Մաս առաջին
1. Այլընտրանքն ընտրության արարչատուր իրավունքի անհրաժեշտ բաղկացուցիչն է:
2. Այլըտրանքային պատմությունն անցյալի իրականության վարկածային պատկերն է, որը ձևավորվում է «Բոլոր փաստերը պետք է ուսումնասիրվեն, բոլոր տեսակետները պետք է քննարկվեն» սկզբունքի համաձայն, և ունի սահմանային գիտության կարգավիճակ:
3. Այլընտրանքային պատմությունն ունի երկու մակարդակ՝
3.1. դասագրքերում ներկայացվող պատմական իրականության մեկնաբանման այլ տեսանկյուն, նաև՝ կանխամտածված կերպով չներկայացվող փաստերի հավելումով,
3.2. անցյալի իրականության այն էջերի ներկայացում և վերլուծություն, որոնք մերժվում կամ անտեսվում են ակադեմիական գիտության ներկայացուցիչների կողմից:
4. Անցյալի այլընտրանքային ներկայացումը (բնականաբար, ակադեմիականին զուգահեռ) նպաստում է՝
4.1. սովորողի մտավոր կարողությունների զարգացմանը,
4.2. գիտությամբ զբաղվելու ցանկության խթանմանը,
4.3. քաղաքացու արժեքային համակարգի ձևավորմանը:
5. Ինձ վստահված դասարաններում մեր նախագծի կենսագործման արդյունքում ակնկալում եմ՝
5.1. սեփական տեսակետը ձևակերպելու և պաշտպանելու, ինչպես նաև՝ ընդդիմախոսի փաստարկներն ընկալելու, հմտության ձևավորում,
5.2. օտար լեզուների իմացության կատարելագործում,
5.3. ուսումնասիրվող կամ հետազոտվող թեմայի աղբյուրների ընտրության և օգտագործման հմտության ամրակայում,
5.4. գրավոր և բանավոր խոսքի զարգացում,
5.5. սովորողի սոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացում:
6. Պատմությանն այլընտրանքային մոտեցումը նաև մեթոդ է, որի կիրառումը հարստացնում է ուսուցչի գործունեության բովանդակությունը:
Մաս երկրորդ
1. Իմ խոսքի առաջին մասում ես կարևորեցի այլընտրանքը, սահմանեցի «Այլընտրանքային պատմություն» հասկացությունը, այլընտրանքային պատմության երկու մակարդակները, ներկայացրեցի այլընտրանքային պատմության ուսուցման որոշ նպատակներ և արդյունքներ, կարծիք հայտնեցի, որ պատմությանն այլընտրանքային մոտեցումը նաև ուսուցչի գործունեության բովանդակությունը հարստացնող մեթոդ է:
2. Այսօրվա իմ խոսքն առավելապես փորձի ներկայացում է:
3. Ներկայացնում եմ ընտրելու իրավունքի դրսևորումներ՝
- VI դասարանցիների առարկայական ծրագրի երկու տարբերակ՝ «Պատմություն» և «Երեխաների համաշխարհային պատմությունը Հին աշխարհի պատմության համատեքստում»,
- տնային աշխատանքում ներառված առաջադրանքների, (օրինակ՝ VIII դասարանցիների) ընտրություն, թարգմանական գործունեություն, ուսումնա-հետազոտական աշխատանք (նաև՝ սովորողի ձևակերպած թեմայով),
- օգտագործվող աղբյուրների ընտրություն,
- նախագծերի ընտրության հնարավորություն ՝ «ՈՒԳԸ-ԱԳԸ. կրթական կամուրջներ», «Այլընտրանքային պատմություն», «Հետազոտական արշավային ճամբար», «Ների՛ր, աբբահայր», «Բռնադատվածներ», «Ամբողջատիրություն», «Միասնական Տիեզերք», «Մեր թաղը», «Պատմության վերակառուցում»:
4. Այլընտրանքային պատմության Ա մակարդակն ապահովվում է և՛ թեմայի բացատրության, և՛ առաջադրանքների ձևակերպման (օր.՝ 1. Սահմանել «Դպրոց» և «Քննություն» հասկացությունները։ 2. Թվարկել նախնադարում երեխաներին ուսուցանվող գիտելիքները։ 3. Նկարագրել նախնադարյան քննության որևէ օրինակ։ 4. Համեմատել նախնադարի և ժամանակակից դպրոցները), և՛ սովորողի փաստարկված անհամաձայնության խրախուսման մեթոդներով, ինչպես նաև վերը շարադրված գործունեության ձևերով: Բ մակարդակը հիմնականում ապահովվում է նախագծային գործունեության, հատկապես՝ «Այլընտրանքային պատմություն» և «Միասնական Տիեզերք» նախագծերի իրականացման ժամանակ: Թարգմանական գործունեություն և ուսումնահետազոտական աշխատանք կատարելիս ևս սովորողները երբեմն ընտրում են Բ մակարդակի այլընտրանքային պատմության թեմաներ:
5. Այլընտրանքային պատմության ուսուցման երկու գլխավոր նպատակներն են՝
1. սովորողների կարողությունների (սահմանել, համեմատել, նկարագրել, բնութագրել, ապացուցել և այլն) զարգացումը և հմտությունների (այսինքն՝ կարողությունների բարձրագույն աստիճանի) ձևավորումը,
2. ազգային-պետական հիմնախնդիրներին համարժեք անհատական և խմբային արժեհամակարգերի ամրակայմանը նպաստելը:
6. Այլընտրանքային մոտեցումը (հատկապես Ա մակարդակը) կիրառելի է ոչ միայն պատմության դասավանդման ժամանակ:
Խմբագիր՝ Մարիետ Սիմոնյան