Երեխայի կյանքում հեքիաթի կարևորության մասին գիտեն բոլորը. մեծ է հեքիաթի դերը երեխայի երևակայության զարգացման, խոսքի ձևավորման գործում:
5 տարեկանների խմբում հեքիաթներ շատ ենք ընթերցում, սովորողները ժամանակի ընթացքում բերանացի իմանում են այդ հեքիաթները, բեմադրում ենք, փոփոխում սկիզբն ու ավարտը, 2 և ավել հեքիաթներ խառնում իրար՝ դարձնելով հեքիաթների շիլաշփոթ: «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատեսի շրջանակում որոշեցինք մշակել մի նախագիծ, որտեղ կամփոփվեին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում սովորողներին արդեն իսկ ծանոթ հեքիաթները՝
«Ծիտը»
«Պոչատ աղվեսը»
«Ով աշխատի, նա կուտի»
«Գնդիկ բոքոնիկը»:
Սա, կարելի է ասել, սովորող-ընտանիք-դասվար եռակողմ համագործակցման փոքրիկ «քննություն» էր: Նախագիծն անվանեցինք «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբ: Մնացած ամենշաբաթյա ստուգատեսերից այս մեկը տարբերվում էր նրանով, որ, եթե նախորդներն անցկացվել էին դպրոցում, ապա հեքիաթների ֆլեշմոբին սովորողները պետք է մասնակցեին տանից: Սովորողների էլեկտրոնային հասցեներին նախապես ուղարկեցի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում մեր անցած հեքիաթների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից պետք է ընտրեր իր նախընտրելի հեքիաթը, ստեղծեր հարմար միջավայր և պատմեր այն: Սովորողը կարող էր նաև փոփոխել հեքիաթի ավարտը, նոր ավարտ մտածել կամ համադրել 2 և ավելի հեքիաթներ: Ընթացքը նկարահանելու էր ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո պատրաստի տեսանյութը տեղադրելու էր YouTube-յան իր էջում և հղումն ուղարկեր ինձ: Ժամը 20:00-ին տրվեց «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբի մեկնարկը:
Առաջինն արձագանքեց Մարիետա Ահարոնյանը՝ ներկայացնելով «Գնդիկ բոքոնիկը» հեքիաթը: Մարիետին նկարահանել էր Լիլիթ մայրիկը, պատրաստել տեսանյութը՝ լրացնելով երաժշտական և մեդիա լուծումներով: