Կրթահամալիրային մանկավարժական հավաքներն արդեն օրինաչափ են դարձել. դրանք երկնքից ընկնող խնձոր չեն կամ հանկարծ անձրևող երկինք, մանկավարժի գործունեության կարգավորիչ օրացույց-մանիֆեստի կայուն բաղադրիչ են։
Այս տեքստում երեք շեշտադրում եմ ուզում անել՝ անդրադարձ կատարել մանկավարժական գործունեությանս առաջին տարիներին, պատասխանել այն հարցին, թե ինչ են տալիս մանկավարժական հավաքները գործող մանկավարժին, ներկայացնել հավաքների զարգացման իմ տեսլականը։
Շեշտադրում I
Մայիսյան 14-րդ հավաքին ընդառաջ՝ փորձեցի անդրադարձ կատարել ու հասկանալ, թե ինչ են տվել ինձ ամենամյա դարձած այս հավաքները. արդյո՞ք դրանք կարևոր են կոնկրետ մանկավարժի գործունեության կամ կրթահամալիրի՝ նրա դպրոցների զարգացման համար։
«Այո» կամ «ոչ» պատասխան հնչեցնելուց առաջ պատմեմ իմ հիշողություններից. հնարավոր է՝ հետաքրքրի։
Հավաքների մասին մտածելիս առաջին հերթին հիշում եմ, որ երբ մոտենում էին մանկավարժական հավաքի ներկայացումային օրերը, պարտադիր էր դառնում հոդված գրելը։ Ինչ ասել է հոդված. այս դեպքում՝ մանկավարժական գործունեության ինչ-որ շրջափուլի ամփոփում, ներկայացում, ինչ-որ նոր առաջարկ, գործունեության նկարագիր, այլ։ Աշխատանքիս առաջին տարիներին հոդված գրելու պահանջ-առաջարկը ծանր բեռի էր նման։ Ճիշտ է, կրթությունս բանասերի է, գրել սիրում էի, թղթակցում տարբեր լրատվականների, ստեղծագործում, բայց այ, հոդված, այն էլ՝ որոշակի ժամկետում… անտանելի էր թվում։ Մտածում էի՝ ինչպես կարելի է պատվերով ու հատկապես մանկավարժական հոդված գրել, չէ՞ որ գիրը պիտի ինքնաբուխ լինի։ Անկախ նրանից՝ ինչ եմ մտածել աշխատանքային գործունեությանս առաջին երեք-չորս տարիներին, հոդված միշտ գրել եմ։ Ինչո՛ւ. դե, որովհետև ուսուցիչներս էին հանձնարարում, մարդիկ, որոնց խոսքը կարևորել եմ, հետո էլ՝ տեսակով պարտաճանաչ եմ։ Որոշ ժամանակ անց արձանագրեցի, որ մանկավարժական հոդված գրելը, իրոք, պահանջ է դարձել, ու կապ չունի, թե կլինի որոշակի ժամկետի՝ օրերի համար, թե իմ ուզած, ինձ հարմար ժամանակում։
Հիմա հասկանում եմ, ուզում եմ փոխանցել մի քանի կարևոր բան. դասական, ընդունված ձևաչափով հոդված բոլորը չէ, որ կարող են և պետք է գրեն, բայց, այ, մանկավարժական մեթոդի, սեփական գործունեության նկարագրություն, գնահատում, դրա մասին պատում, գործող մանկավարժը պետք է որ կարողանա, ուզենա։ Գործող մանկավարժների տեքստերն էլ կարող են հավաքվել ու դառնալ ուսումնասիրություններ, տեքստեր («հոդված» բառը չեմ սիրում. ժամանակակից տեքստային աշխարհում կոտրվել են բոլոր սահմանումները՝ արձակի, պոեզիայի, վեպի, հոդվածի. «տեքստ» բառն այս դեպքում ամենադիպուկն է)։
Ինչպես կյանքում, աշխատանքում՝ ամեն ինչ, տեքստ գրելը նույնպես պետք է սովորել։ Ինչպե՛ս. սովորել գրելով ու փորձելով։
Գրելը պետք է սովորություն դառնա. սովորությունը ձևավորվում է գործնականում՝ գրելով։
Ժամկետը՝ հավաքի օրերը, իրականում պայմանական է սահմանվում, հատկապես այն մարդկանց համար, որոնք ուշ-ուշ են գրում։ Իրականում պետք է դիտել որպես սովորելու հնարավորություն, լավ է, երբ մարդ խոսում է իր աշխատանքի մասին, պատմում, ու խմբագիրն իրեն օգնում է դա անել. սա կարևոր հնարավորություն է, որին պետք է հենց այս տեսանկյունից նայել։
Ամեն կոնկրետ տեքստ կոնկրետ հմտություններ է զարգացնում և առաջընթաց արձանագրում. սա կարևոր ցուցանիշ է մանկավարժական աշխատողի գործունեության համար։
Շեշտադրում II
Հիմա մանկավարժական հավաքների՝ իմ գործունեության մեջ ունեցած դերի մասին։ Միանշանակ՝ զարգացնող։
Դրանք կանգառներ են՝ սովորածը, աշխատանքի տվյալ շրջափուլն ամփոփելու, կանգնել-շնչելու, քեզ կողքից նայելու համար։ Կարևոր է նաև գործընկերների աշխատանքն արժևորելու, նաև՝ ինչ-ինչ դետալներ ընկերներից վերցնելու, ծանոթանալու համար։ Կար ինչ-որ փուլ, որ արագ՝ որպես պարտականություն, կարդում էի հնարավորինս շատ տեքստեր, սկզբում մտածում էի, որ կարդում եմ կարդալու համար, բայց հետո ֆիքսում, որ շատ բաներ տպավորվել են, շատ բաներ օգտագործում եմ։ Հիմա ավելի զգույշ եմ. դանդաղ եմ կարդում, ընտրությամբ ու հատվածաբար։ Ինչ-ինչ հատվածների հնարավոր է, որ նորից անդրադառնամ։
Ասելիքս այն է, որ անկախ նրանից, թե այդ պահին մանկավարժական աշխատողն ինչ է մտածում ու ինչպես, ինչ-որ կարևոր բան՝ փորձի փոխանցում ու փորձի ամփոփում, հաստատ մնում է, որն էլ օգտակար է հետագա առաջընթացի համար։ Հավաքի օրերին ներկայանալն ու ներկայացնելը ևս կարևոր փորձառություն է. դժվար է ներկայանալ գործընկերներին, հանրությանը, դժվար է վստահ ու ներկայանալի մանկավարժություն ցուցադրել որոշակի ժամանակահատվածում, սակայն սրանք հմտություններ են, որոնց յուրացումն ու անընդհատ կատարելագործումը կարևոր է։
Ներկայանալ-ներկայացնելու հմտությունը հենց մանկավարժական նախագիծ է, որն անընդհատ մշակման, զարգացման ենթակա է, որի հաջողությունը խնամքով մշակված մանրուքներում է, ժամանակին համահունչ լինելու, առաջ քայլել-զարգանալու մեջ է։
Երբ խոսում ենք մանկավարժությունից, կարևոր է այն կյանքից չկտրել, չտարանջատելը, որովհետև մանկավարժության գործող անձինք հենց այդ ժամանակում ապրող ու գործող մարդիկ են՝ սովորող, ուսուցիչ։
Այս պահին, եթե ինձ հարցնեն, թե ինչ հատկանիշներ պիտի ունենա, ինչ հմտությունների տիրապետի մարդը՝ մանկավարժությամբ զբաղվելու համար, կասեմ՝ պիտի ունակ լինի անընդհատ սովորելու. հենց մտածեց, որ ամեն ինչ գիտի ու էլ սովորելու ոչինչ չունի, անիվն իր դեմ կպտտվի, նաև՝ մարդ լինի. գերմարդ կամ սուրբ լինելու կարիք բնավ չկա, մարդկայնությունը բավարար է մարդկանց հասկանալու ու ուսուցման գործընթաց կազմակերպելու համար։
Շեշտադրում III
Մանկավարժական յուրաքանչյուր հավաք կրթահամալիրի հեղինակային մանկավարժության որևէ փուլի ամփոփում է, որևէ բաղադրիչի, հատվածի ներկայացում-ցուցադրում, կոնկրետ մանկավարժական շեշտադրումների, խնդիրների առաջքաշում։
Տեքստ գրելիս թերթեցի հավաքի բլոգը, Դպիրի ոչ միայն իմ, այլև գործընկերներիս նյութերը. հետաքրքիր զարգացումներ ու կարևոր մշակումներ տեսա։
Հիմա նոր փուլում ենք՝ հեղինակային մանկավարժությունը դառնում է ցանցային, մենթոր՝ հետզհետե ընդլայնելով ցանցը։ Այս համատեքստում մանկավարժական հավաքներն այլ կազմակերպում ու շեշտադրումներ են պահանջելու։
Ստորև կներկայացնեմ հավաքների զարգացումների իմ տեսլականներից։
- Նախագծային բաց, ներառող նախագծային հավաք
Նպատակը՝ մանկավարժական հավաքի կազմակերպումը՝ իբրև համագործակցային մեծ նախագիծ՝ իր բաղադրիչ ենթանախագծերով։
Մանկավարժական հավաքը կդառնա նախագծային ցուցադրությունների բաց լաբորատորիա, որտեղ արդեն հրապարակված, արդյունքներ արձանագրած նախագծերը կներկայացվեն հասարակությանը։ Յուրաքանչյուր նախագծի համար պարտադիր կդառնա հեղինակային մանկավարժական ցանցի գործընկեր դպրոցներից նախագծային որևէ խմբի ներառումը։ Համատեղ մշակված ու իրականացվող նախագիծը, կներկայացվեն հավաքի օրերին՝ համագործակցային նոր հարթակ ստեղծելով, նոր նախագծերի սկիզբ դառնալով։
Ցանցում ներառված բոլոր դպրոցներից կկազմվեն նախագծային խմբեր. ցանցը կաշխատի արդեն այլ հարթակում, հավաքին կներկաանա նոր զարգացումներով։
- Նախագծային բաց, արտագնա հավաք
Հեղինակային մանկավարժության ցանցում ընդգրկված դպրոցներից կընտրվեն կենտրոն դպրոցներ, որտեղ էլ մի քանի մասով կանցկացվի հավաքը՝ ըստ նախապես հայտարարված նախագծային ուղղությունների։ Սա կդառնա լավ ու կոնկրետ հնարավորություն՝ ցանցում ընդգրկված դպրոցների հետ կոնկրետ ու նախագծային աշխատանքի համար, տարածաշրջանի մյուս դպրոցներն ու պարտեզները նույնպես կներառվեն։ Ցուցադրվող արդյունքները տարածաշրջանների շահառուների համար առավել տեսանելի կլինեն, կստեղծվեն նոր համագործակցություններ։
- Ծնողական նախագծային ցանց
Նախագծերում կներառվեն նաև ծնողները. սովորող-ծնող-ուսուցիչ համագործակցային նախագծերը կդառնան նախագծային ուսուցման-ներկայացման նոր հարթակներ, որտեղ ներառված ծնողները գործուն մասնակցություն կունենան։ Այս նախագծերն առավել ուսումնական կդարձնեն ծնող-դպրոց կապը, արդյունքների ներկայացումն՝ առավել տեսանելի։
Որպես վերջաբան՝ կրթությունը միշտ նորարար է, անընդհատ ու մտածող-տրամաբանող-քայլող-համագործակցող։ Սովորելը, բաց ու ներառող, ստեղծական ու խիզախ լինելը, սիրելի սովորություն դարձնելը՝ ժամանակակից ուսուցչի առաջնային գործառույթներից։ Խիզախելն ու փորձարկելը, փնտրելն ու զարգացնելը՝ կրթական զարգացումների նոր հարթակ կապահովեն, նոր կրթական իրականություն։