Նախագծային ուսուցման առաջավոր տեխնոլոգիաների որոնումներն ինձ տարան ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Բաք կրթության ինստիտուտը, որն իր գիտական հետազոտություններով օգնում է դպրոցներին, ուսուցիչներին և կրթության կազմակերպիչներին՝ մշակելու և լավագույն ձևով իրականացնելու նախագծային ուսուցումը դպրոցներում: Հատկանշական է, որ «նախագծային ուսուցում» (Project Based Teaching) բառակապակցության փոխարեն օգտագործվում է «նախագծային ուսանում» (Project Based Learning) արտահայտությունը, որն ավելի նպատակային ու աշակերտակենտրոն է: Ինստիտուտն ունի իր կրթական բլոգը, որից օգտվում են ուսուցիչները: Կրթական բլոգի գլխավոր խմբագիր Ջոն Լարմենը 2015-ին մի առաջնորդող հոդված է գրել՝ ‹‹Gold Standard PBL: Essential Project Design Elements (Նախագծով ուսանելու ոսկե չափորոշիչը. ուսումնական նախագծի հիմնական տարրերը), որտեղ տվել է դպրոցական ուսումնական նախագծի գիտական բնորոշումը և նախագծերի անհրաժեշտ բաղադրիչների մանրամասն նկարագիրը, որոնցով առաջնորդվելով՝ ուսուցիչները կարող են վստահ լինել, որ գիտականորեն հիմնավորված իսկական ուսումնական նախագիծ են իրականացնում:
«Նախագծային ուսուցման» կամ «նախագծերով ուսանելու» բնորոշումը
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ (մինչև մեկ շաբաթ) կամ երկարաժամկետ (մինչև մեկ կիսամյակ) համագործակցային, հետազոտական աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:
Ուսումնական նախագծերի հիմնական տարրերը
Նախագծային ուսուցմամբ աշխատող ուսուցիչներին օգնելու նպատակով Բաք կրթության ինստիտուտը ուսումնական նախագծերին անհրաժեշտ հիմնական տարրերի սխեմա է առաջարկում: Սխեմայից երևում է, որ կենտրոնում նպատակային գիտելիքն է և կարողությունները:
Նախագծով ուսանելով՝ սովորողը դպրոցական ուսումնական առարկաները խորապես է հասկանում և կարողանում է իր գիտելիքները կիրառել իրական կյանքում, լուծել իրական կյանքում հանդիպող խնդիրներ:
Կարողություններ, որոնք հաջողություն են բերում
Բովանդակային գիտելիքը և հասկացությունների հասկանալը ինքնին բավարար չեն այսօրվա աշխարհում: Դպրոցում, քոլեջում, ժամանակակից աշխատավայրում և ընդհանրապես իրենց կյանքերում մարդիկ պետք է կարողանան քննադատաբար մտածել, խնդիրներ լուծել, իրենք իրենց դրսևորել թիմային աշխատանքում: Այս բոլոր կարողությունները հաջողություն են բերում: Դրանք նաև հայտնի են որպես 21-րդ դարի կարողություններ: Հարկ է նշել, որ հաջողության կարողությունները կարելի է սովորեցնել միայն բովանդակային գիտելիքի ձեռքբերման միջոցով: Սովորողները քննադատական մտածողության կարողությունները ձեռք չեն բերում առարկայական բովանդակությունից զատ, վերացական ձևով: Նրանք այդ մտածողությանը հասնում են քննադատաբար մտածելով մաթեմատիկայի, բնական գիտությունների, պատմության, մայրենի լեզվի մասին գիտելիքները ձեռք բերելիս: Առաջարկվում է, որ բոլոր ուսումնական նախագծերը կենտրոնանան այս հաջողության կարողությունների վրա՝ քննադատական մտածողություն, խնդրի լուծում, համագործակցություն և ինքնակառավարում:
Ուսումնական նախագծի հիմնական տարրերը
Մարտահրավեր խնդիրը կամ հարցը
Ամենակարևորը նախագծի առաջարկած խնդիրն է, հարցը, որը պետք է հետազոտել և լուծում ու պատասխան տալ: Այդ խնդիրը կարող է ռեալ, գործնական լինել. օրինակ՝ դպրոցը կարող է նպաստել թափոնների վերամշակման աշխատանքներին[1]:
Նախագիծը կարող է վերաբերել նաև վերացական խնդրի. օրինակ՝ որոշել, թե երբ կարող է պատերազմը արդարացված լինել: Որպեսզի նախագիծն իրականացնելու շարժառիթը ավելի մեծ լինի, պետք է առաջարկվող խնդիրների լուծումը հետաքրքրի սովորողներին: Նրանց ոչ թե գիտելիքի և կարողությունների ձեռքբերումը պետք է հետաքրքրի, այլ խնդրի լուծումը: Օրինակ՝ այսպիսի զարգացում ենք տալիս վերը նշված նախագծերի խնդիրներին՝ «Ինչպե՞ս կարող ենք նպաստել մեր դպրոցի թափոնների վերամշակմանը», և «Արդյո՞ք արդարացված էր ԱՄՆ-ի վիետնամական պատերազմը»:
Անընդհատ հարցադրումներ
Հարցադրումներ անել նշանակում է փնտրել տեղեկություններ կամ հետազոտել: Դա ավելի ակտիվ գործունեություն է, քան տեղեկատվական գրքից կամ համացանցից ինչ-որ բան արագ վերցնելը: Երբ սովորողները դեմ առ դեմ են բարդ խնդիրներին՝ առանց պատրաստի լուծումների, նրանք շատ կրկնողական գործողություններ և հարցադրումներ են անում, և հնարավոր է, որ ավելի օպտիմալ լուծումների հանգեն իրենց ինքնատիպ և քննադատական մտածողությամբ: Նրանք հարցադրումներ են անում, դրանց պատասխանները գտնելու համար աղբյուրների փնտրտուք են անում, հետո ավելի հեռուն գնացող հարցեր են տալիս: Այդ գործընթացը կրկնվում է մինչև նրանք խնդրի լուծմանն են հանգում, կամ էլ հարցին բավարար պատասխան են տալիս:
Նախագծերը կարող են միավորել տարբեր տեղեկատվական աղբյուրները. ավանդական գիրք կարդալը և համացանցում տեղեկատվություն փնտրելը միահյուսվում են իրական կյանքի տեղեկատվական աղբյուրներին՝ առարկայական փորձերին, տվյալ բնագավառի փորձագետների հետ հարցազրույցներին: Սովորողները կարող են նաև հարցեր տալ այն մարդկանց, որոնք օգտագործելու են իրենց նախագծով ստեղծվող արտադրանքը, կամ էլ հարցումներ անել սոցցանցերում:
Նախագծի վավերականությունը (իսկությունը)
Երբ մարդիկ ասում են, որ ինչ-որ բան վավերական է, նկատի ունեն, որ դա իսկական է, կեղծ չէ: Ուսումնական նախագծեր ձեռնարկելիս պետք է մտածել, թե որքանով են դրանք իրական կյանքին մոտ: Վավերականությունը մեծացնում է սովորելու շարժառիթը, ձգտումները: Ուսումնական նախագծերում նշվող խնդիրները պետք է նման լինեն այն խնդիրներին, որոնց հետ մարդիկ առնչվում են իրական կյանքում. օրինակ՝ ձեռներեցները գործարար պլան են մշակում, ճարտարագետները կամուրջ են նախագծում, նախագահի (վարչապետի) խորհրդականները խորհուրդներ են տալիս տարվող քաղաքականության վերաբերյալ, լրագրողների խումբը հասարակությանը հուզող մի որևէ հարցի մասին արհեստավարժ վավերագրական ֆիլմ է ստեղծում՝ օգտագործելով համակարգչային խմբագրող տարբեր ծրագրեր: Ուսումնական նախագիծը մեծ ազդեցություն կունենա հանրության վրա, եթե սովորողները հանրային համայնքային նշանակության նախագծեր իրականացնեն. օրինակ՝ դպրոցական պարտեզի նախագծումը և ստեղծումը, հանրային զբոսայգու բարելավման աշխատանքներ կատարելը[2]:
Սովորողի ձայնը և ընտրությունը
Սովորողները նախագիծն իրենցն են համարում, եթե դրա ստեղծման գործում մասնակցություն են ունեցել: Այդ դեպքում նրանք ավելի ջանասիրաբար են աշխատում: Նրանք նախագծի իրականացման վերահսկողությունը իրենց ձեռքն են վերցնում, որոշում են իրենց դերը աշխատանքի բաժանման ընթացքում՝ որպես աշխատանքային թիմի անդամ: Հետազոտական աշխատանքի ժամանակ իրենք են ընտրում տեղեկատվական աղբյուրները: Եվ հակառակը, եթե սովորողներին նախագծի առաջարկ անելու, իրենց դատողություններն օգտագործելու հնարավորություն չի տրվում, ապա այդ աշխատանքը նրանք չուզենալով և պարտավորված են անում՝ ըստ ցուցումների:
Անդրադարձ կատարվող կամ կատարված աշխատանքին
Ջոն Դյուին, որի մտքերը շարունակ մեզ մտածելու տեղիք են տալիս, գրել է՝ փորձ անելով չենք սովորում. սովորում ենք մեր փորձի մասին դատողություններով անդրադարձ կատարելիս: Նախագծի իրականացման ողջ ընթացքում սովորողները և ուսուցիչը պետք է պարբերաբար անդրադարձ կատարեն իրենց անցած ուղուն՝ պատասխանելով այս հարցերին՝ ի՛նչ են սովորել, ինչպե՛ս են սովորել և ինչո՛ւ են սովորել: Այդպես անելով՝ նրանք արժևորում են իրենց ստացած գիտելիքներն ու կարողությունները և գիտակցում են, թե որտեղ կարելի է դրանք կիրառել: Անդրադարձը կարող է լինել հպանցիկ՝ որպես դասարանական ուսուցիչ-սովորող երկխոսություն, բայց այն պետք է արձանագրվի նաև նախագծի կատարողական մատյանում, ներկայացվի դպրոցի լսարանին, համայնքին: Դրանք նախագծային կատարված աշխատանքի անհրաժեշտ պաշտոնական գնահատումներ են:
Քննություն և վերանայում
Նախագծային ուսուցմամբ դպրոցում պետք է սովորեցնել, որ սովորողները քննության ենթարկեն և գնահատեն իրենց հասակակիցների կատարած աշխատանքը, իրականացվող նախագծի ընթացքը: Իրականացվող և արդեն իրականացված նախագծերը կարող են գնահատել նաև նախագծի բնագավառի արտաքին փորձագետներ[3]:
Վերջնական արդյունքի հանրային ներկայացում
Ուսումնական նախագծի վերջնական արդյունքը` «ապրանքը», կարող է լինել առարկայական, շոշափելի, կամ էլ մի խնդրի լուծման կամ հանրային հնչեղություն ունեցող հարցի պատասխանի ներկայացում: Նախագծի վերջնական արդյունքի հանրային ներկայացման հեռանկարը մեծացնում է նախագծի լրջությունն ու դրա նկատմամբ պատասխանատվությունը: Մի բան է նախագծի արդյունքը դասընկերներին ներկայացնելը, մեկ այլ բան է դա ամբողջ դպրոցին, առավել ևս՝ դպրոցից դուրս, համայնքին ներկայացնելը: Նախագծի վերջնական արդյունքի հանրային ներկայացմամբ հետաքրքրվում են նաև ծնողները, և այն ավելի սոցիալական բնույթ է կրում: Նախագծային ուսուցմամբ ձեռք բերվող կրթության հանրային գնահատականն ավելի բարձր է, քան առարկայական քննական թեստերից ստացած միավորները:
Օգտագործված աղբյուրներ
- BIE , BUCK Institute for Education
- John Larmer, 2015 “Gold Standard PBL: Essential Project Design Elements”
- Project Based Learning
Լուսանկարը՝ Նարե Ղալամքարյանի
1 Այստեղ կարող ենք նշել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Հայկուհի Հովհաննիսյանի նմանատիպ նախագիծը «Թուղթը աղբ չէ, պլաստիկը աղբ չէ, ապակին աղբ չէ»:
2 Այստեղ տեղին է նշել մեր կրթահամալիրի «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը:
3 Այս գործառույթը մեր կրթահամալիրում իրականացվում է տարբեր ստուգատեսների ժամանակ, երբ անվանակարգերի հանձնաժողովում ընդգրկվում են ծնողներ, այլ փորձագետներ: