Հունիսի 3, Թբիլիսի
Հունիսի 3-ին Թբիլիսիի Բոմոնդ Գարդեն հյուրանոցի առաջին հարկի նիստերի դահլիճում կայացավ «Նոր հնարավորություններ և համագործակցություններ տարածաշրջանում կրթական համակարգերի ժողովրդարացման համար՝ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան» աշխատանքային սեմինարը: Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ բոլոր չորս երկրներից: Եվրոխորհրդի Քաղաքացիական ասամբլեայի թուրքական մասնաճյուղն էր այս սեմինարի կազմակերպիչը, սեմինարը վարում էր Սինան Գոգչենը:
Աշխատանքային սեմինարի մասնակիցներին ողջույնի խոսքեր ասացին Իստանբուլի Քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Սինան Գոգչեն և Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Երկու ելույթ ունեցողներն էլ նշեցին, որ մեր տարածաշրջանի երկրներում հակամարտությունների վերացման, կայուն խաղաղության հաստատման, տնտեսական զարգացման գործում մեծ ավանդ պետք է ունենա կրթական համակարգի ժողովրդավարացումը: Սինան Գոգչեն հատկապես նշեց հայ-ադրբեջանական հակամարտության լարվածության թուլացման գործում երկու երկրների կրթական համակարգերի դերը այն առումով, որ դասագրքերի բովանդակությամբ և ուսուցիչների անմիջական խոսքերով թշնամություն չսերմանվի հարևան երկրի նկատմամբ: Իր ողջույնի խոսքում էլ Արթուր Սաքունցը մասնավորապես նշեց, որ բացառությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, որը մեր երկրի կրթական բնագավառում ժողովրդավարության և ազատ մտքի արտահայտման կղզյակ է, հայաստանյան բոլոր կրթական հաստատությունները համապատասխանում են ամբողջատիրական երկրների փակ կրթական համակարգերին բնորոշ բոլոր հատկանիշներին: Որպես օրինակ՝ նա նշեց մեր երկրում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում մի քանի հանրակրթական դպրոցների տնօրենների մեզ հայտնի հակաօրինական գործունեությունները: Ելույթ ունեցողները նաև հույս հայտնեցին, որ թբիլիսյան աշխատանքային սեմինարի մասնակիցների առաջարկություններով և դրանց իրականացման համար հարթակների ստեղծումով առաջին քայլերը կարվեն տարածաշրջանի 4 երկրներում կրթական համակարգերի ժողովրդավարացման գործում:
Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Արմինե Սադիկյանը և Քաղաքացիական ասամբլեայի Իստանբուլի գրասենյակի աշխատակից Էսրա Գուչլյուրը ներկայացրեցին, թե ինչ աշխատանք են կատարել «Յավաշ-կամաց ամառային դպրոց» նախագծով, որը «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման» ընդհանուր նախագծի շրջանակներում է: Մեր կրթահամալիրը մասնակցել է «Յավաշ-կամաց ամառային դպրոց» նախագծով 2015 թվականի աշխատանքներին, որը կայացել է Աղվերանում: Պետք է նշեմ, որ թբիլիսյան աշխատանքային սեմինարի վերջում տիար Աշոտ Բլեյանը խոսեց այդ ամառային դպրոցի համակարգող Էսրա Գուչլյուրի հետ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց 2017 թվականի հուլիսի 9-16 –ը Իստանբուլում կայանալիք «Յավաշ-կամաց» ամառային դպրոցին մեր կրթահամալիրից մեկ ուսուցչի մասնակցության համար:
Ըստ օրակարգի՝ 10:45-ին սկսվեցին մասնակիցների 10 րոպեանոց ելույթները: Առաջինը սկսեց խոսել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա ողջունեց աշխատանքային սեմինարի մասնակիցներին և նշեց, որ դրա նշանաբանը՝ հարևան երկրների միջև բարիդրացիական, խաղաղ հարաբերությունների հաստատումը, միշտ էլ եղել է իր քաղաքացիական կյանքի, մանկավարժական գործունեության ամենակարևոր բովանդակային մասերից մեկը, և այդ ամենը նա արել է ոչ թե խոսքերով, այլ իրական գործունեությամբ`նախագծերով, որոնցում ներգրավված են եղել հարյուրավոր տարատարիք սովորողներ և դասավանդողներ: Անգլերեն թարգմանելով մեր տնօրենի այս խոսքերը՝ ես մոտեցա պրոյեկտորին միացված համակարգչին և սկսեցի մեր ցուցադրությունը «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով:
Առաջին սլայդով ներկայացվեց «Georgia and Armenia: happy with each other’s achievements and anxious about each other’s difficulties and always sincere… Վրաստան և Հայաստան․ ուրախ՝ միմյանց հաջողություններով, մտահոգ՝ մեկմեկու դժվարությունների համար և միշտ անկեղծ…» Աշոտ Բլեյանի արդեն հայտնի դարձած խոսքը երկու տեսահոլովակներով, որտեղ վրացի սովորողները ողջունում են Հայաստանի 1918 թվականի անկախացումը հայերեն, իսկ կրթահամալիրի սովորողները Վրաստանի 1918 թվականի անկախացումը ողջունում են վրացերեն: Ցուցադրության ժամանակ ես նայում էի ներկաների աչքերին: Բոլորն էլ ժպտացող աչքեր էին, բայց առանձնակի գնահատում, բավարարվածություն և երանություն կար վրացի մասնակիցների աչքերում: Հպարտություն կար հայ մասնակիցների և զարմանք՝ Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցների աչքերում: Սեմինարավար Սինան Գոգչեն հարցրեց՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոց է մերը: Տիար Բլեյանը պատասխանեց, որ մեր կրթահամալիրը հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն է, և այդ միջազգային նախագիծն էլ արժանացել է Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների հավանությանը: Այդ պահին էլ ցուցադրվեց Վրաստանի և Հայաստանի կրթության և գիտության նախարարների այս տարվա մայիսի 17-ին կրթահամալիր կատարած այցի մասին պատմող նյութը: Այնուհետև ներկայացվեցին «Գետը քաղաքում», «Վրացերենի օրեր կրթահամալիրում» նախագծերի մասին պատմող սլայդները: Ըստ ներկայացվող ցուցադրության՝ դեռ շատ բան կար ասելու և ցուցադրելու «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի մասին։ Սեմինարավարը հարց տվեց, թե արդյոք մեր կրթահամալիրը որևէ կրթական կապ է ունեցել թուրքական որևէ դպրոցի հետ: Աշոտ Բլեյանը խոսեց Իզմիրի տիեզերագիտական ճամբարին մեր կրթահամալիրի մասնակցության մասին: Ես ավելացրեցի AIESEC կազմակերպության միջոցով երիտասարդ թուրք մասնագետների՝ մեր կրթահամալիրում կրթական փոխանակման նախագծեր իրականացնելու մասին:
Ցուցադրության վերջում ներկայացվեցին կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանների մասին պատմող սլայդները: Ցույց տալով կացարանների լուսանկարները՝ տիար Աշոտ Բլեյանը ասաց, որ հարևան երկրների հետ կրթական փոխանակումներ իրականացնելու համար կրթահամալիրն ունի բոլոր հարմարությունները: Իհարկե 10 րոպեն բավարար չէր ներկայացնելու ամբողջ ցուցադրությունը և այն ամենը, ինչն արվում է կրթահամալիրում կրթության ժողովրդավարացման ուղղությամբ: Բայց կարող եմ վստահորեն ասել, որ կարողացանք ներկաներին փոխանցել ամենակարևորը՝ կրթահամալիրն ունի բաց կրթական համակարգ, և նախագծային-բլոգային ուսուցման հիման վրա իրականացվող կրթությունը իր միջազգային նախագծերով, ստուգատեսներով ու փառատոներով մեծապես նպաստում է սովորողների, դասավանդողների, ծնողների, հետևաբար նաև համայնքի ժողովրդավարական, հանդուրժողական ու ազատ մտածողության զարգացմանը:
Վրացական կողմը ներկայացրեց Վրաստանի հանրակրթական դպրոցներում իրենց կատարած ուսումնասիրությունը վրացական կրթական համակարգի խնդիրների մասին: Զեկուցողը նշեց, որ Վրաստանը բազմազգ հանրապետություն է, և իրենց դպրոցներում կողք կողքի սովորում են ռուս, հայ, ադրբեջանցի, վրացի և այլ ազգային փոքրամասնությունների երեխաներ: Այստեղից էլ բխում են իրենց կրթական համակարգին բնորոշ խնդիրերը. տարբեր ազգություններին պատկանող, տարբեր կրոններ դավանող երեխաների նկատմամբ հանդուրժողականություն սերմանելը, խտրականության բացառելը, ազգային փոքրամասնությունների լեզուների և միևնույն ժամանակ պետական լեզվի՝ վրացերենի նկատմամբ հարգանքի և պարտադիր ուսուցման անհրաժեշտությունը: Զեկուցողը նշեց, որ ընդհանուր առմամբ Վրաստանում կրթական փակ համակարգ է գործում՝ մեկ միասնական ուսումնական պլանով, որը պարտադիր է կատարման համար:
Ադրբեջանական կողմի ներկայացուցիչն արտահայտեց այն միտքը, որ այս չորս երկրների հակամարտության, կրթության ժողովրդավարացման խնդիրները հենց իրենց երկրների և անմիջական հարևանների լուծելիք խնդիրներն են, այլ ոչ թե՝ մի այլ արտաքին ուժի:
Թուրքիայի կրթական խնդիրների մասին խոսեց Ուզփեդերը: Նա հատկապես նշեց խնդիրները, որոնք առաջացել են Սիրիայից փախստականների երեխաների մեծ հոսքի պատճառով: Դժվարություններ կան նաև քուրդ երեխաների կրթական գործում, որի հիմնական դժվարությունը թուրք և քուրդ երեխաների՝ միմյանց չհանդուրժելն է:
Թուրքական կողմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սոներ Սիմսեկը, ներկայացրեց նորաստեղծ «Online Citizenship Academy-Քաղաքացիության առցանց ակադեմիա» կազմակերպության գործունեությունը: Այդ կազմակերպության հիմնական նպատակը Թուրքիայում տարբեր ազգություններին պատկանող մարդկանց (հիմնականում ներգաղթյալների և փախստականների) որպես քաղաքացի ինտեգրումն է Թուրքիայում: Նրանք իրենց նպատակին նպաստող տարբեր առցանց դասընթացներ են վարում: Դասընթացները թուրքերեն են: Օրինակ, նրանց ցուցադրության ժամանակ հասցրեցի կարդալ մի դասընթացի վերնագիր՝ «Լեզվական արգելքի հաղթահարումը բազմազգ դասարանում»:
Աշխատանքային սեմինարն ավարտվեց մասնակիցների ամփոփիչ խոսքերով, նոր հնարավոր համագործակցային առաջարկներով:
Թուրքական կողմից Սինան Գոգչենը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և առաջարկեց ստեղծել առցանց հաղորդակցության կրթական հարթակ չորս հարևան երկրների միջև: Նա ավելացրեց, որ առայժմ չի կարող ասել, թե ինչպես է ստեղծվելու և գործելու այդ հարթակը, քանի որ ամեն ինչ պետք է քննարկել և համաձայնեցնել կողմերի միջև:
Տպավորիչ և ազդեցիկ էր կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ամփոփիչ խոսքը՝ այնքան ազդեցիկ, որ գրեթե անգիր եմ հիշում: Խոսքն ասվեց հատու, կարճ նախադասություններով, և ինձ համար էլ հեշտ էր միտքն ու ոգին անգլերեն փոխանցել ներկաներին: Նա ասաց.
Ես Աշոտ Բլեյանն եմ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն եմ: Ժամանակին եղել եմ «Նոր ուղի» կուսակցության առաջնորդը, եղել եմ նորանկախ հանրապետության առաջին խորհրդարանի պատգամավոր, Հայոց համազգային շարժման վարչության անդամ, Հայաստանի լուսավորության նախարար, Երևան քաղաքի փոխքաղաքապետ, երկու տարի եղել եմ քաղբանտարկյալ: Միշտ էլ ակտիվ քաղաքացիական կյանքով եմ ապրել և երբեք չեմ դավաճանել հեղինակային նորարարական մանկավարժական գործունեության իմ սկզբունքներին և քաղաքական-քաղաքացիական համոզմունքին՝ կոնկրետ, իրական նախագծերով, այլ ոչ թե սոսկ խոսքերով բարիդրացիական խաղաղասիրական հարաբերություններ իրականացնել մեր հարևան երկրների սովորողների, նրանց ծնողների, ուսուցիչների հետ:
Առաջարկում եմ մեր կրթահամալիրում կազմակերպել մանկավարժության տարածաշրջանային ճամբար: Այդ մանկավարժության ճամբարը կօգնի մեր չորս երկրների կրթական համակարգերի ժողովրդավարացմանը և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված համագործակցմանը: Հավաստիացնում եմ, որ մեր կրթահամալիրն ունի մանկավարժության տարածաշրջանային ճամբար կազմակերպելու բոլոր հնարավորությունները՝ միջազգային կրթական փոխանակումների կազմակերպման փորձ և կրթական փոխանակումների կացարաններ:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան