Աշխարհի մի շարք երկրներում ռոբոտաշինությունը ակտիվ կերպով ներխուժում է ուսումնական պրոցես՝ իր հետ բերելով բազմաթիվ խնդիրների լուծումներ, իր հերթին նաև նորանոր խնդիրներ առաջադրելով դասավանդողներին:
Ռոբոտաշինությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացող հեղինակային կրթական ծրագրի շրջանականերում ինժեներական ստեղծագործության բաղկացուցիչ մասն է և անցել է զարգացման բավականին հետաքրիր ուղով: Ի սկզբանե գործել է ծրագրավորողների խմբակ, որը հիմնականում զբաղվել է ծրագրային ռոբոտաշինությամբ՝ չնչին մաս թողելով գործնական աշխատանքներին: Վերջին մի քանի տարիների ընթացքում (2013թ-ից) կտրուկ փոխվեց մոտեցումը.  նախ և առաջ ինժեներական ստեղծագորտությունը ավելի շատ հիմնվեց գործնական աշխատանքների վրա, հասանելի դարձավ ավելի փոքր տարիքի սովորողներին (սկսած 4-րդ դասարանից),  և որ ամենակարևորն է, ստեղծվեց պահանջներին բավարարող նոր լաբորատորիա։

Ներկայիս լաբորատորիան բաղկացած է էլեկտրոնիկայի, քիմիական-ֆիզիկական փորձարկումների, մեխանիկական աշխատանքների, եռաչափ մոդելավորման, ռոբոտաշինության, ծրագրավորման և կենսաֆիզիկական փորձերի բաժիններից: Լաբորատորիայում արդյունավետ գործունեության համար շատ կարևոր է ֆիզիկական միջավայրը, այսինքն՝ լուսավոր և ընդարձակ լինելը: Ժամանակակից լաբորատորիան անհնար է պատկերացնել առանց ժամանակակից տեխնիկական միջոցների բավարար տեսականու, որն իհարկե առկա է կրթահամալիրի ինժեներատեխնիկական լաբորատորիայում (եռաչափ տպիչ, arduino մինի համակարգիչներ, էլեկտրական դետալներ, քիմիական փորձանոթներ և նյութեր, հարմար մեխանիկական գործիքներ, անօդաչու թռչող սարք և այլն)։ Ժամանակի ընթացքում այս տեսականին համալրվում և թարմացվում է:

Ինժեներական ստեղծագործությունը լուծում է մի շարք խնդիրներ՝

  • ներառում է սովորողներին
  • նպաստում է սովորողների մասնագիտական կողմնորոշմանը
  • նպաստում է տեսական գիտելիքների յուրացմանը
  • սովորողները ձեռք են բերում կիրառելի հմտություններ։

Նախ և առաջ՝ սովողների խումբը գործում է կամավորության սկզբունքով, այսինքն՝ առաջնայինը սովորողի ցանկությունն է: Յուրաքանչյուր սովորող, մուտք գործելով լաբորատորիա և ծանոթանալով լաբորատորիայում գործունեության ձևերին, հնարավորություն է ստանում ինքնուրույն ընտրելու գործունեության իրեն հարմար ձևը:
Ինժեներական ստեղծագործության գլխավոր առանձնահատկությունների շարքում շատ կարևոր է, որ սովորողների գործունեության յուրաքանչյուր ձև սերտորեն կապվում է նաև նրա առօրյայի հետ: Սովորողի գործունեության յուրաքանչյուր ձև՝ ռոբոտ հավաքել, մեխանիզմ աշխատեցնել, գործիքներով աշխատել և այլն, հնարավորություն է տալիս ձեռք բերելու հմտություններ, որոնք խիստ անհրաժեշտ են կենցաղում: Ինչ-որ մասով նա նաև փոխարինում է ավանդական «աշխատանքի ուսուցում» դասընթացին, ուղղակի այս դեպքում առավելությունն այն է, որ ձեռք բերած յուրաքնչյուր հմտություն սովորողը կիրառում է անմիջապես՝ ստանալով ցանկալի արդյունքը:
Ուսումնառության պրոցեսի ընթացքում սովորողները ձեռք են բերում գիտելիքներ, որոնք կարող են արդեն կոնկրետ գործնական կիրառություն ստանալ: Մասնավորապես, ամենատարբեր հաշվարկներ կատարելու համար օգտագործում են իրենց մաթեմատիկական գիտելիքները: Տարբեր նյութերի հետ աշխատելու ժամանակ անհրաժեշտ են այդ նյութերի ֆիզիկական ու քիմիական հատկությունների մասին պատկերացումները: Հաճախ սովորողների գլխում տարբեր հարցեր առաջնում են հենց լաբորատոր գործունեության ժամանակ:

Ժամանակակից աշխարհում անընդհատ ավելանում է ինժեների մասնագիտության պահանջը տնտեսության տարբեր ճյուղերում, իսկ դպրոցում սովորողները հաճախ չեն կարող ծանոթանալ տվյալ մասնագիտությանը, այնինչ նմանատիպ լաբորատորիաներում սովորողը ոչ միայն կարող է ձեռք բերել հետագա մասնագիտության ընտրության հարցում օգտակար տեղեկություն, այլև զարգացնել իր ինժեներատեխնիկական մտածողությունը:  

Արդյունքներ

Ի մի բերելով վերջին մի քանի տարիների գործունեությունը՝ արձանագրում ենք.

  • ընդլայնվել և շարունակում է ընդլայնվել ընդգրկաված սովորղերի տարիքային սանդղակը, մասնավորապես, սովորողը առաջին քայլերը կարող է կատարել արդեն 4-րդ դասարանում:
  • Ունենք ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որը պարբերաբար տեխնիկապես և նյութապես վերազինվում է նորագույն տեխնոլոգիաներով (եռաչափ տպիչ, arduino մինի համակարգիչներ, էլեկտրական դետալներ, քիմիական փորձանոթներ և նյութեր, հարմար մեխանիկական գործիքներ, անօդաչու թռչող սարք և այլն)։
  • Սովորողներին հնարավորություն է տրված ամենատարբեր մրցույթների մասնակցելու և լավ արդյունքներ գրանցելու, օրինակ՝ «Կանաչ լուսավորություն» նախագծի շրջանակներում կրթահամալիրի սովորողների հաջողությունները:
  • Զարկ տրվեց արտադրական ուսուցմանը:

Հետագա զարգացման հեռանկարները.

  • ընդլայնել համագործակցությունը կրթահամալիրում գործող ընտրությամբ այլ խմբերի հետ.
  • առավել ընդգրկված մասնակցել հայաստանյան և միջազգային մրցույթներին.
  • նյութատեխնիկական միջոցները պարբերաբար թարմացնել և համալրել.
  • բնագիտատեխնիկական ամառային դպրոց կազմակերպել։

Հեղինակային կրթական ծրագրի շնորհիվ կրթահամալիրում գործում են ընտրությամբ մի շարք այլ գործունեության խմբեր, մասնավորապես դիզայնի, կար ու ձևի, խեցեգործության, բուսաբուծության, աստղագիտության և այլն, որոնց հետ նախատեսվում է համատեղ նախագծերի իրականացում:
Չնայած կրթահմալիրի կողմից կազմակերպվող ամենամյա բնագիտատեխնիկական ստուգատեսը լավ հարթակ է սովորողների աշխատանքները ներկայացնելու համար, սակայն առավել կարևոր է նաև այլ մրցույթների մասնակցելը, ինչը, անշուշտ, խթանում է տվյալ գործունեությամբ զբաղվող սովորողներին: Հետագայում նախատեսում ենք առավել շատ այդպիսի մրցույթների ու ցուցադրությունների մասնակցել:

Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով