Թատերական ներկայացումն առաջին հերթին հաճույքի աղբյուր է: Ի՞նչ արժե հանդիսատեսին պատճառած հաճույքը: Իմաստ ունի՞ արդյոք այդքան ժամանակ, ռեսուրս, ջանք տրամադրել` հանդիսատեսին ընդամենը մի քանի րոպե հաճույք պարգևելու համար: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով նախագծի ամփոփման փուլում անց է կացվել բանավոր և գրավոր հարցում հանդիսատեսից և ներկայացման մասնակիցներից, ինչը տեղ է գտել հոդվածում: Ըստ այդմ՝ 10-3 դասարանցի Մարիաննա Մանուկյանը անգլերենով ներկայացրել է պատում, որի եզրակացության հատվածում թարգմանաբար նշված է. «Ինձ շատ դուր եկավ այս ներկայացումը, որովհետև այն տպավորիչ էր, հետաքրքիր և ամենակարևորը՝ գեղեցիկ էր բեմադրված: Բոլորս հաճույքով դիտեցինք այն»։ Համաձայն 10-4 դասարանցի Մերի Երեմյանի կարծիքի՝ «Իրականում սպասելիքներս արդարացան, մի բան էլ ավելին։ Շատ հետաքրքիր էին նախապատրաստել։ Երբ իմացա, որ մեծ մասը սովորողների կողմից էր կազմակերպվել զարմացա ու բարձր ծափահարեցի մյուսների հետ միասին»: Նախագիծը 10-1 դասարանցի Ասյա Բանդուրյանին ոգեշնչել է ձգտելու ավելիին: Սցենարից և դերասանաների խաղից ստացած հաճույքի մասին նա գրել է. «Ցանկություն կունենամ ես ինքս մասնակցել նմանատիպ ներկայացմանը։ Շատ լավ կլինի որ նման մտահղացումները օր օրի շատանան դպրոցում»: Դասավանդողներ Ազնիվ Գալստյանը և Նելի Փիլոյանը տպավորված էին սովորողների անկաշկանդ դերախաղով և հանդերձանքով:
Ի՞նչ էր մեզ սպասվում՝ ֆուրո՞ր, թե՞ ֆիասկո: Անշուշտ, անսպասելի խոչընդոտների պատճառով կարող էր լինել ֆիասկո, եթե թատերախմբի ներկայացուցիչները մեծ պատասխանատվություն ցուցաբերած և ջանքեր գործադրած չլինեին՝ փրկելու ներկայացումը, ինչն ուղեկցվել է հանդիսատեսի ջերմ ծափողջույններով: Ներկայացումն ուղիղ հեռարձակվել է 10-րդ դասարանցիների կազմակերպիչ Լուսինե Սարգսյանի կողմից, ով նաև պատրաստել է ֆոտոռեպորտաժ և շարունակաբար օգնել մեզ բոլոր հարցերում: Ներկայացման կազմակերպման ողջ ընթացքում մեզ աջակցել են նաև Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը և ողջ գրասենյակը՝ ի դեմս Լիլիթ Գասպարյանի, ինչպես նաև անգլերեն դասավանդող իմ գործընկերները, հատկապես՝ մենթոր Իրինա Ապոյանը:
Ինչպես իմ այլ խմբերի նախագծերը, «Դժվար ընտրություն». սովորել կատարելով նախագիծը ևս սկսվել է մտագրոհով՝ բոլոր սովորողների մասնակցությամբ: Նախագծում առկա կրթական նյութը յուրացնելու նպատակով որոշել էինք կազմակերպել թատերական ներկայացում՝ քաջ գիտակցելով, որ թատրոնը թիմային խաղ է, այն պահանջում է համերաշխություն, կոնֆլիկտների լուծում, ապաթեոչ՝ իր ազդեցությունն է ունենալու ներկայացման արդյունքի վրա: Մյուս հաճելի, բայցև դժվար պահն այն էր, որ դասավանդող Սոֆյա Այվազյանը, որը հայտնի է որպես բեմադրությունների կազմակերպիչ, բարձր ստանդարտներ է սահմանել և նշաձողը բարձր է պահում, այնպես որ տապալվելու իրավունք չունեինք:
Ինչպես գիտենք, թատրոնը սինթետիկ արվեստ է, որն իր մեջ ամփոփում է միջդիսցիպլինար հարթակներ՝ գրականություն, երաժշտություն, բեմական խոսք, ժեստերի լեզու և իրականացվում է սցենարի, բեմադրության մտահղացման, դերասանական արվեստի, բեմանկարչության ու երաժշտական ձևավորման համադրմամբ և ընկալողի՝ հանդիսատեսի ներկայությամբ։ Ասել է, թե պետք էր ստանձնել մեծ պատասխանատվություն, ստեղծել համապատասխան կոլորիտ, անտուրաժ (թատրոնում` բեմական միջավայր իր բոլոր պարագաներով), որպես թիմի անդամ պատրաստ լինել զանազան փորձությունների՝ անգամ ֆորս մաժորի:
Որոշել էինք օրը՝ ս.թ. հոկտեմբերի 15, բայց շուտով ստիպված եղանք փոխել այն՝ ժամկետից երկու օր առաջ բերելով: Խոստացել էի անակնկալ՝ բեմական հանդերձանքի, ռեկվիզիտների և այլ աքսեսուարների ձեռքբերում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից՝ սեբաստացու ծնողներ, սեբաստացի համայնքի անդամ, մեր լավ բարեկամ դերասան Տաթևիկ Միրզոյանի և իր ամուսին՝ թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսեսյանի օգնությամբ, ինչի համար անչափ երախտապարտ ենք:
Ի՞նչ տվեց նախագիծը: Բացի անգլերենով հաղորդակցական հմտությունների զարգացումից, նախագծի ավարտին դարձանք առավել պատասխանատու, միմյանց նկատմամբ ավելի հարգալից և հանդուրժող: Հասկացանք, որ կյանքը լի է անակնկալներով, որոնց հետ կարող ենք անընդհատ բախվել: Պետք է խուճապի չմատնվել և պատրաստ լինել անսպասելի իրավիճակներում արագ արձագանքելուն և ճիշտ որոշում կայացնելուն: Արդեն իսկ կարող ենք հասկանալ, թե ինչ հսկայական աշխատանք է տարվում ներկայացում կազմակերպելու ընթացքում, ուստի գնահատում ենք թատերարվեստ ստեղծողի բարդ աշխատանքը: Ինչ վերաբերում է կինոյի և թատրոնի տարբերությանը՝ չստացված կադրերը կինոյի դեպքում մոնտաժում են և հեռացնում, թատրոնում ՝ նման հնարավորություն չկա, փոխարենը՝ կա անմիջական շփում հանդիսատեսի հետ: Մեր դեպքում՝ մեկ-երկու տեղ նման կադրերն է՛լ ավելի զավեշտալի են դարձրել ներկայացումը:
Սկիզբը
Ամեն ինչ սկսվել է վաղ սեպտեմբերին՝ 10-րդ դասարանում 19-րդ դարի ոչ այնքան հանրաճանաչ ամերիկացի գրող և հումորիստ Ֆրենկ Ռ․ Սթոքթոնի «Կի՞նը, թե՞ վագրը» նորարարական անավարտ հեքիաթն ընթերցելիս, որը թարգմանաբար ներկայացված է նաև Գրանիշում: Նորարարությունն ընթերցողին պատմության մեջ ներգրավելու և դրան մասնակից դարձնելու մեջ է: Պատմությունը մի արքայի կողմից արդարադատության իրականացման տարօրինակ եղանակի մասին է: Ըստ այդմ՝ երբ արքայի հպատակներից մեկը մեղադրվում էր ծանր հանցանքում, մեղադրյալի ճակատագիրը վճռվում էր ոչ թե դատարանում, ինչպես ընդունված է, այլ՝ ամֆիթատրոնի թատերաբեմում, ուր վերջինս պատահականության սկզբունքով պետք է բացեր իր աջ կամ ձախ կողմում գտնվող միանման դռներից մեկնումեկը, որի ետևում կա՛մ քաղցած վագր է, որն անմիջապես կարող է հոշոտել մեղադրյալին, կա՛մ չնաշխարհիկ գեղուհի, որի հետ նա անմիջապես պետք է ամուսնանա՝ անկախ իր ամուսնական կարգավիճակից: Արքայադստերը սիրահետելու համար ոչ տոհմիկ գեղեցկադեմ մի երիտասարդ պետք է դատվեր ամֆիթատրոնում։ Արքայադուստրը սիրում է խիզախ երիտասարդին, սակայն իրավունք չունի ամուսնանալու նրա հետ՝ վերջինիս ցածր ծագման պատճառով: Երիտասարդի ճակատագիրը որոշելիս արքայադուստրը հայացքով ցույց է տալիս աջ դուռը: Իսկ՝ ի՞նչ կա այդ դռան ետևում, պետք է որոշի ընթերցողը: Կարդալուց հետո սովորողները ներկայացրել են սեփական վերջաբանները՝ տալով հիմնավորումներ: Նաև հիմնվելով Էդվարդ դե Բոնոյի «Սովորեցրո՛ւ քեզ մտածել» գրքի 6 գլխարկի մեթոդի վրա՝ (որին հասու եմ դարձել Մուտքի ճամբարում՝ Հասմիկ Թոփչյանի դասընթացից, ապա «Դպիրում»՝ Իրինա Ապոյանի թարգմանությամբ և Հասմիկ Ղազարյանի խմբագրմամբ տեքստից), սովորողները կատարել են վերլուծություն՝ ներկայացնելով ողջ պատմությունը 6 դիտանկյունից: Բայց դա դեռ ամենը չէ:
Ինչո՞ւ թագավորական ընտանիքի անդամներն իրավունք չունեն ամուսնանալ ցածր ծագմամբ անձանց հետ: Մի՞թե սեփական ճակատագիրը որոշելիս հասարակ մահկանացուներն ավելի ազատ են, քան թագավորական ընտանիքի անդամները: Սովորողները ցանկանում էին, որ ներկայացվեն օրինակներ: Ուստի սկսեցինք ուսումնասիրել հատկապես Անգլիայի փորձը՝ իմանալու, թե ինչպես են պատժվել, ինչ արտոնություններից են զրկվել թագավորական ընտանիքի այն անդամները, որոնք հանդգնել են ամուսնանալ ցածր հասարակական դիրք զբաղեցնող իրենց սիրած էակների հետ:
Արաքս Քալիճյանը և Նունե Հովհաննիսյանը, որ Շուշան Փաշինյանի՝ «Ավագ դպրոցի իրականությունը» տեսանյութում ներկայանում են որպես «երգողներ», նախաձեռնողականություն էին ցուցաբերել և առաջարկել բեմադրել պատմությունը, կրել բեմի զարդարման և երաժշտական ձևավորման պատասխանատվությունը: Բայց ինչպե՞ս: Հարկավոր էր սցենար: Նրանց տրամադրել էի սցենարի օրինակ, որում փորձ էր կատարվել այս պատմությունը վերածել պիեսի: Դա, իհարկե նրանց չէր բավավարարել: Սկսել էին հորինել նոր կերպարներ ՝ թագուհի, թագուհու դուստր, որի մասին թագավորը տեղյակ չէր, թիկնապահներ, պետք էր անշուշտ հրովարտակ, ապա նաև մունետիկ՝ ազդարարելու այն (շեփորահար Համլետ Կյուրեղյան): Շուշան Փաշինյանին դուր էր եկել թագուհու դերը, և խումբն անմիջապես ձեռնամուխ է եղել դերաբաշխմանը: Պատմողը պետք է բարձրաձայն և հստակ ընթերցեր տեքստը: Որքան էլ ցանկացողները շատ էին, կանգ առանք Կարինե Միքայելյանի վրա, ով Շուշանի վերոնշյալ տեսանյութում իրեն «ես եկել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից» ներկայացնող աղջիկն է: Նա լավ գիտի անգլերեն, ունի հստակ առոգանություն և բարձր ձայն, ինչը պետք է փոքր դահլիճում միկրոֆոնի բացակայության պատճառով: Հետագայում որոշվել է, որ պատմողի դերը, որը բավականին երկար էր, բաժանվի «հորդ մազերով, մրահոն» աղջիկների՝ Կարինեի և Թիլա Պամպեքեանի միջև: Սահմանվել են չափորոշիչներ: Հարկավոր էր, որ անգամ ոչ գլխավոր դերակատարները՝ թիկնապահները հետաքրքրված, լուրջ ու պատասխանատու լինեին: Այդ պահանջները բավարարող տղաներ այդ պահին, ցավոք, չէին գտնվել խմբում:
Սցենարի սկզբնական տարբերակում սիրահար զույգը փախչում է և փրկվում՝ երջանիկ ավարտով: Վերջում որոշել էին փոխել սցենարը՝ առանց հոլիվուդյան «հեփի էնդի»: Սիրող զույգին հետապնդում են և մահվան դատապարտում ավանդապահ, քարացած կանոնները խախտելու պատճառով: Սցենարի հեղինակները սյուժետային նոր գծեր են ներմուծել, խարդավանքներ մտցրել՝ սադրելով հանդիսատեսին և դրդելով, որ ապրումակցի սիրող զույգին, ի վերջո ներկայացումը դարձնելով խիստ գրոտեսկային և երգիծական: Նրանք ստեղծել են նոր, էքսպերիմենտալ՝ բոլորովին այլ պատմություն, որը խիստ տարբեր է սկզբնական նյութից՝ սեփական հղացքը հրամցնելով լսարանին: Նաև ձեռնամուխ են եղել բեմականացմանը, ինչը բարդ է, երբ ընդամենը երկու հոգի են ներգրավված: Հատկապես դժվար էր Արաքսի համար, որ և՛ սցենարիստ էր, և՛ բեմադրող ռեժիսոր, և՛ ձևավորող, վերջում նաև դերասան՝ փոխարինելով Շուշանին, ով մինչև նախավերջին օրը խանդավառ էր, ջերմեռանդորեն սովորում էր պալատական էթիկետը, ակտիվորեն մասնակցում հագուստի ընտրությանը, դերաբաշխմանը, սակայն հանգամանքների բերումով ստիպված էր բացակայել: Արաքսին դյուրությամբ է հաջողվել անսպասելի իրավիճակից պատվով դուրս գալ: Քանի որ Արաքսը սցենարի հեղինակներից է, հիշում էր իր գրածը: Օժտված լինելով անսպառ հումորով և վառ երևակայությամբ՝ նա հաջողությամբ ստանձնել է թագուհու կերպարի մարմնավորումը՝ այն դարձնելով առավել զվարճալի: Դե իսկ Նունեն էլ իր վրա է վերցրել միզանսցենի ( բեմավիճակ) ողջ պատասխանատվությունը:
Շատ կարևոր էր դերաբաշխումը: Արքայադստեր սիրեցյալի կերպարը ստիպված էինք այլ խմբերի սովորողների մեջ փնտրել, քանի որ մեր խմբի սակավաթիվ տղաները կա՛մ անտարբեր էին, կա՛մ ոչ բավարար լրջախոհ: Գեղանի արքայադստերը հմայողը պետք է առնվազն Միքելանջելոյի Դավթի պես բարետես լիներ: Կանգ առանք կապուտաչյա, գեղեցկադեմ նույնանուն հերոսի՝ Դավիթ Արտենյանի վրա, ում մեծ կիրքը ֆուտբոլն է: Հենց Դավթի պատճառով էլ ուրբաթ օրը նախատեսված ներկայացումը բեմադրել ենք չորեքշաբթի, որպեսզի հինգշաբթի օրը նա գնար ֆուտբոլի պարապմունքի, իսկ ուրբաթ օրը ճամփորդություն էր նախատեսված, որին պետք է մասնակցեին Արաքսը և Թիլան: Ի զարմանս անգլերեն դասավանդող Իրինա Ապոյանի՝ Դավիթը սպասվածից ավելի զգացմունքային խաղաց ռոմանտիկ և ըմբոստ սիրահարի դերը: Իսկ սպասվում էր, որ հանդես կգա չոր ու կոշտ՝ սպորտսմենի կեցվածքով:
Ավելի դժվար էր թագավորի ընտրությունը: Թագուհու սկզբնական դերակատարի՝ Շուշանի խնդրանքով փնտրում էինք այնպիսի թագավոր, որն իրենից շատ բարձրահասակ չլինի, նաև լավ անգլերեն իմանա: Ավելի քան տասնյակ թեկնածուների ռեժիսորները չհավանեցին, մինչև կանգ առանք 11-րդ դասարանցի Մարկ Միկաիլի վրա: Նա ծնվել է ԱՄՆ-ում, արագ սովորող է, լավ խաղացող, իմպրովիզացիայի սիրահար: Ամեն ինչ լավ էր ընթանում, հանկարծ Մարկը հրաժարվեց՝ խիստ ծանրաբեռնվածության պատճառով: Մեծ դժվարություն ունեցանք, եղան տարաձայնություններ: Ստիպված եղա համոզել մեր կոնսենսուսային թեկնածուին՝ վերադառնալ բեմ: Մարկը հազվադեպ է մասնակցել փորձերին, բայց համոզիչ խաղով գերել է հանդիսատեսին, անգամ առնականություն մտցրնելով կերպարի խաղում: Եթե լիներ մեկ ուրիշը, կաող էր կերպարը կնոջ ազդեցության տակ գտնվող համարվել: Մարկի նախասիրությունը մաթեմատիկան է ու տարված է սպորտով: Նա պարզվեց, որ լավ դաշնամուր է նվագում: Ստորև ներկայացված է 11-4 դասարանցի Մարկի կարծիքը:
«Վերջերս տեղի ունեցած ներկայացմանը մասնակցելուց նկատեցի հաղորդացման, մարդկային հարաբերությունների, արագ
կողմորոշվելու, խմբավարական, իմպրովիզի, դերասանական հմտությունների, մասնագիտական ունակության պահանջ, և
հետևաբար ապրեցի դրանց ձեռքբերմամբ ու զարգացմամբ: Վերին նշվածն իրականացնելով, Սեբաստացի հանրության հանդեպ պատասխանատվության զգացում ցուցաբերեցի և նախագծի նախաձեռնողների կողմից դրական տպավորության արժանացա՝ «փրկեցի ներկայացումը»»:
Պարզվեց, որ ոչ միայն դատապարտված էինք վերջին րոպեի թագուհի ունենալ, այլև ներկայացմանը հանդես գալ առանց թագավորի և թագուհու՝ Սունդուկյանից բերված հանդերձանքի:
Ներկայացմանը հատուկ գրավչություն էր հաղորդում արքայադուստրը՝ Նունե Հովհաննիսյանը, որն oժտված լինելով բնածին տաղանդով և բացառիկ հմայքով՝ իր հագուկապով, նրբագեղ արտաքինով, էսթետիկ պահվածքով, պերճանքով և էթիկետի իմացությամբ այնպես համահունչ էր իր ստանձնած դերին ասես իսկական արքայադուստր էր՝ կամ էլ արհեստավարժ դերասան: Հանդիսատեսը չէր կարողանում աչքը կտրել նրանից. իսկը՝ հեքիաթային կերպար՝ ոչ ուտես, ոչ խմես ակնդետ նրան նայես: Նունեի (/Արաքսի հետ հավաքական) կարծիքը՝ ստորև.
«Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ մեր շատ սպասված ներկայացումը՝ «Դժվար ընտրություն»: Որոշ սովորողներ բեմադրությունը ներկայացրել են դիտորդի տեսակետից, մենք կցանկանանք այն ներկայացնել որպես կազմակերպիչներ։ Արաքս Քալիճյանը և ես նախագծի կազմակերպիչներն էինք։ Սկսենք ասելով, որ այսպիսի նախագիծ նախաձեռնելը, ղեկավարելը շատ ավելի բարդ էր, քան կարելի է պատկերացնել։ Ընթացքում բախվել ենք բազմաթիվ խոչընդոտների, վերջին պահին կայացրել ենք որոշումներ և ստիպված ենք եղել արագ կողմնորոշվել ամեն իրավիճակում։ Սկսել ենք աշխատել ամենասկզբից՝ ոչինչ չունենալով, այնուհետև գրել ենք սցենար, ընտրել ենք դերասաններին, զարդարել բեմը։ Մեզ ամբողջ ընթացքում շատ է օգնել ընկեր Նունեն, ում շնորհիվ հնարավորություն ունեցանք Սունդուկյանի թատրոնից հագուստ վերցնել։ Նշենք նաև, որ բոլոր տաղանդավոր սովորողների շնորհիվ, ներկայացման ամեն քայլափոխին տեղի է ունեցել իմպրովիզացիա։ Կարծում եմ նախագծի ընթացքում մասնակիցներից բոլորը որևէ նոր բան բացահայտեցին իրենց մեջ։ Մենք բացահայտեցինք մեր մեջ թաքնված կազմակերպչական, ստեղծագործելու, խնդիրներ լուծելու հմտությունները։ Ներկայացմանը պատրաստվելու ընթացքը և բուն ներկայացումը լի էին նոր ձեռքբերումներով և հաջողություններով։ Բոլոր մասնակիցները նախագծին յուրահատկություն ավելացրեցին, և նույնիսկ ամենափոքր դերերը մեծ նշանակություն ունեցան։ Մասնակիցների թվում էին Սերլի Շաջանյանը, Մարկ Միկաիլը, Կարինե Միքայելյանը, Թիլա Պամպեքեանը, Դավիթ Արտենյանը, Սաթենիկ Հովհաննիսյանը, ուրիշներ»:
Ներկայացման մասնակից Սերլի Շաջանյանի կարծիքը.
«Դերախաղն ինձ սովորեցրեց, որ վատ և խանդոտ մարդ լինելը ոչ ոքի չի արժանացնի քո սիրո կամ հարգանքի»:
Հետաքրքիր և պատասխանատու անձնավորություն է օպերային երգչուհի Սաթենիկ Հովհաննիսյանը, ում տաղանդին կծանոթանանք շուտով: Նա առանձնակի գրոտեսկայնություն է հաղորդել քահանա պսակադրողի իր կերպարով:
«Դժվար ընտրություն». սովորել կատարելով նախագծի իրականացնելու տարբեր փուլերում, հատկապես քասթինգի ընթացքում սովորողները բախվել են պրոբլեմատիկ իրավիճակի և դժվար ընտրության հետ, ինչը մասնակիցներին ավելի ուժեղ է դարձրել: Քանի որ միշտ չէ, որ պլանավորածը հնարավոր է իրականացնել, մասնակիցները ճկուն են եղել, հաղթահարել են անսպասելի իրավիճակները և մարտահրավերները, որոնք ամեն քայլափոխում էին:
Խմբագիր՝ Հասմիկ Թոփչյան