Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

Սկիզբը 
Նախորդ հատվածը

Գլուխ չորրորդ

Շփման մեջ մտնելով մեր էներգիայի հետ՝ մենք ավելի բաց ենք դառնում այլ մարդկանց էներգիայի համար: Որքան ավելի կենսուրախ ենք, այնքան ավելի շատ կարող ենք ներդնել շրջապատողների կյանքում:

Բլեյք Այսը՝ հիփ-հոփ ոճի երգերի տեքստերի հեղինակը, արդեն վաղ հասակից հասկացել էր, որ իր խոսքերը կարող են զգացմունքներ արթնացնել հենց իր և այլ մարդկանց մեջ: «Մայրս սովորաբար ինձ ստիպում էր գրել ամեն ինչի մասին,- պատմել է նա իր հարցազրույցներից մեկի ժամանակ:- Պահանջում էր, որ նկարագրեի իրավիճակները, որ անախորժ էին, երբ երջանիկ էի կամ վախեցած: Ես երազող երեխա էի: Ինձ սկսեցին դուր գալ աղջիկները, և ես սկսեցի նամակներ գրել իմ ընկերուհիներին: Հավատացեք, դա ավելի հետաքրքիր է, քան «նշեք «այո», «ոչ» կամ «երևի»»: Ես մեծի նման էի մոտենում խոսակցական լեզվին և զբաղվում էի բանաստեղծություններ գրելով՝ ձգտելով գրավել կանանց ուշադրությունը: Մի անգամ երեկոյան ակումբում ընկա «բաց հավաքույթի մեջ»1 և որոշեցի բեմ դուրս գալ: Հասարակությունն ինձ ջերմ ընդունեց և աջակցեց: Ես շատ ագրեսիվ մարդ էի և շփոթվեցի այն գիտակցությունից, որ կարող եմ այ այսպես, բեմից ուղիղ խոսել մեր քաղաքում ամեն մի կատարվածի մասին: Ուզում էի արտահայտել այն, ինչ կար իմ հոգում, և մարդիկ հասկանում էին, թե ինչի մասին էի խոսում»:

Բլեյք Այսը (իսկական անունը՝ Լամար Մենսոն) սկսեց արագորեն նվաճել հանրության համակրանքը և ելույթ ունենալ մեծ հրապարակներում: Հինգ եթերաշրջան անընդհատ նա հայտնվել է НВО հեռուստաալիքի «Def Poetry Jam»2 շոուում և եղել է Def Poetry on Broadway ալիքի «Tony»3 մրցանակի արժանացած ենթահաղորդման գլխավոր վարողը: Երիտասարդ հեղինակը ձայնագրման խոշոր ընկերություններից մեկի օգնությամբ թողարկեց իր առաջին ալբոմը և միլիոնավոր հեռուստադիտողի առաջ հայտնվեց «Live 8»4 համերգին: Նրա՝ կյանքը հաստատող և մոտիվացնող գաղափարները, որոնց իմաստը ընտանիքի կարևորության և երիտասարդության ուժն է, արձագանք գտան հեռուստադիտողների սրտերում: Բլեյք Այսն ի հաստատումն իր խոսքերի ստեղծեց հասարակական շարժում՝ «Hoodwatch Movement Organization», որ օգնի քաղաքի աղքատ շրջանների երեխաներին ճիշտ ուղուց չշեղվելու և հասկանալու իրենց իրական պոտենցիալը: Նրա աշխատանքը գովում են քննադատները, և ջերմորեն է ընդունում հանրությունը: Իսկ երբ այդ մարդուն տեսնում ես բեմում, հավատում ես, որ նա իսկապես հետաքրքրության շրջանակում է:

Իսկ հետաքրքրության շրջանակ երիտասարդ հեղինակը մտել է իր առաքելությունն զգալու շնորհիվ: «Իմ կյանքի նպատակն է գրել այնպիսի բան, որը կդիպչի մարդկանց սրտերին, -ասել է Բլեյք Այսը մի այլ հարցազրույցի ժամանակ:- Ես պետք է պահպանեմ ժառանգությունս: Ես մեծացել եմ հրաշալի մարդկանց միջավայրում: Իմ հարազատները՝ հայրս, հորեղբայրներս և պապիկս, իմ հերոսներն են, և միայն դրա համար է, որ կան բաներ, որ երբեք չեմ բարձրաձայնի: Ես երբեք չէի կարող նայել հորս աչքերին՝ իմանալով, որ ստեղծագործել եմ ինչ-որ կատարյալ անհեթեթություն, որը հաղորդում են ռադիոյով»:

«Իմ ձայնն իմ շնորհն է,- շարունակում է Բլեյք Այսը:- Այն անօգուտ է, եթե ես չեմ պատրաստվում ոչինչ ասել: Եվ հիմա հասարակության վիճակից տեսնում եմ, որ այն անչափ կարևոր է: Ես հաստատ գիտեմ, որ կարող եմ աշխարհում ներդրում ունենալ, չնայած որ երբեմն հուսալքված եմ լինում: Մեզ՝ մեծերիս արդեն փոխել չի լինում, բայց ես կուզեի, որ ինձ լսեին բոլոր յոթ և ութ տարեկան երեխաները: Կուզեի նրանց ասել` դուք կյանքում շատ բանի կհասնեք… չկա այլ տարբերակ, գոյություն չունեն ոչ մի «եթե» կամ «հնարավոր է», դուք շատ բանի կհասնեք կյանքում»:

Հետաքրքրության շրջանակում լինելու մեկ գաղտնիք էլ այն է, որ ձեր ոգեշնչումը, ձեր աշխատանքը կարող են ոգեշնչել այլ մարդկանց: Հետաքրքրության շրջանակում լինելը ձեզ թույլ է տալիս խորությամբ հասկանալու ինքներդ ձեզ, ինչն իր հերթին շրջապատող աշխարհում անգին ավանդ ներդնելու հնարավորություն է տալիս ձեզ:

Գաղափարներից մեկը, որը արդեն քննարկել ենք և որին դեռ կանդրադառնանք (չէ՞ որ անիմաստ է լավ գաղափարին միայն մեկ անգամ դիմելը), այն է, որ ամեն մարդու համար ինտելեկտի հասկացությունը տարբեր է: Այդ մասին հատկապես կարևոր է հիշել «հետաքրքրության շրջանակ» հասկացությունը հետազոտելիս: Այդ շրջանակն ընկնելու համար անհրաժեշտ է օպտիմալ կերպով օգտագործել ինտելեկտի տիպը, որը հատուկ է կոնկրետ այդ մարդուն: Ի դեպ, հենց սա նկատի ունի Եվա Լորենսը, երբ խոսում է բիլիարդից և երկրաչափությունից: Հենց սա է զգում Մոնիկա Սելեշը, երբ նրա ֆիզիկական ինտելեկտն ու սուր միտքը միաձուլվում են: Հենց դա է Բլեյք Այսն արթնացնում քո երևակայության մեջ, երբ թղթին է հանձնում տողեր, որ ծնվում են ռիթմի նուրբ ընկալման և հանգամանալից դիտարկման շնորհիվ:

Եղեք այնպիսին, ինչպիսին կաք

Երբ մարդիկ հետաքրքրության շրջանակում են, նրանք բնականաբար օգտագործում են իրենց համար առավել արդյունավետ մտածողության տեսակ: Կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ նման րոպեներին ժամանակն այլ կերպ է շարժվում: Ջանքերի լրիվ բացակայությունը թույլ է տալիս գործի մեջ խորասուզվել այնքան, որ ուղղակի չզգանք ժամանակի սովորական ընթացքը: Բոլոր պրոցեսները փոխկապակցված են. եթե օգտագործում ենք մտածողության մեզ համար բնական տեսակ, գործերն առավել հեշտ են առաջ գնում:

Ակնհայտ է, որ տարբեր մարդիկ յուրովի են մտածում նույն բանի մասին: Մի քանի տարի առաջ ես դա դիտարկել եմ իմ աղջկա օրինակով: Քեյթն աշխարհի հանդեպ ունի վառ արտահայտված տեսողական մոտեցում: Նա շատ հնարամիտ է, լավ է կարդում և կարողանում է մտքերը հստակ արտահայտել, բայց հետաքրքրությունը արագ կորցնում է դասախոսության ժամանակ (ցանկացած դասախոսության, այլ ոչ թե միայն իր սենյակի մաքրման թեմայով): Անգլիայից Լոս Անջելես տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Քեյթի դպրոցում պատմության ուսուցիչը սկսեց Քաղաքացիական պատերազմին նվիրված դասերի փուլ: Լինելով անգլուհի՝ իմ աղջիկը ամերիկյան պատմության այդ ժամանակաշրջանին քիչ էր ծանոթ և ուսուցչի ասածներից շատ բան չէր վերցրել: Այնպիսի մոտեցումը, ինչպիսին է ամփոփ տվյալների ընտրանին ուսանողների գլուխները լցնելը, նրա համար այնքան էլ արդյունավետ չէր: Բայց սովորողներին գրավոր աշխատանք էր սպասվում, և Քեյթը ուղղակի չէր կարող անտեսել այդ թեման:

Իմանալով, որ խիստ զարգացած է աղջկաս տեսողական ինտելեկտը, նրան առաջարկեցի ստեղծել այսպես կոչված «մտավոր քարտեզ» կամ «մտքի քարտեզագրում» (майндмэппинг): Թոնի Բյուզենի5 կողմից մշակված այս մեթոդը մարդուն թույլ է տալիս ստեղծել հասկացության կամ ինչ-որ ինֆորմացիայի վիզուալ սխեման: Հիմնական գաղափարն ընկած է սխեմայի կենտրոնում, իսկ մյուսները նրան են միանում գծերի, սլաքների և գունավոր պատկերների օգնությամբ: Ես ենթադրում էի, որ Քեյթը, որպես մտածողության վիզուալ տեսակին հակված մարդ, հեշտ կնայի Քաղաքացիական պատերազմին այս տեսակետից:

Մի քանի օր անց աղջկաս հետ ճաշելու տեղ ընտրեցինք, և ես հարցրի, թե փորձել է «մտավոր քարտեզ» նկարել: Պարզվեց` նա ավելին է արել: Այս մեթոդի օգնությամբ մտքում ստեղծել է Քաղաքացիական պատերազմի այնպիսի վառ տեսողական նկար, որ հաջորդ քառասուն րոպեների ընթացքում պատմում էր գլխավոր իրադարձությունների և հետևանքների մասին: Տրված խնդիրը լուծելով իրեն առավել հասանելի մտածելակերպով` Քեյթը կարողացել է այդ պատերազմը հասկանալ այնպես, ինչպես երբեք չէր հասկանա` կարդալով չոր ու ցամաք կոնսպեկտը: «Մտավոր քարտեզ» ստեղծելու շնորհիվ նա այնքան հստակ էր տեսնում և գրաֆիկորեն պատկերացնում այդ կերպարները, կարծես անձամբ էր իրադարձությունների լուսանկարներն անում:

Հեռու դասակարգումներից

Գիտնականները մտածողության ուղիները և անհատականության տեսակներն դասակարգելու բազմաթիվ փորձեր են ձեռնարկել, որ կարողանան ավելի լավ հասկանալ մարդկանց և առավել արդյունավետ նրանց կազմակերպել: Նման դասակարգումները կարող են առավել կամ պակաս օգտակար լինել այնքան ժամանակ, քանի դեռ հիշում ենք, որ որ դրանք ընդամենը իրերի մասին մտածելու միջոց են, այլ ոչ թե հենց իրերը: Նման համակարգումը հաճախ անիրական է և այնքան էլ հուսալի չէ, քանի որ մարդու անհատականությունը հրաժարվում է հեղում տիտիկ անելուց և անդադար «գաղթում» է եռանդուն հետազոտողների կողմից իր համար նախագծած բազմաթիվ շրջանակներով և սխեմաներով:

Ցանկացած ոք, ով երբևէ Մայերս Բրիգսի թեստն անցել է, գիտի նրա բազմաթիվ գործիքների մասին, որոնք սահմանափակում են անհատականությունը որոշակի շրջանակներում: Մայերս Բրիգսի (MBTI) ցուցիչը (ինդիկատոր) գործիք է, որը ամենայն հավանականությամբ, հաճույքով օգտագործում են կադրային ծառայությունները որոշակի խմբերում մարդկանց դասակարգելու համար: Տարեկան ավելի քան երկուսուկես միլիոն մարդ անցնում է MBTI թեստը, այն օգտագործում են Fortune 100-ի ցուցակի շատ կազմակերպություններ: Իր էությամբ այս ցուցիչը անհատականության առանձնահատկությունները սահմանող նույն թեստն է, բայց ավելի բարդ, քան այն թեստերը, որ տպագրվում են հանրահայտ ամսագրերի էջերին:

Մարդը պետք է պատասխանի չորս բազային կատեգորիաների հարցերին (գիտակցության կողմնորոշում, ընկալում, իրավիճակում վարքի դատողություն և ձև), իսկ նրա պատասխանները ցույց են տալիս, թե տրված կատեգորիաներից յուրաքանչյուրի համար նա սանդղակի որ բևեռին է հասնում (օրինակ՝ էկստրավերտ-ինտրովերտ): Չորս սանդղակների և երկու բևեռների (որոնք կան ամեն սանդղակի վրա) հիման վրա թեստը մատնանշում է անհատականության տասնվեց տեսակ: Հետազոտության հիմքում ընկած է այն գաղափարը, որ երկրագնդում վեց միլիարդ մարդկանցից ամեն մեկն ընկնում է այդ տասնվեց կատեգորիաներից մեկի մեջ:

Այստեղ թաքնված է մի քանի խնդիր: Դրանցից մեկն այն է, որ ո´չ տիկին Բրիգսը, ո´չ նրա աղջիկը՝ տիկին Մայերսը տրված թեստը մշակելիս ոչ մի որակավորում չունեին հոգեվերլուծական թեստավորման բնագավառում: Մյուս խնդիրն այն է, որ հաճախ մարդու անհատականության կառուցվածքը, որ անցնում է թեստը, միանշանակ չի տեղավորվում ոչ մի կատեգորիայում: Սովորաբար դիտարկվում է մի փոքր ավելի միտում դեպի սանդղակի մի ծայրը, քան մյուսը՝ (օրինակ՝ ավելի էկստրավերտ, քան ինտրովերտ) առանց հստակ ամրագրման սանդղակի բևեռներից մեկին: Բայց առավել հատկանշական կարելի է համարել այն, որ շատ մարդիկ, թեստն անցնելով կրկնակի, ստանում են արդյունք, որը տրամագծորեն հակառակ է անցկացված նախորդ հետազոտմանը, և հայտնվում են ըստ անհատականության տեսակների բոլորովին այլ կատեգորիաներում: Սա լինում է դեպքերի առնվազն կեսի ժամանակ, և նշանակում է երկուսից մեկը՝ կա´մ երկրի բնակչության զգալի մասի մոտ դիտարկվում է անհատականության կրիտիկական խանգարումներ, կա´մ տվյալ թեստը «անհատականության տեսակի» այնքան էլ հուսալի ինդիկատոր չէ:

Ենթադրում եմ, որ անհատականության տասնվեց տեսակը փոքր-ինչ իջեցված (նվազեցված) թիվ է: Անձամբ ես այդ չափը կգնահատեի մոտավորապես վեց միլիարդ (և քանի որ Երկրի բնակչությունը շարունակում է շատանալ, պետք է վերանայեմ այս թիվը իմ գրքերի ապագա հրատարակումերում):

Ինձ ավելի քիչ մտահոգություն պատճառում է մյուս թեստը՝ Hermann Brain Dominance Instrument, քանի որ իր հիմքում այն պարունակում է ճանաչողական նախապատվությունների գաղափարը, որը ներկայացվում է, ինչպես ինձ է թվում, մարդկանց մեծամասնության համար ընդունելի միջոց: Hermann Brain Dominance Instrument (HBDI) թեստը, ինչպես և MBTI-ը, գնահատման գործիք է հարցաշարի թեստային պատասխանների օգնությամբ: HBDI թեստը չի դասակարգում անհատականությունների «ենթատեսակները», այլ փորձում է ցույց տալ մարդուն, թե ուղեղի չորս սեկտորներից որն է նա մյուսներից հաճախ օգտագործում:

«А» սեկտորը (գլխուղեղի ձախ կիսագունդը) պատասխանատու է անալիտիկ մտածողության համար (տեղեկություններ հավաքելը և իրերի գործողությունների մեխանիզմը հասկանալը): «В» սեկտորը (լիմբիկ ձախ կիսագունդ) պատասխանատու է կազմակերպված մտածողության համար (օրինակ՝ հրահանգների ստեղծման և իրականացման համար): «С» սեկտորը (լիմբիկ աջ կիսագունդ) պատասխանատու է սոցիալական մտածողության համար (գաղափարների արտահայտում և աշխարհում սեփական տեղի փնտրտուք), իսկ «D» սեկտոր (գլխուղեղի ձախ կիսագունդ)՝ հեռանկարային մտածողության համար (մեծ նկարներն ամբողջական ընկալելու և փոխաբերության համար):

HBDI թեստն ընդունում է, որ ցանկացած մարդ ընդունակ է օգտագործելու մտածողության այս բոլոր տեսակները, բայց փորձում է որոշել, թե դրանցից որն է այս կամ այն անհատի համար դոմինանտ: Նման դասակարգման իմաստն այն է, որ մարդիկ, ինչպես վաղուց է նկատվել, իրենց գործունեության մեջ ցուցադրում են առավել բարձր արդյունավետություն, եթե հասկանում են, թե ինչպիսի մոտեցում ցուցաբերեն տրված առաջադրանքի իրականացման համար: Ես կասկածանքով եմ վերաբերվում մարդկանց խիստ տիպաբաժանմանը և համոզված եմ, որ անհատականության չորս տիպերը հնարավոր է, որ շատ քիչ են, բայց HBDI թեստի մեթոդիկան ինձ թվում է առավել ճկուն, քան Մայերս-Բրիգսի հետազոտման ժամանակ օգտագործված մոտեցումը:

Անհատականության տեսակների քանակը և մտածողության ուղիների խիստ ֆիքսված լինելու հաստատումը շատ ռիսկային է, քանի որ տանում է իր սեփական զարգացման համար մարդկային հնարավորությունների գիտակցական սահմանափակման: Նման մեթոդներով ինքներս ենք մեր գիտելիքների սահմանափակում անում: Որպեսզի մեզնից յուրաքանչյուրը կարողանա գտնել իր տարերքը, պետք է խոստովանել, որ ամեն մարդու ինտելեկտն այս աշխարհում յուրահատուկ է: Ամեն մեկը բացառապես իր ճանապարհով է գնում հետաքրքրության շրջանակ և իր տարերքի ձեռքբերում:

Մենք արդեն այնտե՞ղ ենք

«Սեզամ փողոցը» հեռուստատեսային մանկական հաղորդումը օգնել է Թերենս Թաոյին երկու տարեկանում ինքնուրույն կարդալ սովորել: Դրանից հետո փոքրիկը փորձել է ուրիշ երեխաների սովորեցնել հաշվել՝ օգտագործելով թվերով խորանարդիկներ: Մեկ տարի անց նա արդեն լուծում էր երկնիշ թվերով մաթեմատիկական հավասարումներ: Տղան դեռ ինը տարեկան չկար, երբ անցավ SAT-M-ի թեստը (SAT-ի հատուկ մաթեմատիկական տարբերակ, հիմնականում առաջարկվում է քոլեջի դիմորդներին) և արդյունքը եղավ իննսունինը տոկոսույթ6: Քսան տարեկանում Թերենսը գիտությունների դոկտոր էր, իսկ երեսունում Մակարտուրա մրցանակի դափնեկիր և ստացել Ֆիլդսյան մրցանակ, որը մաթեմատիկայի բնագավառում համարժեք է համարվում Նոբելյան մրցանակին:

Դոկտոր Թաոն զարմանալի օժտված մարդ է: Նրան անվանում են «Մաթեմատիկայի Մոցարտ», իսկ նրա դասախոսությունները՝ մաթեմատիկայի դասախոսությունները, հավաքում է մարդկանց բազմություն: Լսարանը միշտ լեփ-լեցուն է, մարդիկ նրան լսում են կանգնած: Երիտասարդ գիտնականի ակադեմիական ձեռքբերումներն ապացուցում են, որ կարող էր հաջողության հասնել մի քանի գիտություններում, բայց նրա իրական կոչումը եկել է մաթեմատիկայի միջոցով, երբ նա դեռ շատ փոքր էր:

«Հիշում եմ, որ երեխա ժամանակ ինձ շատ էր գրավում մաթեմատիկական սիմվոլներով ձեռնածությունը,- պատմել է նա հարցազրույցներից մեկի ժամանակ:- Մտածում եմ, որ մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրության զարգացման համար առավել կարևոր է երկու պահ՝ բնածին ընդունակությունը և խաղերի ազատությունը, այսինքն՝ աջակցել սեփական փոքրիկ վարժություններ ստեղծելուն կամ ոչ մեծ մաթեմատիկական խաղեր հորինելուն: Իմ կյանքում վիթխարի դեր են խաղացել լավ ուսուցիչները, որոնց հետ ես կարող էի քննարկել իմ մաթեմատիկական զվարճանքները: Ի դեպ, դասասենյակի ֆորմալ միջավայրը մի կողմից լավագույն ձևով հարմար է թեորիաներ սովորելու կամ մաթեմատիկայից օրինակներ լուծելու համար, բայց մյուս կողմից այն այդքան էլ լավ տեղ չէ փորձարկումների և ազատ ինքնաարտահայտման համար:

Մաթեմատիկան ըմբռնելու իրոք օգտակար հատկություններից մեկը կենտրոնանալու ընդունակությունն է: Անհրաժեշտ առանձնահատկություն է դառնում որոշակի համառությունը: Եթե ես դասերին ուսուցիչների բացատրություններից ինչ-որ բան չէի հասկանում, ապա չէի հանգստանում մինչև ամեն ինչ չհասկանայի, ինձ անհանգստացնում էին նման «սպիտակ բծերը»: Դրա համար էլ ես հաճախ շատ ժամանակ էի ծախսում էլեմենտար բաների վրա այնքան ժամանակ, մինչև չզգայի, որ հարցը յուրացրել եմ ամբողջովին (ոտքից գլուխ): Դա իսկապես օգնում էր, երբ գալիս էր ավելի բարդ թեմաների անցնելու ժամանակը»:

«Ես ոչ մի մոգական ընդունակություններ չունեմ,- պնդում էր դոկտոր Թաոն մեկ այլ հարցազրույցի ժամանակ:- Ես լուծում եմ նոր խնդիրներ՝ հաշվի առնելով փորձը: Հիշում եմ հաջողությամբ լուծված խնդիրները և հույս ունենում, որ գաղափարը, որ մեկ անգամ գործել է, կօգնի և այս անգամ: Եթե ոչինչ դուրս չի գալիս, ապա փնտրում եմ ինչ-որ ոչ մեծ խորամանկություններ, որոնք կհեշտացնեն խնդիրը, թեկուզ մի փոքր փոխելով այն: Խաղում եմ այդ խնդրի հետ և որոշ ժամանակ անց հասկանում, թե ինչումն է բանը: Մշտապես փորձարկելով ավելի խորն եմ հասկանում ցանկացած խնդրի էությունը: Գործը խորաթափանցության կամ արագության մեջ չէ: Դա ինչպես լեռնագնացությունը՝ եթե դուք ուժեղ եք, արագ և ունեք երկար պարան, կօգնի: Բայց կենսականորեն կարևոր է մտածել լավ երթուղի, որ հաջողությամբ բարձրանաք վերև: Եթե դուք ընդունակ եք արագ հաշվարկելու և գիտեք բազում փաստեր, ապա ձեզ կարելի է համեմատել լեռնագնացի հետ, ով ունի ուժ, արագություն և լավ գործիքներ: Սակայն դժվարությունը նրանում է, որ ձեզ խիստ անհրաժեշտ են ծրագիր և առավել լայն տեսակետ խնդրի հանդեպ»:

Մտածում եմ, որ Թերենս Թաոն պարբերաբար ընկնում էր հետաքրքրության շրջանակ: Ի լրումն հազվադեպ բնածին ունակությունների նա չափազանց հաջողակ մարդ է, քանի որ իր տարերքը գտել է շատ, շատ վաղ հասակում: Նա գտել է կետը, որտեղ իր փայլուն ընդունակությունները և հակումը հանդիպել են, և այլևս երբեք հետ չի նայել:

Թերենս Թաոյի օրինակը՝ մաթեմատիկայի հանդեպ նրա կրքով, մագնիսական ներգրավվածությամբ այս գիտությամբ տարվելու իր զգացողություններով, բոլորիս համար օրինակելի է: Այս ճակատագրի մեջ առանցքայինն այն է, որ նա գտավ և կարողացավ արտահայտել իր հակումը այդքան վաղ հասակում, երբ դեռ տաքդիր էր կրում (իրականում ես չգիտեմ, դոկտոր Թաոն երկու տարեկանում տաքդիր կրում էր, թե՞ ոչ: Ենթադրում եմ, որ նրա հանճարեղությունը կարող էր նաև ի հայտ գալ գիշերանոթին սովորեցնելու արագության մեջ):

Նա կարողացել է զբաղվել նրանով, ինչի հանդեպ ուներ բնական նախատրամադրվածություն, մինչ այն պահը, երբ աշխարհը նրա վրա կդներ ինչ-որ սահմանափակումներ ( այնուհետև գրքում մենք այս սահմանափակումների մասին կխոսենք ավելի մանրամասն): Ոչ ոք Թերենս Թաոյին չի արգելել զբաղվել մաթեմատիկայով, պնդելով, որ նա ավելի շատ գումար կաշխատի, եթե օրինակ իրավաբան դառնա: Նրա և ուրիշ նույնքան օժտված երեխաների առաջ ազատ ճանապարհն էր դեպի իրենց տարերքը:

Սակայն նման մարդիկ այդ ճանապարհն ազատում են նաև մեզ համար՝ մղելով ամեն մեկիս ինքներս մեզ չափազանց կարևոր հարց տալու անհրաժեշտությանը՝ ինչո՞վ ես ավելի շատ կցանկանայի զբաղվել, եթե անհրաժեշտություն չլիներ անհանգստանալու աշխատավարձի կամ ուրիշների կարծիքների պատճառով: Թերենս Թաոն, հավանաբար, երբևէ չի մտածել իր ապագայի մասին: Նա դժվար թե երբևէ անցած լինի Մայերս-Բրիգսի կամ Hermann Brain Dominance Instrument-ի թեստերը նրա համար, որ որոշի իր անհատականության տեսակը կամ հասկանա, թե որ մասնագիտություններն են իրեն ավելի մեծ հաջողություն խոստանում: Հետևաբար, ես պնդում եմ՝ մեզ բոլորիս անհրաժեշտ է մեր սեփական ապագային, մեր երեխաների ապագային, մեր գործընկերների և մեր հասարակության ապագային նայել օժտված երեխայի այն նույն իմաստուն պարզությամբ, ով առաջին անգամ իր մեջ տեսավ տաղանդի կայծը:

Պետք է նայել սեփական երեխաների և սիրելի մարդկանց աչքերին: Եվ նրանց կյանքը խիստ սահմանված կաղապարների մեջ դնելու փոխարեն, փորձել հասկանալ, թե ովքեր են նրանք իրականում: Հենց դա է արել հոգեբանը, որ խորհրդակցել էր Ջիլիան Լինի հետ, այդպես վարվեցին Միկա Ֆլիթֆուդի և Եվա Լորենսի ծնողները: Ինչո՞վ նրանք կցանկանային զբաղվել, եթե կարողանային իրենց հայեցողությամբ որոշում ընդունել: Ի՞նչ ընդունակություններ ունեն: Ի՞նչն է նրանց ամենից շատ գրավում: Ի՞նչ հարցեր են նրանք տալիս, ինչպիսի՞ մտքեր արտահայտում:

Պետք է ստանալ հստակ պատասխաններ բոլոր առաջադրված հարցերին, որպեսզի կարողանաք օգնել ձեզ և ձեր երեխաներին՝ ընկնելու հետաքրքրության շրջանակ և որոշելու, թե այն ինչ հետևանքներ կարող է ունենալ ձեր ապագայի համար:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը


1. Հավաքույթ ակումբում կամ պանդոկում, որտեղ հասարակությունից հյուրեր են հրավիրվում բեմ, որ ծիծաղաշարժ համար կամ երգ կատարեն։
2. Ամերիկյան հանրահայտ հեռուստաշոու, որի նպատակը հեղինակների մրցակցությունն է, ովքեր «слэм-поэзии»-ի ոճով գրում են ռեփի և հիփ-հոփի ինդուստիայի համար տեքստեր, այսինքն երաժշտության տակ արտասանվում է սպիտակ, անհանգ բանաստեղծությունը։
3. Ամերիկյան գլխավոր մրցանակ, որը տրվում է թատերական բնագավառում ձեռքբերումների համար։
4. Համերգների սերիա, 2005 թվականի հուլիսի երկուսին անցկացվել է «Մեծ ութնյակի» և ՀԱՀ-ի երկրներում: Ակցիան նվիրված էր «Մեծ ութնյակի» գագաթաժողովին, որտեղ քննարկվել է աշխարհի աղքատ երկրների պարտքերը չեղարկելու խնդիրը: Առաջին ակցիան՝ Live Aid-ը տեղի է ունեցել 1985 թվին՝ «աղքատությունը պատմություն դարձնել» կոչով։
5. Բրիտանացի հոգեբան՝ հիշողության, ստեղծականության և մտածողության կազմակերպման մեթոդիկայի հեղինակ: 2006 թվին ստեղծել է iMindMap-ը՝ իր վերամշակմանն աջակցության համար ծրագրային ապահովում: Նրա գաղափարներն ընկած են մի շարք գրքերի հիմքում, որոնց շարքում են «Օգտագործեք ձեր հիշողությունը», «Կատարելագործեք ձեր հիշողությունը», «Սովորեցրեք ձեզ մտածել», «Արագ ընթերցելու դասագիրք» և ««Մտքի քարտեզի» գիրքը»: Հեղինակ և համահեղինակ է 100-ից ավելի գրքերի:
6. Նմուշի կամ բաշխման տվյալների գտնվելու վայրի չափում: Չափ, որը բաժանում է նմուշների տվյալները 100 խմբի, որոնք պարունակում են հնարավորինս հավասար քանակությամբ դիտարկումներ: Օրինակ՝ տվյալների 30 տոկոսը ավելի քիչ նշանակություն ունի, քան 30-րդ տոկոսույթը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով