«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցը, որը սահմանված կարգով ամեն տարի նորացվում է, և՛ ծրագրերի ստեղծման-նորացման, և՛ հեղինակային կրթական ծրագրի իրականացման, ուսումնական նախագծերի կազմակերպիչ է։ Սովորողների՝ 2 տարեկանից սկսած, ուսուցիչների, ծնողների, ընտանիքների համար սիրելի ու հարգելի է ուսումնական օրացույցը, որը կարգով ներկայացվում է յուրաքանչյուրին, կա յուրաքանչյուրի մեդիադարանում: Ուսումնական օրացույցում էլ տեղ կա պատշաճ ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնության համար:
Այստեղ ներկայացնելու եմ Արևելյան դպրոց-պարտեզում ուսումնական օրացույցով համայքային ծեսերի իրականացումը՝ որպես ուսումնական, ընտանեկան նախագծեր:
- Նոյեմբերի 5-9՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը կրթահամալիրում…
Շաբաթը նախագծային է, ուսուցիչներն իրենց ուսումնական բլոգներում իրապարակում են նախագծերը, որոնք ընտրում է սովորողը: Նախագծերի ուղղություններն ու բովանդակությունը հիմնականում վերաբերում են սեբաստացիներին՝ սովորողին, ընտանիքին, շրջանավարտին, նրանց նախաձեռնություններին:
Այս տարվա «Սեբաստացու օրեր…» տոնն ուներ «Գովք խաղողի, գինու ու գեղեցիկ դպրության» խորագիրը… Արևելյան դպրոցի պտղատու այգում ավելացավ 70-ից ավելի մրգատու նոր ծառ, որ ավանդույթի համաձայն տնկում են 5-6 տարեկանները ծնողների հետ, կրթահամալիրի «Խաղողի ու գինու դպրոցի» նախագծով Արևելյան դպրոցի սաները Սարալանջում արդեն ունեն խաղողի շարք:
Ու սիրո խոստովանություններ, ինչպես ծննդյան օրերին. կրթահամալիրի այս օրերին ասելիք-խոստովանությունները գեղեցիկ դպրության գովք են, երբ սովորողն ու ընտանիքը մասնակից են ու ազատ՝ իրենց ասելիքով ու անելիքով: Ստեղծական ոգին է, որ դառնում է Գեղեցիկ դպրություն:
Տոնական-ծիսական շաբաթն ամփոփվում է հարիսայի ավանդական համտեսով, որն սկսվում է հոգևոր ժամերգությամբ ու օրհնությամբ Ս. Երրորդության եկեղեցում, շարունակվում է եկեղեցու բակում համայնքային տոնախմբությամբ և ավարտվում է դպրոցում՝ Հարիսայի ու գինու համտեսով, և մասնակից ընտանիքները մեկ սեղանի ու երգի շուրջ դառնում են մի մեծ ընտանիք… Ահա այդ մասին Արևելյան դպրոցում և կրթահամալիրում այս ուսումնական տարվա նորեկի՝ Սմբատ Պետրոսյանի տեսանյութը։
- Դեկտեմբերի 3-28՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». Ելքի ու մուտքի ստուգատես. Ամանորի տոնախմբություններ
Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներն Արևելյան դպրոցում սկսվեցին դեկտեմբերի 3-ից՝ որպես ուսումնական նախագիծ:
Ամանորի խորհրդանիշ այլընտրանքային տոնածառի ստեղծում-նախագծումից է սկսվում ուսումնական նախագիծը: Սովորողները, դասավանդողները տարբեր առաջարկներով ու նկարներով հանդես եկան, ընդունվեց երկարացված օրվա կազմակերպիչ Աննա Ստեփանյանի խմբի «Տուփատոնածառը»:
Առաջին շաբաթվա ընթացքում սովորողները դպրոց էին բերում ամենատարբեր չափսերի տուփեր՝ ով ինչքան կարող էր… Տեխնոլոգիական պարապմունքերը վերածվեցին նախագծային տուփերը մշակելու՝ կտրելու, ներկելու… աշխատանքների, որին մասնակցում էին բոլորը: Ոչ միայն տեխնոլոգիական հմտությունների զարգացում գումարած միավորող ոգի, իրար գործ շարունակելու, իրար լրացնելու պատասխանատվություն. առանց սրանց տոնածառը չէր լինի։
Ըստ օրացույցի դեկտեմբերի 10-ը տոնածառի լույսերը վառելու օրն էր: Դրա կարևոր խորհուրդն այն էր, թե ո՛վ վառեց այս տարվա լուսերը…
Տուփատոնածառի հետ սկսվել էին նախագծի մյուս աշխատանքները՝ ամանորի երգերի, ավետիսների ընտրությունը, տոնախմբության ծրագրի հրապարակումը, ծնողական սեմինարներով նրանց նախապատրաստումը…
Արևելյան դպրոցում տոնախմբության ծրագիրը չորս մաս ուներ՝
- 2-5 տարեկանների
- 1-3-րդ դասարանցիների
- 4-5-րդ դասարանցիների
- ուսուցիչների. տարեմուտի խորհրդավոր ընթրիք։
Տոնախմբության օրը յուրաքանչյուր ընտանիք դպրոց է բերում ընտանեկան խոհանոցի խորհրդանիշ (բրենդ) ուտեստը: Ինչպես ընտանիքներում է՝ նախապատրաստական սեղաններ, հագուստներ, գույներ, որոնք երևում են ներկայացվող ֆիլմերում ու ֆոտոշարքերում…
Հեղինակային կրթական ծրագով մշակված համայնքային ծեսերն ու տոներն այլընտրանք են հանրապետությունով մեկ՝ մանկապարտեզներում, դպրոցներում դեռ գործող ավանդական հանդես-միջոցառումներին: Տոնական տեխնոլոգիայի, երաժշտության-պարի հետ հրճվանքն ու դրական էներգիան են փոխանցվում ընտանիքին, նրանց միջոցով՝ այլոց: Սովորողի հետ զվարճացող, երգող, պարող, ընթերցող, գլուխկոնծի տվող ծնողը կրթական ծրագրի յուրացնողն ու փոխանցողն է, ծրագրի մասին խոսող, պատմող, այն ներկայացնողն է։ Ընտանեկան դաստիարակությունն ու դպրոցական կրթությունը միավորվում են, իրար լրացնում, իրար փոխանցում…
Վերջում՝ իսկ ի՞նչ է լինելու մեր տուփատոնածառը։ Սովորողները խնամքով ծալում են տուփերը, կշռում և հանձնում ստվարաթուղթ մշակող կազմակերպություններին…