Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների օգոստոսյան սեմինարներից մեկի ժամանակ դասավանդողներն ուզում էին հստակ պարզաբանում ստանալ այն մասին, թե ինչը կարող է ժամանակակից ուսումնական նյութ համարվել: Սկսեցի ուսումնասիրել ու այդ հարցի պատասխանը փնտրել անգլիալեզու և հայկական աղբյուրներում, ինչպես նաև «Տիգրան Հայրապետյան» մեդիագրադարանում և կրթահամալիրի դասավանդողների բլոգներում:
Էլեկտրոնային ուսումնական նյութերի հայկական ամենամեծ աղբյուրը Հայկական կրթական միջավայր. պաշարների շտեմարանն է: Հնարավոր չէր ուսումնասիրել այդ շտեմարանում հրապարակված հարյուրավոր նյութերը: Պատահական ընտրությամբ արված ուսուսումնասիրությունն էլ բավական էր, որպեսզի հասկանայի, որ այստեղ տարբեր առարկայական դասագրքերի մի քիչ ձևափոխված կրկնություններն են: Օրինակ, մոտավոր պատկերացում կազմելու համար, թե ինչպիսին են այս շտեմարանում հրապարակված «Հայոց լեզու» ուսումնական առարկայի ուսումնական նյութերը, մեջբերեմ Power Point ծրագրով կազմված «Բայի սեռը» ուսումնական նյութի մեկ էջը՝ չնշելով հեղինակին.
Բայի սեռ
Բայի սեռը ցույց է տալիս գործողության հարաբերությունը ենթակայի և նրան առնչվող առարկայի հետ:
Բայն ունի երեք սեռ՝
Ներգործական, կրավորական և չեզոք:
Մի քանի նույնանման կանոնային «ուսումնական նյութեր» կարդալուց հետո համոզվեցի, որ հայկական կրթական իրականության մեջ ավելի առաջադեմ են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծված էլեկտրոնային ուսումնական նյութերը, որոնք գրեթե ամբողջությամբ ներառում են ՏՀՏ-ների ժամանակակից հնարավորությունները:
Նախ պետք է ասեմ, որ անգլերենում օգտագործվում է TLM (Teaching/Learning Material) հապավումը, որն իր մեջ ներառում է և՛ ուսուցանելը, և՛ ուսանելը: Որոշ մանկավարժներ օգտագործում են միայն Teaching Material տերմինը, որը բառացի նշանակում է «ուսուցողական նյութ», և դասավանդողներն օգտագործում են այն ուսուցանելու համար: Դրան հակառակ՝ «Learning Material»-ը սովորողներն օգտագործում են ինքնակրթության համար: Teaching/Learning Materials տերմինի լրիվ իմաստը տալիս է մեր հայերենի «ուսումնական նյութ»-ը: Իրոք որ փառավոր լեզու է հայերենը:
Ուսումնական նյութերի տեսակները
- Թեմայի ուրվագիծը
Նախքան մի որևէ թեմայի դասավանդումը սովորողներին է տրվում թեմայի ուրվագիծը: Թեմայի ուրվագիծը ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝
- Սովորողին մատչելի ձևով բացատրվում է, թե ինչ գիտելիք և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ թեման ուսումնասիրելուց հետո։
- Գործունեությունների ժամանակացույցը։
- Թեմայի յուրացման գնահատման կարգը։
Անսովոր և ուսանելի է այս մոտեցումը. փաստորեն սա սովորողին ուղղված դասի պլան է՝ ամենակարևոր և ամենաարդյունավետ դասի պլանը: Դասը սովորողինն է, ուրեմն դասի պլանն էլ պետք է սովորողինը լինի: Սա ուսումնասիրվող թեմայի արժևորման ուսումնական նյութ է:
- Ուսումնական կայքեր
Անդառնալիորեն անցել են այն ժամանակները, երբ ուսուցիչը գիտելիքի, կարողությունների ձեռքբերման միակ աղբյուրն էր: Գիտելիքի ձեռքբերման անսպառ աղբյուր է համացանցը: Օրինակ, Բրիտանական խորհրդի կայքը անգլերեն դասավանդողի և տարատարիք սովորողների համար գիտելիքների և լեզվական կարողությունների ձեռքբերման անընդհատ թարմացվող աղբյուր է: Այստեղ կան և՛ տեսադասեր և՛ լեզվական կառուցվածքների վարժություններ և գիտելիքների ու կարողությունների ուսուցողական հարցաշարեր:
MathTv.com կայքում դասավանդողները, ծնողները և սովորողները կարող են լսել և դիտել, թե ինչպես է մաթեմատիկայի մի հմուտ մասնագետ բացատրում իրենց հետաքրքրող մաթեմատիկական երևույթը:
Աշխարհագրությամբ հետաքրքրվողները կարող են օգտվել Geography.com կայքից:
Մի իսկական հեռավար դպրոց է https://www.quora.com/ կայքը, որտեղ կարելի է ընտրել քեզ հետաքրքրող ուսումնական առարկան, ու քո առաջ կբացվի հետաքրքրություններիդ մի ամբողջ աշխարհ:
- Վեբ-ֆորումներ
Վեբ-ֆորումները լրացուցիչ կրթության, ինքնակրթության յուրօրինակ տեղեկատվական աղբյուրներ են ավագ դպրոցի բոլոր այն սովորողների համար, ովքեր արդեն հաստատապես որոշել են իրենց ապագա մասնագիտությունը: Սա ընտրած մասնագիտության մեջ արդեն հաջողություններ ձեռք բերած մասնագետների հետ առցանց շփումների, քննարկումների, հետաքրքրող հարցերի պատասխանները անմիջապես նրանցից իմանալու մեծ հնարավորություն է: Ընտրած ապագա մասնագիտության Վեբ-ֆորումներին մասնակցելու համար հարկ է, նախ և առաջ, օտար լեզուներ լավ սովորել, որովհետև հայերեն ֆորումներ գրեթե չկան: Ես գիտեմ միայն, որ գոյություն ունի հայերեն «Մայրենի լեզվի դասեր» ֆորումը Ֆեյսբուքում:
- Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններ
21-րդ դարի դասավանդողը չի կարող կառչել դասավանդվող առարկայի մի որևէ դասագրքին և ամբողջ ուսումնական աշխատանքը սահմանափակել տվյալ դասագրքում եղած թեմաներով: Յուրաքանչյուր թեմայի համար կարող են գործածվել մի քանի էլեկտրոնային դասագրքեր, կամ էլ առանձին դասագրքերից վերցված տեքստեր, որոնք լավ են բացատրում ուսումնասիրվող տվյալ թեման: Սովորողներն էլ ազատ պետք է լինեն և համացանցից այնպիսի տեքստեր գտնեն, որոնք հակադրվում են դասագրքի շարադրանքին, կասկածող հարցադրումներ են անում:
Իր ուսումնական բլոգում բնապահպանության և աշխարհագրության յուրահատուկ էլեկտրոնային դասագրքեր է ստեղծել Էմանուել Ագջոյանը:
Մնայուն արժեք ներկայացնող ուսումնական նյութ է «What is it? – Ի՞նչ է սա» անգլերեն-հայերեն պատկերազարդ բառարանը, որը ստեղծվել է կրթահամալիրի անգլիախոսների ակումբի սովորողների ներգրավմամբ: Համաշխարհային պատմության այլընտրանքային դասագիրք են ստեղծում կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողները Աշոտ Տիգրանյանի ղեկավարությամբ:
- Պատճենահանված բաժանվող նյութեր
Դրանք մի որևէ թեմայի սեղմ բացատրություններն են, որոնք օգնում են սովորողներին ավելի լավ հասկանալ բացատրվող նյութը: Երբ սովորողը իր ձեռքի տակ ունենում է պատճենահանված նյութը, նա ուշադրությունը կենտրոնացնում է հասկանալու վրա, այլ ոչ թե գրի առնելու այն, ինչը դասավանդողն ասում է:
Բաժանվող նյութերը կարելի է նաև էլեկտրոնային փոստով ուղարկել սովորողներին:
- Տեսողական դիդակտիկ նյութեր
- Դիագրամներ
- Գրաֆիկներ
- Քարտեզներ
- Լուսանկարներ
Կարելի է սովորողներին ոգևորել, որպեսզի իրենք ստեղծեն գրաֆիկներ, քարտեզներ, տեսողական այլ նյութեր՝ մի որևէ նյութի ընթերցումից հետո կամ ուսումնական ճամփորդությունից առաջ և հետո: Դրանք նույնպես կարող են ուսումնական նյութեր համարվել:
- Դասախոսության ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր
Եթե նախկինում գիտա-մանկավարժական ամսագրի խմբագիրն էր որոշում մի որևէ ուսուցչի առաջավոր փորձի մասին հոդվածի ճակատագիրը, ապա այժմ հենց ինքը ուսուցիչը կարող է ձայնագրել, նկարահանել իր խոսքը և տեղադրել տեսանյութերի սոցիալական ցանցերում՝ youtube, rutube, livestream և այլ:
Նախակրթարանային և կրտսեր դպրոցի սովորողների և դաստիարակ-դասվարների համար ծիսական խաղերգերի տեսաֆիլմերի մեծ հավաքածու է ստեղծել կրթահամալիրի երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանը:
Մեր կրթահամալիրում արդեն երկրորդ ուսումնական տարին է, ինչ անցկացվում են ամենամսյա ֆլեշմոբներ ուսումնական առարկաներից՝ հայոց լեզվից, մաթեմատիկայից, բնագիտությունից, պատմությունից, շախմատից , օտար լեզուներից:
Ֆլեշմոբերի առաջադրանքները չեն նմանեցվում առարկայական քննությունների, օլիմպիադաների առաջադրանքներին, ընդհակառակը`դրանք պարզեցվում և հնարավորինս մոտեցվում են կյանքի պահանջներին, լինում են ուսանելի և կիրառելի կյանքում: Մեր մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները զարգացնում են տրամաբանական մտածողությունը, այլ ոչ թե պահանջում տարբեր մաթեմատիկական բանաձևերի իմացություն և կիրառում: Նույն կերպ էլ պատմական տարեթվերի մեխանիկական հիշողություն չեն պահանջում մեր պատմության ֆլեշմոբի առաջադրանքները: Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի նպատակն էր սովորողների մոտ հետաքրքրություն ձևավորել և զարգացնել հատկապես հաղորդակցական կարողությունները, քանի որ լեզուն, նախ և առաջ, հաղորդակցության միջոց է:
Չնայած այն անվերապահ պնդմանը, որ օտար լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումը պետք է լինի հաղորդակցականը, ամբողջ աշխարհում շատ քիչ աշխատանք է արված հաղորդակցական կարողությունները ստուգող-զարգացնող առաջադրանքների ստեղծման ուղղությամբ: Անգլերենի քերականության տարբեր բաժինների լավ իմացությունը, ինչպես նաև, ընթերցելով հասկանալու կարողությունները ստուգող քննությունը գերազանց հանձնած սովորողը երբեմն շփոթվում է և չգիտի ինչպես արտահայտվել իրական կյանքում հանդիպող իրավիճակներում, երբ պետք է լինում դիմացինին քաջալերել, հանդիմանել, նրանից ներողություն խնդրել, ուշադրություն հրավիրել, ներել, շնորհավորել տարբեր առիթներով, շնորհակալությունը արտահայտել և պատասխանել շնորհակալությանը, ցավակցել, նրա հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, կասկած ու զարմանք, կարծիք ու խորհուրդ, ափսոսանք ու գոհունակություն արտահայտել: Փաստորեն այս նախագծով, ֆլեշմոբային թեթև ու ուրախ ոգով օտար լեզուն՝ անգլերենը, որքան հնարավոր է ակադեմիական ոլորտից հեռացվում և մոտեցվում է իրական կյանքին:
- Ուսումնական խաղեր, խաղ-գործունեություններ
Կարծում եմ, որ ամբողջ աշխարհի 5-6 տարեկանների դաստիարակների համար ուսանելի խաղ-գործունեություն է մեր կրթահամալիրում երկու տարի առաջ մեկնարկ տրված «Տառթխիկ. ուրախ այբբենարան» նախագիծը:
Դպրոց-պարտեզի դաստիարակների համար հետաքրքիր կլինի կարդալ Մարինե Մարտիրոսյանի «5 տարեկանների խաղ-ուսուցում-գործունեություն» հոդվածը:
Նախակրթարանի և կրտսեր դպրոցի սովորողների և դաստիարակ-դասվար-դասավանդողների համար բավականաչափ ուսումնական խաղեր են հավաքված Բզեզ և Պարտեզ ամսագրերի խաղադարաններում, ինչպես նաև «Մոծակ» կայքում:
Կարծում եմ, որ Դպիրի 24-րդ համարում հրապարակված իմ Լեզվական խաղեր հոդվածում նկարագրված լեզվական խաղերը հիմա էլ հետաքրքիր կլինեն իրենց ինտերակտիվությամբ, հաղորդակցական մոտեցմամբ: Դրանք կարող են գործածվել նաև մայրենիի դասերին:
Օգտագործված գրականություն
- Instructional Materials: Definition, Examples & Evaluation
- “TLM – Teaching/Learning Materials” By Beth Lewis
- Variety in teaching materials
- Teaching resources