Ընտանեկան դաստիարակության արվեստը
Մանկավարժական էսսե
Նկարեք, խնդրեմ, շրջան և դրա մեջ շատ-շատ կետեր դրեք: Շրջանը մեր Երեխան է: Շրջանի կետերը՝ Երեխայի հնարավորությունները: Դրանցով նրան օժտել է Բնությունը: Նա շատ շռայլ է մարդկային էակների հանդեպ։ Որքան են այդ հնարավորությունները Երեխայի մեջ՝ չենք կարող ասել: Շատ են: Դրանք այնքան են, որքան պետք կգան ոչ միայն մեր՝ 21-րդ դարում, այլև ապագա հարյուրամյակներում և հազարամյակներում: Հասկանալի է, որ այդ հնարավորությունները միատեսակ չեն, տարբեր են: Երեխան սահմանափակված չէ իր հնարավորությունների մեջ, նա ամեն ինչ կարող է: Համարձակվում եմ կրկնել իմ պատկերացումները Երեխայի մասին:
Եթե տիեզերքը իսկապես սկիզբ ու վերջ չունի, իսկ Բնությունն իր արարչագործության հաշիվը չի պահում, ապա Տիեզերքի և Բնության միակ մոդելը Երեխան է:
Բայց հնարավորությունները դեռ կայացած իրականություն չեն, ինչպես խաղողի կորիզը դեռ խաղող չէ: Որպեսզի կորիզից խաղողի ողկույզ ստանանք, նախ և առաջ, ինչպես Բուլատ Օկուջավայի երգում, պետք է այն տաք հողի մեջ դնենք, ապա համբուրենք որթատունկը և միայն հետո ճաշակենք հասուն ողկույզները:
Սակայն պատկերացնենք՝ խաղողի կորիզը պահ չենք տվել տաք հողին, այլ նետել ենք մի հին ամբար, որտեղ անհամար առնետներ կան, ու մոռացել ենք նրա մասին: Ի՞նչ կլինի կորիզը, որում մեծ ապագա, կյանքի անկրկնելի էներգիա է պահ տրված: Առնետի խղճուկ կեր կդառնա:
Նույնը կարող են լինել Երեխայի հնարավորությունները, եթե դրանք չզարգացվեն, չդաստիարակվեն ու չազնվացվեն: Կարողությունների մի մասը մեզ հայտնի է: Հստակության համար թվարկենք դրանցից մի քանիսը՝ խոսելու կարողությունը, հիշելու կարողությունը, մտածելու կարողությունը, երկու ոտքով քայլելու կարողությունը, զննելու կարողությունը, զգալու կարողությունը, սիրելու կարողությունը, ապրումակցելու կարողությունը, տառապելու կարողությունը և այլն: Մեծ կամ փոքր չափով հոգ ենք տանում մեզ հայտնի կարողությունների զարգացմանը, հատկապես նրանց, որոնք բարոյական ձևավորման և ճանաչողականության հիմքն են կազմում:
Կարողությունների մյուս հատվածի մասին մենք աղոտ պատկերացում ունենք: Դրանք դեռ ոչ բոլոր երեխաներն են դրսևորում: Ասենք՝ երեք-չորս տարեկան Երեխան մեծ թվերից արմատ է հանում կամ աստիճան բարձրացնում: Տարբեր տարիքի որոշ երեխաներ դրսևորում են այնպիսի ունակություններ, ինչպիսիք են՝ տեսնել և կարդալ փակ աչքերով, «կարդալ» ուրիշի մտքերը, հարաբերվել նրբին (բարձրագույն) աշխարհների հետ, տիեզերականորեն մտածել ու գիտելիք ստանալ հոգևոր ջանքերի, նրբազգացության շնորհիվ, ապագան կանխազգալ, որոշել ցանկացած տարվա ցանկացած օրը, խոսել սկսել վեցամսական տարիքում և այլն:
Երեխաներն իրենք չեն կարող բացատրել, թե ինչպես են դա անում, իսկ մենք էլ չենք կարող գլխի ընկնել այդպիսի դրսևորումների էությունը:
Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ այդպիսի ընդունակություններով օժտված են բոլոր երեխաները, բայց միայն որոշների մեջ է, որ ինչ-որ իրավիճակների շնորհիվ դրսևորվում է:
Թե՞ կարող ենք ենթադրել, որ նրանք Բնության սխալներ են, շեղումներ նորմայից: Բայց ակնհայտ է, որ ներկա սերնդի երեխաների մեջ նման դեպքերը հաճախանում են: Ինչո՞ւ փնտրել Բնության «սխալներ»: Ի՞նչն է մեզ խանգարում ընդունելու, որ սկսվում է մի դարաշրջան, որը մարդկանցից պահանջում է հենց այդ կարգի ընդունակություններ, որ գոյություն ունեն յուրաքանչյուրի մեջ, բայց շատ խորը քնած վիճակում են: Այս դեպքում ինչ մենք այսօր զննում ենք, կարելի է համարել ապագայի նախակարապետները:
Երրորդ տեսակի ընդունակությունների մասին մենք միայն կարող ենք ենթադրել, ինչպես տիեզերագնացն է ենթադրում անտեսանելի երկնային մարմնի և մի այլ երկնային մարմնի համագործակցության գոյության մասին: Գուցե ունենք թռչելու ունակություն, մեր և ցանկացած մեկի մեջ հեռահաղորդակցություն հաստատելու ընդունակություն՝ առանց որևէ սարքի, հնարավորություն «տեսնելու» մտքերը և հաղորդակցվելու մտքերի օգնությամբ՝ փոխելով լեզուները, ցանկացած արգելքների միջով լսելու ու տեսնելու ընդունակություն, մտքերը նյութականացնելու ընդունակություն, մարմնից դուրս գալու և բարձրագույն աշխարհներում ճամփորդելու ընդունակություն և այլն: Ընդհանրապես կգա մի դարաշրջան, երբ մարդն արդեն կարիք չի ունենա ոչ մի սարքի՝ մանրադիտակի, հեռադիտակի, ճեպընթաց տրանսպորտի, շարժական կապի, համացանցի, համակարգչի, հեռուստացույցի, տարբեր տեսակի չիպերի և այն ամենի, ինչ մոտ ապագայում նանոտեխնոլոգիաները կբերեն, կարիք չի ունենա դեղորայքի, վիրահատությունների, բժշկական սարքավորումների: Մեր նորահայտ ընդունակությունները դուրս կմղեն դրանք:
Իսկ ի՞նչ ասել մարդկային ընդունակությունների չորրորդ տեսակի մասին, որ մտքներովս էլ չի անցնում: Բայց կգա ժամանակը (դա ո՞ր հազարամյակը կլինի), որ դրանք կբացահայտվեն, և այդ ժամանակ մարդու մեջ կբացվեն կյանքի և արարման ուրիշ հորիզոններ:
Այս բոլոր ընդունակություններն արդեն կան Երեխայի մեջ, բայց մենք չենք կարող մեր այսօրվա մանկավարժությամբ բացահայտել ու զարգացնել դրանք: Անգամ այն կարգի ընդունակությունների զարգացման համար, որոնք մեզ այսօր հայտնի են, չենք ունենում կա՛մ ժամանակ, կա՛մ համբերություն ու իմաստնություն, կա՛մ հոգևոր-բարոյական կատարելություն ու մանկավարժական գիտակցություն, կամ էլ դրանց զարգացման անհրաժեշտության ըմբռնողականություն: Գուցե չի բավարարում պարտքի զգացումն ու ցանկությունը, որ օգնենք Երեխային՝ իր մեջ բացահայտելու Բնությունից ստացած շնորհները:
Օդա։ Բնությունը Երեխայի մեջ
Ի՞նչ մանրադիտակ կարող է ցույց տալ այն հնարավոր ապագան, որ գրանցված է տարբեր բույսերի սերմերում: Օրինակ՝ մանանեխի սերմը։ «Այն փոքր է, քան բոլոր սերմերը, սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում»:
Մենք անդադար զմայլվելու ենք այն Երեխայով, որի մեջ ի սկզբանե «ցանված են իր ապագա անհատականության սերմերը», անդադար զարմանալու ենք այն հզորությունից, որ որպես ընդունակություն դրված է նրա մեջ Բնությունից: Դրանք նույնքան ռեալ են, որքան սերմերը: Բայց ապագա հզորության այդ հնարավորությունները կարող են վնասվել այնպես, ինչպես կվնասվի մանանեխի հատիկը, եթե նրան դնես ոչ այն հողի մեջ, որ անհրաժեշտ է իրեն, այլ այն, որ վնասում է, և եթե չջրես, չխնամես: Այս ժամանակ մոլախոտերը, որոնց բերում է քամին, կոչնչացնեն նրան, թույլ չեն տա դրսևորելու հիասքանչ հզորությունը: Իսկ այդ հզորությունը, եթե դրսևորվի, կազմված է լինելու մտավոր ու ֆիզիկական, կամային ու զգացմունքային, զգայական ու հոգևոր-բարոյական ուժերից:
Բնությունից Երեխայի մեջ եղած ընդունակությունները կարիք ունեն զարգանալու: Ի՞նչ է զարգացումը: Դա բնության տված հնարավորությունները ռեալ ուժերի վերածելու գործընթացն է: Բայց այդ գործընթացը նկատելի դժվար է: Ինքը՝ Երեխան, հատկապես իր կյանքի առաջին տարիներին, ի վիճակի չէ զարգացնելու իր մեջ այդ ընդունակությունները:
Բայց հասունացման հետագա շրջանում էլ միշտ չէ, որ ի վիճակի է նպատակաուղղված զարգացնելու ինքն իրեն:
Երեխային պետք ենք մենք՝ ծնողները, խելացի մեծերը, դաստիարակները, ուսուցիչները, որոնք գիտեն, որ գոյություն ունի զարգացում, և թե ինչը ինչպես պետք է զարգացնել: Հոգեբանությունը հաստատում է. «Եթե Երեխան ամենավաղ հասակից գտնվում է հասարակությունից դուրս, ապա նա մնում է զարգացման կենդանուն հասանելի աստիճանին» (Ա. Ն. Լեոնտև):
Զարգանալը Երեխայի բնական կիրքն է: Նա չի կարող չզարգանալ: Բնությունը ամբարում է ոչ միայն հնարավորություն, այլև զարգացող շարժումներ, ամբարում է զարգացման խթան: Բայց այդ շարժումները կարող են ընդունել աղճատված ձևեր, եթե մեր իմաստնությունը և հոգատարությունը նրան չուղղորդեն: Դրա համար պետք է իմանալ, թե ինչ պահանջների առաջ է մեզ կանգնեցնում Բնությունը: Իսկ պահանջները, որոնցում օրինաչափ զարգացման հիմքերն են, հետևյալն են.
- Երեխայի մեջ բնական հնարավորությունների զարգացումը իրականցավում է օրացուցային ժամկետների սահմանում:
Դա նշանակում է՝ Երեխայի տարիքային ձևավորման մեջ կան շրջաններ, երբ այս կամ այն հնարավորությունների խումբը առանձնահատուկ ինտենսիվ է զարգանում: Բնությունը Երեխայից հատուկ (կամ ընդհանրապես որևէ) կամային ջանք չի պահանջում: Եթե մենք ի վիճակի լինենք անհրաժեշտ բովանդակալից միջավայր կազմակերպելու Երեխայի շուրջը, ապա այդ հնարավորությունները (դրանք գործառույթներ կոչենք, ինչպես ընդունված է հոգեբանության մեջ) ավելի լիարժեք բացահայտումներ կգտնեն: Օրացուցային ժամկետներից հետո այդ գործառույթները դանդաղում են: Դրա համար էլ հետագայում դրանց զարգացումը կապված կլինի նպատակաուղղված կամքի, գիտակցված ձգտումների հետ, կամ կարող են անգամ անհնար լինել: - Բնական հնարավորությունների զարգացումը Երեխայի մեջ տեղի է ունենում դժվարությունների հաղթահարման պայմաններում:
Դա նշանակում է՝ Երեխան ձեռք է բերում այն ուժը, որը հաղթահարում է: Դժվարությունը վեր բարձրանալու աստիճան է: Բայց դժվարությունները լինում են խելացի ու հիմար: Եթե զարգացումը խելացի է, այն պահանջում է խելացի դժվարություններ, մենք պիտի իմաստուն լինենք, որ Երեխային առաջարկենք այնպիսի դժվարություններ, որոնք կազնվացնեն նրա էությունը, կբացահայտեն նրա գործառույթները և միանգամից կմղեն նրան գիտակից, ստեղծագործական գործունեության: Դժվարությունները, որոնք առաջարկում ենք Երեխային նպատակաուղղված զարգացման գործընթացում, պետք է գերազանցեն Երեխայի հնարավորությունները: Բայց հարց է ծագում. այդ դեպքում ինչպե՞ս նա դրանք կհաղթահարի: Կհաղթահարի նա մեր օգնությամբ՝ մեզ հետ համագործակցելով: Մենք հանդես ենք գալիս որպես միջնորդ դժվարության և Երեխայի ուժերի միջև: Օգնում ենք նրան հաղթահարելու դժվարությունը՝ բացատրում ենք, ակնարկում, ոգևորում: - Միջավայրի որակը դրականորեն կամ բացասաբար է ազդում Երեխայի բնական հնարավորությունների զարգացման վրա:
Միջավայրը դրականորեն է ազդում Երեխայի զարգացման վրա այն ժամանակ, երբ առաջ տանող պայմաններ է ստեղծում, որոնք ընդարձակում են դեռևս չհասունացած գործառույթները կենսահաստատ գործունեության համար: Բայց միջավայրը զարգացման համար խոչընդոտ կարող է լինել, եթե նրա պայմանները շատ հեռու են կամ շատ ցածր են Երեխայի ուժերից, կամ էլ այն դեպքում, եթե այն Երեխայի՝ շարժման մեջ մտած ուժերին առաջարկում է անցանկալի բովանդակությամբ և տգեղ նյութ: - Երեխայի մեջ բնական հնարավորությունների զարգացումն անհատական բնույթ ու ուղղվածություն ունի:
Անհատական հատկանիշների իմաստը մենք կապում ենք Երեխայի կոչման հետ: Բնությունը շռայլ է Երեխայի հանդեպ, բայց վերջինիս հոգին բնության հարստություններից ընտրում է հատկապես այն հնարավորությունները, որոնց լրիվ զարգացումը հետագայում պետք է նպաստեն իր գործունեությանը: Մասամբ դրանց հետ են կապված նաև որոշ հակումներ, որոնք սովորական նորմերին չեն համապատասխանում: Ասենք՝ ընթերցանության յուրացումը վաղ՝ երկու-երեք տարեկան հասակում: Եթե այս կամ այն հնարավորությունը իրեն դրսևորում է օրացուցային ժամկետից ավելի ուշ, դա կարելի է բացատրել կա՛մ Երեխայի բնույթին չհամապատասխանող միջավայրով, կա՛մ էլ հիվանդություններով ու շեղումներով, որոնք փոխանցվել են նրան ժառանգաբար:
Ակորդ։ Խաղալիք
Ես չեմ ջարդում խաղալիքը, իսկապես, չեմ ջարդում:
Վերադարձրեք ինձ այն:
Ձեզ թվում է, թե ջարդում եմ, որովհետև ինձ չեք ճանաչում:
Բայց քանդում եմ այն, որ ներսը նայեմ, իմանամ՝ ոնց է կազմված:
Ես հետազոտում եմ խաղալիքը և ուզում եմ օգտագործել իմ ձևով:
Այդ «իմ ձևովը» ես ինձ հետ եմ բերել, դրանում մի նոր բան կա, որ ձեզ հայտնի չէ:
Ես պիտի փորձ ձեռք բերեմ, որպեսզի տարիներ անց ինձ դրսևորեմ, իմը հաստատեմ:
Ինձ չի հետաքրքրում խաղալիքը, և չեմ ուզում իմանալ, թե ինչ արժե այն:
Բայց այն, ինչով գրավում է ինձ իմ ապագան, ավելի թանկ արժե, և դա էլ կլինի իմ նվերը ձեզ՝ բոլորիդ:
Գնահատեք իմ մեջ այն, որ ես «ջարդում եմ» խաղալիքը և ոչ թե իր կանոններով խաղում:
Ես իմ կանոններն ունեմ և թույլ չեմ տա խաղալիքին՝ ինձ ղեկավարելու:
Եթե ես ենթարկվեմ բոլոր կանոններին բոլոր այն խաղալիքների, որ դուք գնում եք ինձ համար, շուտով ինքս խաղալիք կդառնամ, մի՞թե հասկանալի չէ:
Այսօր «ջարդում եմ», իսկ վաղը այդ փորձի վրա կյանք կկառուցեմ:
Մի՛ չարացիր, մայրիկ:
Մի՛ բարկացիր, հայրիկ:
Վերադարձրե՛ք խաղալիքը, քանի դեռ այն կարող է ծառայել ինձ:
Իսկ դուք, ավելի լավ կլինի՝ հետևեք, թե դեպի ուր է նպատակաուղղված իմ Բնույթը:
Ինտերմեդիա։ Չարաճճի և չարաճճիություն
Սինտիի հարցը.
— Երեխայի չարաճճիությունը կապված չէ՞ նրա զարգացման հետ: Ինչպե՞ս վարվենք չարաճճիի հետ:
Զարգացումը կատարելագործման գործընթաց է: Այն իրագործվում է դժվարությունների հաղթահարման միջոցով: Եթե այս պահին Երեխայի մեջ արթնացել է բնական հնարավորությունների այս կամ այն խումբը, ապա նա կարիք ունի շարժման և դժվարությունների:
Դժվարությունների հաղթահարումն՝ ինքը դառնում է նպատակ: Դրա համար էլ Բնությունն ինքն է ուղղորդում Երեխային՝ դժվարություններ փնտրելու: Եթե նա պայմաններ գտնի մեր կազմակերպած միջավայրում, ապա կզբաղվի դրանցով, և մենք կասենք, որ Երեխան խաղում է, զվարճանում, զբաղեցնում ինքն իրեն: Այս բոլորը մենք չարաճճիություն չենք համարի: Իսկ եթե միջավայրում չկան կազմակերպված պայմաններ, ապա նա կօգտվի ցանկացած այլ պայմանից, որ նրա համար չի նախատեսված, կստեղծի դրանից դժվարություն, որ հաղթահարի և այսկերպ կնպաստի իր հնարավորություների զարգացմանը: Ակտիվության այս ձևը մենք կոչում ենք չարաճճիություն: Եվ քանի որ Երեխայի այսպիսի ակտիվությունը խանգարում է մեր հանգիստը, և բացի այդ՝ մենք զգուշանում ենք, որ Երեխան ինչ-որ բան չփչացնի և չվնասի ինքն իրեն, ապա միանգամից անցնում ենք արգելքների: «Ձեռք մի՛ տուր… Մի՛ վերցրու… Մի՛ խցկվիր… Մի՛ ջարդիր… Մի կո՛ղմ քաշվիր… Դա մի՛ արա… Քեզ ի՞նչ ասացին… Սսկվի՛ր…»: Սա կոչվում է «շտապեցնող մանկավարժություն»: Պահանջմունքի ուժը թույլ չի տալիս Երեխային՝ հասկանալու մեր դիտողությունները: Դա մեզ կզայրացնի. նշանակում է՝ նա չլսող է, ամեն ինչ մեզ հակառակ է անում: Եվ շտապում ենք պատիժներ կիրառել. խստություն ենք դրսևորում, բաց չենք թողնում, սպառնում ենք, պատժում…
Ի՞նչ է չարաճճիությունը, և որն է չարաճճին:
Եթե Երեխայի չարաճճիությանը նայենք մեր հանգիստ լինելու և այն մտահոգության տեսանկյունից, որ նա ինչ-որ բան չփչացնի, իրեն չվնասի, ապա չարաճճիությունը մեզ համար (ինչպես բացատրում են բառարանները) երեսառածություն է, ինքնագլխություն, անբնական և թեթևամիտ գործողություն:
Բայց եթե Երեխայի չարաճճիությանը նայենք որպես բնական հնարավորությունների կատարելագործման գործողություն, ապա «չարաճճիություն» բառը մեզ շատ դուր կգա: Այն կնշանակի՝ որսալ կատարելությունը, ձգտել կատարելության: Չարաճճիությունը նաև նրանով է գեղեցիկ, որ դրանում ստեղծականությունը շատ է: Չարաճճին զարգացնում է իրեն՝ վերադասավորելով շրջապատը, նա ձևափոխում է միջավայրի պայմանները: Չարաճճիությունը մանկության իմաստնության դրսևորումն է, չարաճճին կյանքի շարժիչն է: Չարաճճին ներխուժում է վաղվա օրվա մեջ՝ գրավչություն տալով նրան այսօր: Նա ինքն է բարձրացնում իր զարգացման նշաձողը առավելագույն աստիճանի: Չարաճճիները կյանքի ապագա արարողներն են նրա բազմազան դրսևորումներում՝ մշակույթում, գիտության մեջ, արվեստում, քաղաքականության, տնտեսության, հասարակական գործունեության մեջ: Նրանք վերափոխում, վերակառուցում, նորացնում են մարդկանց կյանքը. նրանք մոլորակի զարգացման ուժն են:
Չարաճճի Երեխան վերակենդանացնում է մեր մանկավարժական գիտակցությունը: Միայն պետք է հեռու մնալ ավտորիտարիզմից, որն, իհարկե, չի հանդուրժում չարաճճիություն, և մենք տեսնում ենք. չարաճճին հարկադրում է մեզ կոտրել ավտորիտար մանկավարժությունը: Եթե մենք զիջենք չարաճճիներին, նրանք կդառնան մեր դաստիարակության արվեստի հղկիչը:
Եվ ինչ ձանձրույթ կտիրեր դաստիարակության մեջ, եթե չլինեին չարաճճիները: Այնտեղ, որտեղ չարաճճիներ չկան, որտեղ միայն գիտակից, հավասարակշռված երեխաներ են, դաստիարակություն չկա, և չի կարող լինել մանկավարժական ստեղծագործություն: Եթե մեր Երեխան հավասարակշռված, լսող, հանգիստ է և հեշտությամբ է ենթարկվում մեր բոլոր պահանջներին, թող դա մեզ չուրախացնի. ավելի լավ կլինի նրան անբնական արարած համարել և ուղիներ փնտրել՝ նրան չարաճճի դարձնելու: Գուցե ժամանակն է, որ մենք՝ դաստիարակողներս էլ սովորենք չարաճճիություն անել Երեխայի հետ, որ նրան հնարավորություն տանք՝ հաստատելու իր բնական ձիրքերը:
Այնպես որ՝ երեխաներին թողեք՝ չարաճճիություն անեն:
Բայց մեզ հարկավոր կլինի.
- ուշիուշով հետևել Երեխային, երբ նա չարաճճիություն է անում, որպեսզի անմիջապես օգնենք խուսափել վտանգից, և որ չարաճճիությունը չվերածվի անքաղաքավարության ու անտակտության ուրիշների հանդեպ, չճնշի նրանց.
- հուսալի թաքցնել ու հեռացնել միջավայրից այն առարկաները, որոնք կարող են հրահրել նրան (լուցկի, լուցիչ, դանակ, հրազեն), կամ վախենում ենք, որ դրանք կջարդի.
- երբեմն Երեխայի հետ չարաճճիություն անել, ասել է թե՝ խառնաշփոթ ստեղծել.
- չարաճճիության էներգիան ուղղել դեպի բարի գործունեություն:
Չարժե վրդովվել, առավել ևս՝ զայրանալ, եթե, այնուամենայնիվ, ինչ-որ բան պատահի, և նա որևէ բան փչացնի, կոտրի: Միայն օգնենք, որ նրա մեջ ծնվի ափսոսանքի զգացում: Բայց վստահ եղեք. նրա ջանքն ու ստեղծականությունը ապագայում հարյուրապատիկ կհատուցեն չարաճճիության վնասները:
Մի կարևոր արժեք էլ կա մանկական չարաճճիությունից: Մեր մանկության մասին հիշողությունները մենք պահպանում ենք չարաճճիությունների շնորհիվ: Նրանք մեր հիշողության մեջ կարգավորում են նաև բարոյական միջավայրը: Մեզ համար ուրախալի և թախծալի է հիշել դրանք: Մի անգամ էլ կպատմես Երեխայիդ, թոռնիկիդ քո մանկության, չարաճճիություններիդ մասին և կտեսնես, թե որքան կուրախանան նրանք ու պոկ չեն գա. «Էլի՛ պատմիր»:
Ինչո՞ւ է այդպես:
Ակկորդ: «Վարժեցրե՛ք ինձ բարոյական արարքների»
Մայրի՛կ, հայրի՛կ, ես չգիտեմ՝ որն է չարաճճիության ու լպիրշության, չարաճճիության ու չարության, չարաճճիության ու կոպտության, չարաճճիության ու ամենաթողության սահմանը:
Կարծում եմ՝ դուք նույնպես շփոթում եք դրանք, և փոխանակ դաստիարակեք ինձ, զբաղվում եք իմ արդարացումներով, տրվում իմ բնազդներին, իմ սանձարձակ ազդակներին:
Հարգարժան հյուր է եկել: Նստել է բազմոցին: Իսկ ես, ձեռքիս բռնած ջրով լի բաժակը, թիկունքից գաղտագողի մոտեցել եմ ու ջուրը լցրել նրա գլխին: Դուք սկսում եք ներողություն խնդրել, իսկ նա՝ խեղճը, մրթմրթում է. «Ոչինչ, ոչինչ, դե, նա Երեխա է…»: Հետո, երբ հյուրը գնում է, հայրիկն ինձ ընդամենը ասում է. «Ա՛յ դու չարաճճի, որտեղի՞ց են այդպիսի հիմարությունները գլուխդ մտնում»: Ահա և հայրական ամբողջ դաստիարակությունը:
Կարծում եք՝ չարաճճիությունը հանդուրժո՞ւմ է բռիություն:
Մի քանի օր առաջ մենք այգի էինք գնացել: Տեղավորվեցինք նստարանին, ու դուք տարվեցիք զրույցով: Ինչո՞վ էի ես զվարճանում: Բոլոր անցորդներով՝ մեծահասակներով ու փոքրերով. լեզու էի հանում: Մեկը ծիծաղում էր ինձ վրա, ուրիշ մեկը՝ խղճալով նայում ինձ, մեծահասակները կշտամբանքով ձեզ էին նայում: Իսկ ես ծիծաղում էի: Մայրիկը միայն ասաց. «Ի՞նչ ես անում»: Ահա և մայրական ողջ դաստիարակությունը:
Չարաճճիությունը լպիրշություն չէ:
Դուք տեսնում եք՝ ես չեմ լսում տատիկին, ամեն ինչ նրան հակառակ եմ անում, գոռում նրա վրա: Նա խնդրեց ամբողջ թափով չհարվածել դաշնամուրի ստեղներին, իսկ ես սկսեցի բռունցքներով ավելի ուժեղ հարվածել և պոկեցի մի քանի ստեղն: Ինչո՞ւ դուք, Հայրի՛կ ու Մայրի՛կ, չեք բացատրում ինձ, որ չի կարելի վարվել ի հեճուկս մարդկանց, և ինչո՞ւ չեք պահանջում ինձնից, որ սիրեմ ու հարգեմ տատիկին: Թե՞ կարծում եք՝ ամեն ինչ ինքն իրեն տեղը կընկնի:
Ես ամեն օր այսպիսի «գործեր» եմ անում ու ամենաթողություն եմ զգում: Իսկ դա ինձ տանում է սխալ ճանապարհով:
Մայրի՛կ և հայրի՛կ, ինձ հասկացրեք, թե ինչպես պետք է ինձ պահեմ մարդկանց ու իրերի շրջապատում, ինչն է լավ, և ինչը՝ վատ, ինչ է կարելի, և ինչը՝ ոչ:
Դաստիարակե՛ք ինձ Պեստալոցցիի իմաստուն խորհուրդներով: Նա ձեզ կասի. «Բարոյականության ողջ տարրական դաստիարակությունը հիմնված է երեք հիմունքների վրա.
— մաքուր զգացմունքների օգնությամբ Երեխայի մեջ լավ բարոյական վիճակ ստեղծել.
— բարոյականություն վարժեցնել արդար ու բարի արարքների միջոցով, որպեսզի Երեխան հաղթահարի իրեն և ջանքեր գործադրի.
-զարգացնել բարոյական աշխարհայացք դատողության և իրավական ու բարոյական այն պայմանների համադրության միջոցով, որոնցում գտնվում է Երեխան:
Տեսնո՞ւմ եք, թե ինչ է խորհուրդ տալիս ձեզ մեծ մանկավարժը՝ «վարժեցնել»:
Ինձ հարկավոր է վարժեցնել արդար ու բարի գործերի, ոչ թե արդարացնել իմ ամենաթողությունը և ամեն ինչ անխտիր մանկական չարաճճիություն համարել:
Աչքից բաց մի՛ թողեք ինձ, Հայրի՛կ ու Մայրի՛կ, քանի որ վեհանձնության ճանապարհ գտնելը տարեցտարի ավելի ու ավելի դժվար է դառնում:
Ինտերմեդիա: Վտանգավոր չարաճճիություն
Նինցայի հարցը.
— Դուք կարո՞ղ եք հիշել Ձեր մանկական չարաճճիություններից:
Կպատմեմ մի վտանգավոր չարաճճիության մասին:
Սա եղել է 1943 թվականի ամռանը: Պատերազմ էր:
Ես 12 տարեկան էի ու գյուղում էի՝ պապիկի ու տատիկի մոտ:
Ռումբերի պայթյունից Կովկասյան լեռներ էին հասնում այնպիսի ահռելի դղրդյուններ, որ տների պատուհանների ապակիները զրնգում էին:
Երբեմն գյուղի՝ հենց տների տանիքների վրայով թռչում էին գերմանական փոքրիկ ինքնաթիռներ: Նրանք դանդաղ էին թռչում, և մենք կարող էին տեսնել օդաչուներին: Ինքնաթիռները թռուցիկներ էին նետում, իսկ մենք՝ երեխաներս, վազում էինք նրանց հետևից, սպառնում բռունցքներով, հայհոյում գերմանացիներին ու քարեր նետում:
Տնից ոչ հեռու մի մացառուտ կար: Ճիպոտների փնտրտուքի արդյունքում, որոնցից մոշի համար զամբյուղ էինք գործում, ես մի օր դեմ առա հրացանի ժանգոտած փողի: Մոռանալով զամբյուղի և մոշի մասին՝ ես փողը թաքուն տուն բերեցի և թաքցրի հավանոցում:
Երեխան միշտ գիտի՝ ինչ է չարաճճիությունը, և ինչը մեծահասակներին դուր չի գա: Դրա համար էլ այնպես է գործում, որ իր անթույլատրելի արարքի մասին չկասկածեն: Ես էլ այդպես վարվեցի:
Ես գիտեի, թե որտեղ է դրված քեռուս վառոդի տուփը: Տուփը նույնպես թաքուն վերցրի ու տարա հավանոց:
Ամբողջ վառոդը լցրի փողի մեջ, իսկ դատարկ մնացած տեղը մինչև վերջ լցրի մանր խիճերով: Փողի առաջամասը դրի քարի վրա, այսինքն՝ այն վեր բարձրացրի. հետո տուն վերադարձա՝ բուխարուց կրակ տանելու, ու փայտի ծայրը վառեցի:
Տատիկս հարցրեց. «Ի՞նչ ես անում կրակը»:
«Հիմա, հիմա»,- հանգստացրի տատիկիս:
Ես մտա հավանոց ու ներսից փակեցի դուռը:
Վառվող փայտի ծայրը մոտեցրի փողի ներքևի մասին:
Մի ահռելի դղրդյուն հնչեց:
Մարդիկ՝ հարևանները, տատիկը չհասկացան, թե ինչ կատարվեց: Նրանց թվաց, թե գերմանացիները ռումբ նետեցին, բայց չկարողացան հասկանալ, թե որտեղ:
Եվ երբ բաց են անում հավանոցը, տեսնում են, որ ես անգիտակից ընկած եմ գետնին, իսկ հավերը, որ մինչ այդ թառած էին ու հետևում էին իմ գործողություններին, նույնպես անշունչ ընկած էին գետնին:
Հրացանի փողը կտորտանքների էր վերածվել:
Ես գիտակցության եկա տատիկի ծնկների վրա, և առաջինը, որ լսեցի, նրա սրտի զարկերն էին՝ ուժգին ու արագացած:
Տատիկը չպարսավեց ինձ, և պապիկն էլ չպատժեց: Տատիկը լաց էր լինում և ասում. «Փառք Աստծո, որ դու կենդանի ես… Շնորհակալ եմ Քեզ, Աստված ջան…»: Իսկ ավելի ուշ պապիկն ինձ տարավ խաղողի այգի ու հարցրեց. «Տղա՛ս, դու գոնե պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կարող էր քեզ պատահել… Դու գոնե մտածե՞լ ես մեր մասին»: Նա դա ասում էր՝ լուծույթով սրսկելով խաղողի վազերը:
Իհարկե, ես անխելք բան էի արել: Չարաճճիությունները մեզ հենց այդպիսին էլ թվում են՝ անխոհեմ: Բայց դա՝ իմ այդ մանկական չարաճճիությունը, ինձ շատ բան հասկանալու հնարավորություն տվեց՝ տատիկի սիրտը, պապիկի իմաստնությունը և իմ պատասխանատվությունը հարազատներիս հանդեպ: Այդ գիտակցումը միանգամից չեղավ, այլ տարիներ անց:
Էլեգիա։ Աշխարհով անցնում է իմաստունը
Իմաստունը մի տան է մոտենում: Տեսնում է՝ բակում հավաքվել է կանանց բազմությունը, մեկը քաշում է ուրիշ մեկի մազերը, վերջինս բղավում է, մյուսները աղմկում են, փորձում նրանց բաժանել: Իմաստունին էլ են կանչում:
— Օգնիր,- ասում են,- թե չէ դժբախտություն կլինի:
Իմաստունը մոտենում է, և նրանք պատմում են.
— Ահա այս կինը, որին առաջին անգամն ենք տեսնում մեր գյուղում,- նրանք ցույց են տալիս այն մեկին, որ քաշում է մյուսի մազերը,- ասում է, որ տասներկու տարի առաջ իր նորածնին թողել է այս տան շեմին: Տանտիրուհին՝ իմաստուն և մեծահոգի մի կին, վերցրել է երեխային ու դաստիարակել հարազատ մոր պես: Մեծացել է բարի, տաղանդավոր ու քաղաքավարի մի տղա, ում բոլորը սիրում են գյուղում: Իսկ հիմա հայտնվել է այս մեկը և պահանջում է վերադարձնել երեխային: Մի՞թե դա արդար է:
Իմաստունը դիմում է կնոջը.
— Դու լքել ես նորածին երեխային, որովհետև նա խանգարո՞ւմ էր քեզ ազատ ապրելու:
— Այո՛,- դժկամորեն պատասխանում է կինը:
— Իսկ հիմա նա ինչո՞ւ է քեզ պետք, չէ՞ որ անցել է տասներկու տարի:
— Ուզում եմ նրան դաստիարակություն տալ:
— Բայց չէ՞ որ նա բարեկիրթ դաստիարակություն է ստանում:
— Ես կվերադաստիարակեմ նրան:
Ապա կանանց ասաց Իմաստունը.
— Լսեք առակը:
Կկուն իր ձվերը թաքուն տանում է, դնում Փորահավի բնում: Մայր Փորահավը դրանք դնում է իր ձվերի հետ, իսկ երբ ձագուկներ են դուրս գալիս, նա փորահավիկներին կկվի ձագուկների հետ դաստիարակում է՝ տարբերություն չդնելով նրանց միջև, սիրելով մայրական իր ողջ սիրով: Իսկ երբ մայր Փորահավը կեր չուներ բոլորին կերակրելու, քրքրում է իր սիրտն ու իր արյունով կերակրում ձագերին: Ձագուկները փետրավորվում են, մեծանում ու հեռանում բնից՝ կարծելով, որ իրենք բոլորն էլ փորահավեր են:
Ահա այդ ժամանակ Կկուն որոշում է հավաքել Փորահավի դաստիարակած իր ձագերին՝ իրեն համարելով նրանց հարազատ մայրը, ու դաս է անցկացնում բարոյականության թեմաներով: Ձագուկներին նստեցնում է ծառի ճյուղին, ինքը տեղավորվում ավելի վերևում ու սկսում այնտեղից խոսել:
— Ի՛մ ձագուկներ, դուք արդեն մտնում եք մեծ կյանք՝ թռչունների ու կենդանիների աշխարհը: Հիշեք, թե ինչպիսին չպիտի լինեք, որ չխայտառակեք մեր մեծ տոհմը:
— Դու ո՞վ ես,- հարցնում է կկվիկներից մեկը,- մենք արդեն գիտենք, թե ինչպես են ապրում փորահավերը:
— Ես ձեր հարազատ մայրն եմ…
— Իսկ ո՞վ է ուրեմն մեր մայր Փորահավը:
— Նա ձեզ գողացել է ինձանից… Նա, ձեզ իր արյունը տալով, ստիպել է, որ մոռանաք ինձ…- և Կկուն սկսում է լաց լինել,- նա ձեզ դաստիարակություն չի տվել, անգամ խոսք չի ասել այն մասին, թե ինչպիսին չպետք է լինեք, որ անտառում ազնիվ ապրեք:
Կկվիկները, որոնց դաստիարակել էր Փորահավը, զգացվեցին:
— Խեղճ մայրիկ…- ասաց մեկը:
— Սիրելի մայրիկ…- ասաց մյուսը:
— Քնքուշ մայիկ…- ասաց երրորդը:
— Լսենք մայրիկին, որպեսզի իմանանք, թե ինչպիսին չպիտի լինենք… — ասաց չորրորդը:
— Մի՛ եղեք, ի՛մ ձագուկներ, Կապիկ, մի՛ եղեք Քամելեոն, Խոզ մի՛ եղեք, Ոչխար մի՛ եղեք, Այծ մի՛ եղեք…
— Ովքե՞ր են դրանք, մենք դրանց դեռ չենք տեսել,- հարցրին կկվիկները:
— Դուք նրանց կտեսնեք, նրանք շատ են անտառում: Մի՛ եղեք նրանց նման:
— Իսկ փորահավե՞ր:
— Մոռացեք փորահավերին, նրանք չար են ու անսիրտ:
— Այդ դեպքում ինչպիսի՞ն լինենք,- միաձայն հարցրին կկվիկները:
— Միայն կկուների պես, իսկական, ինչպիսին ես եմ,- ասաց նրանց մայրիկը:
Եվ դեռ աշխարհը չճանաչած՝ կկվիկները հավատացին իրենց հարազատ մորը:
— Ինչո՞ւ, իսկապես, քրքրես սիրտը, որ արյունով կերակրես ձագերին, եթե չես ուզում վնասել նրանց: Մենք քիչ էր մնում մոռանայինք մեր մայրիկին՝ Կկվին… Ահա թե ինչպիսին է նա՝ իսկական մայրիկ, ազատ ու գեղեցիկ, ոչ թե մայր Փորահավը… -միմյանց ասացին կկվիկները: Նրանք տարբեր կողմեր թռան այն մտքով, որ հիմա իրենք իսկական կկուներ են, իսկ փորահավեր երբեք չեն լինի: Եվ շուտով Փորահավի բույնը լցվեց կկուների նոր ձվերով:
Իմաստունը լռեց: Կանայք քննարկում էին առակը, և Իմաստունը իր բարձրաձայն մտորումներով օգնում էր նրանց. «Մայր Կկվի դաստիարակությունը ջունգլիների դաստիարակություն է: Մայր Փորահավի դաստիարակությունը Աստվածային դաստիարակություն է»:
Եվ Իմաստունը շտապեց աշխարհի ճանապարներով:
Թարգմանությունը՝ ռուսերենից
Թարգմանիչ՝ Թամար Ղահրամանյան