Նախկին հրաշամանուկը
Որոշեցի, որ հաջորդ ուսումնական տարի Ռոյսի ղեկավարությամբ կաշխատեմ` մաթեմատիկական տրամաբանության բնագավառում դոկտորական աստիճան ստանալու համար: Սակայն Ռոյսը հիվանդացավ, և Թաֆտսի քոլեջից պրոֆեսոր Կարլ Շմիդտը համաձայնեց զբաղեցնել նրա տեղը: Շմիդտը, ում հետ ավելի ուշ ծանոթացա, Նյու-Հեմփշիրում մեր ամառային հարևանն էր: Այն ժամանակ նա երիտասարդ էր, մեծամասամբ խորապես հետաքրքված մաթեմատիկական տրամաբանությամբ, քան կրոնական փիլիսոփայությամբ, ինչը հետագայում նրա ուսումնասիրությունների ոլորտը դարձավ, երբ պաշտոն զբաղեցրեց Կառլտոն քոլեջում: Շմիդտը, որպես հնարավոր թեմա, ինձ առաջարկեց ուսումնասիրել Շրեդերի և Ուայթհեդի և Ռասելի հարաբերական մեծությունների հանրահաշվի համեմատությունը: Այս թեմայով հսկայական ֆորմալ աշխատանք պետք է արվեր, ինչը ինձ հեշտ թվաց, չնայած, հետագայում, երբ Անգլիայում աշխատում էի Բերտրան Ռասելի ղեկավարությամբ, հասկացա, որ բաց եմ թողել գրեթե ամենը, ինչ իսկապես փիլիսոփայական իմաստ ուներ: Այնուամենայնիվ իմ նյութն ընդունելի գիտական աշխատանք եղավ, և արդյունքում ինձ դոկտորական աստիճանի հասցրեց:
Շմիդտը համբերատար և հասկացող դասավանդող էր, Հանթինգթոնի նման, որ կարողանում էր ոչ բարդ հնարքների միջոցով ակտիվացնել ուսանողի մտավոր գործունեությունը: Եթե այդ տարի այդքան փափուկ ղեկավար չունենայի, չեմ կարծում, թե կարողանայի հաջողությամբ ավարտել աշխատանքը, քանի որ դիսերտացիայից բացի ինձ սպասում էր վիշապների երկու շարք:
Ոչ այնքան սարսափելի կրակ շնչող առաջին վիշապիկներն իմ առարկայական քննություններն էին, որ պետք է գրավոր հանձնեի: Դրանց հետևից սարսափազդու վրա էին տալիս ավելի կատաղած վիշապները՝ բանավոր քննությունները: Առարկայական գրավոր քննությունները հանձնեցի բազմաթիվ վերքեր ստանալով, բայց գլուխս բարձր: Դրանց հետ կապված մի դեպք ինձ պատիվ չի բերում: Բոլորս, որ քննություն էինք հաձնում, շատ էինք ցանկանում մեր գնահատականն իմանալ, և գտանք մի զիջող պահակի, որ մուտք ուներ պրոֆեսորների սենյակ և կարող էր թղթերը նայել, որտեղ գրանցված էին մեր գնահատականները: Ափսոսանքով պետք է խոստովանեմ, որ նրան համոզեցի, որ ինձ ասի այդ գնահատականները, և թեկնածուներից մեկին ասացի այդ գաղտնիքը: Դա ուղղակի սխալ հասկացված հետաքրքրասիրություն էր և սխալ մեկնաբանված բարի կամք, և այդտեղ կաշառք չէր եղել, սակայն հետագայում ինձ մեղադրեցին կաշառք տալու մեջ:
Բանավոր քննություններից շատ ավելի էի վախենում, քան գրավորներից: Դրանք հանձնելու համար պետք է այցելեի պրոֆեսորներին իրենց տներում: Ամեն անգամ պրոֆեսորը բարի էր և բարյացակամ, և ամեն անգամ, քննությունը հանձնելով, ես ինչ-որ ցնցումի մեջ էի լինում, հազիվ էի հասկանում, թե ինձ ինչ էին ասում: Երբ հունական փիլիսոփայություն էի հանձնում Վուդսի, հանկարծ նկատեցի, որ երբևէ իմացածս հունարեն բոլոր բառերը մոռացել եմ, և հազիվ կարողացա թարգմանել Պլատոնի «Հանրապետությունից» մի պարզագույն կտոր:
Ես շատ երախտապարտ եմ հորս, որ օգնեց անցնելու բանավոր քննությունների դաժան փորձությունը: Ամեն առավոտ նա ինձ հետ գալիս էր զբոսանքի, որպեսզի ինձ աջակցի ֆիզիկապես և ոգևորի հոգեպես: Մենք միասին զբոսնեցինք Քեմբրիջի շատ տեղերում, և դրանցից շատերում առաջին անգամ էի լինում: Նա, պատահում էր, մի հարց էր տալիս քնություններից որևէ մեկի թեմաներից, որպեսզի համոզվի, որ ես գիտեմ, թե ինչպես պատասխանեմ:
Այնուամենայնիվ, ինչքան հասկանում եմ, պետք է տապալեի բոլոր քննությունները, բայց դոկտորական աստիճանի համար քննություն ընդունող պրոֆեսորները կարծես ավելի մարդասեր և ցավակցող են ուսանողի նկատմամբ, քան ուսանողներն իրենք իրենց, և նրա հանդեպ պահպանում են անմեղության կանխավարկածը: Ուսանողներին պատած սարսափը ծանոթ է քննություն ընդունող պրոֆեսորներին, և դա ցանկացած քննության սովորական մթնոլորտի այն մասն է, որ պրոֆեսորը մեքենայորեն հաշվի է առնում, այսպիսով դոկտորական աստիճանի համար ոչ մի քննություն չի ընդունվում՝ ինչպես եղել է, այլ միշտ մեկնաբանվում է ուսանողի կարողությունների մասին այն փաստերի ներքո, որոնք հայտնի են պրոֆեսորին:
Ինքս շատ անգամ եմ քննություններ ընդունել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում աշխատելիս: Ես արդեն գիտեի, որ այդ սարսափը կարեկցելու հիմնավոր պատճառ է, որ դա լրիվ ներելի և ընդհանուր առմամբ նորմալ է. և չնայած դժվարությունները հաղթահարելու համար պրոֆեսորի առջև կանգնած լարվելը և իմպրովիզացիաներ անելը, գովելի է, բայց կեղծիքն արդարացնել չի կարելի: Պետք է վախենա ոչ թե ամաչկոտ ուսանողը, այլ լեզվից ճարտար, բայց քիչ հասկացողը:
Շարք առարկաների բանավոր քննությունները հանձնելուց հետո հասա տաժանակիր փորձությունների վերջին աստիճանին, որը պետք է հաղթահարեի՝ իմ դոկտորական դիսերտացիայի վերաբերյալ քննությանը. այն պետք է հանձնեի Հարվարդում փիլիսոփայություն դասավանդողների մի ամբողջ խմբի: Դոկտորական աստիճանի թեկնածուի համար այս քննությունը տեսականորեն բարձրակետն էր: Բայց իրականում, նորմալ գործող ոչ մի բաժամունք ուսանողին թույլ չի տա հասնելու այս գծին, եթե բացարձակ վստահություն չլինի, որ նա կկարողանա հաղթահարել այդ վերջին աստիճանը: Ավելին, թեկնածուն լավ հնարավորություն է ունենում խոսելու այն առարկայի մասին, ինչի մասին ինքը տեսականորեն ավելի լավ է տեղեկացված, քան քննողներից որևէ մեկը, այնպես որ ազնիվ մարդու համար սարսափ զգալու հիմք չկա, միակ բանը, որից կարող է վախենալ, շփոթվելն է և համրանալը, իսկ հենց դա էլ, ինչպես արդեն ասել եմ, պրոֆեսորները սիրով ներում են: Իրականում դոկտորական աստիճանի բանավոր քննությունն ուսանողի համար ավելի շատ լսարանի առաջ ելույթ ունենալու կարողությունն ստուգելու թեստ է, քան մեկ այլ բան, և քննությունը կարևոր նշանակություն ունի համալսարանում աշխատել պատրաստվող ուսանողներին ընտրելու համար: Կարծում եմ, որ այստեղ այնքան էլ չհաջողեցի:
Քննությունից մինչև հարվարդյան կանոնակարգի համաձայն պաշտոնապես նշանակված վերջին օրը ընկած ժամանակահատվածում ես տպագրական մեքենայով պատրաստեցի իմ դիսերտացիայի այնպիսի կրկնօրինակ, որը իրավամբ կարող էի հանձնել հարվարդյան արխիվ՝ հավերժ պահպանելու համար: Աշխատանքի մի մասը տանն էի արել, իսկ մյուսը՝ համալսարանական պատկերասրահում կախված՝ հարվարդյան հայտնի նախկին գործիչների նկարների արթուն հայացքների ներքո: Այն ժամանակ Հարվարդում դոկտորական դիսերտացիայի թեզիսների հրապարակում չէր պահանջվում: Վստահ եմ, որ Հարվարդի համալսարանում նման վերաբերմունքը խելամիտ էր, քանի որ անարդարացի կլիներ գիտական ամսագրերի խմբագիրների կարծիքները ընդունել որպես չափանիշ, որոնց համաձայն որոշում կայացվեր համալսարանական աստիճան շնորհելու մասին: Ավելին, առանց գիտական ամսագրի խմբագրի համապատասխան հարցումի նման թեզիսներ հրատարակելը կախված է հսկայական հարկերի հետ, որ ուսանողը պետք է իր գրպանից վճարի, և դա նրա հետագա գործունեության մեջ երևելի ներդրում էլ չունի: Անձնական խնդրանքով տպագրվածները հասանելի չէին լինի լայն հասարակությանը, և ընդհանրապես, քչերն են կարդում: Ուրախ եմ, որ թեզիսները հրապարակելու պահանջն աստիճանաբար վերանում է:
Հաճախ կարծում են, որ դոկտորական դիսերտացիան պետք է մարդու արած լավագույն գործերից լինի, և պետք է նրա մասին ամբողջական պատկերացում տա: Ես այդպես չեմ մտածում: Դոկտորական դիսերտացիան ոչ այլ ինչ է, քան աշխատանքի որոշակի մաս, որի միջոցով որակյալ մասնագետն իրեն պատրաստում է իր գործի վարպետը դառնալուն, և եթե նա այդ մակարդակը իր հետագա գործունեության ընթացքում տասնյակ անգամ չի գերազանցում, կնշանակի՝ իսկապես վատ մասնագետ է: Գիտեմ, որ շատերը կարծում են, թե դիսերտացիան շատ տարիների ընթացքում պետք է առանձնանա թեկնածուի հետագա աշխատանքներից, սակայն գործնականում այդ պահանջը հաճախ անտեսվում է: Հենց այն ժամանակ, երբ մարդ արդեն պաշտպանել է իր դիսերտացիան, և հետագա ձևական ինչ-ինչ պահանջներ կատարելու անհրաժեշտությունը դադարում է գոյություն ունենալուց, նա կարող է իր աշխատանքով զբաղվել ամբողջ թափով, որպես ազատ մարդ, կատարելով ինքնուրույն առաջադրած խնդիրը, որ տանում է իր իսկ որոշած, այլ ոչ թե հասարակության մեջ կամ համալսարանում զբաղեցրած դիրքով պարտադրված նպատակակետին: Այդ թեզիսները պետք է որակյալ լինեն, բայց եթե մոտ ապագայում գիտնականի աշխատանքը մի քանի մակարդակ չի գերազանցում իր թեզիսները, այդ թեկնածուն ճիշտ ճանապարհին է, որպեսզի դառնա քարացած գաճաճ, ինչպիսիք ֆակուլտետի նիստերի ժամանակ հանդիպում են երրորդ կարգի գործընկերների մեջ:
Եթե իմ դիսերտացիան լիներ կատարածս միակ աշխատանքը, այն անվստահելի անցագիր կլիներ գիտնականի մասնագիտության համար: Սակայն դա եղավ, որ ինձ գիտական նյութը կազմակերպելու հմտություններ տար, ինչը հիմք ծառայեց հաջորդ երկու տարիների ընթացքում հոդվածների շարք ստեղծելու համար, որոնք ավելի հաճույքով կներկայացնեի գիտնական մասնագիտություն մուտք գործելու համար:
Շատ ուսանողների էի ճանաչում, որ սպասում էին՝ դոկտորական աստիճան ստանալու համար իրենց դիսերտացիան ներկայացնեն այն բանից հետո, երբ արդեն ունենային մի քանի ընդունելի աշխատանքներ, և այդ սպասումը ձգվում էր, մինչև գրեին այն հոդվածը, որը թույլ կտար սրընթաց և բուռն կերպով թափանցել գիտական տպագիր աշխարհ: Իհարկե, հիանալի է, եթե երիտասարդը կարող է իր առաջին աշխատանքով համբավ ձեռք բերել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նման ուսանողը այդ գործում չափից ավելին է ներդրել և ծախսել տարիներ՝ սպասելով, թե երբ այդ մեծ գաղափարը կհասունանա, միայն այն բանի համար, որպեսզի զգա, թե ինչ է նշանակում հրատարակել սեփական աշխատանքը և հասարակակայնորեն ստանալ քննադատական դիտողություններ: Հուսալ, որ հենց առաջին փորձից հայտնի մարդ կդառնաս, չափազանց է, և եթե այդպիսի նյութը պարունակվում է հետագա մշակումներում, դա չպետք է ամոթի զգացողություն առաջացնի, քանի որ ամենևին կարևոր չէ, այդ աշխատանքը իսկապես հոյակապ է, թե ուղղակի բավարարում է դոկտորական աստիճան ստանալու համար ներկայացվող պահանջներին:
Ես ծանր էի տանում 1913թ. գարնան վերջը, երբ դոկտորական աստիճան ստանալու համար քննությունները հանձնել էի, և սպասում էի հանդիսավոր օրվան ու ծիսական արարողությանը, որի ժամանակ պրոֆեսոր Լոուելը պետք է հայտարարեր, որ ես պաշտոնապես մուտք ունեմ գիտնականների հասարակություն:
1912-1913-ն այն տարին էր, երբ Հարվարդի հին գրադարանի շենքը քանդվել էր, և իշխանությունը պատրաստվում էր Ուայդների նախագծով նոր շենքը կառուցելուն: Հին շենքը գրադարան դառնալու համար բազմաթիվ իմպրովիզների և վերակառուցումների էր ենթարկվել, և հավանաբար, ամերիկական ակադեմիական գոթիկայի իսկական օրինակներից էր, նրա ժամանակը հասել էր, և պետք է վերանար: Իսկական հռոմեական տոնախմբությունների ոգով հաճույք էր հետևելը, թե ինչպես է երկաթե հսկայական գունդը իր հարվածներով քանդում կամարները, և կարծես այդ շենքը կառուցող բանվորներն այնքան բարեխիղճ էին կատարել իրենց աշխատանքը, որ այդ ուժգին հարվածները երբեմն հետք էլ չէին թողնում: Աղմուկն անտանելի էր, և մեր փիլիսոփայության պարապմունքներն Էմերսոնի սրահում ընթանում էին շարժիչների ոռնոցի և քանդվող պատերի ձայնակցության ներքո:
Չնայած, որ հին շենքը քանդելը առաջընթաց էր, մենք հասկանում էինք, որ դա նշանակում էր անցնող դարի ավարտը: Այլևս երբեք չենք մտնի այդ գրադարանը, չենք զգա միջնադարյան անաքրոնիստական շունչը, և նրա շուրջը փռված լայն ջրափոսերը ընդմիշտ կմնան Ուայդներյան գրադարանի հսկայական շենքի տակ: Հայրս, ծանոթանալով գրապահոցի և Ուայդների կատարած աշխատանքի հետ, ասում էր, որ նրա ազգանունը մեծ հաջողությամբ կարելի էր և առանց «ն» տառի գրել[1]: Այնուամենայնիվ, Ուայդների գրադարանը հարմար գրապահոց էր, անվիճելի է, բայց նրա ճարտարապետական լուծումները, իմ կարծիքով, չէին համապատասխանում իրենց կոչմանը: Դա շատ սառը և մռայլ շենք էր, և հետագայում, պատերազմի տարիներին մուտքի աստիճանները զարդարվեցին ամերիկյան ռազմական հզորության երկու սառը և մռայլ պատկերներով: Սպաներ էին, բայց որոշակիորեն ոչ ամենաբարձր աստիճանի:
Այդ շրջանում ինձ հաճախ կարելի էր գտնել Հարվարդի փիլիսոփայական գրադարանում: Դա շատ հաճելի վայր էր, իսկ գրադարանավար պարոն Ռենդը՝ մի քիչ չորացած անգլիական դասավանդողի հարվարդյան վառ համարժեք: Նա հիանալի պատմաբան և գրքագետ էր, այնպես որ միշտ հետաքրքիր էր ինչ-որ նոր և հետաքրքիր բան գտնելու հույսով գրադարակները քրքրելը: Օրինակ, գրադարանին Ուիլյամ Ջեյմսի նվիրած գրքերի ամբողջ շարք գտանք, և դրանց լուսանցքներում Ջեյմսի ձեռքով արված գրառումներ կային, որոնք այնքան էլ գեղեցիկ չէին, որքան կարող էին լինել, եթե սկզբնապես ենթադրվեր, որ կարող են բազմաթիվ ընթերցողներ ունենալ: Ռոյսի և Բերտրան Ռասելի գրքերի օրինակները, որ պատկանել էին Ջեյմսին, մի այլ զարմանք էին առաջացնում: Երբ Ռենդը նկատեց, որ դրանք իսկական գանձ են, հատուկ արկղում փակեց, և թույլտվությւոն էր հարկավոր դրանք ստանալու համար:
Բայց դրանից հետո էլ գրադարանում թանկարժեք շատ գրքեր մնացին, որոնք կարդալը մեզ համար շատ հետաքրքիր էր: Անգլիացի փիլիսոփա Ֆ. Կ. Ս. Շիլերը, չնայած աշխատանքներում իսկապես խորը մտքերի բացակայությանը, հոյակապ սատիրային գրիչ ուներ, ինչը մեզ միշտ զվարճացնում է: Դրանից բացի, ոչ ոք և երբեք չէր կարող իմանալ, թե ինչ կարելի էր գտնել նոր ստացվող գրքերի և պարբերականների մեջ: Գրքերում այդ աննպատակ թափառումները մեր ամենօրյա զբաղմունքների մի մասն էր:
Գարնանը սկսեցի նայել դաստիարակության և կրթության մասին պարբերականները, որպեսզի հետաքրքրությունս բավարարեմ, թե ինչպես է մեկնաբանվում այնպիսի «հրաշամանուկ» երևույթը: Այդ հետաքրքրասիրությանս համար խիստ պատժվեցի, երբ Կլարկովյան համալսարանից Գ. Սթենլի Հոլի խմբագրած ամսագրում հանդիպեցի տիկին Քեթրին Դոլբերի՝ Թաֆթսի քոլեջի հայտնի ֆիզիկոսի աղջկա հոդվածին: Այդ հոդվածը նվիրված էր Բերլիի, Սայդիսի և իմ մանրամասն քննարկմանը: Կարծես մեր արդյունքները տիկին Դոլբերի վրա լավ տպավորություն չէին թողել: Նա բծախնդիր մանրամասն ներկայացրել էր ոչ միայն մի քանի դպրոցներից հավաքած պաշտոնական տեղեկանքները մեր մասին, այլև ընդհանրապես ամեն ինչ, որ կարողացել էր հավաքել, ընդհուպ համալսարանի վերջին կուրսի մեր համակուրսեցիների կարծիքները:
Այդ փաստթուղթը ոչ մի կերպ չէր կարելի շոյող համարել: Ես վաղուց արդեն հասկացել էի, որ իմ սոցիալական զարգացումը շատ ետ էր մնացել ինտելեկտուալ աճից, բայց խիստ ճնշվեցի այն փաստից, թե ինչ վատ դաստիարակված, տհաճ և ձանձարալի մարդ էի պատկերված տիկին Դոբլերի հոդվածում: Ինձ թվում էր, թե խնդիրներս լուծելու ճանապարհին էի: Տիկին Դոբլերի հոդվածը ինձ ստիպեց զգալ վատ քայլից հետո սկզբնական դիրքին վերադարձած զառ խաղացողի նման:
Այդ հոդվածը հորս ցույց տվեցի. նա նույնքան զայրացավ, որքան ես նվաստացել էի: Հայրս բողոքի նամակ գրեց՝ պահանջելով, որ հրապարակեն «Մանկավարժական դպրոցի» հաջորդ համարում, չնայած դա խնդիրը չէր լուծում: Մեր ընտանիքի փաստաբանը այս հարցում չկարողացավ մեզ բավարարող արդյունքի հասնել: Օրենքին դիմելու փորձը կբերեր հանրայնացման, և ես կենթարկվեի շատ ավելի վտանգավոր և դաժան փորձության, քան երբևէ եղել էր իմ կյանքում: Ամերիկյան օրենքը նույնիսկ տեսականորեն չի ճանաչում մարդու անձնական կյանքի իրավունքը, և եթե հայց հարուցես, այն բավարարելու համար պետք է նշես վնասը, որ պատճառել է հերյուրանքը: Այսպիսով, փաստաբանին՝ դատական վերահսկիչ, կամ բժշկին հեքիմ անվանելը շատ վտանգավոր է, քանի որ այդպիսի հայտարարություններն այդ մարդկանց մասնագիտական մեծ վնաս են պատճառում: Իսկ ես դեռ մասնագիտություն չունեի, և չնայած հույս ունեի հետագայում որևէ մասնագիտություն ձեռք բերելու, հոդվածի պատճառած վնասն ապացուցելը շատ դժվար կլիներ, իսկ գնահատելը՝ անհնարին: Սա հենց այն հարցն էր, որ հետագայում փաստաբանները բարձրացրին «Նյու-Յորքերի» դեմ, երբ զբաղվում էին այդ ամսագրի դեմ Սայդիսի ներկայացրած հայցով, և այդ պաշտպանության արդյունքը հաստատեց մեր կարծիքը, որ այդ գործին ընթացք տալ պետք չէր:
Համարում եմ, որ հերյուրանքին նման վերաբերմունքը շատ սխալ է: Նախ՝ լրջորեն բիծ գցել մի մարդու վրա, ով դեռ նոր պետք է սկսի իր մասնագիտական կարիերան, իմ կարծիքով, շատ ավելի լուրջ իրավախախտում է, քան խառնվելը մարդու կյանքին, որ արդեն լավ համբավ ունի իր մասնագիտական գործունեության մեջ: Երկրորդ՝ արդեն իսկ բարդ և կասկածելի վիճակում գտնվող մարդու ինքնահարգանքը վնասելը նույնքան լուրջ վնաս է, որքան մարմնական վնասվածքը: Կարծում եմ, նման հարցերի վերաբերյալ խելամիտ բարոյական նորմեր ունեն բժշկական ամսագրերը, որոնք, իմ կարծիքով, այնքան լավ են կազմակերպված, որ դրանցում շատ հեշտ է օրենքի ուժը կիրառելը: Հասարակության շահերից է բխում, որ մասնագիտական ամսագրերում ճշգրիտ և ազատ հրապարակվեն բժշկական տարբեր դեպքերի մասին: Սակայն լուրջ իրավախախտում է համարվում հիշատակելը հիվանդի ազգանունը կամ ինչ-որ տվյալներ, որոնցով կարելի է ճշտել նրա անձը, եթե հիվանդը կամավոր չի համաձայնել: Երբ անհրաժեշտ է լինում տպագրել հիվանդի լուսանկար, սովորաբար, եթե երեսին և աչքերում հիվանդության ախտանիշներ չկան, չեն տպագրում: Չեմ հասկանում՝ ինչու մանկավարժական կամ ուրիշ մի ամսագիր, որ չի հավակնում գիտական լինելու, այս հարցում ավելի լայն տեսակետ չի ցուցաբերում: Այստեղ խոսքը հրապարակման ազատության մասին չէ, վերաբերում է միայն այդ ազատության մեջ անհրաժեշտ շտկումներ անելուն, մամուլի վրա պատասխանատվություն դնելուն:
Հարվարդում սովորելու վերջին տարում այլ համալսարաններում սովորելու համար ինձ կրթաթոշակ հատկացնելու դիմում ներկայացրեցի: Եվ շատ հուզվեցի, երբ հայտնեցին, որ շահել եմ այդպիսի կրթաթոշակ: Ընտրության համար առաջարկվում էր երկու տեղ՝ Քեմբրիջը, որտեղ Ռասելն էր իր փառքի գագաթնակետում, և Թուրինը, որը հայտնի էր Պինոյով: Տեղեկացա, որ Պինոյի լավ ժամանակներն արդեն անցել էին, և որ Քեմբրիջը մաթեմատիկական տրամաբանություն ուսումնասիրելու լավագույն տեղերից մեկն է աշխարհում: Այդ ժամանակ նամակ գրեցի Ռասելին, քանի որ նախքան ուսանելու մեկնելը անհրաժեշտ էր ստանալ դասավանդողի համաձայնությունը:
Թարգմանություն ռուսերենից
Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան
Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի
[1] Widener նշանակում է «ընդարձակող, տարածող», բայց առանց n տառի կորցնում է այդ իմաստը: