«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն երրորդ տարին է՝ իրականացում է հեռավար ուսուցում։ Այս ծրագրի շահառուների մեծ մասը ավագ դպրոցի սովորողներ են, որ բնակվում են տարբեր երկրներում։
Հեռավար ուսուցման սովորողներին իմ վարած դասընթացի՝ հայոց լեզվի ծրագրով որոշված նյութեր ուղարկելու հետ փորձում եմ տեղյակ պահել նաև կրթական նորությունների մասին, օգնել, որ տեղեկացված լինելու իրենց իրավունքից օգտվեն։ Ձևավորվեց մի սովորույթ, որ կրթական ոլորտի նորությունները՝ կլինեն լրատվականների նյութեր, ԿԳՆ նախարարի ուղիղ ելույթներ, կրթահամալիրի տնօրենի օրագրային պատումներ, ուսուցիչների մշակումներ, ինչ-ինչ նախագծեր, պարբերաբար ուղարկում եմ հեռավար ուսուցմամբ սովորողներին։
Սկզբում մտածում էի, որ այլ երկրներում ինտեգրվել փորձող, ինտենսիվ ուսուցում անցող ու նոր միջավայրի մարտահրավերներն ընդունող սովորողներին դժվար պետք լինեն հայաստանյան կրթական իրադարձությունները, բայց պարզվեց, որ սովորողների մի խումբ ոչ միայն հետաքրքրվող է, այլև անհանգիստ ու պահանջատեր։
Սովորողները հետաքրքրվում են Հայաստանում տեղի ունեցող կրթական փոփոխություններով, փորձում հասկանալ կատարվածը, անդրադառնում՝ շեշտելով իրենց մտահոգությունները։
Բուռն քննարկում առաջացրեց լրահոսում հայտնված նյութն այն մասին, որ աշակերտների որոշ խմբերի կթույլատրվի ավարտական քննությունը հանձնել իրենց դպրոցում։ Սովորողներին անհանգստացնում է այն փաստը, որ հեռավար ուսուցմամբ սովորողներն անտեսվել են․ որևէ հարթակում իրենց մասին չի խոսվում, ինչո՞ւ իրենք չպիտի կարողանան հեռավար հանձնել քննությունը, ինչպե՞ս պաշտպանեն իրենց իրավունքը։
Ինձ համար նույնպես շատ հարցադրումներ բաց ու անպատասխան են մնում։ Ինքս՝ որպես ուսուցիչ, կրթական գործիչ, պատասխաններ չունեմ, եթե փորձում էլ եմ գտնել պատասխաններ, դրանց մեջ շատ են հակասությունները։ Փորձում եմ ամեն ինչ բարդել ժամանակի ուսերին՝ ամեն ինչին ժամանակ է պետք, բայց հասկանում եմ, որ այդ ժամանակը չի կարող ձգվել մինչև տիեզերական անորոշություն։ Փոփոխությունները հիմա պիտի արվեն, կտրուկ ու առանց հետ նայելու, ինչպես արվում են շատ ու շատ այլ հարցերում։
Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու և ինչ սկզբունքով է առանձնացվել հայերենի քննությունը, ինչ իմաստ ունի պահպանել քննություն ասվածը, եթե բոլորն էլ գիտեն ու փաստում են դրա անիմաստության ու արդյունքների անհավաստի լինելու մասին։ Իսկ ո՛վ ասաց, որ այս ձևով կեղծիքը չի շարունակվի, չէ՞ որ վերաքննության ժամանակ արդյունքները կարդուկվեն-կդրականացվեն։ Ինչո՞ւ են կեղծվում քննական արդյունքները. հաստատ նաև այն պատճառով, որ հաճախ ուսուցումն ու քննությունն իրար հակասում են՝ բովանդակության, կազմակերպման առումով, որ բոլոր սովորողները չեն կարող անգիր անել։ Արդյունքները կեղծողներից մեկն էլ քննական անհանգստությունն ու սթրեսն է։
Մյուս կողմից՝ ինչու են առանձնացվել քննական թիրախային խմբեր․ մի մասին ընտրելու իրավունք է տրվել, մյուս մասին՝ ոչ։ Եթե դպրոցներում կան պայմաններ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների՝ մասնավորապես հենաշարժողական համակարգի խանգարումներ ունեցող սովորողների համար, ինչո՞ւ չեն կարող պայմաններ ստեղծվել նաև քննական կենտրոններում։ Ինչ է, գյուղական դպրոցներում կա՞ն նման պայմաններ, որ հիմա էլ առանձնացնենք գյուղական քննական կենտրոններն ու ասենք, որ այնտեղ նման պայմանների ապահովումը դժվար կլինի։
Փորձում եմ հասկանալ, թե ինչ պիտի անեն սփյուռքահայ սովորողները, որոնք լեզվական խնդիր ունեն, որտեղ է նշված այդ մասին։ Բոլորս էլ գիտենք, որ վերջին տարիներին մեր դպրոցներում այդ սովորողների թիվը կտրուկ ավելացել է։
Ոչ մի կետով չգտա հեռավար հարթակում սովորողների ու այլալեզու սովորողների մասին․ նրանք ի՞նչ են անելու։
Գիտեմ, որ անհանգստություն-հարցադրումներս հռետորական բնույթի են, գիտեմ, կարդացել եմ կրթական լրահոսում հայտնված բոլոր պարզաբանում-նորությունները, դրանց մեջ չկան այս հարցերի պատասխանները, կամ՝ բավարար չափով չկան։
Կարծում եմ, որ սարսափելին լռությունն է, երբ բոլորս լռում ենք ու չենք խառնվում, խնդիրները չեն լսվում, անհանգստությունները լուծում չեն ստանում։ Ուսուցիչը պետք է մասնակից լինի կրթական բարեփոխումներին, մասնակից ու լսելի, ուսուցիչը պետք է հարթակ ունենա, որտեղից լսելի կդարձնի իր սովորողների հարցերն ու անհանգստությունները, ուզո՞ւմ ենք որակապես նոր ուսուցիչ տեսնել, այո՞․․․
Ուզում եմ անդրադառնալ այն քննարկումներին, որ ունեցել եմ հեռավար ուսուցման սովորողների հետ՝ իրենց ապրած երկրներում քննությունների՝ ավարտական, բուհական, սովորողների, ծնողների, ուսուցիչների՝ դրանց հանդեպ վերաբերմունքի ու առկա խնդիրների մասին։
Սովորողների արձագանքները հետաքրքիր են՝ հատկապես Չինաստանի կրթական համակարգի, քննությունների հետ կապված։ 11-րդ դասարանի սովորող Աստղիկ Խաչատրյանը, որն ապրում է Չինաստանի Սուջոու քաղաքում, գրում է․
Ես ապրում եմ Չինաստանի Սուջոու քաղաքում։ Այն գտնվում է Չինաստանի արևելյան մասում` Շանհայ քաղաքին կից։ Չինաստանը և չինացիները իրենց պահելաձևով, ապրելակերպով, ավանդույթներով և մտածելակերպով շատ տարբեր են հայերից․․․
Աշակերտների կյանքը, համեմատած Հայաստանի, ավելի բարդ է։ Տարին երկու կամ ավելի անգամ քննություն ունենալու պատճառով, աշակերտներն իրենց ժամանակի մեծ մասը ծախսում են քննություններին պատրաստվելու վրա, որոնք այստեղ շատ ավելի խստորեն են ստուգվում։ Ամեն ինչ պտտվում է քննությունների շուրջ․ սովորում են, որ քննություն հանձնեն։ Սովորողների կյանքը նման է ժամացույցի։
Հայաստանում, սակայն, քննությունների ու կյանքի միջև ինչ-որ կարևոր կապ կորել է, չգիտեմ, թե ով ու երբ կօգնի գտնել այդ կապը։
Աստղիկն ասում է, որ ինքը չի կարողանում հարմարվել չինական կրթական համակարգին, քանի որ այլ միջավայրի է սովոր, բայց հարգում է, որովհետև չինացիների ուսումնական ժրաջանությունը ապշեցուցիչ է՝ ամեն ինչ հանուն նպատակի։
Գյումրեցի 9-րդ դասարանի սովորող Նարեկ Ակիմյանի համար, որը ֆուտբոլով է զբաղվում, նույնպես հեշտ չէ․
․․․Ես ունեմ լեզվական լուրջ խոչընդոտ․․․Բացի այդ, չինացիները ֆուտբոլն էլ են այլ կերպ խաղում՝ ինձ համար դեռ անհասկանալի է այդ ձևը։
Աշոտ Հովհաննիսյանը գրում է․
․․․Բոլորովին վերջերս ես ընտանիքիս հետ փոխեցի իմ բնակավայրը, և ոչ թե ընդամենը բնակավայրը, այլ նաև այն երկիրը, որտեղ ծնվել և անցկացրել եմ կյանքիս 13 տարիները․․․Հիմա ապրում եմ Չինաստանի` «Ներքին Մոնղոլիա» անունը կրող նահանգի մայրաքաղաքում՝ Հոհոտում։
․․․Քանի որ եկել եմ այս երկիր ապրելու՝ նաև հաճախում եմ չինարենի անհատական պարապմունքների։ Զբաղվում եմ նաև լուսանկարչությամբ։
Ուզում եմ շարունակել հեռավար ուսուցումս․ սա իմ կապն է երկրիս հետ․․․
Հեռավար ուսուցմամբ սովորողները փորձում են նաև հասկանալ կրթական համակարգի նորություներն աշխարհում, ներկայացնել այն բնակավայրերի փորձը ու կրթական մշակույթը, որտեղ ապրում են։ Ինձ էլ հետաքրքիր էին, օրինակ, Կրթական համակարգի առանձնահատկությունները Չինաստանում, որ անգլերենից թարգմանել է Աստղիկ Խաչատրանը, Գուգլի սերունդը մեխանիկորեն սովորելու կարիք չունի, որ անգլերենից թարգմանել է Նելլի Գևորգյանը։
Հեռավար ուսուցումը հետաքրքիր մանկավարժական փորձ է, որը պետք է ուսումնասիրել, զարգացնել, տեխնիկապես և մեթոդապես անընդհատ նորացնել։ Փաստ է, որ մերօրյա հասարակության մեջ կա դրա պահանջարկը։ Պետք է լսել սովորողներին, ծնողներին․ ուսուցումը դարձնել առավել մատչելի՝ շենքային պայմաններով ու քննասենյակներով չսահմանափակված։