մեռային ուսումնահետազոտական ճամբարի ընթացքում «Ապոլոն» գիտակների ակումբի մի խումբ սովորողների մասնակցությամբ իրականացրինք ազգագրական հարցում, որն իր մեջ ներառում էր կրթահամալիրում տոնածիսական վարքի արտահայտման ուսումնական նախագիծը:
Սույն հոդվածում կներկայացվեն այդ հարցման ընդհանուր նկարագիրը և արդյունքները: Հարցումն իրականացվել է չորս խմբով: Հարցմանը մասնակցել են 120 մարդ՝ 100 սովորող (ամենատարբեր տարիքային խմբերի), 20 դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ և դասավանդողներ: Բացի անհատական հարցումներից, կիրառվել է նաև ֆոկուս-խմբային հարցման մեթոդը: Հարցումներն իրականացվել են կրթահամալիրի բոլոր դպրոցներում՝ բացառությամբ Արհեստագործական ավագ դպրոցի, որտեղ հրաժարվել են դրան մասնակցելուց: Հարցումն իրականացվել է երկու թիրախային թեմաներով. «Սեբաստացու օրեր կրթահամալիրում. կրթահամալիրի տոն» և «Կոմիտասյան օրեր»: Ընտրությունը պատահական չէր, քանի որ առաջինն արդեն ունի խոր արմատներ, ապա երկրորդն այս տարի նշվեց բավականին մեծ շուքով, և թողած տպավորությունը կարող էր որոշակի արդյունք տալ հարցման ընթացքում: Առաջին հարցաշարն ուներ այս տեսքը.
Սեբաստացու օրեր կրթահամալիրում
Դպրոցների ղեկավարներին, կազմակերպիչներին, դասավանդողներին ուղղված հարցախումբ
1. Ի՞նչ եք հասկանում տոն ասելով:
2. Ձեր կարծիքով` այս տոնն իր մեջ ի՞նչ բաղադրիչներ է պարունակում:
3. Գնահատեք այլ հաստատություններից մարդկանց մասնակցությունը տոնին։
4. Ի՞նչ սոցիալական խմբեր են ներգրավված տոնին:
5. Գնահատեք ծնողների մասնակցությունը տոնին (միջոցների առումով):
Սովորողներին ուղղված հարցախումբ
1. Ի՞նչ եք հասկանում տոն ասելով:
2. Տեղյա՞կ եք, որ կրթահամալիրում անցկացվում են Սեբաստացու օրեր:
3. Արդյո՞ք հաճույքով եք մասնակցում տոնին:
4. Ի՞նչ մասնակցություն ունեք տոնին, ինչպիսի՞ն կուզեիք, որ տոնը լիներ, ի՞նչ փոփոխություններ կմտցնեիք:
Արդյունքում ունենք հետևյալ մոտավոր պատկերը: Սովորողների պատասխանները հիմնականում կրկնվող են: Առավել ավագ տարիքային խմբի սովորողները դժկամության են մասնակցում հարցմանը (հատկապես միջին և ավագ դպրոցի սովորողները): Սովորողների գերակշիռ մասը տոնի պասիվ մասնակիցներ են: Ծրագրերի ղեկավարների, կազմակերպիչների և դասավանդողների մի մասը (մոտ կեսը) դժվարանում է մի քանի նախադասությամբ նկարագրել «տոն» հասկացությունը, կոնկրետ այս տոնի հիմնական բաղկացուցիչները: Փոխարենն ավելի ակտիվ և ոգևորված են ավելի փոքր տարիքային խմբի սովորողները, ովքեր հիմնականում տոնի ակտիվ մասնակիցներ են՝ օժտված որոշակի կազմակերպչական գործառույթներով: Այս տոնի շրջանակում համեմատաբար ակտիվ է ծնողական համայնքը:
Երբ տոնը դիտարկում ենք ոչ շահագրգիռ անկյունից, այսինքն՝ «դրսի աչքով», ապա փաստում ենք հետևյալը. տոնում առկա են ուսումնական-մշակութային բազմաթիվ տարրեր: Այդ տարրերը չափորոշվում են ինչպես ակադեմիական «տոն» հասկացության պատկերացմանը վերաբերող հատկանշական կողմերով, այնպես էլ անհատի կրթական և գեղագիտական պահանջմունքերը բավարարելու համատեքստում: Տոնի անվանումը, այդ ընթացքում ներկայացվող նյութերը և փաթեթներն ինքնին ուսումնական բաղկացուցիչներ են: Իսկ կոնկրետ անցկացման վայրերը կարելի է դիտարկել տոնին անհրաժեշտ միկրոհամալիրի բաղկացուցիչ՝ բնակավայր, բնակարան կամ «հրապարակ»: Տոնի կարևոր և առկա բաղկացուցիչներից են երաժշտական ստեղծագործությունները, ծիսաշարը, խաղերը, ուտեստը, ցուցահանդեսները: Հատկապես կարևոր է նաև դրացիական համայնքի, այս պարագայում ծնողների ակտիվ ներգրավվածությունը: Կրտսեր տարիքային խմբի սովորողների համար այն գրավիչ է իր աշխուժությամբ: Ավագ տարիքային խմբի սովորողների հետաքրքության պակասը հիմնականում հիմնավորվում է այլ արժեհամակարգի ընկալումներով, տոնի գաղափարի ոչ լիարժեք մատուցմամբ և ուսումնական-մշակութային որոշակի բարդույթի առկայությամբ:
Կոմիտասյան օրերը կրթահամալիրում
Հարցաշար՝ ուղղված կազմակերպիչներին և ծրագրի ղեկավարներին
1) Ի՞նչ եք հասկանում տոն ասելով:
2) Ըստ Ձեզ, որո՞նք են Կոմիտասյան օրերի բաղադրիչ մասերը:
3) Ե՞րբ են մեկնարկում Կոմիտասյան օրերը կրթահամալիրում:
4) Ի՞նչ գիտեք Կոմիտասի մասին:
5) Ինչպիսի՞ ակտիվությամբ են մասնակցում տոնին կրթահամալիրից դուրս անձիք, այդ թվում` ծնողները:
6) Հաճույքո՞վ են մասնակցում միջոցառումներին սովորողները:
7) Ի՞նչ արդյունք է տալիս նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կրթահամալիրի բոլոր տարիքի սովորողների համար:
8) Ի՞նչ կցանկանայիք փոփոխել տոնի անցկացման կարգի և կազմակերպվող միջոցառումների մեջ:
9) Արդյո՞ք տոնն անցկացվում է միայն կրթահամալիրի տարածքում, թե՞ կրթահամալիրից դուրս նույնպես:
10) Դպրոցի սովորողներն ի՞նչ աստիճանի են ներգրավված տոնի ընթացքում կատարվող միջոցառումների մեջ:
Հարցաշար՝ ուղղված սովորողներին
1) Ի՞նչ եք հասկանում «տոն» ասելով:
2) Ի՞նչ գիտեք Կոմիտասի մասին:
3) Ե՞րբ են մեկնարկում Կոմիտասյան օրերը կրթահամալիրում:
4) Հաճույքո՞վ եք մասնակցում տոնին, թե՞ ոչ:
5) Կրթահամալիրից դուրս տեղի ունենու՞մ են ինչ-որ միջոցառումներ:
6) Ձեր ընկերներին, բարեկամներին կփորձե՞ք ներգրավել տոնի մեջ:
7) Կոմիտասյան օրերի բաղադրիչներից որո՞նք են Ձեզ ամենից շատ դուր գալիս:
8) Ի՞նչ եք սովորում նմանատիպ միջոցառումներից։
Այս պարագայում, եթե չենք անդրադառնում ընդհանրապես տոնի և դրա բաղադրիչների պատկերացումներին առնչվող, վերը նշված և մատուցված բաղադրիչներին, այլ կոնկրետ քննարկման առանցք ենք վերցնում բուն կոմիտասյան օրերը, ապա պատկերը հետևյալն է: Ինչպես և ակնկալվում էր, երգ-երաժշտություն դասավանդողները կարողացան շատ հստակ ներկայացնել այս տոնը, տոնի հիմնական բաղադրիչները և դրա հետ կապվող ուսումնական միջավայրը: Ծրագրի ղեկավարների և դասավանդողների պարագայում կրկին նկատվեց ոչ ամբողջական պատկերացում: Կազմակերպիչները կարծես ավելի էին ներգրավված: Հատկապես ոգևորիչ էին արդյունքները Դպրոց-պարտեզում և Գեղարվեստի կրտսեր և ավագ դպրոցներում: Վերջինի դեպքում կարող է դերակատարում ունենալ մասնագիտական ուղղվածությունը, բայց դա նույնպես արդյունք է: Հատկանշական է նաև, որ այս պարագայում ևս կրտսեր տարիքային խմբերի համար տոնի ուսումնական բաղադրիչն առավել արդարացված էր, չնայած այն հանգամանքին, որ այդ օրերի հետ կապված ուխտագնացությանը մասնակցեցին նաև մեծ թվով բարձր տարիքային խմբի սովորողները: Այստեղ արդյունքներն առավել մտաhոգիչ են, քանի որ թվում էր, թե հայրենագիտական-ուսումնական բաղադրիչը ևս պետք է նպաստեր Կոմիտաս ճանաչելուն և յուրացնելուն: Նման միտում կա նաև որոշ դասավանդողների պարագայում: Կոմիտասյան օրերին ցածր էր ծնողական համայնքի մասնակցությունը:
Այսպիսով՝ ինչպես տեսնում ենք, տոնածիսական համակարգի կայացումը և հիմնավորումն առավել արմատավորված է կրտսեր դպրոցներում: Սա նշանակում է, որ հիմնային մասում կա աճի միտում և ներուժ: Սա ունի իր փաստարկները՝ ղեկավարների, դասվարների և այլ օղակների աշխատողների հետևողականություն, դրական առումով ճաշակի ուղղորդում, սովորողի՝ առանց բարդույթների հանդես գալու սոցիալական հենք: Միջին և ավագ դպրոցներում այս համակարգի առաջ ծառացած են մի շարք խնդիրներ, չնայած պետք է փաստել, որ փոքր թիվ ունեցող ակտիվ մասնակիցների դեպքում առաջանում է արդյունավետ ուսումնական միջավայր: Խնդիրներից թերևս կարելի է փաստել սովորողների տարիքային ցենզին բնորոշ այլ հետաքրքրասիրությունների դրսևորումը, արժեքային կողմնորոշվածության մասնակի թերացած հիմքը, դասավանդողների մի մասի կրավորական վերաբերմունքը:
1. Թոքմաջյան Վ., «Պատմություն և մշակույթ», Երիտասարդության մասնակցությունը Էրեբունի-Երևան տոնակատարություններին, Եր., 2011թ.:
2. «Ապոլոն» գիտակների ակումբ, ԴԱՆ, Եր., 2012թ.:
Հեղինակ՝ Վահրամ Թոքմաջյան