Կրթության մասին խոսելիս շատերը հիմնականում պատկերացնում են գրել, կարդալ, թուղթ, գրիչ ու նման հասկացողություններ: Այո, գրել, կարդալը կսովորեն, իսկ մնացա՞ծը, այն ամենն ինչը հարկավոր է երեխային կայանալու համար, ազատ մտածելակերպ ձեռք բերելու համար, անհատականություն դառնալու համար… Իմ տարիների գործունեությունը կրթահամալիրում ինձ ապացուցեց, որ կա իրական կյանքի դպրոց՝ ճամփորդությամբ ուսուցում: Համոզված եմ, որ հայրենագիտության, բնապահպանական, համակեցության հիմքերով ճամփորդությունները կարող են իրականորեն դաստիերակել երեխային, դարձնել նրան ինքնուրույն, կազմակերպված, ազատ անհատ: Ես ինքս սիրում եմ ճամփորդել իմ հայրենի աշխարհում: Մասնակցել եմ շատ ուսումնական ճամփորդությունների, բարձունքների հաղթահարման, համատեղ սկաուտական, վրանային դաշտային հինգօրյա, տասնօրյա ճամբարների, նաև միջազգային ուսումնական ծրագրերով ճամբարների և այլն: Վերադառնալիս մշտապես գոհունակություն եմ զգացել այն առումով, որ շատ ուրիշ աշխարհայացք ենք ձեռք բերել, ավելին ենք տեսել, սովորել, նաև ավելի հասուն ենք վերդարձել: Վերջերս ենք վերադարձել գյուղական տասնօրյա ճամբարից: Այն կազմակերպվել էր «Գագարին» պրոյեկտի շրջանակում՝ որպես համայնքների զարգացման և փորձի փոխանակման ծրագիր: Իմ ճամբարը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում էր: Ճամբարի հիմնական ուղղություններն էին՝ համակեցություն, բնապահպանական, մարզական, «Գետը համայնքում» ուսումնահետազոտական, գյուղական առօրյական: Այս ճամբարը տարբերվում էր իր պայմաններով. Կրթահամալիրի սովորող ճամբարականները հյուրընկալվելու էին գյուղացիների տներում: Այսպիսի նախապայմանը փոքր ինչ խնդիր թվաց ինձ, և ոչ միայն… Ինքս սիրում եմ գյուղը, բայց քաղաքի այսօրվա 10-15 տարեկան պատանի սովորողն իր այֆոնով տարված, անքուն գիշերները թվային խաղերի դիմաց անցկացնող, չիպս ու ֆաստֆուդ նախընտրողը պետք է 10 օր անցկացնի գյուղական հոգսերով ու կենցաղով ապրող տա՞նը: Ես ինքս չեմ հավատում: Ամեն դեպքում ծրագիրը պետք է իրականացնել բոլոր նախապայմաններով, կարգով, սիրով:

Ճամբարի մեկնարկից մեկ ամիս առաջ սկսեցինք նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքները: Առաջին քայլը Ծաղկունք համայնքից հյուրընկալման հայտերն էին, որը արդեն ճամբարի կազմակերպման նախադրյալն էր: Հրապարակվեցին ճամբարի հայտարարությունները, տարածեցինք նաև սոցցանցով: Այնուհետև կառուցվեցին մնացած կազմակերպչական հարցերը՝ ճամբարի ուղղությունները, հյուրընկալման թիվը, հյուրընկալողի թիվը, աշխատակազմը, մասնագետները, ճամբարային օրակարգը, սնունդը և այլն: Երկու կողմից էլ հայտագրվել էին շատ տարատարիք սովորողներ՝ 4-րդից մինչև 8-րդ դասարանցիներ: Իսկ աղջկա և տղայի հարցը մնաց անհավասար և անփոփոխ: Կրթահամալիրի ճամբարականների կազմում ընդամենը մեկ աղջիկ էր՝ Անիելա Հավանճեանը:

Լավ, մեկնում ենք: Ճանապարհը անցնելու էինք Հրազդան գետի ուղեկցությամբ: Ըստ ճամբարային ուղղվածությունների՝ «Գետը համայնքում» նախագծի ուսումնասիրությամբ պետք է ճամբարականները դիտարկեին Սևանից դուրս եկող միակ՝ Հրազդան գետը, որը մինչև Երևան հասնելը անցնում է, Նոր Հաճն-Քարաշամբ-Արգել-Քարաշամբ(Արա և Հրազդան վտակների միախառնումով)-Բջնի-Հրազդանի ջրամբար-Ծաղկունքն ճանապարհով:

Արդեն Ծաղկունքում ենք: Մեզ դիմավորեցին գյուղի ճամբարականները, ճամբարի պետը և մեր աշխատանքային թիմը: Հետաքրքիր էր ճամբարականների տեղավորումը ընտանիքներում: Անհավատալի էր, բայց այնքան սահուն ու խառը ստացվեց, որ ոչ ոք չնկատեց իր ընկերոջ տարիքը, աղջիկ, տղա լինելը… Տեղավորվեցին անհամաչափ և այսպես շատ հետաքրքիր ստացվեց: Կողքից ուղղակի նայում էի, չէի խառնվում: Ծաղկունքցի մանկավարժ-ջոկատավարները իրենց գործը լավ գիտեին: Ոգևորված սկիզբ էր: Օրը թռնում էր: Արդեն երեկո է: Պետք է տեղավորվել տներով: Ընկերներով միմյանց օգնելով շալակեցին ծանր-ծանր իրերը, ու ամենքը մի կողմ բաժանվեցինք: Իմ հերթն է: Քայլում եմ դեպի իմ հյուըընկալ ընտանիք, դպրոցից մի քիչ է հեռու: Մտքով հիշեցի իմ կարդացած պատմվածքներից, երբ քաղաքից մի ավարտած մանկավարժի կամ բժշկի ուղարկում են ինչ-որ գյուղում աշխատելու: Գլխավոր հերոսի զգացողություններն էի ապրում: Անծանոթ բարքեր, անծանոթ միջավայր, անծանոթ դեմքեր, չնայած՝ այնպես ուշադիր են քեզ նայում, որ պարտադիր բարևում ես, կարգն էդպես է: Հետաքրքիր է, որ ես սիրել եմ հայ գրականության այսպիսի ժանրով պատմվածքներ, սիրել եմ գյուղական կյանքին հետևել, ինձ դա դուր է եկել, հիմա էլ վերցրել եմ քաղաքի սովորողներին ու ինչ-որ սպասելիքներով բերել գյուղ: Չգիտեմ ինպես է լինելու, բայց ես անհանգիստ եմ արդեն: Մտքերս գնացին երեխաների հետևից: Իսկ եթե նոր ընտանիքում իրենց լավ չզգան… Կամ հնարավոր է գիշերը մեկը զուգարան ուզենա, իսկ այն դրսում է, մութ է, անհարմար կզգա ընկերոջն արթնացնել: Իսկ գուցե մեկի պապաիկը քնելուց խռացնում է, տանն էլ մութ է, ինչպես կքնի խեղճը, կհիշի մայրիկին, կնեղվի հանկարծ… Այսպիսի բազմաթիվ մտքեր պատեցին գլուխս: Հիմա ինչ անեմ: Իրերս հասցրեցի իմ հյուրընկալ տուն, տեղավորվեցի իմ հրաշք ընտանիքում ու դուրս եկա: Պետք է տեսնել բոլորի ընտանիքները, տեսնել ինչով են զբաղված, թե չէ՝ առավոտ չի լինի: Երեկոները այստեղ ցուրտ է լինում: Քիթս կարմրած հասա գյուղամեջ: Անհանգիստ հայացքով մի ծանոթ մարդ եմ փնտրում. գտա. -Բոլորն իջել են դպրոցի դաշտ, ֆուտբոլ են խաղում: Հասնում եմ դպրոց ու ինչ տեսնեմ. աղջիկ, տղա գնդակ են խաղում, ձեռքի դինամիկով երգը միացրած, գյուղով մեկ թնդում է, իրենք էլ ուրա՜խ, վազում են… Հավաքվեցին շուրջս: Բոլորից հարցնում եմ, ամեն ինչ լա՞վ է, ընտանիքներն ինչպես են, հարմա՞ր է… Կարծես բոլորը գոհ են, ուրախ են: Դեռ մի բան էլ ինձ համար են անհանգիստ, որ ես անհանգիստ եմ, ասում են- գնացեք տուն, կմրսեք, եղանակը ցուրտ է: Ծիծաղելի էի իհարկե: Դե, վերադարձա: Միթե՞ այսքան հասուն էին մեր ճամբարականները, այսքան պատրաստված, բայց ախր փոքր էին: Առաջին գիշերը վախեցած մգտքերով անցկացրեցի: Առավոտյան հասնում եմ դպրոց, բակում արդեն շարված են. մարզական ժամ է: Կարծես բոլորը տեղում են: Ողջույնիս այնքան ուրախ արձագանքեցին, որ սիրտս միանգամից տեղն ընկավ: Վերջ: Առաջին աստիճանը հաջող անցավ. ինչ զուգարան, ինչ խռացնող պապիկ. ամեն ինչ կարծես լավ է: Գյուղամթերքով նախաճաշել են՝ թարմ ձուն ու կարագը կերել, եկել են: Ամեն օր, մարզական ժամից հետո ճամաբարականների հետ ամփոփում էինք անցկացնում: Բոլորիս համար սիրելի հանդիպում էր դա: Խոսում էին անցած երեկոն ինչպես են անցկացրել, ինչ դժվարություններ են ունեցել, ինչպես են օգնել ընտանիքներին, ինչ են կերել, ինչ գյուղական աշխատանքներ են տեսել կամ մասնակցել դրանց, հետո քննարկում էինք տվյալ օրվա անելիքները և այլն: 34 ճամբարական էին, բայց շատ լուռ լսում էին միմյանց: Բոլորին հետաքրքրում էր իր ընկերոջ օրը, առօրյան: Երկրորդ, երրորդ օրը արդեն բոլորը բոլորի տների եռուզեռից տեղյակ էին: Միմյանց միջամտում էին: Բոլորս էլ հասկացանք, որ սա մեր քաղաքը չէ, որ միմյանցից հեռու լինենք ապրելատեղով, այլ հակառակը՝ երեկոյան զանգում են, թե մեր կովը չի եկել, գնում ենք փնտրելու, ու ընկերներով գնում են: Կամ միմյանց կանչում են խաղալու, Արսենն ասում է՝ մենք չենք կարող գալ, խոտը բերել են, պիտի օգնենք դատարկել: Հավաքվում են, գալիս Արսենի ընտանիքին օգնում են, հետո միասին իջնում խաղալու: Այսպիսի խոսակցություններ եմ լսում ամեն օր, և դրանք շատ տարբեր են լինում: Խառնվում եմ, ասելով, թե պետք է լուսաբանել, նկարել, պատմել, դրանք հետաքրքիր են և այլն, բայց հասկանում եմ, որ իրենք իրենց առօրյայի մեջ են ընկել, ուղղակի ձուլվել են գյուղի կյանքին և դրա մեջ զարմանալու ու առանձանացնելու բան այլևս չեն տեսնում, պատմում են ինչպես սովորական օրվա կենցաղ: Գժվելու բան է: Դարձել են գործունյա, հասուն: Ալենը և Սամվելը ճամբար էին եկել հինգօրյա նախապայմանով: Չորրորդ օրն է, Սամվելը պատմում է, որ վաղը պետք է Ալենենց բալը հավաքեն, որ մայրիկը կոմպոտ պետք է պատրաստի: Ձայն չեմ հանում, միայն ուրախացա: Հասկացա, որ չի էլ հիշում, որ պետք է վերադառնա: Լավ է, ուրեմն սիրել է ճամբարը: Սամվելը մեր ճաշացանկի կոմպոտն այնքան էր հավանել, որ բոլորը իրենց երկրորդ բաժակը սիրով նվիրում էին նրան: Սամվելը երջանիկ էր: Բարձունքի հաղթահարումը շատ էր տպավորվել բոլորի մոտ: Պուպույի քարափը, որտեղ կար քարանձավ, մի մենավոր է ապրել և սնվել է պուպոյի հացով՝ ուտելի բույս է: Մենք էլ փորձեցինք: Դրանից քարափներում շատ ենք հանդիպել, բայց այս գյուղում անունը կապված էր բարձունքի նախապատմության հետ՝ Պուպույի հաց: Քայլարշավների, Սևան այցելությունների և այստեղի սուր արևի պատճառով բոլորն այնպես էին կարմրել, սևացել, որ բոլորի մաշկը պլոկվում էր. մեկի քիթը, մյուսի ականջները, պարանոցը. դարձել էին իսկական գյուղի տղաներ: Ավետի հայրիկը անհանգիստ էր. ասում է՝ մեզ հետ տեսակապով չի ուզում խոսել, ի՞նչ պատճառ կարող է լինել, հո՞ կռվի մեջ չի ընկել: Հասկացանք, որ իր խայտաբղետ գույնից է ամաչում: Նույնիսկ գյուղի երեխաներն էին սևացել, ասում էին՝ մենք այսքան ոչ քայլել էինք, ոչ էլ այսքան հաճախ Սևանում լողացել: Շատ հավես էին ձուլվել երեխաները: Միմյանց շալակած քայլում էին, իրենց երգերը միացրած խենթություններ էին անում, միասին կիսում իրենց բրդուճը, կատակում միասին… Իսկական ընկերություն էր: Մեր նախագծային ուսումնասիրությունը տեղում վերաբերվում էր Սևանա լճին, Հրազդան գետին, որը հոսում էր գյուղի միջով: Գյուղի երեխաները զարմանում էին, ի՞նչ խնդիր ունի մեր գետը, որն է խնդիրը, ինչ խնդիր… Սեբաստացիների հետ նախապես շատ էինք աշխատել և տեղյակ էին գետում թափվող կոյուղաջրերի մասին, տարածաշրջանում ջրի խնդրի մասին: Միասին քայլեցինք, տեսանք այդ զարհուրելի տեսարանները, թե որ կետերից էր կեղտոտ ջրերը լցվում գետը: Հասկացան, թե ինչու նրանք երբեք չեն լողացել իրենց Զանգվում, ինչու են ծնողները արգելել նրանց: Սարգիսը երկար մտածում էր, հարցուփորձ էր արել իրենց մեծերից ու նեղվել էր բոլորից, որ այսպիսի կարևոր հարցը երբեք իրենց գյուղում չի բարձրացվել, ինքը չի լսել: Որոշել էր, այսուհետ շատ ուշադիր հետևել հարցին: Գյուղում անհնար է չմասնակցել կենցաղային գործերին, որովհետև դրանք հենց այն աշխատանքներն են, որոնցով ստեղծվում է գյուղացու եկամուտը, ապրելակերպը, ընտանիքի հացը և այլն: Մեր ճամբարականները իրենց ընտանիքների հետ մասնակցեցին տան օրվա աշխատանքներին և սիրով էին ներառվում: Իր հոգսն է, ինքն այդտեղ ապրում է, ուրիշ կերպ չէր կարող լինել: Բայց կարևորն այն էր, որ գործի մեջ մտնում էին ինքնաբուխ, հասկանալով դրա անհրաժեշտությունը, շատ ժամանակ չնկատելով այդ անցումը: Ես շատ չէի հետապնդում իրենց օրվա երկրորդ մասի գործունեությանը, որպիսի արհեստականություն չդառնար, շոուի չվերածվեր, ցուցադրական չլիներ: Ես դա հավաքագրում էի հաջորդ օրվա իրենց զրույցներից, գյուղամիջում հանկարծակի իրենց գործողության մեջ հանդիպելուց, կամ իրենց կատարած նկարահանումներից: Եվ դա ավելի անկաշկանդ էր դարձնում իրենց, նկարում էին այն, ինչը իրենք կուզեին ցույց տալ ու վերջ: Ուրեմն այդպես է պետք: Արսենն ասում է մեր հորթերին պետք է անպայման ուղեկցենք մինչև գետը, թե չէ չեն գնում, դրա համար մի քիչ հոգնում եմ: Այս խոսքից իմացա, որ Արսենը, Արմենը և իր ընկերը ճամբար են հասնում արդեն առավոտյան վազքի պլանը կատարած: Փիլիպոսյան Հայկն իր խոսքի մեջ ասում է, ես հասկացա, որ եթե քաղաքում աշխատող մարդը մեկ օր չներկայանա աշխատանքի, նրան ոչինչ չի լինի դրանից, բայց գյուղացին չի կարող մեկ օր չաշխատել, որովհետև կովը կմնա, կաթը կմնա, խոտը կմնա, հավը կմնա ու էդպես ամեն ինչ կխախտվի: Քաղաքն առանց գյուղի չի կարող լինել :Չէ, գյուղացու գործը դժվար է,-ասում է: Գյուղամիջի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ Հայկը հանդիպեց իր տան տատիկին ու միանգամից խառնվեց,-այ տատ ինչի՞ ես շոգին կանգնել, տատն ասում է,- մի հորթը բարձրացավ ուրիշ կողմ. Հայկը տատի ձեռքից փայտը վերցրեց,- ես կբերեմ, դու գնա տուն: Տատն էլ պաչում է Հայկին ու խելոք գնում: 4 օր է դեռ, Հայկն արդեն տան տղան է, տատն էլ ընդունում է: Շատ կարևոր պահեր են, որ պարտադիր է տեսնել, աչքդ թարթեցիր բաց կթողնես, ափսոս «կադրեր» են, հենց այսպիսի որակներն են կարևոր, ինքնատիպ դրսևորումները, անհատի ստեղծվող կերպարը: Վերջին օրերին խոսելիս, պատմելիս կիսվում էին, որ այսպիսի համակեցության շնորհիվ շատ բան հասկացան, որ նոր բարեկամություն ստեղծվեց, որ նոր ընկերներ ձեռք բերեցին՝ մի ամբողջ գյուղի ընկերություն: Ավետն ասում է՝ մենք էլ միմյան լավ չէինք ճանաչում: Բացի ճամբարականներից բարեկամություն ստեղծվեց նաև քաղաքի, գյուղի ընտանիքների միջև: Վերջին օրերին գրեթե ամեն օր ծնողները այցելում էին գյուղ՝ ծանոթանալու իրենց երեխայի հյուրընկալ ընտանիքին, դպրոցին, բոլորին: Տեսնեիք ինչ պատրաստված էին, ինչ ոգևորված: Անիելայի և Ռալֆի ծնողները նույնիսկ գիշերեցին իրենց հյուրընկալ տանը: Ոչ մի դեպքում չհամաձայնվեցին, որ հյուրատնից օգտվեին: Հաջորդ օրը, մեր հացթխիկի ծեսն էր: Համլետենց հացատանը պետք է թխեինք: Ամբողջ բակը եռուզեռ էր: Քաղաքից եկած ծնողներ, ճամբարականներ, բոլորն ուզում են հաց թխել, գաթան պատրաստել. դե, թոնիրը վառած է, բա գաթա չուտե՞ն հացթուխները…Իհարկե: Մեկը մտել գոմից աղավնի է բռնում, մյուսը հավերի ճտերին է բռնում, բմբուլները օդ է բարձրացրել, մյուսները տուկի դեզի վրա են…Տանտերերը այնքան բարեհամբյուր, այնքան բարի, հանգիստ, բացսիրտ մարդիկ, ուղղակի շշմելու: Դե արի, ու մի սովորի: Հացն ու պանիրը կերանք, ծնողները սիրով գնեցին գյուղացիների արդար բնամթերքից ու կեօրին հեռացան: Երեխաները ասում էին՝ հազիվ մնացինք մերոնցով:

10 օրը ուղղակի թռավ: Վաղը պետք է մեկնենք: Արդեն անհասկանալի զգացողություններ է բոլորի մոտ: Ամեն ինչ այնքան լավ էր, որ կարծես չէին ուզում վերադառնալ: Ռալֆն ասում էր՝ նորից հեռախոսների մեջ պիտի մտնենք, երեկոները չկարողանանք հավաքվել, դա ինչ կյանք է: Հաստատ որոշ ել է, որ իր գյուղական անկյունն է ստեղծելու հայրիկի հետ:

Վերջին օրը հանդիպում կազմակերպեցին գյուղի ընտանիքների հետ: Հավաքվեցինք բոլորս՝ մեծով, փոքրով: Հաստատեցինք մեր ընկերություն-բարեկամությունը: Անկասկած այն լինելու է շարունակական՝ կրթական փոխանակումներով և ընկերական կապերով: Գագարին պրոյեկտի շրջանակում ընդգրկված բոլոր նախագծերը վստահ եմ, որ հաջողություն են ունենալու, որովհետև այն կրթության զարգացմանն է ուղղված, վրիպել չի կարելի: «Դար» հիմնադրամի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աջակցությամբ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

Շատ կարևոր են այսպիսի պայմաններ ստեղծել կրթության համար, միջավայր կառուցել, որպիսի անհատը բացահայտվի, կարողանա դրսևորել իրեն, կարողանա ինքն իրեն բացահայտել վերջապես: Երբեմն չենք վստահում երեխային, մտածելով`փոքր է, դե, չի կարող, դեռ կհասցնի, իրեն կվնասի, կմրսի…Այդպես չէ: Ցանկացած դեպքում պետք է հնարավորություն ստեղծել ինքնակազմակերպվելու: Իմ պատմությունը անվերջ է, կարող եմ երկար շարունակել իմ մանկավարժական դիտարկումները, բացահայտել ձևավորվող որակները, որոնք բխում են միջավայրի պայմաններից, տեղանքից, ստեղծված իրավիճակից: Այս պատմությունը թարմ էր և իմ մտորումները կապվեցին գյուղական այս անմոռանալի օրերի հետ, սակայն ամեն անգամ տարբեր ճամփորդությունների և ճամբարների ընթացքում այսպիսի դիտարկումների և բացահայտումների աշխարհ է հավաքվում՝ արժանի գրանցումների և վերլուծությունների: Կյանքի դպրոցը պետք է զարգացում ապրի ցանկացած պայմաններում:

Օրապատում-տեսաֆիլմեր-նկարապատում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով