Սույն հրապարակախոսությունը չէի ներկայացնի ընթերցողիս դատին, եթե վերջին նախագահական ընտրություններից հետո չլինեին սովորողներիս տարակուսած հարցադրումները, որոնք վերաբերվում էին այդ ընտրություններին, ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական գործընթացների առումով:
Միակ ընտրությունը, որ Հայաստանում տարակուսանքի տեղիք չի տվել, 1991թ. նախագահական ընտրությունն էր: Դրա վերաբերյալ դաշնակացական քարոզչամիջոցներից մեկը (այդ ընտրություններում դաշնակցությունն ուներ իր թեկնածուն, ի դեմս Սոս Սարգսյանի) գրեց. «Պարզից էլ պարզ էր, որ եթե անգամ առաջադրվեին Լևոն Տեր-Պետրոսյանը և Հիսուս Քրիստոսը, ձայների մեծամասնությամբ հաղթելու էր Տեր-Պետրոսյանը»: Հաջորդ բոլոր ընտրություններից հետո, բացառությամբ 1998թ. ընտրությունների, երբ երկրում կար այլ գործոն (ի դեմս համընդհանուր ռեպրեսիվ հեղինակության. չեմ մանրամասնում), երկրորդ տեղը գրաված թեկնածուն իր կողմնակիցների հետ դուրս եկավ փողոց: Մեծ հաշվով, բոլոր դեպքերում դրանք էական ոչինչ չտվեցին, բացառությամբ ևս մի քանի տարով հասարակությանն ընկճելու գործառույթից: Այս առումով, թերևս բացառիկ էին 2008թ. հետընտրական գործընթացներո, որոնք ինչքան էլ ողբերգական էին, այդքան էլ էական՝ հասարակական գիտակցության առումով:
Եվ այսպես, եկանք հասանք մեր օրերը, և փողոց դուրս եկավ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմնակիցներով: Որևէ կերպ չհեգնելով կամ խրախուսելով այդ գործընթացը՝ փորձենք սառը դատողի հայացքով կենտրոնանալ մի քանի կետերի վրա, որոնք պարզաբանումներ կմտցնեն սովորողների համար առաջացած հարցերում: Այստեղ կարող են մեզ մեղադրել հակամանկավարժության կամ հակաօրինականության մեջ, ասելով, որ գործ ունենք անչափահասների հետ: Բայց բնավ մեր մեղքը չէ, որ այդ անհատները, թեկուզ ոչ չափահաս, քաղաքացիներ են, հետաքրքրություն են հանդես բերում այդ գործընթացների նկատմամբ: Այս պարագայում մենք չենք կարող հեռու պահել նրանց իրականությամբ հետաքրքրվելուց, քանի որ դա կտա հակադարձ ռեակցիա: Առավել ևս, պետական չափորոշչով որոշված քաղաքացիական հասարակություն արժեքների, քաղաքացիական ակտիվության կայացման ճանապարհին սովորողի անտարբերությունն իր երկրում կատարվող գործընթացների նկատմամբ կարող է դիտարկվել որպես առնվազն կրավորական կեցվածք, իսկ նրան այդ կրավորականությանը դրդելը կամ ուղղակի դա սովորեցնելը հակասում է կրթական բոլոր սկզբունքներին: Խոսելով այդ մասին կամ անդրադառնալով այդ թեմաներին` շատ դեպքերում կարողանում ես նրան ճիշտ ուղղորդել և զերծ պահել քաղաքականությանն այնքան բնորոշ, երբեմն բացասական հոսանքների կամ իրողությունների մեջ ներառվելուց:
Պետության կայացման մոդել: Անցնող երկու տասնամյակները ժամանակի բավականին փոքր հատված են, որպեսզի Հայաստանում կայացնեին քաղաքական և պետական համակարգ՝ իրենց բոլոր բաղադրիչներով: Մյուս կողմից` բավական էին, որպեսզի ունենայինք մեկ քայլ առաջ վիճակ, քան այսօր է: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ և´ մեր, և´ մեր հարևանների կոկորդին կանգնած է ղարաբաղյան թնջուկը, իսկ իշխանական խավի վերարտադրությունը գլխավորապես հիմնված է այդ գործոնի վրա, ապա ունենք այն, ինչ ունենք: Այս պարագայում, մենք դեգերում ենք, թե ինչ մոդելով կայացնենք մեր պետական և քաղաքական մեքենան: Եվ այդ դեգերումն անում ենք առանց համակարգելու. այն ավելի շատ ունի հախուռն տեսք:
Այսպես. ընդունված է ասել, որ զարգացած Եվրոպայում կա պետության կայացման երեք մոդել։
Ա. Բրիտանական կամ պառլամենտական: Սա այն դեպքն է, երբ շարժումները կրում են զուսպ բնույթ, կարևորագույն հարցերը քննարկվում են պառլամենտում, լուծումները որոշվում են նույն այդ վայրում և հետո նոր միայն տարածվում են քաղաքացիների շրջանակներում:
Բ. Գերմանական կամ դպրոցական մոդել: Այս դեպքում «հասարակարգ», «պետական մեքենա», կարևոր գործընթացներ փոխելիս կամ չափորոշելիս նախ և առաջ համապատասխան գաղափարական փոփոխության են ենթարկվում դպրոցը և դպրոցական միջավայրը: Հետո նոր համապատասխան կրթություն և դաստիարակություն ստացած անհատը, ով համապատասխան գաղափարների կրողն է, գալիս է դրանք իրագործելու: Պատահական չէ, որ մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելը Հիտլերը ռևանշիզմի գաղափարը տարածում էր նախ և առաջ դպրոցում: Այս նույն սկզբունքն էր գործում նաև այն ժամանակ, երբ ֆոն Բիսմարկը հայտարարեց. «Ֆրանս-պրուսական պատերազմը չի հաղթել պրուսացի զինվորը, այն հաղթել է պրուսացի ուսուցիչը»:
Գ. Ֆրանսիական կամ փողոցային մոդել: Մինչ օրս էլ ֆրանսիացիները համարվում են քաղաքակրթված ազգերից մեկը: Սակայն, ցանկացած իրավիճակում, երբ իշխանական համակարգը գնում է դեպի ճգնաժամ կամ կայացնում է անցանկալի որոշում, ֆրանսիացիները դուրս են գալիս փողոց՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Պատահական չէ, որ Ֆրանսիական Մեծ Հեղափոխությանը նախորդած և հաջորդած կարճ ժամանակահատվածում եղան շուրջ երկու տասնյակ միկրոհեղաշրջումներ և հեղափոխություններ, որոնք բոլորն էին ուղեկցվում էին փողոցի կամ հրապարակի աջակցությամբ:
Փորձենք տեսնել, թե այս մոդելներից որն է մեզ համար կիրառելի: Նման «ինտելեկտուալ» կորիզ ունեցող խորհրդարանի պարագայում, երբ հասարակության վստահությունն այդ կառույցի հանդեպ գրեթե զրոյական է, դժվար թե մեզանում կիրառելի լինի բրիտանական մոդելը: Գրեթե նույն վիճակն է նաև դպրոցի առումով: Մեծ հաշվով, հանրակրթական դպրոցն ամեն օր նվազեցնում է իր հեղինակությունը և գնում ուղղակի լճացման: Իսկ, որպես կանոն, լճացած միջավայրում գաղափարներ չեն ծնվում կամ փորձարկվում: Մնում է երրորդը՝ ֆրանսիականը: Սա առավել տիպական է մեր միջավայրին: Ղարաբաղ մենք պահանջում էինք փողոցում կամ հրապարակում: Անկախության գնացինք փողոցում, վերոնշյալ բոլոր ընտրություններից հետո դուրս եկանք փողոց: Անգամ նախընտրական գործընթացներում շատ դեպքերում ուժի ցուցադրություն է դառնում փողոց կամ հրապարակ «լցնելը»: Անգամ ԱՄՆ նման հզոր երկրում, երբ թեկնածուներն ունեն գերապատիկ ավելի ռեսուրսներ, շատ հաճախ չեն գնում նման քայլերի: Վերջին հետընտրական գործընթացներն անկախ իրենց արդյունքից, շարունակությունն են այս շարքի: Շատ կարևոր է, որ փողոցում խնդիր լուծող քաղաքացին այդ փողոցն ընկալի որպես հրապարակ` դրան բնորոշ բոլոր գործառույթներով: Հրապարակ, որտեղ քաղաքական ծեսի շրջանակներում գործում է միջնադարյան կառնավալի սկզբունքը` արքաները դառնում են ծաղրածու, ծաղրածուները` արքա: Ասել կուզե, տիրում է հավասարաչափ հանրույթի մոդելը, որտեղ վերանում են բոլոր հակադրությունները, որոնք մինչ այդ կային հավաքվածների մեջ: Այս առումով ուսուցողական կարելի է համարել 1988-1990թթ ցույցային մշակույթը: Մյուս առումով, եթե 1991թ.-ից ցայսօր, մեր հասարակությունը չի լուծել իր խնդիրները փողոցում կամ հրապարակում, ապա դրանք ունեն իրենց հիմնային պատճառները, որոնց կարևոր է անդրադառնալ: Պետք է նաև նկատի ունենալ, որ հայկական միջավայրին տիպական չեն այլ միջավայրերում գործող մեխանիզմները: Այդպես էր 1988-1990թթ, երբ խորհրդային իշխանությունը կրակեց Բաքվում և Թիֆլիսում, բայց չկրակեց Երևանում: Այդպես էր նաև այն ժամանակ, երբ Վրաստանը և Ուկրանիան անցան հեղափոխության միջով, բայց Հայաստանը զերծ մնաց դրանից, չնայած այն հանգամանքին, որ օգտագործվող միջոցները և գործիքները նույնն էին: Սրանք պայամանվորված էին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով, որոնք առանձին թեմա են: Փողոց կամ հրապարակ դուրս եկածը պետք է իմանա.
- Բոլորը հավասար են այդ հրապարակում։
- Բոլորն ունեն մեկ նպատակ։
- Հավաքվածներն ամբոխ չեն, այլ գիտակցված հավաքական մարմին։
- Այդ մարմնին, չնայած իր տարբեր մասերի, առաջնորդում է մեկ միտք։
- Հրապարակում կանգնածը, եթե բացառիկ դեպքերը հաշվի չենք առնում, պարտավոր է խուսափել իշխանության ներկայացուցիչի հետ կոնտակտից կամ կոնֆլիկտից: Շատ դեպքերում դա խանգարում է ընդհանուր գործին։
- Վերջնական լուծումը կախված է հավաքի վճռականությունից։
- Ունենա համապատասխան մեխանիզմ, հաղթանակի պարագայում, հրապարակային համերաշխությունը կառավարման համերաշխության վերածելու: Միայն այս դեպքում է այն դառնում վերջնական:
Հեղինակ՝ Վահրամ Թոքմաջյան