Ընտանեկան դաստիարակության արվեստը
Մանկավարժական էսսե
Մենք շատ լավ գիտենք, որ դպրոցական գնահատականները չեն կարող որոշել մեր Երեխայի անհատականությունը. դրանք պիտանի չեն ճակատագիրը գուշակելու համար: Այնուամենայնիվ, այնքան ենք կարևորում, որ դրանք իսկապես փչացնում են մեր ու Երեխայի կյանքը: Կարելի է անգամ պատկերացնել, թե ինչպես է պետությունն ինքը վեր հանել «5» թվանաշանի կամ խորհրդավոր միավորների տեսքով կուռքը ու պահանջում է մեզնից, որ անընդհատ՝ դպրոցական կյանքի ողջ ընթացքում, մեր երեխաներին՝ նրանց ուրախությունը, ազատությունն ու ձգտումը, նրանց ստեղծականությունը զոհաբերենք դրան, զոհաբերենք Երեխայի հետ մեր լավ հարաբերությունները: Կարևորը դառնում է լավ գնահատականներ ստանալը, քանզի միայն դրանցով կարելի է տեղ գնել կյանքում:
Գնահատական՝ գիտելիքի համա՞ր:
Ո՞ւմ ենք խաբում, մե՞զ, թե՞ ուրիշներին: Մի՞թե իսկապես կարծում ենք, թե նրանք, որ ատեստատ, դիպլոմ ունեն, այսպես կոչված, կրթության մասին (միջնակարգ, բարձրագույն), ապա արդեն կրթված մարդ են, և նրանց ձեռք բերած գիտելիքը բարձր է, քան Հիմալայան կամ Կովկասյան լեռնե՞րը:
Այդ միլիոնավոր ատեստատներից և դիպլոմներից շատերը մի քոռ կոպեկ էլ չարժեն:
Ժամանակակից միջոցները հնարավորություն են տալիս երիտասարդներին թվանշան ու միավորներ ստանալ՝ առանց գլուխ ջարդելու ուսման վրա: Իսկ շատ ուսուցիչներ դպրոցում և պրոֆեսորներ բուհերում երևակայում են, որ գնահատում են ճշմարիտ գիտելիքը, կարծես իրենք երբեք չեն օգտվել ծածկաթերթիկից, թաքուն հուշումից, ուրիշների կողմից իրենց համար գրված դիպլոմային աշխատանքից: Համացանցում կարելի է գտնել ցանկացած ռեֆերատ, ցանկացած առաջադրանքի լուծում, գրախանութից կարելի է գնել պատրաստի շարադրությունների և լուծված առաջադրանքների ձեռնարկներ՝ համոթ հեղինակների:
Եվ ի՛նչ հզոր ընդհատակյա ցանց է զարգացել կրկնուսույցների, որոնք իրենց սովորողներին ոչ թե գիտելիք են տալիս, այլ ունակություն ու հմտություն. սովորեցնում են, թե գիտելիքի ամենաչնչին հատիկից, որ պետք է անգիր անել, ինչպես ստանան անհրաժեշտ գնահատականներ և միավորներ: Ստուգողականները, թեստերը, քննությունները վերածվում են խաբեության, իսկ պետությունը ուրախանում է, երբ խաբեության այս աշխարհում ինչ-որ տեղ հաղթում է ճշմարտությունը. կարծում են, որ հենց սա է անհեթեթ ռեֆորմների արդարացումը. դրա համար էլ արժե միլիոններ ծախսել:
Բայց ի՞նչ ենք կորցնում, երբ վազում ենք գնահատականների հետևից: Գնահատականների համար մրցավազքը գրավում է կյանքի այն հատվածը, որտեղ ժամանակ ու տարածություն չի մնում, որ մեզ անհրաժեշտ է՝ ավելի կարևոր դաստիարակչական խնդիրներ լուծելու համար: Դա Երեխայի հոգևոր և բարոյական դաստիարակությունն է, դա նրա հետ հոգևոր ընդհանությունն է, նրա աշխարհայացքի, մշակույթի նկատմամբ հոգատարությունն է, նրա անհատական գործունեությունը:
Այսպիսի կարևոր խնդիրները շատ շատ են, ավելի հաջողությամբ դրանք կլուծվեն հիմա՝ դպրոցական տարիներին՝ դեռահասության ու պատանեկության տարիներին: Հետաձգելը վտանգավոր է, նրանք կուլ կգնան այլ խնդիրների, որոնք կառաջանան կյանքի հետագա փոփոխություններից: Մենք ինչքան ասես կարող ենք խոսել Երեխայի մեջ անհատականություն դաստիարակելու մասին, բայց մեր դաստիարակչական խնամքի մեջ չեն տեղավորվում, թույլ են արտացոլվում այն գործերը, որ կապված են անհատականություն դաստիարակելու հետ:
Մեր Երեխան մեզ մեկից հինգը քայլող թվանշան է թվում: Ո՞րն է մեր առաջին հարցը, երբ նա վերադառնում է դպրոցից: «Քեզ այսօր դաս հարցրե՞լ են: Ի՞նչ գնահատականներ ես ստացել: Օրագիրդ ցո՛ւյց տուր»:
Մի՞թե Երեխան նրա համար է գնում դպրոց, որ մեզ ուրախացնի գնահատականներով (կամ տխրեցնի) ու օրագիր ցույց տա:
Դժբախտություն է, երբ Երեխան տուն է գալիս վատ գնահատականով: Այն, ինչպես մի չար զրպարտություն, մեզ կասի՝ տեսնո՞ւմ եք ձեր Երեխան վատն է: Եվ իհարկե, կտխրի ու կբարկանա մայրիկը, իսկ հայրիկը դատաստան կտեսնի. չէ՞ որ ինքը քրտնաթոր աշխատում է որդու համար, իսկ նա, ինչպես տեսնում եք, չի գնահատում ծնողական հոգատարությունը, ծուլանում է: Իհարկե, հարկավոր է միջոցներ ձեռնարկել, և կախված հոր խառնվածքից, գնահատականների նկատմամբ նրա վերաբերմունքից՝ գուցե այնքան էլ արժանավոր միջոցներ չձեռնարկի դաստիարակության համար:
Ամոթ ու խայտառակություն ուսուցչին, ասում է Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկին և կրկնում է՝ ամոթ ու խայտառակություն ուսուցչին, երրորդ անգամ ասում՝ ամոթ ու խայտառակություն ուսուցչին, որ Երեխային երկուս է նշանակում օրագրի մեջ և անմիջապես նշում. «Մայրիկ, հայրիկ, ուշադրություն դարձրեք, ձեր Երեխան չի սովորում»: Եվ շարունակում է. չէ՞ որ այդ ուսուցիչը գիտի, որ դրանով նա օրագրի մեջ մտրակ է դնում հոր համար, և հայրը դրանից հենց այդ երեկո կօգտվի:
Երեխան դպրոց է գնում ոչ միայն սովորելու համար: Դա կյանքի միայն մի մասն է դպրոցում: Դպրոցը մարդկայնանալու արհեստանոց է: Երեխան գնում է այնտեղ, որ ազնվանա, անհատականություն դառնա, որ ընկերներ ունենա, որ սովորի սիրել ու արարել: Ժողովրդական իմաստնությունն ասում է՝ թշնամությունն ավերում է, սերը՝ արարում: Գնում է, որ Արժանավոր Մարդ դառնա:
Ամոթ ու խայտառակություն ուսուցչին, որ կմոռանա այդ մասին ու ինքն էլ Երեխային որպես քայլող թվանշան կդիտի և թվանշանով առաջնորդվելով՝ կդատի՝ լավն է, թե վատը, ընդունակ, թե անընդունակ, զարգացած, թե թերզարգացած, նրանից մարդ դուրս կգա, թե չի գա, սիրել նրան, թե չսիրել:
Կանցնեն տարիներ, և կյանքը ցույց կտա, որ «վատ» աշակերտները դարձել են լավ, գործունյա, բարի մարդիկ, նրանցից ոմանք կդրսևորեն իրենց տաղանդը: Իսկ գնահատականների մշուշի մեջ ուսուցչական աչքերն այսօր դա չեն տեսնում:
Ամեն լավ բան գովերգվում է ժողովրդական բանահյուսության մեջ, բանաստեղծների, կոմպոզիտորների, նկարիչների ստեղծագործություններում: Բայց ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ որևէ կոմպոզիտոր, բանաստեղծ կամ նկարիչ չի ոգեշնչվում գնահատականներով, ստուգողականներով, քննություններով, չեն հորինվել գեթ մի լավ երգ ու բանաստեղծկան տող դրանց մասին: Եվ թող պետական միասնական քննությունները նույնպես չակնկալեն, որ ապագայում ինչ-որ մեկը, բացի նախարարներից ու ղեկավարներից, իրենց գովերգող տողեր կամ ոգեշնչող երաժշտություն կնվիրեն: Կրթության ոլորտի իշխանական միջանցքներում տիրում է ոչ թե իմաստնությունը, այլ իշխանությունը, հենց իշխանությունը: Բայց ոչ այն իշխանությունը, որ Աստվածային Կամքի ու Սիրո դրսևորումն է, այլ մի ուրիշը, որը դարձել է … հարկադրանքի դրսևորում: Իշխանությունը կեղծում է, ժողովուրդը՝ հնազանդվում (այսինքն՝ հնազանդվում ենք մեր երեխաներով), բայց դա չի նշանակում, որ նա կրթական բռնությունն ընդունում է: Գնահատականները և քննությունները հիմա ճնշում են դաստիրակության հոգսը: Գնահատականի համար պայքարը հրահրում է սուտ, խորամանկություն, դպրոցական կյանքի արժեզրկում, ընդդիմություն, բախումներ: Խանգարում են ընտանիքին, ծնողներին՝ ճանաչելու Երեխային որպես անհատականություն:
«Նորից երկուս». այսպես է անվանել այսօր արդեն աշխարհում հայտնի իր կտավը նկարիչ Ֆ. Պ. Ռեշետնիկովը: Նկարել է 1952 թվականին. հիմա Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում է: Սենյակի դռների մեջ կանգնած է տղան՝ հագին մորթե օձիքով վերարկու: Աջ ձեռքին դպրոցական պայուսակն է՝ լիքը, հազիվ փակված: Դա հինգերորդ կամ գուցե վեցերորդ դասարանցու պայուսակ է: Նա վզին պիոներական վզկապ չկա, նշանակում է՝ մի բան եղել է:
Տղան աչքերը խոնարհել է: Դեմքին մեղավորություն կա: Մեղքն ահռելի է: Նա նորից երկուս է ստացել: Դրա համար էլ մեղավոր է մոր առաջ, որ միայնակ դաստիարակում է երեք երեխաներին, մեղավոր է ռազմաճակատում զոհված հոր առաջ, բոլորի առաջ, ամբողջ աշխարհի առաջ: Նա վատ աշակերտ է: Նորից երկուս է ստացել: Բայց տղան ի՜նչ գեցեցիկ է, խարտիշահեր: Նա դատապարտված է: Դատապարտված է մոր տխրությանը. մայրը նստած է սեղանի մոտ՝ աթոռին, կարմիր գոգնոցով, տնային հողաթափերով. ձեռքերն անօգնական դրված են ծնկներին: Ինչքա՜ն շատ բան է տարել պատերազմի տարիներին, և հիմա էլ հեշտ չէ միայնակ դաստիարակել ու կերակրելը երեք երեխաներին, իսկ որդու հետ կապված հույսերը փշուր-փշուր են լինում. այսօր նորից երկուս շալակած է եկել: Ինչպե՞ս հաշտվի դրա հետ: Տղան դատապարտված է և փոքր եղբոր կողմից:
Վերջինս դեռ դպրոց չի գնում, հեծանիվ է քշում: Ահա շուտով դպրոց կգնա և միայն հինգերով կսովորի, որ ուրախացնի մայրիկին: Հիմա նա իր հեծանվով կանգնած է մայրիկի կողքին և ծաղրական ժպիտով նայում է իր ավագ եղբորը: Պա՜հ, եղբայր է կոչվում՝ ծույլիկ, անպատասխանատու, երկու ստացող: Մայրիկից քիչ հեռու, սեղանի կողքին կանգնած է պիոներ քույրիկը՝ հյուսքերին ժապավեն: Աթոռի վրա դպրոցական բաց, գրքերով լի պայուսակն է։ Սեղանին նույնպես գրքեր են ու տետրեր. նա խնամված է, կարգապահ: Կա՛մ սովորել է բոլոր դասերը, կա՛մ հիմա կսկսի սովորել ու լուծել առաջադրանքները մինչև կեսգիշեր:
Ու ահա պիոների եղբայը ծույլիկ է: Նրա դեմքը ոչ թե կարեկցող է, այլ մեղադրող: Եղբայրը խայտառակում է պիոներ քույրիկին դպրոցում. չի հասկանում, թե ինչ վիճակի մեջ է գցում մայրիկին: Չի ուզում սովորել, նորից երկուսով է եկել դպրոցից: Ո՞ւմ է պետք նման եղբայրը: Սենյակի աղքատ կահ-կարասին նույնպես մեղադրող ֆոն է ստեղծում: Այսօր, գուցե նաև վաղը և վաղը չէ մյուս օրը մեղք գործածին ոչ ոք չի սիրի, չի հարգի, նրա հետ կխոսեն վերապահումով, բայց ոչ հավասարի նման: Բայց ո՛չ, կա մի էակ, որի համար միևնույն է, թե ընկերն ինչով կգա՝ երկուսով, թե հինգով, նա սիրում է տղային և կշարունակի սիրել նրան հակառակ բոլոր ուսուցիչների, որոնք երկուս են նշանակում և ուզում, որ մտերիմները չսիրեն ծույլիկներին, պատժեն նրանց:
Այդ էակը շունն է, որ պոչը ոլորած՝ նետվում է դեպի տղան և առջևի թաթերով ձգվում, բարձրանում է նրա կրծքին, ժպտում է և լեզուն հանած՝ լիզում իր ընկերոջը: Միգուցե նկարիչը նկարել է այս կտավը հենց նրա համար, որ մեզ հակառակն ասի: Հետո՞ ինչ՝ երկուս: Երկուսն արժե՞ արդյոք, որ անողոք լինենք Երեխայի հետ: Ի՞նչ իրավունք ունի, եթե անգամ առաջին երկուսը չէ, որ ընտանիքում դատաստան ու մեղադրանք, տխրություն ու անհուսություն, նվաստացում ու վիրավորանք հրահրի: Այսօր երկուս է, վաղը հաջողություն կլինի: Բայց երկուսները չեն, որ հաջողություն են խթանում, այլ ուրախությունը, հենց հաջողությունը: Դրա համար է ասել Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկին, ով ականջ ունի, թող լսի՝ իմացումի ամենակարող հրճվանք կա, և երեխաներին պետք է հաջողությունից հաջողություն ուղեկցել: Մի՞թե ուսուցիչը, օգտվելով երկուսներ նշանակելու իր կեղծ իրավունքից, տղայի ընտանիքի այդ իրավիճակը կհամարի իր ուսուցչական խնդիրների հաղթանակը:
Մի՛ տխրիր, մայրի՛կ: Որդուցդ ազնիվ, բարի, վեհանձն մարդ դուրս կգա: Միայն հարկավոր է մի կողմ նետել տխրությունն ու հիասթափությունը և վարվել այս շան նման: Ասա՛ տղային. «Որդի՛ս, կյանքում ամեն ինչ լինում է, բայց ես, մեկ է, քեզ հավատում ու սիրում եմ»: Ասա՛ քո պիոներ աղջկան՝ հանգիստ թողնի ու սիրով օգնի իր եղբորը՝ ետ չմնալու, հարկավոր չէ այդպիսի եսասիրական դիրք բռնել: Չի օգնում ուսուցիչը՝ թող քույրն օգնի: Ասա այս փոքրիկ հիմարիկ տղային, որ դեռ չի ճանաչում դպրոցական թյուրիմացությունները, թող չթռչկոտի, չաղմկի և չխանգարի պարապող եղբորը: Սովորեցրո՛ւ նրան ոչ թե ծաղրել, այլ ապրումակցել: Ի՞նչ արած: Այն դպրոցում, որտեղ նորից երկուսներ են դնում, ուսուցիչներն այնպիսի ակնոցով են, որի ապակիների փոխարեն տարբեր կարգի թվանշաններ են։
Վարիացիա. ինչպես վերաբերվել գնահատականներին
Մի հրաշալի հոգեբան՝ Արթուր Վլադիմիրովիչ Պետրովսկին, գնահատականները բնութագրել է այսպիսի թվային հատկանիշներով՝ ոչնչացնող մեկ, տանջող երկու, անտարբեր երեք, հուսադրող չորս, հաղթական հինգ: Դրանով հանդերձ՝ ցույց է տվել, որ եթե մեզանում գնահատականները կիրառելու և հմտորեն օգտագործելու իմաստնություն չգտնվի, կարող ենք նկատելիորեն վնասել Երեխայի հոգևոր-բարոյական աշխարհը: Գնահատականները մանկավարժական կամ հոգեբանական արդարացում չունեն, դրանք կեղծ գործոններ են: Երեխանները առանց դրանց էլ ուզում են սովորել ու ճանաչել. դա նրանց էությունն է: Բայց մենք չենք վստահում այդ էությանը և փոխարինում ենք բնական ձգտումը կեղծիքով, ճիպոտահարությամբ, դաղելով ու յուղելով: Իսկ մանկական էությունը տանել չի կարողանում բռնությունը: Անգամ ամենացանկալին պարտադրանքով անցանկալի է դառնում Երեխայի համար:
Երեխաները կսովորեին նաև առանց թվանշանի, պարգևի, խրախուսանքի ու պատժի, միայն թե մենք ուսումնական գործընթացում պահպանեինք ազատ ընտրության զգացումը, բերկրանքի ապրումը: Խնդիրը ոչ թե երեխաների մեջ է, այլ ուսուցիչների, որոնք հավատում են միայն իրենց հեղինակությանը, իսկ գնահատականները նրանց ձեռքում ասես գավազան լինեն, որից վախենում են երեխաները և դրա համար էլ դասի ընթացքում իրենց քիչ թե շատ տանելի են պահում:
Բայց այն ուսուցիչները, որ վստահում են Երեխայի Բնույթին և Բնույթին համապատասխան են երեխաներին առաջնորդում դեպի իմացություն, կարող են պատմել, թե նրանք որքան են առաջադիմում գիտության ճանաչողության ոլորտում և ընդարձակում իրենց հետաքրքրությունները: Այդպիսի ուսուցիչները քիչ են, իսկ մանկավարժական գիտակցությունը հրամաններով փոխել չի լինի: Մանավանդ որ այդպիսի հրաման դեռ ոչ մի իշխանություն չի տվել:
Ի՞նչ է մնում մեզ անելու: Հարկավոր է Երեխայի հետ հարաբերություններն այնպես կառուցել, որ գնահատականները չպղտորեն մեր կյանքը: Գուցե օգտակար լինեն ստորև բերվող հանձնարարությունները.
- Երեխան ծնվում է իմացումի հանդեպ կրքով, նա ի սկզբանե ձգտում է իմացության, ձգտում է սովորելու և բացահայտելու նորը. դա նրա բնական վիճակն է. իմացության շարժառիթը հենց իմացությունն է.
- սովորելու համար նրան հարկավոր չեն ձևական խթանիչներ՝ պարգևների կամ գնահատականների տեսքով. բավական են մեր զարմանքն ու հիացումը, որ նա հետաքրքրված է ինչ-որ բանով և հաջողում է.
- չի կարելի փոքր Երեխային, որ շուտով դպրոց է գնալու, ասել, թե նա պետք է գերազանցիկ լինի.
- «նորից երկուս»-ը չպետք է վատացնի մեր հարաբերությունները Երեխայի հետ, դրա համար տեսարաններ չսարքենք և Երեխայի առաջ չդնենք կամ-կամ պայմանը.
- քարոզ չենք կարդում, դատաստան չենք անում և չենք սահմանափակում այն ազատությունը, որ տվել ենք արդեն.
- հույս ենք հայտնում, որ դա ուղղելի է, քանի որ նա ընդունակ է.
- ջանում ենք միասին հասկանալ խնդիրները և փնտրում դրանք վերացնելու միջոցներ.
- ուսուցիչների հետ աղմուկ չենք սարքում.
- երեխային այնպիսի ակտիվության ենք մղում, որ ուսուցիչը նրան հասկանա.
- ուսումնառության հաջողություններով ուրախանում ենք, բայց չենք ուռճացնում գնահատականի նշանակությունը.
- ջանում ենք Երեխայի մեջ ամրապնդել վստահություն իր ընդունակությունների ու հնարավորությունների նկատմամբ.
- Երեխային խստորեն չենք վերահսկում՝ տնային աշխատանքներն անելիս.
- կարող ենք առաջարկել մեր օգնությունը, որ իր համար դժվար հարցերը միասին պարզաբանենք.
- եթե նա կուզի, հաճույքով կլսենք, թե ինչպես է սովորել դասը, բանաստեղծությունը, կարող ենք նայել գրավոր առաջադրանքները.
- խորհուրդ ենք տալիս, բայց չենք պարտադրում մեր կարծիքը.
- Երեխայի հաջողությունների մեջ ջանում ենք տեսնել գիտելիքի որակը՝ մոռանալով գնահատականի մասին, խրախուսում ենք այն դրդապատճառները, որ կապ ունեն իմացության, այլ ոչ թե գնահատականի շտկման հետ.
- արժանին ենք մատուցում ջանքներին, աշխատասիրությանը, ստեղծականությանը.
- հաճախ ենք զրուցում Երեխային հետաքրքրող հարցերից.
- հաճույքով լսում ենք նրա դատողությունները, չենք ամաչում նրանից ինչ-որ բան սովորելուց.
- ինչ գնահատականներ էլ տուն բերի՝ լավ թե վատ, դրանք մեր և Երեխայի հոգևոր աշխարհ չենք բերում.
- լավ գնահատականներն ուրախացնում են մեզ, բայց դրանց համար տոներ չենք կազմակերպում.
- ընդունում ենք Երեխայի ակնհայտ հաջողությունները, բայց հետաքրքրվում ենք գիտելիքի որակով, գիտելիքի հանդեպ նրա վերաբերմունքով, նրա ընթերցանությամբ ու հետաքրքրություններով.
- ընդգծված ուրախանում ենք նրա արժանավոր բարոյական արարքներով.
- ո՛չ կրտսեր դպրոցականների, ո՛չ էլ բարձրդասարանցիների հպարտանալն իրենց լավ գնահատականներով, հպարտանալը նրանով, որ ընկերներից լավ է սովորում, որ ինքը առաջինն է դպրոցում, չենք քաջալերում.
- եթե դպրոցի տնօրինությունը գերազանցիկների լուսանկարներով պատվոտախտակ է ստեղծում, ջանում ենք, որ մեր երեխան հարկավոր չհամարի իր լուսանկարի ցուցադրվելն այնտեղ.
- մեր գերազանցիկ Երեխային խորհուրդ ենք տալիս համեստ լինել, ամենուր քիթը չխոթել, չմեծամտանալ, առանց պայմանի օգնել համադասարանցիներին.
- եթե դպրոցում ուսուցիչները գնահատականների հետ կապված ծայրահեղությունների մեջ կընկնեն, մենք դրան հանգիստ կվերաբերվենք և չենք քաջալերի, որ մեր Երեխան ներքաշվի այդ մրցավազքի մեջ.
- ծնողական ընդհանուր ժողովների ժամանակ, որտեղ տրվում են ուսման առաջադիմության թերթիկները, ուսուցիչներին ավելի շատ հարցնում ենք, թե նրանք դաստիարակության և ուսուցման ինչ մեթոդներ են կիրառում, ինչպես են ինքնակատարելագործվում, ինչպես են բարձրացնում իրենց պատրաստվածությունը, ինչ են կարդում.
- հարցնում ենք մեր Երեխայի առաջընթացին ու հաջողություններին նպաստող ու խանգարող պատճառների մասին և հազվադեպ ենք ուղիղ հարցեր տալիս՝ ինչո՞ւ մեր Երեխային այս կամ այն գնահատականն է դրվել այս կամ այն առարկայից.
- երբեք թույլ չենք տալիս մեզ ուսուցչին արժեքավոր նվերներ անել այն նպատակով, որ վերջինս բարյացակամորեն վերաբերվի մեր Երեխային.
- իսկ այն ուսուցչին, որը քաջալերում է դա ծնողների մեջ, պետք է անվստահություն հայտնել.
- բայց այն ուսուցիչներին, ում սիրում են երեխաները, և որը մեծ հեղինակություն ունի, մենք սատարում ենք և նորարարություն կիրառելիս ղեկավարության հետ բախում ունենալու դեպքում պաշտպանում:
Գագաթնակետ. մանկավարժական աքսիոմատիկա
Աքսիոման այն աստիճան ակնհայտն է, որ ապացուցման կարիք չունի. այն ընդունվում է որպես ճշմարտություն, որի հիմքի վրա կարելի է քննություն իրականացնել և գտնել փաստարկներ այլ՝ իրենց ճշմարտացիության մեջ ոչ ակնհայտ գաղափարների համար: Երկրաչափության մեջ դրանք կոչվում են թեորեմներ:
Մանկավարժությունն ունի իր աքսիոմատիկան՝ բացահայտ ճշմարտությունը. դա իմաստնության գանձարանն է, որի վրա կարելի է հիմնել մանակավարժական տեսությունն ու պրակտիկան: Սակայն, ինչպես սովորաբար լինում է, մենք միշտ չէ, որ ի վիճակի ենք լինում հետևելու իմաստնությանը: Իսկ եթե իմաստնությունը հայտնի է, բայց մենք հակադրում ենք դրան մեր ենթադրություններն ու գործողությունները, դա ի՞նչ կարելի է կոչել: Եթե դրանք իմաստուն չեն, նշանակում է խելամիտ չեն, գուցե և հիմար են: Մեզ համար իմաստնության օրենքներով ապրելը, որպես կանոն, դառնում է դժվար, որովհետև իմաստնությունը պահանջում է գիտակցական, կամային ջանքեր: Իսկ մենք, ինչպես միշտ, փնտրում ենք հեշտ ուղիներ անգամ Երեխայի դաստիարակության դեպքում:
Մանկավարժական աքսիոմատիկան մի կողմից հուշում է դաստիարակչական գործընթացի ճշմարիտ ուղղվածությունը, մյուս կողմից դաստիարակությունից պահանջում է նպատակասլացություն, ինքնակատարելագործում: Այ, սա աքսիոմատիկա է: Դե, դատեք ինքներդ:
Սերը դաստիարակվում է սիրով:
Բարությունը դաստիարակվում է բարությամբ:
Ազնվությունը դաստիարակվում է ազնվությամբ:
Տառապանքը դաստիարակվում է տառապանքով:
Փոխադարձությունը դաստիարակվում է փոխադարձությամբ:
Հոգևորը դաստիարակվում է հոգևորով:
Բարեկամությունը դաստիարակվում է բարեկամությամբ:
Նվիրվածությունը դաստիարակվում է նվիրվածությամբ:
Սրտացավությունը դաստիարակվում է սրտացավությամբ:
Բարեկրթությունը դաստիարակվում է բարեկրթությամբ:
Կյանքը դաստիարկվում է կյանքով:
Նույն ձևով կարելի է թվարկել հակամանկավարժական աքսիոմատիկան՝ ատելությունը դաստիարակվում է ատելությամբ, չարությունը դաստիարկվում է չարությամբ և այլն: Բայց ավելի լավ է՝ դրանով չզբաղվենք:
Ասում են՝ սեպը սեպով են հանում, բայց դա՝ նյութական իմաստով: Հոգևոր իմաստով ատելությունը ատելությամբ չես հանի, չարությունը չարությամբ չես վերացնի, դավաճանությունն էլ դավաճանությամբ չես ոչնչացնի:
Այդ ճանապարհով ամեն ինչ կբազմապատկվի, և չարն ավելի ուժեղ կդառնա:
Բայց կա օրենք, որի համաձայն՝ բարձրագույն հոգևոր-բարոյական հատկությունները կարող են վերափոխել ու վերադաստիարակել ստորին հատկությունները: Նա հնարավորություն է տալիս հաղթահարելու բացասականը, որը միշտ ստորին դրսևորում է, դրականով, որը միշտ բարձրագույն դրսևորում է: Տվյալ դեպքում մենք ստանում ենք հետևյալ պնդումները.
Ատելությունը վերափոխվում է սիրով:
Չարը վերափոխվում է բարությամբ:
Անսրտությունը դաստիարակվում է սրտացավությամբ:
Ոչ ոգեղենությունը դաստիարակվում է ոգեղենությամբ:
Բայց երբեք չի լինում, որ ստորին հատկությունները դաստիարակեն բարձրագույնները: Չի լինում, որ ատելությամբ սեր դաստիարակվի կամ չարությամբ՝ բարություն:
Ինչպես վարվենք այն դեպքում, եթե ինքներս անկատար ենք, բայց ուզում ենք, որ մեր Երեխան կատարյալ լինի: Մի այսպիսի հիանալի հասկացություն կա՝ նպատակասլացություն: Մենք կարող ենք անկատար լինել, և որպես կանոն, այդպիսին էլ կանք: Բայց եթե մենք ձգտում ենք լավագույնին, այդ նպատակասլացությամբ էլ կարող ենք Երեխայի մեջ դաստիարակել լավագույն հատկանիշներ: Եթե մենք չենք ուզում ինքնակատարելագործվել, մեր դաստիարակչական ջանքերն անշուշտ անհաջողության են մատնվելու: Առանց մեր ինքնակատարելագործման ձգտումի մանկավարժական աքսիոմաները թուլանում են, կորցնում իմաստն ու կենսականությունը: Դրանց իմաստն այս է՝ դաստիարակելով ինքներս ենք դաստիարակվում: Կրթելով ինքներս ենք կրթվում: Սովորեցնելով սովորում ենք:
Ոմանց թվում է, թե մանկավարժությունը մեծերի կողմից երեխաների դաստիարակության մասին գիտությունն է: Դա այնքան էլ այդպես չէ: Իսկական ճշմարտությունն այն է, որ մանկավարժական գործընթացում Մեծահասակն ու Երեխան միասանական ինքնադաստիարակվող և ինքազարգացող ամբողջություն են, որում նրանք իրար համար և՛ դաստիարակողներ են, և՛ դաստիարակվողներ, և՛ ուսուցիչներ, և՛ աշակերտներ։ Նրանց միջև տարբերությունն այն է, որ մեծահասակը գիտակցաբար է գործում, իսկ Երեխան՝ իր հոգևոր և բնական ուժի շնորհիվ։ Սակայն մի ցավալի սխալ է տեղի ունենում, բայց ոչ թե Երեխայի, այլ մեծահասակի կողմից։ Պետք չէ, որ Երեխան իմանա, որ Մեծահասակը, որ իրեն դաստիարակում ու սովորեցնում է, միաժամանակ նաև իր սանն ու աշակերտն է, իսկ ինքը նրա համար՝ դաստիարակ ու ուսուցիչ։
Բայց Մեծահասակը, իմանալով, որ ինքը Երեխայի համար դաստիարակ է ու ուսուցիչ, որպես կանոն, մոռանում է, որ ինքը միաժամանակ Երեխայի կողմից դաստիարակվող է և աշակերտ, իսկ Երեխան՝ իր դաստիարակն ու ուսուցիչը։ Եվ այդ մոռացության մեջ բաց է թողնում լավագույն և իր տեսակի մեջ միակ նպատակասլաց, գիտակից ինքնադաստիարակման ու ինքնազարգացման հնարավորությունը։ Այդպիսի մոռացումը թուլացնում է նաև Երեխայի դաստիարակությունը. թուլանում է նրա վրա նպատակասլացության ազդեցության ուժը Մեծահասակի, որի հետ նրանք դաստիարակչական մի ամբողջություն են։
Այսպես շատ մեծահասակների հետ է կատարվում։
Բայց մենք թույլ կտա՞նք արդյոք նման ցավալի բացթողում։
Էլեգիա. աշխարհով անցնում է իմաստունը
Իմաստունը նստած էր մի քարի։
Նրա շուրջ հավաքվեցին գյուղի բնակիչները և դժգոհեցին իրենց նախնիներից։
— Պետք էր, չէ՞, որ մտածեին ապագայի մասին, երբ կառուցում էին կամուրջը։ Հարյուր տարի չդիմացավ։ Այսօր այն քանդվել է, ու քիչ մնաց, որ դպրոցից վերադարձող երեխաներ զոհվեին։
Իմաստունը հարցրեց․
— Ովքե՞ր են ձեզ համար երեխաներ, ում դուք հոգ եք տանում։
— Ինչպե՞ս թե՝ ով։ Մեր որդիները, դուստրերը, մեր թոռները…
Նորից հարցրեց Իմաստունը․
— Իսկ ձեր ծոռան-ծոռան-ծոռան թոռները նույնպե՞ս ձեր երեխաներն են։ Դուք նրանց հոգ կտանե՞ք։
Մարդիկ ծիծաղեցին․
— Նրանք մեզ ի՞նչ երեխա։ Մենք նրանց չենք տեսնելու և չենք ճանաչելու։ Եվ ինչո՞ւ մենք նրանց հոգ տանենք։ Նրանք իրենց ծնողները կունենան, թող իրենց ծնողներն էլ հոգ տանեն սեփական երեխաներին։
Իմաստունն ասաց․
— Լսե՛ք առակը։
Մարդկանց մոտ եկավ մարգարեն ու հայտարարեց․
— Ես մարգարե եմ։
— Դե, մարգարեություն արա մեզ համար,- ասացին մարդիկ։
— Ես եկել եմ, որ հայտնեմ ձեզ․ ուղիղ հարյուր տարի հետո այս նույն տեղում մեծ ջրհեղեղ է լինելու։ Այն հանկարծակի կլինի մարդկանց համար, վրա կտա գիշերով և կքշի բնակչությանը։ Կմահանան բոլորը՝ այդ թվում և երեխաները։ Բայց դուք կարող եք նրանց փրկել, եթե ծովի ափին մեծ պատնեշներ կառուցեք…
— Դու ավելի լավ է՝ մեզ ասես, թե ինչ կլինի մեզ հետ երեք օր հետո, ոչ թե՝ ինչ կլինի ինչ-որ մարդկանց հետ հարյուր տարի հետո։ Ի՞նչ գործ ունենք նրանց հետ։ Այդ ժամանակ մեզանից ոչ ոք՝ մեր երեխաներից ոչ մեկը կենդանի չի լինի…- սկսեցին տրտնջալ մարդիկ։
— Բայց նրանք ձեր սերունդները կլինեն, ձեր տոհմի շառավիղները։ Հոգացե՛ք նրանց մասին, որ նրանք փրկվեն,- պնդեց մարգարեն։
— Մենք առանց այն էլ շատ հոգսեր ունենք… Թող իրենք հոգան իրենց հոգսերը։
Եվ մարդիկ պատնեշներ չկառուցեցին։ Նրանք մահվան դատապարտեցին իրենց ապագա սերունդներին։
Իմաստունը լռեց։
Նրա շուրջ հավաքված մարդիկ մտքերի մեջ ընկան։
Նրանցից մեկն ասաց․
— Իմաստո՛ւն, բացատրի՛ր մեզ առակը։
Իմաստունն ասաց․
— Կամուրջները քանդվելու են հետո էլ ու այնքան ժամանակ, քանի դեռ չեք հասկացել, որ ձեզանից յուրաքանչյուրը ոչ միայն սեփական Երեխայի ծնողն է, այլև ամբողջ մարդկային ցեղի։ Եվ ձեր երեխաներին պետք է դաստիարակեք ապագա սերունդների հանդեպ հոգատարության զգացումով։
Վերջին ակորդ. ամառն անցավ
Մտածում էի, որ իմ գյուղական ամառն անվերջ է․ ամբողջ հունիսը, հուլիսը և օգոստոսը՝ 92 օր, մի՞թե քիչ է։
Բայց ամառը թռավ։ Ես այլևս ժամանակ չունեմ գրելու։ Ժամանակն է անցնելու այլ գործերի։
Գիրքը՝ մեծ, թե փոքր՝ կարևոր չէ, նույնպես աճում է, ինչպես երեխան․ այն իմ մտքում էր, այնուհետև գլուխ առ գլուխ շարադրվեց թղթի վրա։ Այդ տեսքով այն մանուկ է։ Շուտով կզարդարվի կազմով, ու կսկսվի հասունացման շրջանը։ Ու ինչ-որ ժամանակ անց կծերանա, իր տեղը կզիջի այլ գրքերի։
Ամառն անցավ։
Իսկ իմ մտքում մնացին չգրված գլուխների վերնագրերը, որոնց գուցե այլևս չեմ անդրադառնա, որովհետև ոչ միայն ամառը, այլև աշունը և ձմեռը թռան։
Ի՞նչ կան այդ վերնագրերի մեջ։
Ես մտադիր էի գրել նաև ֆիզիկական զարգացման, սրտի դաստիարակության մասին, երեխաների՝ դպրոցին նախապատրաստվելու մասին, դեռահաս դստեր կամ որդու հետ ծնողի ընկերության մասին, Երեխայի՝ ուսուցիչների հետ հարաբերության մասին, հերոսի դաստիարակության, առաջին սիրո, երիտասարդ մարդու աշխարհայացքի մասին… Կախման կետերն այստեղ նշանակում են, որ, ինչպես համոզվեցի, Երեխայի դաստիարակության հարցերին վերջ չկա։ Այդ հարցերը նոր չեն, և նրանց մասին շատ է խոսվել, բայց ես դրանց այլ երանգավորում կտայի՝ առաջնորդվելով Հումանիստական մանկավարժությամբ։
Ամառը թռավ:
Դրա համար էլ գրում եմ այս էջը և մի կողմ դնում գրիչը: Ներեցե՛ք ինձ, Նինցա և Գեգի, Սինտյա և Դենիս: Ներեցե՛ք, սիրելի՛ ընթերցողներ, իմ համեստ ու անավարտ պարգևի համար: Ձեզ եմ դիմում նաև, իմ սիրելի՛ Թամուսիկի և Կրիշյանիս, և Ձեզ, իմ սիրելի՛ Երեխաներ մոլորակի:
Կանցնի 20-25 տարի, կսկսվեն 21-րդ դարի 30-ական թվականները: Դուք հրաշալի երիտասարդներ կդառնաք:
Գուցե և ձեր ծնողների գրադարանում Դուք կգտնենք այս գիրքը, կկարդաք, և իմ մտքերը ձեզ հնացած կթվան:
Մի՛ մոռացեք, խնդրում եմ, որ ես 20-րդ դարի մանկավարժ եմ, գրել եմ այս գիրքը 2007 թվականին: Բայց գրել եմ այն Ձեր հանդեպ ուժգին սիրով, երազում եմ Ձեզ հետ լավագույն ժամանակների մասին:
Ես չեմ պնդում, որ Դուք Ձեր երեխաներին դաստիարակելիս օգտվեք այս գրքի գաղափարներից:
Բայց խնդրում եմ Ձեզ՝ ամուր կառչեք երկու ճշմարիտ արժեքի, որ իմ խորին համոզմամբ կարևոր կլինեն Ձեր՝ նանոտեխնոլոգիաների դարում:
Դա Ազնվագույն Մարդ դաստիարակելու նպատակն է և Մարդասիրական Մանկավարժության սկզբունքները:
Բուշետի, Վրաստան, 2007թ. օգոստոս
Ծնողների աղոթքը
Աստված իմ,
Քեզանից Երկիր է եկել մի Երեխա, և մեզ ծնողներ է դարձրել: Բայց ինչո՞ւ ես թույլ տալիս մեզ կարծելու, թե մենք ենք նրան ստեղծել, ոչ թե Դու:
Դու ես նրա մեջ Լուսավոր Ուղի դրել, բայց ինչո՞ւ ես թույլ տալիս մեզ մտածելու, որ այդ Ուղին դեպի մեզ է գալիս, ոչ թե դեպի Քեզ:
Նա Քո զավակն է, բայց ինչո՞ւ ես թույլ տալիս մեզ դաստաիարակելու նրան մեր բարօրության համար, ոչ թե Քեզ փառաբանելու:
Դու նրա մեջ դրել ես ճշմարտությունը, բայց ինչո՞ւ ես թույլ տալիս մեզ՝ նրան պարտադրելու մեր մոլորությունները:
Դու ուղղորդել ես նրա հայացքը դեպի Տիեզերական հեռուներ, բայց ինչո՞ւ ես թույլ տալիս, որ մենք նրան կապենք հողին:
Դու բարձրացրել ես նրան Ոգով, բայց ինչո՞ւ ես թույլ տալիս, որ հավասարեցնենք նրան մեզ, ոչ թե մենք բարձրանանք՝ նրան հասնելու:
Աստված իմ:
Բացի՛ր մեր աչքերը՝ Սրտով հասկանալու, որ Դու ուղարկում ես նրան մեր զարթոնքի համար: Տո՛ւր հնարավորություն՝ նրա մեջ Քեզ տեսնելու և օգնի՛ր մեզ հասնելու Իմաստնության: Երեխայի ճշմարիտ դաստիարակությունը մեր իսկ դաստիարակությունն է:
Ամեն:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարի աղբյուրը։
Թարգմանիչ՝ Թամար Ղահրամանյան