Կրթահամալիրի հեղինակային ծրագրերի մեջ իր ուրույն տեղն  ունի  օրացույցով որոշված ամենշաբաթյա ուրբաթ-համերգը, որը նախկինում կոչվում էր մեդիաուրբաթ։ Տարիներ առաջ այն այլ նպատակ ուներ․ մի խումբ սովորողներ, դասավանդողներ ներկայացնում էին իրենց ձեռքբերումները մեդիաաշխարհում՝  սովորած նոր ծրագրեր, այդ ծրագրերով ստեղծած նյութեր, ուսումնական փաթեթներ և այլն։

Ժամանակի ընթացքում մեդիաուրբաթը ձևափոխվեց, կերպարանափոխվեց և դարձավ կրթահամալիրային համերգ, ամենշաբաթյա տոն։ Ուսումնական օրացույցի պահանջներին համապատասխան կազմվում է ուրբաթ-համերգների տարվա ծրագիրը, նշանակվում են պատասխանատուներ։ Ուրբաթների պատասխանատուները տարբեր են լինում՝ երաժշտական կամ պարային խմբեր, դասավանդողների և սովորողների խմբեր, հրավիրյալ երաժիշտներ, դերասաններ և այլն։ Օրացույցն այնպես է կազմվում, որ այդ ցանկի մեջ կրթահամալիրի յուրքանչյուր դպրոց առնվազն տարին երկու անգամ պատասխանատու է դրա կազակերպման համար։ Եվ․․․ այստեղ բախվում ես ամենաբարդ մանկավարժական խնդրի հետ՝ ինչպե՞ս անել, որ կրթահամալիրի ամենամեծ և, սովորողների տարիքից ելնելով, ամենակամակոր Միջին դպրոցի բոլոր սովորողները մասնակցեն այդ համերգին։

Միջին դպրոցում սովորում են 665 11-ից 14 տարեկան աղջիկներ և տղաներ: 665 տարբերվող, յուրահատուկ, ինքնատիպ, իրենց ճաշակով, իրենց հետաքրքրություններով, իրենց առօրյայով սովորողներ, ում դժվար է համակել մեկ ընդհանուր գաղափարով, համախմբել մեկ ընդհանուր հետարքրքությամբ: Այդ դժվարությունը հաղթահարելու ելքեր գտնելու համար փնտրում ես տարբեր մոտեցումներ, օգտագործում մանկավարժական տարատեսակ հնարքներ, մեթոդներ։ Երբեմն դրանք գործում են, երբեմն՝ ձախողում։ Պարտադրել չես կարող և չես էլ ուզում պարտադրել, այլապես դա ամենամեծ ձախողումը կլինի։

Հարցին լուծում տալու համար երկար քննարկումներ ունեցանք կազմակերպիչների, երաժշտության, պարի դասավանդողների հետ։ Հարկավոր էր այնպիսի ծրագիր և ձևաչափ գտնել, որ մասնակցեն գրեթե բոլորը, մասնակցեն հավեսով։ Երգացանկն ու պարացանկը պետք է շատ չշեղվեր ծրագրային մոտեցումներից և պահանջներից, սակայն պետք էր հաշվի առնել նաև սովորողների նախասիրություններն ու ցանկությունները։

Եվ ելքը գտնվեց․ որոշվեց ուրբաթ- համերգը հանրակրթական մեծ երգչախմբի ձևաչափով կազմակերպել։ Պարզ է, որ հեշտ գործ չէր, պարզ է, որ կազմակերպումը ջանք ու եռանդ էր պահանջում, սակայն երկու-երեք միասնական փորձից հետո պարզ դարձավ, որ ճիշտ ուղու վրա ենք։ Մեծ երգչախմբային ձևաչափը թույլ է տալիս բոլորին լիարժեք ներգրավվել, չկաշկանդվել, չամաչել, քանի որ միասնական երգի ներքո հօդս են ցնդում«ֆալշ» նոտաները, դեռահասի դեռ չկազմավորված ձայնային խնդիրները և այլն։ Չքանում են նաև բարդույթները, քանի որ երբ տեսնում ես, որ երգում են բոլորը, դու էլ ես միանում։ Դու դառնում ես բոլորը, բոլորն էլ միախմբվում են և մի մարդու պես երգում, պարում։

Հաջողված այս փորձն արդեն կիրառում ենք երկու տարի։ Պետք է նշեմ, որ նախապատրաստական փուլը ոչ պակաս հավես և հետարքիր է լինում, քան ինքը՝ համերգը։ Հագուստի որոշում, Մարմարյա սրահում կանգնելու տեղերի որոշում, երգացանկի որոշում։ Ըստ ավանդույթի, երգացանկում ներառում ենք ինչպես հայկական ծիսական երգեր, այնպես էլ հայակական էստրադային երգեր, օտարալեզու երգեր։

Երգուսուցման ամբողջ ընթացքը վերածվում է կրթական գործունեության։ Օտար լեզվի դասավանդողները իրենց դասերին ուսուցանում են այդ երգերը, սովորողները իմանում են երգի խոսքերը, դրանց իմաստը, բացատրությունները։ Մայրենի լեզվի դասերին քննարկվում են հայերեն երգերի բովանդակությունը։ Հանրակրթական երգչախմբի ելույթի ցանկում նաև լինում են միասնական բերանացի  ընթերցումներ, ինչը նույնպես ուսումնական գործունեության արդյունք է։ Ներառվում են նաև պարերգեր, ազգային պարեր, որոնց մասնակցում են և՛ դասարանական պարախմբերը, և՛ «Սովորող սովորեցնող» նախագծով տարատարիք խմբերը։

Ուրբաթ-համերգին նախապատրաստվելիս կարևոր փուլ է փորձեր անելը։ Դա յուրահատուկ ջանք է պահանջում, քանի որ պետք է այնպես արագ կազմակերպել, որ նախատեսված ժամին բոլոր սովորողներն արագ հավաքվեն Մարմարյա սրահում, կանգնեն իրենց տեղերում, կարողնան անաղմուկ, կարգապահ լինել, արագ ներառվել գործընթացին։ Կազմակերպիչների, երաժիշտների շնորհիվ այդ ամենն արագ է կազմակերպվում։ Փորձերի համար հարմար ժամեր և օրեր են որոշվում, այդ ժամերն ու օրերը մտցվում են օրացույց, և սովորողները նախապես տեղեկացված են լինում։ Սկզբում փորձերին մասնակցում են ըստ դասարանների՝ բոլոր 6-երը, հետո բոլոր 7-երը, հետո բոլոր 8-երը։ Երբ արդեն բոլորը ծանոթանում են իրենց տեղերի, դիրքերի հետ, գիտեն, թե ով ում կողքին է կանգնելու, բերանացի իմանում են բոլոր երգերն ու ընթերցանության նյութերը, հերթը հասնում է միասնական փորձերին։ Պետք է նշեմ, որ ոգևորությունը մեծ է, և արդյունքն արդեն տեսանելի է դառնում անգամ փորձերի ժամանակ։ Առաջին  հնչյուններից բոլորը լրջանում են, մտնում գործընթացի մեջ, հասկանում իրենց կարևորությունը։

Ուրբաթ-համերգների նման կազմակերպումը հնարավորություն է տալիս ամբողջ դպրոցին մասնակցել։ Անգամ այն սովորողները, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում այդ օրը մասնակցել ելույթին, փորձերի ընթացքում ներառված են լինում, բոլորի հետ միասին սովորում են երգերը, պարերը։ Ուրբաթ-համերգին պատրաստվելը դառնում է ընդհանուր մի գաղափար, ընդհանուր մի գործ։

Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով