Ներկայացում «Ընդլայնված հնարավորություններ երիտասարդների համար» սոցիալական գործընկերության 7-րդ ազգային կոնֆերանսում։ Երևան, 2016թ. հոկտեմբերի 21։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվում, կազմակերպվում և տարածվում են հեղինակային կրթական ծրագրեր` հիմնական դպրոցում (1-9-րդ դասարաններում)` տեխնոլոգիական հանրակրթություն, ավագ դպրոցում` նախամասնագիտական (խորացված), նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսուցման ծրագրեր։
Կրթահամալիրի ուսումնական բիզնես-կենտրոնում.
- մանուկների, դեռահասների, պատանիների ձեռագործ աշխատանքները, նրանց մտքի` երևակայության-ստեղծականության, ձեռքի` հմտությունների զարգացման ուսումնական աշխատանքից առաջացած ապրանքները`
- հավաքվում են,
- ներկայացվում են,
- ուսուցման արդյունքում ստեղծված նյութական արժեքները իրացվում են.
- ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի` իրականացվում են ուսումնական նախագծեր` տոնական-ծիսական առարկաների, զարդերի, աքսեսուարների, ձևավորումների ստեղծում.
- բիզնես կենտրոնի ընթացիկ գործունեությունն ապահովելու համար, ըստ անհրաժեշտության կազմակերպվում է որոշակի իրերի արտադրություն.
- սովորողները տնտեսագիտական, ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ են ձևավորում` գործունեություն ծավալելու, բիզնես պլան մշակելու, շուկայի ուսումնասիրման, արտադրանքի ընտրության, գովազդի, գործնական այլ անհրաժեշտ հմտություններ, որոնք կօգնեն նրան թե´ ներկայում ինքնավստահության և լիարժեք զգալու առումով, թե´ ապագայում սեփական կյանքն ու գործը ցանկացած տեղում հիմնավոր կառուցելու:
Ուսումնական կենտրոնի ցուցադրության ու վաճառքի արտադրամաս-սրահը Սեբաստացի մոլն է: Աշխատանքները կազմակերպում է քոլեջի, միջին ավագ դպրոցների սովորողների նույնանուն «Սեբաստացի մոլ» բաց ակումբը։ Մոլում ցուցադրվող իրերի ստեղծմանը մասնակից են կրթահամալիրի կրթական ծրագրերում ընդգրկված սովորողներ և դասավանդողներ` ըստ իրենց նախասիրությունների և հմտությունների: Դրանք ստեղծվում են կրթահամալիրի` դպրոցների և ուսումնական կենտրոնների արհեստանոց-արվեստանոցներում` ջերմոց, խեցեգործարանում (կավե իրեր), հագուստի մոդելավորման, ոսկու և արծաթի, բատիկի ու վիտրաժի, գունակարի, գծանկարի, քանդակի և այլ։
«Սեբաստացի մոլ» բիզնես կենտրոնն իրականացնում է մի շարք նախագծեր ՝ «Գործատու», «Ուսման արդյունքը՝ մոլում», «Ցուցահանդես՝ անիվներին», «Ստեղծիր քո գործը» և այլն: Նախագծերի հիմնական խնդիրը սովորողների ձեռներեցության հմտությունների զարգացումն է, նրանց աշխատանքով ոգևորելը։
«Ստեղծիր քո գործը» սոցիալական բիզնես նախագիծը լավագույն հարթակն է սովորողների համար, որպեսզի իրենց առաջին քայլերով բիզնես ոլորտում հաջողություններ գրանցեն: Այսօր երբեմն բիզնես ոլորտում աջակցությունը սովորողներին, հասարակության դեռևս չկայացած խմբերին բարեգործության ձևով է ներկայացվում: Թեև բարեգործությունը կարող է դիտվել որպես հասարակությանը պարզապես ծուլացնող երևույթ, բայց առանց բարեգործության էլ հասարակության պատկերը «տխուր է» լինում: Սոցիալական բիզնեսը բարեգործություն չէ, ոչ էլ աջակցություն, այլ ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորության ընձեռնում:
Հուսով ենք, որ ուսում-արտադրություն-ձեռներեցություն համակարգի կայուն ու համակարգված աշխատանքի շնորհիվ կունենանք ինքնավստահ սովորողներ, որ ուզում են փոխել և պատրաստ են փոխելու իրենց կյանքը: Ուսուցումը լիարժեք կլինի, եթե գործնական է, եթե նրա արդյունքը գործածվում է, եթե օրվա վաստակի է հանգեցնելու:
Բիզնես կենտրոնը ներկայացված է նաև մեդիայում` ունի իր կայքը, որտեղ ներկայացվում են ապրանքները-ծառայությունները, լուսաբանվում է նրա գործունեությունը, սոցիալական ցանցում ունի էջ։