Գրավոր խոսքի զարգացման մեթոդները գնալով պակասում են, այնինչ դա առաջին աստիճանն է բանավոր խոսքի կանոնավորմանը հասնելու համար։ Մեր կիրառած մեթոդներից ամենագործունը ուսումնական ամսագրեր են։ Ուսումնական ամսագրերը սովորաբար հետաքրքիր են սովորողներին, որովհետև միտումը՝ ինչ-որ բան սովորեցնելու պարտադիր պայմանը, բացահայտ չէ, և ամսագրերին թղթակցելն էլ պարտադիր չէ։
Իմ ղեկավարած ամսագրերը «բաց» խմբագրական ու թղթակցական կազմ ունեն։ Դա նշանակում է, որ կարող է թղթակցել կամ նյութ խմբագրել յուրաքնչյուր ցանկացող, նույնիսկ միայն մեկ անգամ դրանով հետաքրքրված սովորողը։ Այս պարագայում սահուն է կատարվում նաև սերնդափոխությունը։
Պատահում է նաև, որ ժամանակին գործած կոնկրետ ամսագրի շուրջ տվյալ ժամանակահատվածում հետաքրքրություն չի ձևավորվում, հետևաբար պարբերականը կամ շատ պասիվ է աշխատում կամ բոլորովին չի աշխատում։ Այդպիսի պարբերականներից էր «Օրագիրը», որի նպատակը թարգմանական և ոչ միայն թարգմանական լրատվական նյութերի հրապարակումն էր։ Թարգմանական լրատվությունը նպաստում էր մայրենի խոսքի, դրա շարադասության, հոմանիշների կիրառության և այլ լեզվական իրողությունների նկատմամբ ուշադրությանը, իսկ լրաքաղը հենց հայկական պարբերականներից եղած տեղեկություններից նոր նյութ կազմելու հմտություն էր մշակում։
Իր ակտիվությամբ հաջորդ ամսագիրը «Blog.mskh»-ն է, որի նախնական նպատակը սովորողների և դասավանդողների բլոգներից հետաքրքիր նյութերի դուրսբերումն ու հանրայնացումն էր։ Բայց քանի որ նույն գործառույթն ունի նաև «Դպիր» մանկավարժական ամսագիրը, և բլոգներում եղած նյութերի մեծ մասը հրապարակվում է նաև գլխավոր mskh.am կայքում և կրթահամալիրի ենթակայքերում, նախնական նպատակը դառնում է ժամանակավրեպ։ Ես այս ամսագիրն օգտագործում եմ մի փոքր այլ նատակով. իմ սովորողների բլոգներից դուրս եմ բերում այն նյութերը, որոնք հենց այդ ժամանակաշրջանում են արդիական, խմբագրում և հրապարակում եմ՝ մինչ սովորողները կանդրադառնան իմ ուղղումներին (երբեմն այդ անդրադարձն այնքան է ուշանում, որ նյութի արդիականությունը կորչում է)։ Ամսագիրն իր նշանակությունն ստանում է հանրայնացման իմաստով։ Քանի որ խմբագրված են լինում, հանգիստ տարածում եմ սոցցանցերում, ուղարկում եմ հղումները սովորողների ծնողներին և այլ հարազատների, նրանց ընկերներին։
Ամենաակտիվ ամսագիրը, որ գործում է արդեն վեց տարի, «Թարգմանիր»-ն է։ Ամբողջ ընթացքում այստեղ հրապարակվել է 415 թարգմանկան նյութ, ունի այցելուների ակտիվություն (շուրջ 1000 դիտում ամսական)։
Այս ամսագրի նպատակն ի սկզբանե հենց թարգմանական կարողությունների զարգացում էր, որ իր մեջ ներառում էր գրավոր խոսքի մշակույթը, համաշխարհային անցուդարձին ու մշակույթին բնագրով (կամ բնագրի լեզվով հեշտացրած տարբերակով) ծանոթանալու հմտությունների զարգացումը։ Ամսագիրը լավ հարթակ դարձավ ուսումնական հետաքրքիր աշխատանքների։ Օրինակ՝ Գրականության դասերին հետաքրքրված խմբի հետ բնագրով կարդացինք-ուսումնասիրեցինք անցյալ դարի 20-ական թվականների ամերիկյան գրական ստեղծագործություններ (հիմնականում պոեզիա), դրանք դարձան թարգմանության նյութեր, հրապարակվեցին «Թարգմանիրում», ապա դարձան նաև բեմականացում, որը բեմադրվեց և ներկայացվեց։
Փորձը կրկնեցինք արդեն մեր թարգմանիչներից մեկի՝ այս տարվա շրջանավարտ Նանոր Հովհաննիսյանի՝ իսպաներենից արած թարգմանությունների հիման վրա։
Ընդհանրապես «Թարգմանիր»-ը հետաքրքիր հարթակ է տարբեր լեզուների համագործակցության համար։ Միայն այս տարի համագործակցային հետաքրքիր նախագծեր ենք արել Իրինա Ապոյանի , Ռուզան Սարգսյանի, Սիլվա Հարությունյանի, Կարինե Թևոսյանի խմբերի հետ, մաթեմատիկայից թարգմանություններ են արել Հերմինե Անտոնյանի ղեկավարած ընտրությամբ խմբի սովորողները։
«Թարգմանիր»-ը հարթակ է նաև սովորողների հետաքրքրությունների դրսևորման։ Շատ սովորողներ փնտրում-գտնում են իրենց հետաքրքրող թեմաներ ու թարգմանում են դրանք նախ՝ որ իրենք ավելի լավ հասկանան, հետո՝ որ իրենց հետաքրքրություններին համապատասխան ընթերցող ընկերներ գտնեն։
«Թարգմանիրը» նաև լավ ընթերցարան է, ես ինքս շատ անգամ այս թարգմանություններից մեկը դարձնում եմ ընթերցանության դասի նյութ, սովորողները սիրով կարդում են, քննարկում, գրառումներ անում իրենց բլոգներում։