Տարին կիսող և ավարտող ուսումնական ճամբարները դասավանդողի համար յուրատեսակ հնարավորություն են իր ու սովորողների նախընտրած նախագծերն իրագործելու համար: 2019 թվականի հունվարյան ձմեռային ճամբարի համար մի շարք նախագծեր էի առաջարկել, որոնք սովորողները նկատելի ոգևորությամբ ընդունեցին: Ճամբարային գործունեության հենց առաջին օրերից ձեռնամուխ եղանք այդ նախագծերի նախապատրաստական աշխատանքներին, իսկ այնուհետև նաև իրագործմանը: Առաջին նախագիծը այս տարվա հունվարի 15-ին տեղի ունեցած «Մենք կարողանում ենք» խաղ-մրցույթն է: Մրցույթը, կարելի է ասել, ուսումնական առաջին շրջանը ամփոփող յուրատեսակ մի հաշվետվություն էր:
Ուսումնական առաջին շրջանում՝ սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, դասավանդողը հնարավորություն է ունենում քայլ առ քայլ ճանաչելու Քոլեջ ընդունված նորեկ սեբաստացիներին, ծանոթանալու նրանց ընդունակություններին ու ուսումնական հնարավորություններին, անձնային որակներին, նրանցից ոմանց բորոշ տարիքային բարդույթներին: Դասավանդողի համար, անշուշտ, անհանգստացնող են մի շարք երևույթներ, որ դրսևորվում են նրանց միջանձնային, ընկերական փոխհարաբերություններում: Խաղ-մրցույթի նախապատրաստական փուլն առանձնահատուկ հնարավորություն է մի շարք խնդիրներ երևան հանելու և դրանց համար լուծումներ գտնելու համար: Իբրև դասավանդող՝ վստահ էի, որ ստուգատեսային այս մրցույթով հնարավոր կլինի.
- հաղթահարել ոմանց մոտ նկատվող անտարբերությունը
- գտնել ձևեր նրանց ուսումնական գործընթացի մեջ ներառելու համար, հետաքրքրություն ձևավորել սեփական հմտությունների և ընդունակությունների հանդեպ
- հաղթահարել սովորողի անձնային բարդույթներն ու բարելավել միջանձնային փոխհարաբերությունները
- փոխադարձ վստահություն, ընկերասիրություն, բարեկամական հարաբերություններ սերմանել խաղերի ու մրցույթների միջոցով
- խթանել սովորողների ակտիվությունը, մրցակցային ոգին, թիմային հոգեբանությունը, որոշումներ կայացնելու ունակությունը:
Իբրև ուսուցիչ՝ շատ կարևորում եմ սովորողի՝ որոշումներ կայացնելու և իր որոշման համար պատասխանատու լինելու կարողությունը: Մրցույթի նախապատրաստական փուլում երեք թիմերն էլ պետք է ընտրեին ներկայացնելիք բանաստեղծություններ, երգային և պարային կատարումներ, ինչպես նաև կարողանային հիմնավորել իրենց ընտրությունը և ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվել մրցույթին: Ինձ համար մեծագույն հաճույք էր կողքի աչքով նախապատրաստական փուլի աշխատանքների ընթացքին հետևելը:
Դե, իսկ մրցույթի ժամանակ տեսնել էր պետք, թե մասնակից թիմերը երկու դասաժամ շարունակ ինչպիսի ոգևորությամբ ու աշխուժությամբ էին ելույթներ ունենում, ինչ ջանասիրությամբ էին աշխատում մեր՝ ուսուցիչներիս նախօրոք մշակած ու նրանց առաջադրած լեզվական, գրական, բանահյուսական ու տրամաբանական առաջադրանքների վրա և հաշված րոպեների ընթացքում լրացնում դրանց պատասխաններն ու թերթիկները հանձնում ժյուրիին: Խաղ-մրցույթը կայացավ, և այն խնդիրները, որ դրված էին մեր առջև, գտան և դեռ գտնելու են իրենց լուծումները: Կարծում եմ՝ ուսուցչի համար հենց դա էր կարևորը: Մնացածը դիտեք տեսանյութում: Տեսանյութը պատրաստվել է Vegas Pro մոնտաժային ծրագրով սովորողների ջանքերով: