Ինչպես հայերենի և հայոց պատմության ուսումնասիրության համար, այնպես էլ եկեղեցական արարողակարգի ներկայացման և ընկալման համար գրաբարի իմացությունը հիմնաքարային նշանակություն ունի: Ազգային ակունքներն իմանալու, ստեղծված գրականությունն ուսումնասիրելու համար գրաբարի իմացությունը կարևոր է:
Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ պարզեցի, որ Եվրոպայի 30-ից ավելի երկրների դպրոցներում ուսումնասիրում են հին հունարենը, աշխարհի շատ երկրներում դպրոցների պարտադիր ուսուցանվող առարկաներից է լատիներենը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այս լեզուների իմացության շնորհիվ շատ հեշտ է սովորել այլ լեզուներ, ճանաչել համաշխարհային մշակույթը, արվեստը, տարբեր լեզուների, ազգերի, քաղաքակրթության ծագումն ու զարգացումը։ Իսկ մեզ՝ հայերիս համար մեր արմատներին ու մշակույթին հասու լինելու համար կարևոր է գրաբարի դերն ու նշանակությունը կրտսեր տարիքից սերմանելը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գրաբարյան տեքստեր յուրացնելը ամենօրյա գործունեություն է։ Բազմաթիվ են ծեսերի ժամանակ երգվող գրաբար գրված երգերը: Կրտսեր դպրոցում դրանք իրականացվում են անգիր անելով, քանի որ տարրական դպրոցի սովորողները չեն կարող կարդալ գրաբար:
Միտքը՝ 2-րդ դասարանում գրաբարն ավելի հասկանալի դարձնելու, հղացավ «Դյուցազնապատում» նախագծի ընթացքում, երբ սովորողները յուրացրին «Արտաշես և Արտավազդ» առասպելից փոքրիկ հատված: Տեսնելով երեխաների ոգևորությունը նոր նյութի նկատմամբ, կիրառելով խաղային բոլոր հնարավոր մեթոդները (Արտաշեսի և Սաթենիկի զրույցի «կենդանացում», Արտավազդի ու հոր զրույցի քննարկում )՝ սկսեցինք «Գրաբարը կրտսեր դպրոցում» նախագիծը: