Ընտանեկան դաստիարակության արվեստը

Մանկավարժական էսսե

Սկիզբը
Նախորդ հատվածը

Սիրելի՛ ընթերցող,

Այս գիրքը հրատարակվել է 1980 թվականին, երբ իմ որդին՝ Պաատան, որին հղել եմ իմ խոստովանությունը, դարձավ 16 տարեկան։
Այժմ սա ձեզ եմ առաջարկում համարյա առանց փոփոխությունների, եթե չհաշվենք հրատարակչական ուղղումներն ու առանձին մասերի վերնագրերը։
Բայց ձեզ հետաքրքիր կլինի՝ ինչպիսին է այսօր նա՝ իմ որդին, և փոխվե՞լ են արդյոք մանկավարժության հանդեպ մեր հայացքները։
Այդ նպատակով ես հնարավոր համարեցի ձեզ տալ տեղեկություններ՝ որպես «լրացուցիչ էջեր», որոնք զետեղված են տեքստում։
Շնորհակալ եմ, որ բացեցիք այս գիրքը։
Ուրախ կլինեմ, եթե այն օգնի ձեզ սեփական երեխայի դաստիարակության գործում։
Ձեր առջև կյանքի մեծ ռոմանտիկան է։

Հաջողություն եմ մաղթում։
Անկեղծորեն՝ Շ. Ա. Ամոնաշվիլի

Նախաբան

Վաղը քեզ հանդիսավոր պայմաններում անձնագիր կհանձնեն, և դու տուն կգաս ուրախ, միանգամից մեծացած. դու արդեն երեխա չես, այլ չափահաս պատանի, և մենք՝ քո ծնողները, քույրիկդ, տատիկդ, մտերիմներդ, պիտի արժանին մատուցենք այս փոփոխությանը։ Սկսենք նրանից, որ ես քեզ նոր էլեկտրական սափրիչ կնվիրեմ. ժամանակն է, որ սափրվես, մայրիկը գրպանդ ինքնահոս կդնի, դու գրել սիրում ես, դե, գրիր, քույրդ կնվիրի իր հորինած պատմվածքը քո մասին, այն գեղեցիկ ձևավորված է որպես գիրք, որտեղ նա գրում է, թե որքան է հպարտանում քեզանով, և եթե ինքը ոչ ոքից չի վախենում, միայն նրա համար, որ հույսը քեզ վրա է դնում, իսկ տատիկը կխնդրի քեզ նստել աթոռակին, որ այդ դիրքով կարողանա հանգիստ համբուրել քո այտերը ու քեզ քո սիրած քաղցրավենիքը հյուրասիրել։

Եվ մենք բոլորս կհիշենք տասնվեց տարվա երկարությամբ անցած ճանապարհը։ Քո ամբողջ անցած ճանապարհը՝ մանկությունից մինչև քաղաքացու ծնունդը։
Մենք պատճառ չունենք քեզնից դժգոհելու։ Գուցե դու դպրոցում չես առանձնանում քո «միօրինակ» հինգերով, ուսուցիչներն իրենց հիացմունքը չեն արտահայտում քո շնորհալիության մասին։ Բայց շատ ուրիշ մարդկանցից (նրանց թվում՝ քո ուսուցիչները, մեր հարևանները և գործընկերները) բազմիցս լսել ենք քեզ ուղղված գովասանքի խոսքեր՝ ազնիվ է, դաստիարակված է, աշխատասեր է։
Հատկապես ուրախացրեց մեզ մի ծեր գյուղացու ուղարկած նամակը, որ անցել է պատերազմի բովով ու գիտե մարդկային հարաբերությունների ողջ արժեքը։ Այն բանից հետո, երբ դու ամռանը դպրոցական ընկերներով աշխատել ես գյուղում, Խեմզե անունով այդ ծերունին նամակ էր գրել դպրոցի տնօրենին. «Հարգելի՛ տնօրեն, խնդրում եմ կարդալ այս նամակը։ Գուցե Ձեզ թվա, թե մենք անելիք չունենք ու նամակներ գրելով ենք զվարճանում։ Բայց ես սիրում եմ լավ դաստիարակված պատանիներին։ Այդպիսին է ինձ համար մնացել Պաատան։ Խնդրում եմ փոխանցեք իմ՝ ծերունուս շնորհակալությունը նրա ուսուցիչներին և ծնողներին»։

Ո՞ր մայրը, ո՞ր հայրը չէր ուրախանա այսպիսի նամակով։ Հասկանալի է՝ և՛ ես, և՛ մայրդ բոլորովին չենք կարծում, որ քո դաստիարակության մեջ ամեն ինչ հրաշալի է, ամեն ինչ ավարտված է, դու տեղով կատարելություն ես։ Քո դաստիարակության գործընթացում եղել են ցավալի վրիպումներ, բացթողումներ, բայց այն, ինչին հասել ենք քո անհատականության ստեղծման մեջ, առայժմ կարելի է լավ հիմք համարել քո հետագա կատարելագործման համար։

Մենք դաստիարակել ենք քեզ մարդասիրական միջավայրում, իսկ դա մեզանից պահանջում էր մեծ համբերություն և քո փոքրիկ սիրտն ու հոգին տանող ուղիների մշտական փնտրտուք։ Մենք ձգտել ենք քո մեջ պատվաստել բարձր մարդկային որակներ, քո մեջ սեր վառել կյանքի, ու տենչ՝ բարեփոխիչ գործունեության նկատմամբ, քեզ հարստացնել մարդկության իդեալներով, քո մեջ կյանքի իմաստ ծնել։

Հաջողվե՞լ է արդյոք քեզ ուղղորդել դեպի ինքնադաստիարակության և ինքնակատարելագործման ճանապարհ՝ առաջնորդվելով այդ նպատակներով։
Այդ ամենը կստուգի կյանքը. այն մի անգամ չէ, որ քեզ կտանի փորձության, և դրանցից յուրաքանչյուրից հետո հնարավոր կլինի գնահատել մեր ջանքերի պտուղները։

Առայժմ կփորձեմ նայել 16-ամյա քո անցած ուղուն՝ մանկությունից մինչև չափահասություն, ու նկարագրել այն միջավայրը, որում մենք ձգտում էինք Մարդ ստեղծել։ Դա մեզ՝ քո ծնողների համար երկակի իմաստ ուներ։
Նախ՝ մեզ անհարաժեշտ էր գնահատել մեր մանկավարժական տեսակետները, որոնք, ի դեպ ասած, զարգանում և ամրապնդվում էին քո հասունացման ու ձևավորման հետ։ Մեր համոզմունքների ձևավորման շրջանում դու, առանց հասկանալու, եղել ես ամենաակտիվ մասնակիցը, և որքան էլ դա պարադոքսալ լինի, անգամ դաստիարակել ես մեզ։

Քեզ դաստիարակելով՝ մենք ինքներս ենք դաստիարակվել թե՛ որպես ծնողներ, թե՛ որպես ուսուցիչներ և, ընդհանրապես, որպես մեր հասարակության քաղաքացիներ։
Դու ամրապնդել ես մեր ընտանիքը մայրության ու հայրության բերկրանքով, հարստացրել մեր ընտանեկան հարաբերությունները։ Եվ ինչո՞ւ են շատերը մտածում, թե դաստիարակվում են միայն երեխաները, երբ հենց իրենք՝ երեխաներն են դառնում իրենց դաստարակողների լավագույն խորհրդատուները։
Երկրորդ՝ մենք կարծում ենք, որ ծնողները պարտավոր են հաշվետու լինել իրենց արդեն հասուն դարձած որդիների և դուստրերի առջև, թե ինչպես են դաստիարակել նրանց, ինչ դաստիարակչական նպատակներ են հետապնդել, Մարդու ինչպիսի իդեալ են ուզել դաստիարակել իրենց զավակների մեջ։ Նրանք պարտավոր են ասել ճշմարտությունը զավակներին՝ ինչպես և ինչպիսի պատասխանատվությամբ են ձգտել իրագործել իրենց պարտքը՝ ծնողների պարտքը։
Ծնողներից ոմանք կարող են չհամաձայնել. «Մենք դաստիարակել ենք երեխային, իսկ հիմա հաշվետո՞ւ ենք նրանց»։ Այո՛, մեր երեխաները իրավունք ունեն իմանալու, և մենք պարտավոր ենք ասելու նրանց, թե ինչ չենք հասցրել, ինչ չենք կարողացել, գլխի չենք ընկել տալու իր ժամանակին։ Այդպիսի անկեղծությունը, ես համոզված եմ, կդառնա ծնողների և հասուն երեխաների միչև փոխհարաբերությունները և փոխադարձ ըմբռնումը խորացնելու հիմնաքար, այն կօգնի մեր երեխաներին ճանաչել իրենց՝ որպես ապագա ծնողների։

Ահա թե ինչ մոտիվներ են հրահրում ինձ՝ հայացք ձգելու քո անցած 16-ամյա ուղուն։

Նախնական անհոգ ժպիտից մինչև զղջման առաջին արցունքը
Սպասում

Սպասումը տանջալի էր։ Մենք անհանգստանում էինք մորդ կյանքի համար, և դրա համար բավարար պատճառներ կային՝ արյան ախտորոշումը, կարդիոգրաման։ Առավել ևս, որ պաշտպանելով մորդ՝ մենք հոգ էինք տանում նաև քո ապագայի համար։

Ինչ ասել կուզի, ծնողներն ուզում են խելացի, ընդունակ, առավել ևս՝ տաղանդավոր երեխա։ Եվ ահա ապագա մայրիկը ինչ-որ տեղ կարդացել էր, ինչպես իրեն թվում է, ինչ-որ մեկի իրականացրած գիտափորձից եզրահանգում արած իմաստուն մի միտք, որ հաստատում է, թե եթե մայրը հղիության ընթացքում սկսում է տարվել, ասենք, երաժշտությամբ կամ մաթեմատիկայով, ապա երեխան ծնվում է երաժշտության կամ մաթեմատիկայի կամ թե՛ մեկի, թե՛ մյուսի հանդեպ որոշակի ընդունակություններով։

Մեր փոքրիկ բնակարանում ամիսներ շարունակ անընդհատ հնչում էին Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Լիստի, Շոպենի, Չայկովսկու, Փալիաշվիլու վեհասքանչ մեղեդիները։ Մայրիկը շատ էր ուզում, որ իր ապագա երեխան օժտված լինի երաժշտական ընդունակություններով։

Չգիտեմ, թե դա որքանով անդրադարձավ քո երաժշտական ձգտումների վրա, քանի որ ժամանակի ընթացքում երաժշտություն սովորելով, դու բավական սուղ ընդունակություններ դրսևորեցիր։ Դրա փոխարեն դասական երաժշտության այդ ամիսները երաժշտական կրթության բարձրագույն դպրոց դարձան ինձ համար. ես, որ մինչ այդ գլուխ չէի հանում երաժշտությունից, հանկարծ սկսեցի թափանցել նրա ներդաշնակության խորքը, մայրիկիդ հետ հաճախել համերգային դահլիճներ։ Ես տարվեցի դասական երաժշտությամբ։ Երաժշտությունը մեր տանը մինչև հիմա էլ չի դադարում։ Եվ դու նույնպես, խոստովանիր, անտարբեր չես նրա հանդեպ։

Քո հայտնվելուն սպասելով՝ մայրիկդ որոշեց ևս մի բան. արձակուրդ ստանալով՝ նա անցավ գիտական աշխատանքի։ Եվ քանի որ մենք մայրիկիդ հետ գործընկերներ ենք, գիտական խնդիրները միասին էինք քննարկում, փնտրում, ամբողջացնում։
Այս ամենը գլխավորապես կոչված էր ծառայելու քո ապագային. թող ծնվի որդի՝ գիտական գործունեության հանդեպ հակումներով։

Ես դեռ ուղիղ կապ չեմ բացահայտել մինչև քո ծնունդը ընտանիքում գիտական հակումների և ծնունդից հետո քո դրսևորած ընդունակությունների միջև։ Ճիշտ է, դու տարվել ես գրականությամբ և վերջերս սկսել ես պատմվածք գրել։ Բայց որպեսզի գիտնական դառնաս, անհրաժեշտ են հատուկ կարողություններ։ Գուցե դա քո մեջ հետագայում դրսևորվի, բայց մինչև հիմա դա չեմ նկատել քո մեջ։ Այնպես որ, մայրիկիդ՝ ինչ-որ տեղից կարդացած ու յուրացրած իմաստուն միտքը մեզ միայն դեռ օգնել է հոգևոր կյանքով հագեցնելու այն ընտանեկան միջավայրը, որտեղ դու պիտի հայտնվեիր։

Այդ գիտելիքը այժմ դիտվում է որպես մի նոր, հատուկ գիտություն, որ կոչվում է նախածննդյան մանկավարժություն, այսինքն՝ մանկավարժություն մինչ երեխայի ծնունդը։ Գիտականորեն հաստատված է, որ երեխան, գտնվելով մոր արգանդում, հինգ-վեցամսական տարիքում սկսում է ընկալել արտաքին ձայնային գրգիռները և արձագանքել դրանց։ Ասենք, եթե կոպիտ երաժշտություն, կոպիտ խոսք է հնչում, կամ ինչ-որ բան է աղմկում միջավայրում, ապա դրանք չծնված երեխայի մոտ զարկերակի հաճախացում և սրտխփոց են առաջացնում, այսինքն՝ նորմայից շեղում է տեղի ունենում։ Եթե միջավայրում հնչում է ներդաշնակ երաժշտություն և բարի խոսք, ապա երեխան ոչ մի շեղում չի դրսևորում։

Նման փորձնական գիտելիքների հիման վրա մշակվել են երեխաների նախածննդյան դաստիարակության համակարգեր։ Ստեղծվում են երեխաների նախածննդյան դաստիարակության կլինիկական լաբորատորիաներ։

Իմ որդին՝ Պաատան, սկսել է պատմվածքներ գրել ու հրատարակել ուսանողական տարիներից։ Վերջին տարիներս նա լրջորեն զբաղվում է գրական գործունեությամբ։ Հրատարակվել են նրա գրքերը. «Ամերիկա. XXI դար» (Մ. Բելովոդիե, 2003), «Շողերի խուրձ» (Թբիլիսի, «Մատրիցա», 2004)։ Զբաղվում է նաև գիտությամբ, սոցիոլոգիայով։

Դժվար է, իհարկե, ապացուցել, որ այս հաջողությունները կապ ունեն մեր՝ մինչ նրա ծնունդը եղած ջանքերի հետ։ Բայց միաժամանակ և դժվար է հերքել։

Մենք մաքրել, հիմնովին «օդափոխել» ենք ընտանեկան միջավայրը մինչ այդ էլ հազվադեպ նյարդային, կոպիտ, գրգռող աղմուկի դրսևորումներից ու լցրել ուշադրությամբ ու սիրով։

Մենք անհամբեր սպասում էինք, որ սկսենք քո դաստիարակությունը, ուզում էինք այն սկսել մինչև քո ծնունդը, և վերջին հաշվով պարզվեց, որ մենք մեզ էինք պատրաստում, որ դառնայինք քո ծնողները։

Հայրը

Քո ծնունդը միաժամանակ ծնունդ էր մայրիկի ու հայրիկի՝ մոր ու հոր։ Այո՛,ես ծնվեցի քեզ հետ միասին. դու՝ որպես երեխա, ես՝ որպես հայր։ «Ես հայրիկ եմ, ես ծնող եմ, ես հայր եմ…»։ Փետրվարյան այդ օրը ես իմ ողջ լրջությամբ զարմանում էի, որ ո՛չ ռադիոյով, ո՛չ թերթերում քո ծննդյան մասին չհայտարարեցին։

Ծիծաղելի է, չէ՞։

Չնայած ես պատրաստվում էի քո հայտնվելուն, դու, այնուամենայնիվ, ցնցեցիր ինձ։ Ինչպե՞ս քեզ նկարագրեմ, ինչպե՞ս քեզ հասկացնեմ, թե ինչպիսի զգացմունքներ էին եռում իմ՝ նորածին հայրիկիս մեջ։ Ես ազնվացա, հասունացա, հանկարծ պատկերացրի, որ ինձ տրված է մեր գրեթե ողջ մոլորակի ճակատագիրը։ Ես շատ լրջացա, որով և զարմացրի իմ բարեկամներին ու ընկերներին։
Ո՛չ, նորընծա հոր զգացմունքներն աննկարագրելի են, պարզապես կգա ժամանակը, երբ դու էլ նույնը կապրես։

Աստիճանաբար ես սկսեցի գիտակցել հասարակական իմ նոր, վերափոխված դիրքը։

Ի՞նչ է նշանակում հայր լինել։

Քիչ է ասել, թե հայր չեն դառնում, մինչև սեփական երեխա չեն ունենում, որ հայրիկը ընտանիք է պահում, օգնում մայրիկին երեխաների դաստիարակության գործում։

Հայրիկն այն մարդը չէ, որ, հարբած տուն գալով, խանութից կոնֆետներ բերի. «Ահա քեզ, որդի՛ս, իմ ուշադրության դրսևորումը»։

Հայրիկն այն մարդը չէ, որ, հոգատարությամբ գրկելով նորածնի խանձարուրը, պարուրի ծխախոտի թանձր ծխով։

Հայրիկն այն մարդը չէ, որ գոտին ձեռքին վազի որդու հետևից, որ իբր իրագործի իր դաստիարակչական առաքելությունը։

Հայրիկի կոչումը հարկավոր է իմաստավորել ոչ այնքան երեխայի տեսանկյունից, որքան իր հասարակական գործունեության տեսանկյունից, քանզի երեխան միշտ չէ, որ երեխա կլինի, իսկ հայրը միշտ հայր կմնա։

Երեխան կմեծանա, և մի գեղեցիկ օր կհայտնաբերի, որ իր երեկվա հայրիկը, որին նա այդպես անկեղծորեն սիրել է, ծեծում է մայրիկին, աշխատավայրում նրան պորտաբույծ են անվանում, նա հարբեցող է, անառակ։ Ի՞նչ կդառնա նա այդ ամենից հետո իր երեկվա երեխայի ու այսօրվա պատանու համար, եթե պատանին կամ աղջիկը ամաչեն իրենց հոր համար, մերժեն նրան։

Ուրեմն՝ ինչպիսի՞ն է նա՝ իսկական հայրիկը։

Իսկական հայրիկը աշխատավոր է բոլոր ոլորտներում։ Նա կարող է լինել հանքափոր ու մեքենավար երկաթուղում, մետրոյում, հեռավոր նավարկությունների նավաստի ու ուղևորափոխադրող օդանավերի օդաչու, գիտնական ու բանաստեղծ, դերասան ու քաղաքագետ, գործարար ու մեծ բիզնեսմեն։ Նա կարող է լինել դպրոցի ուսուցիչ, հիվանդանոցի բժիշկ։ Բայց ինչ էլ նա լինի, ամենուր նրան հարգում են, հետը հաշվի նստում, խորհրդակցում։ Նա լավ ընկեր է, լավ գործընկեր։ Պատրաստ է օգնելու կարիքավորին, կարողանում է ապրումակցել ու ուրախանալ։ Նա հասարակական մարդ է, մարդու իրավունքների, իր ազատ իրավունքի պաշտպան։ Թույլ չի տալիս, որ որևէ մեկն իրեն ստորացնի, և ինքն էլ չի ստորացնում։

Եվ, իհարկե, իսկական հայրիկը նա է, ով, թևերը լայն տարածած, ընդառաջ է վազում իր երեխային, որ նետվում է իր գիրկը՝ աղմկոտ ու ուրախ բացականչելով՝ հայրիկը եկա՜վ։

Հայրիկը միշտ քնքշանք է դրսևորում կնոջ, սեր ու հարգանք՝ ծնողների հանդեպ, տունը լցնում է ուրախությամբ ու հոգատարությամբ։ Նա իր աջ ձեռքում ամուր բռնած ունի որդու ձեռքը մուրճի հետ, ձախ ձեռքում՝ ձախ ձեռքը մեխով, և այդպես միասին տախտակ են մեխում, նորոգում պարտեզի նստարանը։ Նա խոժոռում է հոնքերը և տխրում երեխայի մանկական չարաճճիություններից, իսկ մի ուրիշ անգամ խնդրում մայրիկին հանել կամ թեթևացնել պատիժը. «Նա էլ չի անի»։

Ես համոզված եմ, որ իրենց երեխաների դաստիարակությունը հաջողությամբ են պսակում միայն այսպիսի հայրիկները (և, իհարկե, այսպիսի մայրիկները)։ Մենք պարտավոր ենք, մենք պետք է բարոյական իրավունք տանք մեր երեխաներին հպարտանալու իրենց մայրիկներով ու հայրիկներով, չէ՞ որ գիտենք, թե նրանք դա որքա՜ն են ուզում։ Եվ հայրիկը, տարված ստեղծական և բարեփոխիչ գործունեությամբ, ազնիվ, արդար ու պատրաստակամ, իր երեխաների համար հայրիկ է մնում ամբողջ կյանքում։ Նա չի դադարում դաստիարակելուց ու ուղեկից լինելուց անգամ իր մահից հետո, անգամ այն դեպքերում, երբ երեխաները լուսանկարներով են ճանաչում իրենց զոհված հորը։

Ես այնպես եմ ուզում գոռալ. «Հայրիկնե՛ր, պահպանենք ձեր պատիվը, քանզի այն ամենաթանկ ժառանգությունն է, որ կարող ենք թողնել երեխաներին»։

Նկարելով իմ մեջ հոր այսպիսի կերպար՝ ես ամեն օր ջանացել եմ նմանվել նրան, ես հղկել եմ ինձ, շտապել եմ հասցնել դա նախքան այն պահը, երբ դու կկարողանաս գիտակցել քո հորը՝ որպես մարդ, որպես քաղաքացի։ Ես պարտավոր էի ինձնից իսկական հայր ստեղծել քեզ համար։

Ինչ մեղքս թաքցնեմ, ես երազում էի քեզ համար օրինակելու արժանի ընկեր լինել։

Անուն

Քեզ ի՞նչ անուն տայինք։ Կարծում ես՝ հե՞շտ էր։

Իհարկե, կան հատուկ տեղեկագրքեր, որոնցում տեղ են գտել աշխարհում ամենահայտնի հազարավոր անուններ։ Կարելի է ընտրել՝ որը հարազատ է հոգուդ։ Բայց՝ ոչ։

Ես չեմ կասկածում, որ մեր մոլորակի ցանկացած մարդ կրում է այն անունը, որ ընտրել են ծնողները հատուկ իր համար։

Սակայն պետք է ասել. մեր ծնողները մեզ կոչել են այս կամ այն անունով՝ ելնելով տարբեր դրդապատճառներից ու պատկերացումներից։ Դրանց մեջ եղել են ու կան այնպիսիները, ինչպես տոհմիկ անունը պահպանելն է՝ ի նշան մեր նախնիների հիշատակի կամ հարազատ մարդու երախտիքի։ Այդ ավանդույթները շատ լավն են ու արժանի, որ ապագայում պահպանվեն։ Մի՞թե գովասանքի արժանի չէ այն ծնողի արարքը, որ իր երեխային Լևան անունն է տվել՝ ի պատիվ այն հոգատար ու տաղանդավոր բժշկի, որ ծնվելուց անմիջապես հետո իր մշակած մեթոդով վիրահատել ու բուժել է սրտի բնածին արատով ծնված մոտ երկու հարյուր տղաների և նույնքան էլ աղջիկների՝ այդպես փրկելով նրանց անխուսափելի մահից։

Մեր ծնողներն ընտրել են մեզ համար ամենագեղեցիկ, ամենամոդայիկ, ամենահամապատասխան, ամենատարածված կամ էլ հազվադեպ անունները։ Ու ահա ապրում ենք մենք այդ՝ գուցե հիմա ոչ այնքան մոդայիկ, ոչ այնքան հազվադեպ, ոչ այնքան գեղեցիկ անուններով։ Բայց մենք սովորել ենք մեր անուններին, մենք արդեն մտել ենք լայն կապերի ու հարաբերությունների մեջ մարդկանց հետ, որոնք մեզ ճանաչում են այդ անուններով։

Մի՞թե կարելի է նախատել մեր մայրներին ու հայրներին, որ այդպես ջանացել են մեզ պարգևել, իրենց պատկերացմամբ, արժանի անուններ։

Ամբողջ դժբախտությունն այն է, որ մենք՝ ծնողներս, չենք կարող սպասել, որ երեխան մեծանա, և ինքն իր ճաշակին համապատասխան անուն ընտրի իր համար։
Չենք կարող, որովհետև երեխան ծննդից անմիջապես հետո դառնում է հանրության անդամ, իսկ նրա կապերը չեն կարող իրականանալ, եթե մարդ իր սեփական անունը չունենա։

Բայց լինում է այնպես, որ հասուն մարդը բախման մեջ է լինում իր անվան հետ, ջանում է ազատվել դրանից, նոր անունով կոչել ինքն իրեն, փոխել անձնագիրը։
Իսկապես, ինչ անի այն մարդը, ում հայրը (իհարկե, որդու հանդեպ սիրուց դրդված, նրան արժանի անուն պարգևելու, այո՛, նաև իր դարաշրջանը նշանավորելու համար) նրան Տրամվայ է կոչել, իսկ Տրամվայը, հայր դառնալով ու առաջնորդվելով նույն զգացումներով ու տրամադրությամբ, իր որդուն կոչում է մի անունով, որ արտահայտում է իր մասնագիտական պատկանելիությունը՝ Պանտոգրաֆ։ Ու ապրում է հիմա Պանտոգրաֆ Տրամվայիչը իր անունով ու հայրանունով՝ նրանց հետ անհաշտ։ Նա վախենում է ասել իր անունը անծանոթ մարդկանց, քանի որ կանխատեսում է, թե ինչպիսի զարմացական հայացքներ կուղղվեն իրեն, ու կհետաքրքրվեն, թե չի կատակո՞ւմ արդյոք Պանտոգրաֆ Տրամվայիչը։

Իր ընկերների ու ծանոթների շրջանում նա արդեն սովորել է ծաղր ու ծանակին։
Ինչպես այդ ամենից հետո չարտահայտես խորին հիասթափություն մտերիմ մարդկանց հանդեպ, որոնք այդպես թեթևամտորեն են վերաբերվել այդ մեծագույն գործին՝ անվանակոչությանը։ Վերջիվերջո, նա կփոխի անձնագիրը, որում նոր անունով կկոչվի, բայց հասարակական միջավայրում, որտեղ նրան ճանաչում են, երբեք չեն մոռանա նրա նախորդ անունը ու հաճախ կշփոթեն։

Ահա այսպիսի դժբախտություն։

Մենք մայրիկիդ հետ ուզեցինք քեզ այնպիսի անուն տալ, որ դու պատիվ համարես կրելը։ Այն չպիտի խանգարի քեզ հասարակության մեջ գտնվելու. մարդիկ, քեզ դիմելով, քեզ հետ ծանոթանալով, հատուկ ուշադրություն չպիտի դարձնեին դրա վրա, լեզուները չպիտի ջարդեին՝ անունդ արտաբերելիս։ Այն պիտի հնչեղ ու հեշտ լիներ։

Բայց մենք ավելի կարևոր նպատակ ունեինք, իսկ ավելի կոնկրետ, քո անունը պետք է դառնար քո բարի խորհրդատուն, նրանում դու պիտի միշտ գտնեիր ծողներիդ կանչը, այն է՝ երբեք չմոռանայիր, թե ով ես դու և ինչի համար ես ապրում։
Ծննդատուն, ուր իմ մուտքն արգելված էր, ես մայրիկիդ նամակ էի ուղարկել.
«Սիրելիս, թանկագինս.
…Հիմա այն մասին, թե ինչ անուն տանք մեր զավակին։ Մենք դա այսօր-վաղը պիտի որոշենք, քանի որ հարկավոր է գրանցել մեր տղային ու ծննդյան վկայական վերցնել։ Ես առաջարկում եմ երեք անուն՝ Գիվի՝ քո հոր անունը, Ալեքսանդր՝ իմ հոր անունը, և Պաատա։ Համաձայն եմ դրանցից ցանկացածին։ Որոշի՛ր, խնդրում եմ։ Դու աշխարհ ես բերել, դու էլ անուն դիր… Համբուրում եմ»։

Որոշ ժամանակ անց ինձ բերեցին պատասխան նամակը։ Խնդիրը լուծվեց.
«Սիրելիս.
Մենք չէ՞ որ շատ անգամ ենք խոսել այդ մասին։ Նրան կկոչենք Պաատա։ Գեղեցիկ է հնչում, և բովանդակությունն էլ ազնվազարմ է։ Համբուրում եմ…»։

Ինչո՞ւ մենք ընտրեցինք հենց այս գեղեցիկ, մի քանի հնչյունների մեղեդային համադրությունը։ Որովհետև այն արտահայտում էր մեր հասարակական կրեդոն, մեր իդեալը, դաստիարակության ամենագլխավոր նպատակը։

Կարծում եմ՝ դեռ անցյալ տարի դու հասկացար, երբ մենք քեզ տվեցինք կարդալու Աննա Անտոնովսկայայի «Մեծն Մոուրավին» վեպը։

Վրաց ժողովուրդը մի կատաղի թշնամի ուներ, գուցե ամենաագահն ու չարը բոլոր թշնամիների մեջ՝ Շահ Աբասը։ Վրաստանում այդ ժամանակ տիրում էր երկպառակություն, և ֆեոդալների միջև եղած թշնամությունը հարկադրեց մեծն Մոուրավիին՝ հերոս զորավար Գիորգի Սաակաձեին, թողնել երկիրը և ապաստան փնտրել հենց իր հայրենիքի չար թշնամու մոտ։

Շահ Աբասը, ցանկանալով վերջնականապես տիրել Վրաստանին, հանձնարարեց մեծն զորավարին իրագործել իր մտադրությունը. նրան տվեց մեծաքանակ զորք և ուղարկեց իր իսկ հայրենիքի դեմ։ Եվ որպեսզի նա չփորձի դավաճանել իրեն, որպես պատանդ իր մոտ պահեց զորավարի սիրելի որդուն՝ գեղեցիկ պատանի Պաատային։ Պաատան տեղյակ էր հոր մտադրությունից, նա գիտեր, որ Շահ Աբասը հենց իմանա իրադարձությունների շրջադարձի մասին, կգլխատի իրեն։ Բայց պատանին, նվիրված լինելով իր հայրենիքին, անհամբերությամբ սպասում էր Վրաստանից լուրերի։ Իմանալով շահի՝ իր գլուխը թռցնելու հրամանի մասին՝ նա ուրախացավ. ուրեմն՝ հայրը չի թողել, որ թշնամին ոտնատակ տա հայրենիքը, ոչնչացնի ու հրի մատնի։ Շուտով մեծ զորավարը ստանում է շահի «նվերը»՝ իր շատ սիրելի որդու գլուխը։ Դա 1625 թվականին էր։ Այդ ժամանակից ի վեր Պաատա անունը դարձել է հայրենիքին, իր ժողովրդին նվիրվածության խորհրդանիշ, բարձր քաղաքացիության խորհրդանիշ։ Ժողովուրդը սիրեց զոհված պատանուն, և Պաատա անունը փոխանցվում է մեզանում սերնդեսերունդ։

Այս լեգենդար զրույցն էլ պատճառ դարձավ՝ քեզ տալու այն անունը, որ կրում ես։ Հուսով եմ, որ դու ստիպված չես լինի պատանդ լինելու, թող քո գլխավերևում երկինքը միշտ խաղաղ լինի։ Բայց մեր հայրենիքին Պաատաներ են պետք ոչ նրա համար, որ նրանց՝ որպես պատանդների, թողնենք թշնամուն, այլ որ նրանք կառուցեն մեր ապագան, կռեն իրենց ժողովրդի ու իրենց անձնական երջանկությունը։

Խնդրում եմ, որդի՛ս, հաճախ մտածիր քո անվան մասին։ Քո ծնողների կանչը կհնչի անվանդ մեջ այն ժամանակ, երբ մենք չենք լինի։ Ականջալուր եղի՛ր այդ կանչին։
Տարբեր ժամանակներում մենք քեզ տարբեր փաղաքշական անուներով ենք դիմել։ Երբ դու մեկուկես տարեկան էիր, մենք քեզ Բուպա էինք կանչում. ձիուկին նստելով՝ դու սիրում էիր կրկնել՝ բուպա-բուպա։ Մենք քեզ Բուբլիկ էլ էինք կոչում. դու սիրում էիր բուբլիկ կրծել։ Ունեցար նաև այլ անուններ։ Բայց Պաատան քո միակ անունն է և, հուսով եմ, իսկական անունը։

Մարդը պետք է ընտելանա իր անվանը, մտածի նրա մասին ու մշտապես ականջալուր լինի նախնիների կանչին, այդ կանչի միջոցով զգա իր ծնողների ջերմությունն ու սերը։

Դու էլ այդպես պետք է վարվես, սիրելի՛ս։

Հրաշքը

Մենք հենց նոր բացեցինք քո բարուրը. դու լրիվ կեղտոտ ես ու թաց։ Դու պառկած ես մեջքի վրա՝ ոտիկներդ ու թաթիկներդ թափահարելով։ Դեմքդ պայծառ, հստակ ու արտահայտիչ բավականություն է ճառագում։ Եվ եթե դու կարողանայիր հիշողությանդ մեջ պահել այդ պահի իմ դեմքը, հավանաբար հիմա կասեիր, թե ես որքան զարմացած էի։

Ես վաղուց հարմարվել եմ նրան, որ բնության մեջ շատ զարմանալի երևույթներ կան, իսկ մարդու գիտակցությունն ու ձեռքերը ստեղծում են ոչ պակաս զարմանալի իրականություն։

Բայց ահա ես նայում եմ քեզ՝ 4200 գրամ կշռող ժամանակակից արարածիդ, և ինձ մի խորին զարմանք է պարուրում։ Աշխարհում մի հրաշք կա՝ իսկապես զարմանալի երևույթ՝ նորածինը։ Այս անօգնական արարածը, առանց մեծերի անձնազոհ խնամքի, միանգամից կմեռնի։ Բայց եթե ինչպես հարկն է դաստիարակվի, նրանից մարդ դուրս կգա՝ ընդունակ կյանքը գեղեցկացնելու և հարստացնելու։

Հնարավոր է, որ միլիոնավոր հայրիկներ ու մայրիկներ իրենց զգացմունքների պոռթկման ժամանակ չեն մտածել, թե ինչ մեծագույն երևույթի առաջ են հայտնվել.նրանց առջև ոչ միայն իրենց երեխան է, այլև բնության ամենազարմանալի արարածը։ Չի կարելի չմտածել այդ մասին։ Չի կարելի, որովհետև նա՝ բնությունը, խորհրդավոր է. նա հրաշքը մինչև վերջ չի արարում՝ թողնելով այն մեզ վրա։

Եթե երեխան հրաշք է, ապա ո՞վ ենք մենք՝ մայրիկներս ու հայրիկներս։

Համարձակվում եմ ասել. մենք՝ միլիոնավոր հայրիկներս ու մայրիկներս, ինչպես միլիոնավոր այլ հայրիկներ ու մայրիկներ, որոնք ապրել են մեզանից առաջ և ապրելու են մեզանից հետո, մենք բոլորս, բնությունից լիազորված ենք՝ ավարտին հասցնելու հրաշքը։ Դե հասկացի՛ր սա՝ ամե՛ն մայրիկ ու ամե՛ն հայրիկ, և դու միանգամից կզգաս, թե ով ես դու։

Իսկ ո՞վ է նա՝ մեր երեխան։

Այն ժամանակ՝ 60-70-ական թվականներին, իմ մանկավարժական հայացքները դեռ ձևավորման աստիճանում էին։ Բացի դրանից՝ ամբողջատիրական գաղափարախոսության դարաշրջանում մարդու հոգևոր էության մասին բացախոսությունը վտանգավոր էր։ Գրքում երեխայի էությունը ես վերագրել եմ երկրային բնությանը։ Համարվում էր, որ դա հենց մատերիալիստական մոտեցումն է։ Բայց մեր ընտանիքում հոգևորի որոշակի ընկալում կար, որ ուղեկցում էր որդուս դաստիարակությանը։ Այդ հոգևոր զգացումն էլ հետագայում դրվեց հետևյալ գաղափարում։

Ես վարկած եմ առաջ քաշում.
Բարձրագույն աշխարհը, Հոգևոր աշխարհը, Բացարձակի աշխարհը իրապես գոյություն ունեն։
Մեր հոգին անմահ գոյություն է, ու ձգտում է հավերժական կատարելության։
— Երկրային կյանքը կատարելության ուղով բարձրանալու մի հատվածն է։

Այս վարկածից ես եզրահանգում եմ անում.
— Երեխան մեր՝ երկրային կյանքում հայտնությունն է։
— Նա իր առաքելության, իր կոչման կրողն է։
— Նրա մեջ ամբարված է ոգու անսահման էներգիա։ Դա հենց երեխայի հոգևոր կերպն է։
Ո՞րն է, ուրեմն, երկրային բնության կերպը։
Բնությունը երեխային պարգևում է մարմին, որ հենց հոգու գործիքն է։ Պատկերացրեք, որ ձեր առջև դրված է ջութակ՝ Ստադիվարիուսի ձեռքով արարված։ Մենք գիտենք, որ նրա մեջ ամբարված են հրաշալի ձայներ ու մեղեդիներ, անգամ այնպիսի մեղեդիներ, որոնց համար դեռ երգահաններ չեն ծնվել։ Բայց ջութակը, որ կատարյալ է, մեղեդի չի կարող հնչեցնել։ Պետք է կատարող, որն առանց ջութակի նույնպես ոչինչ անել չի կարող։

Նա կվերցնի ջութակը, կդնի կզակի տակ, կփակի աչքերը և աջ ձեռքի օգնությամբ, որով բռնած կունենա աղեղը և ձախ ձեռքով դուրս կհանի աստվածային ջութակից աստվածային մեղեդին։ Ահա՝ կատարողը հենց հոգին է, իսկ ջութակը՝ մարմինը։ Եվ որպեսզի մարմինը կատարյալ դառնա, ինչպես և ծառը, որից վարպետը արարել է ջութակը, երկրային բնությունը դրել է երեխայի մեջ երեք բնական հզոր տենչ.

  • զարգանալու տենչ,
  • աճելու տենչ,
  • ազատության տենչ։

Ահա սա է մեր երեխան։ Ոչ երկրային բնությունը վստահում է մեզ երեխային դաստիարակության համար, իսկ Արարիչը՝ ամեն ինչի համար։ Դրա համար էլ երեխաներին դաստիարակողները Աստծո գործակիցներն են։

Հավատա՞նք Լոկին, որ երեխան «մաքուր գրատախտակ» է, որի վրա կարելի է ամեն ինչ գրել, ինչ կանցնի մեծահասակի մտքով։ Կամ գուցե նախընտրենք Ռուսսոյի տեսակետը, որ բարձրաձայնում է, թե երեխան մեղրամոմ է, որից կարել է ամեն ձևի ու չափի մարդ հունցել։

Դրան հիմա կարող են հավատալ միայն միամիտները։ Չի եղել և գոյություն չի ունեցել կենդանի Էմիլը, որ մեղրամոմից էր հունցվել, ինչպես չեն եղել քայլող մաքուր գրատախտակներ։ Որ այդպես լիներ, առանց ջանքերի մենք կստեղծեինք միլիոնավոր տղաներ ու աղջիկներ անհրաժեշտ ձևերով, և դաստարակությունը մեզ համար առանձնահատուկ խնդիր չէր լինի։

Երեխան ամորֆ մարմին չէ, այլ գոյություն, որ իրեն է ձգում ուժեր, որոնց հավասար ուժեր մեր ամբողջ մոլորակի վրա դժվար է գտնել։
Էթնան տապալո՞ղ ուժը։
Նիագարայի ջրվեժի՞ ուժը։
Արեգակի շուրջը պտտվող Երկրի՞ ուժը։
Կարիք չկա թվարկելու. միայն մի ուժ, որ կա մանկան մեջ, ոգու, գիտակցության, սրտի ուժը, եթե այն հասցվի կատարելության, կվերածվի գերուժի, որն ընդունակ կլինի ստեծելու, հարստացնելու, զարդարելու ամեն ինչ և՛ Երկրի, և՛ Տիեզերքի, և՛ իր մեջ։

Երեխայի մեջ ննջող ուժերը կարթնանան աստիճանաբար. սկզբից նա կսկսի զգալ, հետո՝ իմանալ, իսկ հետագայում՝ միաժամանակ և՛ ուրախանալ, քայլել, խոսել, հիշել, նկատել, շփվել, յուրացնել, և՛ որպես վեհաշուք լուսապսակ այդ ամենի՝ մտածել, վերափոխել ու արարել։

Բայց խնդիրն այն է, որ երեխան ինքնուրույն, ինչ ուժեր էլ որ լինեն նրա մեջ, ոչինչ չի կարող զարգացնել, չի կարող անգամ ոտքի կանգնել՝ ուր մնաց թե մինչև մարդ կայանա։ Հրաշք է կատարվում. նրանից մարդ ստեղծելը, դաստիարակելը, արարելը հենց մարդու ձեռքերի գործ է, և առաջին հերթին՝ մայրիկի ու հայրիկի։

Ժպիտը մարդկանց կյանքում խորհրդավոր երևույթ է։ Վերջերս ես մի փոքրիկ գիրք էի գրել՝ «Ժպի՛տ իմ, որտե՞ղ ես» վերնագրով։ Թույլ եմ տալիս ինձ՝ մեջբերելու իմ իսկ հորինած լեգենդը ժպիտի մասին։

Ես նայում եմ իմ՝ հենց նոր բարուրից հանած որդուն՝ կեղտոտ ու թաց։ Նա շարժում է թևիկներն ու ոտիկները, և լրիվ կեղտոտ է։ «Թո՜ւ»,- ասում է մայրիկը ու վախենում նրան կպչելուց։ Ես քիթս շուռ եմ տալիս։ Իսկ տատիկը, հաճույքից փայլելով, գրկում է նրան ու նրբորեն դնում տաք ջրով լի լոգարանի մեջ։ Նա արդեն սկսել է թոռան դաստիարակությունը։ Ինչ «թու», ես քշտում եմ թևերս և նույնպես անցնում դաստիարակության, մայրիկն էլ է միանում մեզ, հարդարում է անկողինը, իսկ հետո նստում բազկաթոռին ու պատրաստվում՝ կերակրելու իր նորածին բալիկին։

Թարգմանություն ռուսերենից 
Թարգմանիչ՝ Թամար Ղահրամանյան
Լուսանկարի աղբյուրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով