Որպես նախաբան․․․
Մանկավարժական գործունեությունս սկսվեց 2005 թվականի հունվարից՝ Սյունիքի մարզի հեռավոր Խոզնավար գյուղի միջնակարգ դպրոցից, երբ դեռ ուսանող էի։ Այնուհետև շարունակվեց հարևան Վաղատուր գյուղում, իսկ 2006-ի սեպտեմբերից այն իր բեղուն շրջանը մտավ իմ հայրենի Կոռնիձոր գյուղում։ Ցավոք, այսօր երեք գյուղերն էլ, Սյունյաց աշխարհի մի շարք գյուղերի հետ, դարձել են սահմանային։ Բայց հպարտ եմ, որ իմ գյուղը՝ Կոռնիձորը, սահմանապահ գյուղ է․ կոռնիձորցին չի ընկճվել, չի կոտրվել, ամուր ու ձիգ կանգնած է իր հայրենի գյուղում, հող է մշակում, անասուն պահում, երեխա կրթում, օջախ շենացնում։ Առավել հպարտ եմ, որ իմ ծնողները նույնպես շեն են պահում իմ հայրական օջախը, որտեղ գիշերել, հաց են կիսել սեբաստացի շատ սովորողներ ու դասավանդողներ, և դեռ շատ անգամներ կլինեն․․․
2017-ի ամռանը իմ փոքր, երիտասարդ ընտանիքով տեղափոխվեցի մայրաքաղաք, սկսեցի աշխատանք փնտրել, և գիտե՞ք՝ ոչ մի ուրիշ աշխատանքի մասին չէի մտածում․ բոլոր ճանապարհներս տանում էին դպրոց, դեպի մանկավարժություն։ Այդ օրերին ևս մեկ անգամ հասկացա, թե որքանով է մանկավարժությունն իմը դարձել։ Մայրաքաղաքում ընդամենը մեկ հանրակրթական դպրոցի «դուռ եմ թակել», բայց հենց սկզբից էլ հիասթափվել եմ՝ տնօրենի պերճաշուք, ճնշող կաբինետ, իշխող կեցվածք, ոչ ուղիղ-շիտակ խոսք, այլ․․․ Այդ ժամանակ դեռ չգիտեի Բլեյանի դպրոցի մասին։
Երևանաբնակ ընկերոջս հուշումով զանգահարեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, ում հետ կարճատև, բայց ուղիղ, հստակ խոսեցի, ինչն էլ ինձ բերեց կրթահամալիր, որտեղ աշխատում եմ 2017 թվականից մինչ օրս․․․
Անվանական մրցանակի մասին
Կրթահամալիրի Ավագ դպրոցում աշխատում եմ որպես պատմության և հասարակագիտության դասավանդող, իսկ 2019-ից ղեկավարում եմ հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան։ Կրթահամալիրի 2022-ի անվանական մրցանակաբաշխության ժամանակ «Վանո Սիրադեղյան» անվանակարգում արժանացա մրցանակի, որի համար շնորհակալությունս ու երախտագիտությունս եմ հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին և իմ գործընկերներին, ովքեր իմ աշխատանքը հերթական անգամ գնահատեցին։ Կարևոր եմ համարում նշել, որ կրթահամալիրային վեցամյա իմ գործունեության ընթացքում սա իմ երկրորդ անվանական մրցանակն էր․․․ Առաջին անգամ անվանական մրցանակի արժանացա 2020-ին՝ «Տիգրան Հայրապետյան» անվանակարգում։
Անվանական մրցանակներ 2020, մարտ
«Տիգրան Հայրապետյան»
Տրվում է Վարդան Կարապետյանին՝ հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։
Անվանական մրցանակներ 2022, նոյեմբեր
«Վանո Սիրադեղյան»
Տրվում է Վարդան Կարապետյանին՝ «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։
«Վանո Սիրադեղյան» մրցանակը կրթահամալիրում տրվող անվանական մրցանակների շարքում ավելացավ 2021 թվականի նոյեմբերին՝ քաղաքական-պետական-հասարակական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվանից հետո։ Այն շնորհվում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողին և սովորողին՝ նոյեմբերին իրականացվող սիրադեղյանական օրերի ավարտին։ Գործչի պատվին մրցանակը սահմանվեց կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, Վանո Սիրադեղյանի ընկեր Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ, ով էլ 2021-ի նոյեմբերին առաջինն արժանացավ «Վանո Սիրադեղյան» անվանական մրցանակին․․․ Այլ կերպ չէր էլ կարող լինել։
Կրթահամալիրում տրվող անվանական մրցանակների շնորհման կարգի համաձայն՝ դասավանդողը մրցանակի ստանալու համար դիմում է ինքնառաջադրման հայտով, այնուհետև կազմում աշխատանքային փաթեթ, որը հանրային ներկայացնում է կրթահամալիրի մասնաժողովին և գործընկերներին։ Մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը, որի յուրաքանչյուր անդամ ծանոթ է դասավանդողի ներկայացրած հայտին և մասնակցել է հանրային ներկայացմանը։
Իմ ներկայացրած փաթեթում ես ամփոփել եմ հասարակական-քաղաքական-մշակութային տարբեր գործիչների հետ այն բոլոր հանդիպումները, որոնք իրականացրել եմ 2021 և 2022 թվականներին /նաև իմ գործընկերների հետ/ ՝ «Պատուհան դեպի գիտություն» համագործակցային նախագծի շրջանակում։ Որպես կրթահամալիրի հասարակագետ-դասավանդող, հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի ղեկավար՝ իմ գործընկերների հետ համագործակցելով՝ նախաձեռնել եմ մի շարք հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ հանդիպում-պարապմունքներ /և՛ կրթահամալիրում, և՛ արտակրթահամալիրային/, կլոր սեղաններ, միջազգային գիտաժողովների և մասնակցել եմ պանելային քննարկումների՝ այդպիսով տարբեր ոլորտների մասնագետներին ներառելով կրթական գործընթացում, որի արդյունքում ստեղծվել է համագործակցային լայն դաշտ, իսկ այն գնալով ընդլայնվում, զարգանում-ամրապնդվում է։
- Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների շարք․2022
- Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների շարք․2021
Ի՞նչ են հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները տալիս սովորողներին․
- սովորողները հնարավորություն են ունենում հանդիպելու տարբեր բնագավառների գործիչների հետ, որի արդյունքում հանրակրթությունը մարդկայնանում է,
- հասարակական, քաղաքական, մշակութային, հանրային գործիչներն այդպիսով ներառվում են կրթության-հանրակրթության գործում,
- առարկայական այլընտրանքային ծրագրերով նախատեսված թեմաների ավելի խորը ուսուցման ապահովում, քանի որ հրավիրյալ մասնագետները թեման ներկայացնում են ավելի խորությամբ, համակողմանի,
- սովորողների հետաքրքրությունները հնարավորին բավարարվում են։
Ի՞նչ խնդիրներ են լուծվում հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումների միջոցով․
- սովորողների սոցիալական շփման ընդարձակում,
- սովորողների կոգնիտիվ կարողունակությունների զարգացում,
- համագործակցային ցանցի ընդարձակում հանրակրթական այլ հաստատությունների, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։
Աշխատանքի կազմակերպում
Պետք է փաստեմ, որ հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներից առաջ, ընթացքում և հետո սովորողները ծավալուն ուսումնական աշխատանք են իրականացնում․
- հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներից առաջ սովորողները նախ կարդում-ուսումնասիրում են հանդիպման նախագծում հրապարակված ուսումնական նյութերը,
- ուսումնասիրությունների շուրջ արված նախապատրաստական աշխատանքները հրապարակում են իրենց բլոգներում, որոնք արտացոլվում են հանդիպման նախագծում,
- հանդիպման ընթացքում հանդես են գալիս հարցադրումներով, մասնակցում քննարկումներին,
- հանդիպման ավարտից հետո ներկայանում են բլոգային լուսաբանումներով, որոնք հրապարակվում են ենթակայքերում և կրթահամալիրի գլխավոր կայքում։
Կրթահամալիրի օրացույցով նոյեմբերի 1-13-ը սիրադեղյանական օրեր են, որի շրջանակում իրականացվում են Վանո Սիրադեղյանի քաղաքական հոդվածների և գրական ստեղծագործությունների ընթերցումներ, վերլուծություններ, որոնք ամփոփվում են կլոր սեղանի տեսքով։
Ստորև ներկայացնում եմ սիրադեղյանական օրերի շրջանակում իրականացրած աշխատանքներս․
«Սիրադեղյանական օրեր 2022»-ի շրջանակում իրականացված աշխատանքներ․
- «Վանո Սիրադեղյան քաղաքական, պետական, հասարակական գործիչը» կլոր սեղանին ընդառաջ «Վանո երևույթը» ֆիլմի դիտում-քննարկում,
- «Վանո Սիրադեղյան քաղաքական, պետական, հասարակական գործիչը» կլոր սեղանի համակարգում,
- սովորողների վերլուծությունների ուսումնական փաթեթի ստեղծում։
«Սիրադեղյանական օրեր 2021»-ի շրջանակում իրականացված աշխատանքներ․
- «Վանո Սիրադեղյան 75» կլոր սեղանի համակարգում,
- «Վանո Սիրադեղյան 75» կլոր սեղանին ընդառաջ ուսումնական փաթեթի ստեղծում /սովորողների վերլուծությունները/,
- «Վանո Սիրադեղյան 75» կլոր սեղանից հետո մեդիափաթեթի ստեղծում։
Առաջարկ
Կրթահամալիրում տրվող անվանական մրցանակների հետ կապված այսպիսի բան եմ առաջարկում․
- Անվանական մրցանակի հավակնելու իրավունք տալ հինգ և ավելի տարիներ առաջ նույն մրցանակը ստացած դասավանդողներին և սովորողներին։
- Անվանական մրցանակի հավակնելու իրավունք տալ նաև խմբային աշխատանքներին, ընդ որում՝ դասավանդողների խմբին, սովորողների խմբին և դասավանդողների ու սովորողների խմբին։
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ խորին շնորհակալություն հայտնել իմ կրթահամալիրին, որտեղ ինձ լավ եմ զգում, որտեղ սիրով եմ աշխատում, որտեղ իմ մասնագիտական զարգացումն ու աճը նկատում եմ անընդհատ, օր օրի, արդեն հեղինակային մանկավարժության կրող և տարածող եմ, իսկ նման մրցանակներն էլ ավելի են ոգևորում, ուժ ու եռանդ հաղորդում հեղինակ մանկավարժին։
Սիրով՝ Վարդան Կարապետյան
Ավագ դպրոցի դասավանդող, հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի ղեկավար