«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է այլընտրանքային հեղինակային ծրագիր, որի կարևոր բաղկացուցիչն է խաղ-ուսուցումը: Կրթահամալիրն ապահովում է խաղաստեղծ միջավայր, որտեղ սաներն ունեն իսկական ազատություն, պաշտպանվածություն, ապրում են իսկական հրճվանք։
Կրթահամալիրում գործում է շուրջտարյա պարտեզ` իր աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային խաղաստեղծ միջավայրով, պայմաններով, որտեղ սաների հետ կազմակերպում ենք տարատեսակ, բազմազան, այլընտրանքային ուսումնական-խաղային գործունեություն։ Յուրաքանչյուր խաղի կազմակերպման համար համագործակցում ենք ծնողների հետ՝ այդպիսով ապահովելով ծնողի ամենօրյա ներառվածությունն ուսումնական գործընթացին։
Յուրաքանչյուր խաղ ունի իր մոտիվացիան, որի շնորհիվ զարգանում են մի շարք հմտություններ ու կարողություններ՝
- ստեղծագործական երևակայություն
- տրամաբանական մտածողություն
- փոխադարձ շփման, իրար ճանաչելու, միասին աշխատելու հմտություններ ու կարողություններ
- թիմով խաղալու, զիջելու կարողություններ
- մանր մոտորիկա
- ուշադրության կենտրոնացում
- տեխնոլոգիական հմտություններ
- ֆիզիկական կարողություններ
- ընդհանուր ներառականություն և այլն։
Ներկայացնելով խաղերի զանազան-զարմանազան ներկապնակ՝ նպատակ ենք դնում ուսուցումը կազմակերպել խաղի միջոցով, խաղի մեջ այնպես, որ սանը չզգա՝ ինչպես է սովորում, ինչքան է սովորում, երբ է սովորում։ Շարունակ զարգացող մեդիամիջավայրում պետք է ստեղծել միասնական, միմյանց փոխազդեցությունների հիման վրա կառուցված ուսումնական միջավայր, ուր իշխում են ընկերությունը, ստեղծականությունը, և որն էլ տալիս է ստեղծագործ անհատներ:
Բակային-ազգային խաղերի միջոցով, խաղ-ուսուցմամբ սովորողները ծանոթանում են Ազգային խաղերին, ավանդույթներին, ծեսերին:
Սովորողները տնից բերում են զանազան իրեր, մրգեր, ինքնագլորներ, որոնցով տարատեսակ հավես խաղեր ենք խաղում:
Մրգերով խաղն անվանել ենք «Մրգաորս»: Սովորողները տնից մրգեր են բերել, կախել ենք պարանից, հետո փորձել առանց ձեռքերի օգնության` որսալ միրգը և ուտել:
Ինքնագլորների շքերթին սովորողներն իրենց հետ բերել էին ինքնագլորներ, գնացել էինք դպրոցին կից այգի` մարզադաշտ, ինքնագլորներով «գլորել և գլորվել»:
Ռոդարիական հնարքներով շատ հավես խաղեր ենք խաղում, որոնցից է օրինակ «Առանց ձեռքերի ռոդարիկներ» խաղը, որի ժամանակ սեղանին ունեինք հյութի ձողիկներ և տարբեր գույնի թղթեր: Բաժանվեցինք խմբերի, ամեն սովորող ուներ իր գույնը: Արագ կողմնորոշվելով` սովորողները փորձեցին առանց ձեռքերի օգնության` ձողիկով վերցնել թղթերը և դնել բաժակի մեջ: Ռոդարիական խաղերից են «Ոտքերով փոխանցումներ», «Առանց ձեռքերի» փոխանցումներով խաղերը: Խաղային ուսուցման մեջ ոչ միայն ներգրավված են սովորողները, այլ նաև ուսուցիչները, ովքեր էլ դառնում են սովորողի անմիջական ընկերը, խաղընկերը: Խաղեր հաճախ ստեղծվում են պատահական, հանպատրաստից: Կարևորում ենք նաև Ընտանեկան դպրոցների կատարած ամեն մի գործունեություն: Ընտանեկան դպրոցներում ունեցել ենք հավես, ինքնաբուխ նախագծեր, օրինակ` «Խաղողագրություն», «Տերևամաթեմատիկա»: Դասարանում «Խնձորամաթեմատիկա» ենք խաղացել: Բակում ամառային գույներ «ստեղծել», գույներով խաղացել տարբեր խաղեր` «գունավոր շշաբոուլինգ», «Սպունգախաղ», «Կպչուն ժապավենով կապված» և այլն: «Գունավոր շշաբոուլինգ» խաղի ժամանակ շշերի մեջ տարբեր գույնի ներկեր ենք լցրել, ավելացրել ջուր, ստացել ամառային վառ ու սիրուն գույներ: Հետո սովորողները գնդակը գլորել են դեպի շշերը` հաշվելով` քանի շիշ ընկավ, քանիսը մնաց: «Սպունգախաղի» ժամանակ սովորողները բաժանվեցին երկու խմբի` կարմիրների և կապույտների: Ջրով լի տարայի մեջ մտցրեցին սպունգները, հետո վազելով գնացին առաջ` քամելով սպունգը տարայի մեջ: Վերջում տեսանք` որ տարայում է ավելի շատ ջուր: «Կպչուն ժապավենով կապված» խաղի ընթացքում բաժանվեցինք երկու խմբի` կարմիրների և դեղինների: Կպչուն ժապավենով կապեցինք սովորողների ոտքերը, սովորողները պետք է քայլելով առաջ գնային և ձեռքում եղած բաժակի ջուրը դատարկեին տարայի մեջ: Որ տարայի ջուրն ավելի շուտ լցվեր, այդ խումբը հաղթում էր:
Չմոռանամ նշել այլընտրանքային հավես Ստվերանկարչության մասին։ Սովորողները բաժանվել են խմբերի․ մեկը կանգնել է իր ուզած դիրքով, մյուսը նկարել ընկերոջ ստվերը, հավե՜ս։
Մարզական խաղեր ենք շատ խաղում։ Դրանց միջոցով սովորողները ցույց են տալիս իրենց Մարզական թիմային հմտությունները:
Հունվարին մեկնարկում է ձմեռային մարզական ստուգատեսը, որի ժամանակ Ձմեռային-մարզական խաղեր ենք կազմակերպում, դասարաններով բակային խաղեր խաղում, մրցում:
Նախագծերի իրականացումն ուսուցման գործընթացում լիարժեք է, եթե չի ավարտվում, շարունակական է, շուրջտարյա։ Ուսուցչի, ծնողի, սովորողի ստեղծագործ մտածողությունը թույլ է տալիս ապահովել ծրագրի շարունակականությունը, ապահովել մշտական կապը ծնողի, ուսուցչի, կրթական հաստատության միջև, ինչի արդյունքում բարձրանում է ինքնակրթության մակարդակը:
Կարևոր է արձանագրել, որ խաղային ուսուցման մեջ ներգրավված և´ սովորողները, և´ ընտանեկան դպրոցները, և´ ուսուցիչները կարողանում են համագործակցել, սովորել-սովորեցնել, փոխանցել ստեղծագործական բազում կարողություններ ու հմտություններ։
Խմբագիր՝ Մարինե Ամիրջանյան