոցը չի տալիս առանձնապես և անհրաժեշտ ոչինչ, և որ շատ երեխաներ ավելի լավ կդրսևորեին իրենց, եթե ստիպված չլինեին դպրոց հաճախել: Ի միջի այլոց, երեսուներկու նահանգներից միայն հինգում է օրենքի տառը պահանջում, որ ծնողներից մեկը լինի մասնագետ (Ալաբամայում, Ալյասկայում, Քալիֆոռնիայում, Քոլորադոյում, Այովայում), և մենք չենք ճանաչում երեխաներին տանը կրթող մի ծնող, որ երբևէ ունեցած լինի դասարանական դասավանդման փորձ»:
Արթ Հարիսը՝ երկու որդու հայր Վերմոնթից, նկարագրում է այլ, բայց նույնքան արդյունավետ մոտեցում. «