2014-2015 ուստարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի և մրցույթների: Դրանց թվում են eTwinning Plus, European Chain Reaction, National Poetry Recitation Contest և այլն: Կրթահամալրի սովորողները ակտիվ և հաջողությամբ են հանդես գալիս:

eTwinning Plus-ը եվրոպական հանրակթական ծրագիր է, որին մասնակցում ենք արդեն երկու տարի: Բոլոր մասնակից պետությունների նպատակն է բարելավել անգլերենի իմացությունը, ձեռք բերել նոր ընկերներ, ստանալ նոր գիտելիքներ տարբեր բնագավառներում: Օրինակ՝ “Different cities-one family” նախագիծն ընդգրկում է նաև հետևյալ հանրակրթական առարկաները.

  • Արվեստ
  • Աշխարհագրություն
  • Պատմություն
  • Երաժշտություն
  • ՏՀՏ-ինֆորմատիկա
  • Բնագիտություն

Սովորողներին յուրաքանչյուր ամիս առաջադրանք է տրվում, որը կարելի է կատարել և՛ անհատապես, և՛ խմբով: Կատարած աշխատանքները հրապարակվում են առարկայական բլոգի հատուկ բաժնում: Այս բաժնի հղումը հրապարակված է eTwinning-ի պաշտոնական կայք-էջում այս նախագծի համար նախատեսված բաժնում:

Եվս մեկ նախագիծ, որին մասնակցեցին միջին դպրոցի սովորողները, ընդգրկում էր բնագիտական առարկաներն ու անգլերենը: Նախագիծը կոչվում է The European Chain Reaction-2015 (դոմինոյի սկզբունք), որը նպատակաուղղված էր բացահայտելու «փոքր Էյնշտեյններին»: Ի դեպ, նախագծին մասնակցելու հրավերը ստացել էինք eTwinning Plus ծրագրին ակտիվ մասնակցելու արդյունքում: Նախագիծը հինգ տարվա պատմություն ունի, և Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում դրան: Սեպտեմբեր ամսից նախագծի կայքում հրապարակված է կրթահամալիրի լուսանկարն ու անգլերեն տեղեկատվությունը: Նախագծում ընգրկված են եվրոպական 32 պետություններ: Բոլոր տեսանյութերը հրապարակվել են նախագծի կայքում: Ըստ նախագծի պահանջների սովորողները պետք է ստեղծեին երկու տեսաֆիլմ, որտեղ օգտագործված լիներ շղթայական ռեակցիայի սկզբունքը: Ըստ առաջին առաջադրանքի շղթան պետք է ստեղծված լիներ մարդկանցից, իսկ հաջորդը՝ պարտադիր տեխնիկայի և տարբեր թվային տեխնոլոգիաների կամ ռոբոտների միջոցով: Նշեմ, որ սովորողները այս նախագծում ավելի կարևորեցին ընթացքը, որը բավականին զվարճալի էր, քան արդյունքը: Հետաքրքիր էր նաև հետևել մնացած 31 պետությունների նյութերին, որոնց տեսաֆիլմերը անգլերենի դասերին դառնում էին ուսումնական նյութեր. սովորողները դիտում էին ֆիլմերը, փորձում հասկանալ, թարգմանել, ինչպես նաև քննարկել, բանավիճել, հայտնել իրենց կարծիքները: Իրենց կարծիքների արդյունքում էլ տեղի ունեցավ հայաստանյան քվեարկությունը:

Հարկավոր է նշել նաև, որ նման միջազգային նախագծերի արդյունքում սովորողները ձեռք են բերում գիտելիքներ ոչ միայն անգլերենից, այլ նաև ծանոթանում են համագործակից երկրների լեզուներին: Իհարկե, բառապաշարը հարուստ չէ, բայց որոշակի ընդհանուր բառեր կամ արտահայտություններ կարողանում են մտապահել և սովորել:

Նախագծերի ևս մեկ կարևոր առանձնահատկությունն այն է, որ իրականացման համար սովորողներին հարկավոր են գիտելիքներ ոչ միայն անգլերենից, այլ նաև մայրենի լեզվից, մաթեմատիկայից, ֆիզիկայից, տեխնոլոգիայից և հատկապես աշխարհագրությունից: Աշխարհագրության ուսուցման տեսակետից արդյունավետ է, որ սովորողները ծանոթանում են տարբեր երկրենի հետ (առաջադրանքներից մեկը պահանջում էր կազմել քարտեզ և վրան տեղադրել այն պետությունները, որոնց հետ միասին մասնակցում են նախագծին): Իթվինինգյան նախագծերի շնորհիվ ավելի լավ են ճանաչում Եվրոպան, եվրոպական պետություններն ու դրանցում ապրող ազգությունները: Սկսում են համեմատել մեկը մյուսի հետ, իրենց հետ:

Հաջորդ նախագիծը Ամերիկյան Peace Corps-ի կողմից կազմկաերպված National Poetry Recitation Contest (Ազգային պոեզիայի ասմունքի մրցույթ), որի Երևանյան փուլին մեր կրթահամալիրից մասնակցեց 5 սովորող, որից երեքը զբաղեցրեցին առաջին տեղերը, իսկ մեկը՝ երկրորդ: Մայիսի 10-ին տեղի կունենա եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն ամբողջ հանրապետության դպրոցներից հաղթող սովորողները: Մաղթենք մեր սովորողներին նոր նվաճումներ և հաջողություն:

eTwinning Plus ծրագրին արդյունավետ մասնակցության համար ստացել ենք որակի ազգային հավաստագրեր:

Միջազգային ծրագրերը հնարավորություն են տալիս նաև ներկայացնելու հեղինակային կրթական ծրագրերը, տեղեկացնելու կրթահամալիրում ԿԳՆ պատվերով կազմակերպվող ստուգատեսների մասին: Օգտվելով նախագծի միջազգային լինելու բնույթից` այս տարի մասնակիցներին տեղեկացվել է նաև մեր Հանրակրթական Դիջիթեք բաց ստուգատեսի մասին: Արդյունքում ունեցանք մեկ մասնակից՝ Իտալիայից, որն արժանացավ խրախուսական մրցանակի: eTwnning-ի միջոցով նաև նոր կապեր ենք հաստատում հայաստանյան մեր գործընկերների հետ՝ Վանաձոր, Արտաշատ, Էջմիածին: Նրանք նույնպես տեղեկացվել էին կրթահամալիրային ստուգատեսների մասին և մասնակցել դրանց:

Կրթահամալիրի համար ևս մեկ միջազգային նախագիծ է Իզմիրի տիեզերագիտական ճամբարի  մասնակցությունը, որն արդեն չորս տարվա պատմություն ունի: Ճամբարի մասնակիցների նախապատրաստական աշխատանքներն  սկսվել են. սովորողների առջև դրված են մի շարք խնդիրներ, որոնք պետք է հաղթահարեն՝ ճամբար մեկնելու համար: Կարևորագույն խնդիր է պատշաճ մակարդակի հասցնել անգլերենի իմացությունը: Սովորողների հետ իրականացվում է առցանց ուսուցում. նրանք կատարում են առաջադրանքներ, դիտում անգլերեն ֆիլմեր, կազմում և վարում առօրյա երկխոսություններ: Այդ ամենը դեռևս իրականացվում է վիրտուալ միջավայրում, սակայն հունիսյան ուսումնա-հետազոտական ճամբարի օրերին իզմիրյան խումբը, որպես ճամբարային մեկ ջոկատ, կշարունակի իր գործունեությունն ավելի ինտենսիվ: Աշխատանքները ներառելու են ոչ միայն անգլերենի պարապմունքներ, այլ նաև պարուսուցում, երգուսուցում (այդ թվում` նաև անգլերեն), մարմնամարզություն, լողուսուցում:

Այս տարի կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողները մասնակցեցին օտար լեզվի մի շարք միջոցառումների: Դրանց թվում էին Լեզուների եվրոպական օրը մանկավարժական համալսարանում, IELTS միջազգային քննության թեմայով քննարկումները, Բրյուսովի անվան համալսարանում կայացած Ժամանակակից լեզուների Եվրոպական կենտրոնի կողմից անցկացվող եռօրյա սեմինարը և այլն:

Կրթահամալիրի ներգավվածությունը այս բոլոր նախագծերին, ծրագրերին, միջոցառումներին և սեմինարներին բարենպաստ միջավայր և մոտիվացիա է ստեղծում սովորողների համար օտար լեզուն ավելի լավ և նպատակային սովորելու համար: Սովորողներին հնարավորություն է տրվում շփվել իր տարեկից այլազգի, հաճախ և անգլիախոս հասակակիցների հետ, որն էլ ավելի արդյունավետ է օատր լեզուն սովորելու, յուրացնելու համար: Սովորողներից շատերը շարունակում են իրենց կապը նամակագրության, տեսահանդիպումների (Skype, Viber) և Facebook-ի միջոցով, վարելով անգլերեն զրույցներ և երկխոսություններ:

Միջազգային նախագծերով ուսուցումը նաև համահունչ է կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման հետ: Հաճախ այս նախագծերին մասնակցող սովորողները հրաժարվում են տվյալ առարկայի այլ լրացուցիչ աշխատանքներից, կատարելով միայն նախագծի շրջանակներում հանձնարարված առաջադրանքները:

Մասնակցությունը միջազգային նախագծերին արդյունավետ և հեռանկարային է ոչ միայն սովորողների, այլ նաև դասավանդողների համար: Ձեռք են բերվում նոր գիտելիքներ, ծանոթություններ: Դասավանդողներն ավելի իրազեկված են լինում աշխարհում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին, մեթոդական զարգացումներին, նոր մոտեցումներին: Ստեղծվում են նամակագրական կապեր, որոնց արդյունքում ձեռք են բերվում նաև բազմաթիվ ուսումնական նյութեր, դրանց մոդելներ: Հարստանում են դասավանդողի մեդիագրադարանը, օգտակար կայքերի պաշարը: Նշված նյութերը թույլ են տալիս դասավանդողին ավելի հետաքրքիր և մատչելի դարձնել դասերը՝ տեսաֆիլմերի, աուդիոնյութերի, խաղերի և առաջադրանքների միջոցով: Այդպիսի օրինակ է նաև British Council-ի կողմից հաճախ կազմակերպվող սեմինարներն ու վարպեըտության դասերը, ինչպես նաև նրանց առաջարկած առցանց դասընթացները: Այս տարի մասնակցել ենք նման մի դասընթացի, որը մեծ թվով ուսումնական նյութեր էր տրամադրում:

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով