Ուզում եմ շարունակել նախորդ՝ «Ավագ դպրոց. մարտահրավերներ և զարգացում» հոդվածը: Որպես հիշեցում՝ ասեմ, որ դա Ավագ դպրոցում առկա խնդիրների մասին էր, իսկ որպես Ավագ դպրոցի զարգացման ճանապարհ՝ մատնանշված էր սովորողների իրականացրած հասարակական-կամավորական նախագծերը, որոնք դարձան հունվարյան ճամբարի բաղկացուցիչ: Նման աշխատանք կազմակերպելու համար կարիք զգացվեց ուսումնասիրելու աշխարհում և Հայաստանում առկա փորձը՝ ոչ այնքան «կամավորական աշխատանք» ասվածը հասկանալու, այլև դրա զարգացումներն ավելի լավ պատկերացնելու համար:
Կամավորականությունը, որպես կամընտրական՝ ոչ պարտադիր գործունեության ձև, լայն տարածում ունի աշխարհում: Կամավորական գործունեությունը հստակ կարգավորված է մի շարք երկրներում՝ Խորվաթիա, Լեհաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Իսպանիա, Գերմանիա և այլն: Կամավորական գործունեությունը կարգավորվում է կա՛մ առանձին իրավական ակտով, կա՛մ հասարակական կազմակերպությունների, կա՛մ էլ հիմնադրամների մասին օրենքներով: Առավել մեծ խանդավառությամբ կամավորական գործունեության մեջ ներգրավված են ամերիկացի պատանիները. նրանց շուրջ 59%-ը ներգրավված է հասարակական-բարեգործական որևէ կազմակերպության գործունեության մեջ:
Հայաստանում կամավորական գործունեությունը հեռու է բավարար լինելուց: Ըստ ուսումնասիրությունների՝ մեր երկրում կամավորական աշխատանքով զբաղվում է երիտասարդության ընդամենը 5 տոկոսը: Նմանօրինակ տխուր փաստը մասնագետները բացատրում են «Կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում չկարգավորված, հստակեցման և խմբագրման կարիք ունեցող դրույթների առկայությամբ: Սակայն, երևույթը, կարծում եմ, շատ ավելի խորքային է: Մեր հասարակությունը, ցավոք, լրջագույն խնդիրներ ունի՝ կյանքի որակի բարձրացման, երկրում աղքատության նվազեցման, տնտեսության կայուն զարգացման, առողջապահության, միջին խավի ձևավորման, կրթական, հոգեբանական և այլն: Քանի դեռ լուծված չեն այդ խնդիրները, հազիվ թե կարելի կլինի երկրում կամավորականության հետ կապված արդյունավետ լուծումներ առաջարկել:
Այժմ փորձեմ ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի հունվարյան նախագծային ճամբարի մի խումբ 12-րդ դասարանցիների՝ Արևելյան, Միջին և Ավագ դպրոցներում իրականացրած կամավորական գործունեությունը:
Ճամբարի առաջին օրը 12-րդ դասարանցիներին ներկայացվեցին կամավորական աշխատանքի սկզբունքները, ուղղություններ։ Այնուհետև, ըստ սովորողների նախասիրությունների և հետաքրքությունների՝ գրանցվեցին նախագծային բոլոր այն ուղղությունները, որոնք առաջարկեցին իրենք սովորողները: Հաջորդ օրը նախաձեռնությունը նախագծի վերածեցինք, ասել է թե՝ նշեցինք տևողությունը, նպատակը, ակնկալվող արդյունքը, մասնակիցներին և այլն:
Տեղում՝ Արևելյան դպրոցում, փոքրիկ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտություն զգացվեց՝ նախ ծանոթանալու, ապա նաև հասկանալու համար թիրախային խմբում ընդգրկված սովորողների հետաքրքությունները: