Տեխնոլոգիական կրթությունն ու մանկավարժական մեթոդների տարատեսակ կիրառումը զարգացնող խաղերի տեսքով հնարավորություն տվեցին մեր առջև դնելու առօրյա խնդիրներ և հասնելու դրանց արդյունավետ լուծմանը:
2016-2017 ուսումնական տարվա մեծ նախագծերը մշակելիս փորձեցինք իրականացումը կազմակերպել խմբային աշխատանքներով, երբ խմբում ներառվում են տարբեր դասարանների սովորողները՝ իրենց ընտրությամբ։
Զարգացնող խաղերի ստեղծման նախագիծը նույնպես համագործակցային էր: Նախագծի նպատակը միայն զարգացնող խաղեր ունենալը չէր, այլ դա ինքնուրույն ստեղծելը և կրտսեր ընկերներին փոխանցելը: Բացի դրանից, նոր խաղ ստեղծելը սովորողներին հնարավորություն կտա ստեղծագործելու և առանց գումար ծախսելու, ինչու ոչ, նվիրելու: Այս նախագիծը հնարավորություն է տալիս, որ սովորողը ձեռք բերի ինքնուրույնություն և զարգացնի սեփական հմտությունները: Ստեղծված խաղերը նպաստում են մտածողության զարգացմանը, լայնացնում են մտահորիզոնը, ձևավորում ճկուն միտք, ստեղծագործական հայացք:
Խմբային ուսուցման մեթոդով զարգացնող խաղերի ստեղծման նախագիծը ստացվեց ինքաբուխ: Այս մեթոդը դարձավ աշխատանքային փուլի լավագույն լուծումներից մեկը: 4-5-րդ դասարաններում տեխնոլոգիայի դասընթացի կազմակերպման ընթացքում ստեղծվեցին ժամանակավոր փոքրիկ խմբեր, որոնք առաջադրված թեմայով աշխատում էին ինքնուրույն, սակայն բոլորի մեծ գործի ինչ-որ մասն են անում:
Խմբային ուսուցման մեթոդի կարևորագույն փաստն այն է, որ ուսուցիչը երկրորդ պլանում է, որպես մասնակից: Աշխատանքի մեջ ներառված յուրաքանչյուր մեկը՝ դասավանդող, սովորող, ծնող, սկզբունքորեն իրավունք ունի դասընթացի բովանդակային որոշումներում, աշխատանքի արդյունքների կազմակերպման և այն ներկայացնելու գործում իր առաջարկն անելու։ Սա սովորողին ինքնուրույն է դարձնում նաև ընդհանուր ստեղծարար գաղափարներում:
Խմբային ուսուցումը, ելնելով իր կառուցվածքից, կարող է մի քանի գործառույթներ իրականացնել, որոնք ակնհայտ կերպով դասարանային ուսուցման շրջանակներում սահմանափակ են։
- Խմբային ուսուցման ժամանակ ավելի շատ սովորողներ կարող են մասնակցել դասընթացին, քան դասարանային ուսուցման ժամանակ։
- Սովորողները կարող են թիմային կապ հաստատել և այն զարգացնել խմբում։
- Նրանք կարող են ինքնուրույն աշխատել։
- Նրանք կարող են հետաքրքրություն ցուցաբերել։
- Նրանք նոր թեմայի վերաբերյալ կարող են ուսուցչի կողմից չնախատեսված տեսակետներ առաջ քաշել և աշխատել իրենց գաղափարների շուրջ։
- Խմբային ուսուցումը թույլ է տալիս ուսուցչին իր սովորողներին հստակորեն, ավելի պարտավորված կերպով տարբեր դերերում հետևելու, քան դասարանային ուսուցման պարագայում է։
- Խմբային ուսուցումը ավելի շատ ժամանակ է պահաջում, քան դասարանային ուսուցումը, քանի որ սովորողներին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ առաջադրված աշխատանքը կատարելու, խնդիրը լուժելու համար:
Այս ամենից ելնելով՝ սովորողները պետք է զարգացնեն բարձր պատասխանատվություն սեփական սկզբունքների հանդեպ, որպեսզի խմբային աշխատանքը հաջողություն ունենա: Խմբային աշխատանքն, անշուշտ, ունի նաև այն իրականացնելու դժվարություններ:
Խմբային աշխատանքի մեջ կարող են ներառվել բոլոր սովորողները, անկախ իրենց ֆիզիկական հնարավորություններից՝ աշխատանքի մեջ բացահայտելով իրենց թաքնված ընդունակությունները: Արդյունքում բարձրանում է սովորողի ինքնագնահատականը, և նա դառնում է ավելի ինքնավստահ:
Խաղը կարող է օգնել միջանձնային կոնֆլիկտների լուծման ավելի արդյունավետ ճանապարհներ գտնելուն:
Հաջողված խմբային աշխատանքի համար սովորողները պետք է թեմայի շուրջ համախմբվեն, ինչը ստացվեց «Զարգացնող խաղերի ստեղծում» նախագծի ընթացքում:
Շատ կարևոր է նաև շրջապատող միջավայրը: Երբ խմբում հարմարավետ, լուսավոր միջավայր է, մասնակիցները գործում են ավելի վստահ, ձգտում են սովորել և ստեղծագործել: Խաղերն այդպիսի մթնոլորտ ստեղծելու ամենաարդյունավետ մեթոդներից են համարվում: Խաղերը զգացմունքների արտահայտման և շրջապատող միջավայրի ճանաչման հզոր միջոց են: Խաղի ժամանակ սովորողները ցուցաբերում են կամքի ուժ, համարձակություն, իրավիճակին ստեղծագործաբար մոտենալու կարողություն, իմացումի հրճվանք:
Խաղերի ստեղծման նախագիծն այնքան գրավիչ դարձավ, որ շարունակական եղավ։ Գարնանային նախագծային շաբաթվա ընթացքում սովորողների հետ շարունակեցինք խաղերի ստեղծման մեր նախագիծը: Այս անգամ համագործակցեցինք Արևիկ Բաբայանի հետ, ում հետ առավել հետաքրքիր և արդյունավետ դարձավ մեր աշխատանքը: Մեր և մեր կրտսեր ընկերների համար փորձեցինք ստեղծել հիշողությունը մարզող խաղեր:
Ստեղծված խաղի հաջողությունը մեզ ոգևորեց և որպես շարունակություն սկսեցինք պատրաստել հանգստացնող խաղեր:
Այս աշխատանքին հաջորդեց զգայական գորգերի ստեղծումը, աշխատանք, որ նաև զարգացնում է մանր մոտորիկան՝ ձեռքի մատների միջոցով՝ շարժողական ակտիվությունը, նյարդային, մկանային, ոսկրային համակարգերը: Ձեռքի մատների շարժումները ուղիղ կապ ունեն և ազդում են մարդու նյարդային համակարգի, խոսքի, գրելու և նկարելու հմտությունների վրա: Մատների ծայրերին գտնվող նյարդային վերջույթները հսկայական նյարդային ազդակներ են հաղորդում գլխուղեղին: Այդ ազդակները մասնավորապես ձևավորում են երեխայի բանավոր խոսքը: Ահա թե ինչու է այդքան կարևոր մանր մոտորիկայի զարգացմանը նպաստել դեռ վաղ շրջանից: Խաղը պատրաստելուց հետո փորձեցինք ինքներս հասկանալ խաղի նշանակությունը՝ փակ աչքերով: Սովորողներն ունեցան ամենատարբեր զգացողություններն և հետաքրքիր պատկերացումներ սեփական զգայարանների մասին:
Նախագծի հաջողությունից ոգևորված՝ սովորողների հետ որոշեցինք վերափոխել և վերստեղծել մեզ բոլորիս ծանոթ X և O (կետ-խաչ) խաղը՝ այն առավել գունեղ և բազմագործառույթ դարձնելով: Չմոռացանք նաև մեր կուտակած փորձը փոխանցել մեր կրտսեր ընկերներին։ Խաղի ընթացքն անցավ շատ ուրախ, թեժ և մրցակցային: Արդյունքում ունեցանք մեր սեփական ձեռքերով պատրաստած խաղեր, ինչը մեծ բավականություն պատճառեց բոլորիս:
Դե՛ ինչ, աշխատանքային այս փուլը ավարտելուց հետո էլ նախագիծը շարունակություն ունի: Դեռ շատ անելիքներ ունենք, քանի որ սովորողների ստեղծագործ միտքը երբեք կանգ չի առնում: Աշխատելով սովորողների հետ՝ չեմ դադարում բացահայտելուց նրանց ներքին աշխարհը, հետաքրքրությունները, ստեղծագործ միտքը, վառ երևակայությունը, չկրկնվող գունեղ աշխարհը:
Այս ամենն ամփոփելով՝ կարող ենք հանգել հետևյալ եզրակացությանը, որ խմբային աշխատանքը զարգացնող խաղերի հետ մեկտեղ նախատեսված է ինքնուրույն մտածելու, զգալու, գործելու, կարողությունները զարգացնելու, մնացյալ սովորողների հետ համախմբվելու, միմյանց հասկանալու, երևակայություն զարգացնելու, աշխատանքային քայլերը պլանավորելու, աշխատանքի արդյունքը հաստատելու, ցույց տալու և արձանագրելու համար:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան