Բոլորը գիտեն, որ երաժշտությունը կրթում և դաստիարակում է մարդուն, հղկում է ճաշակ, ինտելեկտ, օգնում է աշխարհայացքի կերտմանը և ձևավորմանը: Երաժշտությամբ դաստիարակելը պետք է սկսել ամենափոքր տարիքից՝ մատուցելով երեխային հասկանալի, հետաքրքիր, բարձրարժեք երաժշտություն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտության հեղինակային ծրագիր իրագործելու համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:
4-5-րդ դասարաններում երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության և պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, ծեսերի և տոների մասնակցության, նախագծային ուսուցման (տոնացույց, հեղինակային մանկավարժություն) ծրագրերով, ինչպես նաև երաժշտա-տեսական գիտելիքների, երաժշտա-ռիթմիկ ընդունակությունների զարգացման միջոցով:
Երաժշտության ուսուցման հիմքում ընկած են Կոմիտասի կողմից գրառած և մշակած ազգային, ժողովրդական երգերը: Առաջնային դեր ունեն նաև ազգային, ժողովրդական պարերը, դասական երաժշտությունը:
Նախագծային ուսուցում՝ տոնացույցով, հեղինակային մանկավարժական ծրագրերի միջոցով
4-5-րդ դասարաններում երաժշտությունը կազմակերպվում է նախագծային ուսուցմամբ՝ կրթահամալիրի տոնացույցի և հեղինակային մանկավարժական ծրագրերի միջոցով: Այս դասարաններում երաժշտությունը շաբաթական 2 դասաժամ է, որի արդյունքում իրականցվում են ավելի շատ և արդյունավետ նախագծեր: Նախագծերը կազմվում են` ելնելով կրթահամալիրի օրացույցից, ծեսերից, տոներից, ստուգատեսներից:
Խմբային երգեցողություն և պար
4-5-րդ դասարաններում խմբային երգեցողության հիմքում ընկած է ինտոնացիոն մաքուր երգեցողությունը, կատարողական գրագիտությունը և կուլտուրան, կերպարային զգացողությունը, ճիշտ շնչառությունը: Այս տարիքում ավելի տեսանելի է նոր ձևավորվող անհատի աճը: Խմբային երգեցողությունը և պարը ձևավորում են թիմային միասնականության մոդել, ինչպես նաև հղկում են ճաշակ:
«Դասարանական երգչախմբերի ստուգատես-փառատոն» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողները վերը նշված հմտությունների շնորհիվ խմբային երգեցողության շատ լավ ելույթներ ունեցան:
Պարի դասավանդման խնդիրն ավանդական պարին բնորոշ ընդհանուր գիտելիքների, շարժումային համակարգի, զգացողության փոխանցման, ինչպես նաև ազգային պարերի տարածումն է: Ավանդական պարերի ուսուցումը 4-5- րդ դասարաններում իրականցվում է ցածր դասարաններում արդեն ստացած հմտությունների հիման վրա:
Ավանդական պարերի ուսուցմանը նպաստող նախագծերից է «Պարերգեր. Երգ, շարժում, պար» երկարաժամկետ նախագիծը: Այստեղ սովորողները ձեռք բերեցին միաժամանակ երգելու, պարելու, ճիշտ շնչելու, երկար տեքստը հիշելու, խմբով աշխատելու հմտություններ: Նախագծի արդյունքում նրանք ծանոթացան հայկական ժողովրդական պարային քայլքին, էլեմենտներին, շարժումներին:
Խմբային երգեցողության ամենամեծ արդյունք եմ համարում «Պարերգեր» սկավառակի ձայնագրումը և շնորհանդեսը:
Խմբային երգեցողությունը և պարը իրականացվում են առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթ- համերգների, առանձին դասարան-համույթների, համատեղ միասնական դաս-համերգների, կրթական ծրագրերի փոխանակումների, ուսումնական ճամբարների, ճամփորդությունների ժամանակ:
Երաժշտության ունկնդրում
Ունկնդրվող նյութերն ընտրվում են ազգային, հոգևոր և դասական երգերից, պարեղանակներից, հայ և այլազգի կոմպոզիտորների լավագույն դասական ստեղծագործություններից: Կարևոր է, որ սովորողը ոչ միայն լսի, այլև ընկալի երաժշտությունը: 4-5-րդ դասարանցիները շատ լավ օգտվում են համացանցից, վարում են սեփական բլոգները: Այս տարիքում պետք է նրանց ճիշտ ուղղորդել, որպեսզի սովորողները կարողանան օգտվել ուսումնական երաժշտական կայքերից, էջերից: Ունկնդրումը իրականացվում է ոչ միայն երաժշտության դասաժամերին, այլև տանը: Ունկնդրման կուլտուրայի ձևավորումը կատարվում է կրթահամալիրային և արտագնա համերգների շնորհիվ:
Կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով՝ հեղինակային երաժշտական նախագծերի, տոների և ծեսերի իրականացման ընթացքում, սովորողների և ծնողների համար ձայնադարանում պարբերաբար ստեղծում եմ երաժշտական փաթեթներ, սկավառակներ, որոնք ուղարկում եմ նրանց էլեկտրոնային հասցեներին:
Ծեսերի և տոների մասնակցություն
Ծեսերի և տոների նպատակը այն սովորողինը դարձնելն է, որ նա իրեն մասնակից ու փոխանցող զգա: 4-5-րդ դասարանցու համար ծեսը դառնում է իսկական ուսումնասիրության և հետազոտության աղբյուր: Նրանք կարողանում են համացանցից, ընտանիքի անդամներից, գրքերից տեղեկություններ հավաքել, գրառել, հորինել ասացվածքներ, խոսքեր, հանելուկներ, ստեղծել իրենց սեփական ներկայանալի կերպարները, պատրաստել ուտեստներ և այլն:
Հյուսիսային դպրոց–պարտեզում «Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» նախագծի շրջանակում սովորողների հետ իրականացրինք Տյառնընդառաջի, Բարեկենդանի, Զատկական ծեսերը, որոնք իսկական տոն դարձան 4-5-րդ դասարանցիների համար: Սովորողները ծիսական նյութը շատ լավ էին յուրացրել, որի արդյունքում դարձան ծեսի հիմնական կազմակերպիչները և ազատ, անկաշականդ իպրովիզներ արեցին:
Ծեսը միավորում է բոլորին, դառնում է համադպրոցական, ընտանեկան: Այն կարելի է դիտել ոչ միայն որպես երաժշտական նախագիծ, այլև տեխնոլոգիական, մաթեմատիկական, մարզական և այլն: Սովորողը ծեսերին նախապատրաստվելու և իրականացման ընթացքում կարողանում է իրեն լավագույն ձևով դրսևորել և ձեռք բերել նոր հմտություններ ու կարողություններ:
Համերգներ
Համերգների նպատակն է սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, ձևավորել երաժշտություն ունկնդրելու կուլտուրա, զարգացնել երաժշտական ունակությունները, ստեղծագործական երևակայությունը, նպաստել ազգային, հոգևոր և դասական երաժշտության յուրացմանը և ձևավորել կիրթ ունկնդիր:
Համերգին մասնակցելու համար սովորողը կատարում է հետազոտական աշխատանք. օգտվում է համացանցից, գրականությունից, հավաքում տեղեկատվություն և ստեղծում ճանաչողական-ուսումնական ֆիլմեր, պատումներ և տեղադրում իր բլոգում:
Կրտսեր դպրոցի երաժշտական կրթություն ստացող կամ արդեն ստացած սովորողների միջոցով իրենցից ավելի կրտսերների համար կազմակերպվում են փոքրիկ համերգներ:
4-5-րդ դասարանի սովորողները ձմեռային ճամբարային օրերին ելույթ ունեցան 2-3-րդ դասարանցիների համար:
Համերգների արդյունավետ կազմակերպման ձև են միասնական, համատեղ դաս-համերգները, որտեղ սովորողները ծանոթանում են իրենց տարեկիցների հետ, տեսնում են նրանց երգելու առավելությունները, թերությունները, համեմատվում են միմյանց հետ:
4-5-րդ դասարանի սովորողների համատեղ դաս-համերգ կազմակերպեցին Հարավային դպրոց-պարտեզի սովորողների հետ:Իսկ 4-րդ դասարանի սովորողները համատեղ բացօթյա դաս-համերգ կազմակերպեցին Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողների հետ:
Մեդիաուրբաթ-համերգներին մասնակցելը ուսումնական նախագծերի ցուցադրման լավ հարթակ է: Սովորողները առանձնակի ոգևորությամբ են պատրաստվում և ներկայանում ելույթներին:
Ավելի պրոֆեսիոնալ համերգներ արդեն Ավագ, Միջին դպրոցներում կազմակերպում է կրթահամալիրը՝ հրավիրելով մասնագետ երաժիշտ-կատարողների, որոնք, բնականաբար, տարբերվում են համերգասրահներում ներկայացվածներից: Այստեղ ունկնդիրը ինչպես ֆիզիկապես, այնպես էլ երաժշտական ընկալմամբ ավելի մոտ է կատարողների հետ և այլ տպավորություն է ստանում: Իհարկե, այլ համերգասրահներում կազմակերպված համերգների և երաժշտական ներկայացումների այցելությունն էլ շատ կարևոր և անհրաժեշտ է:
Երաժշտա-տեսական գիտելիքների զարգացում
4-5-րդ դասարաններում երաժշտա-տեսական գիտելիքների ուսուցումը կատարվում է շատ պարզ, տարրական գիտելիքների յուրացման և ընդհանուր ճանաչողության, զարգացման համար:
Երաժշտա-ռիթմիկ ընդունակությունների զարգացում
Երաժշտա-ռիթմիկ ընդունակությունների զարգացումը 4-5-րդ դասարաններում իրականացվում է ռիթմիկ վարժությունների` ծափերի, դոփյունների, քայլքի, ռիթմիկ արտասանության, պարի, երաժշտական ինքնաշեն գործիքների նվագակցության միջոցով:
Հյուսիսային դպրոց-պարտեզում 2016 թ. սեպտեմբերից փորձարկում եմ «Ռիթմի թատրոն» նախագիծը: Սովորողները գիտեն, որ նախագիծը փորձարարական է: Նրանց հետ ազատ ռիթմիկ փորձեր, իմպրովիզացիաներ ենք անում՝ փորձելով ստեղծել ալտերնատիվ նվագախումբ, երգչախում:
Երաժշտության ուսուցումը 4-5-րդ դասարաններում կազմակերպվում է նաև բացօթյա միջավայրում՝ բակում, տանիքում, այգում, դաշտում, գետափում, արտագնա ճամփորությունների` դեպի թանգարան, եկեղեցիներ այցերի և կրթական ծրագրերի փոխանակումների միջոցով:
Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգը 4-5-րդ դասարաններում կատարվում է սովորողի կատարած, հրապարակած գործունեության արդյունքներով:
Խմբագիր՝ Արևիկ Ներսիսյան