«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթությունը կազմակերպվում է անհատական, հեղինակային ուսումնական պլանի համաձայն։ Հեղինակային կրթական ծրագիրն իրենից ներկայացնում է նախագծերի, ծրագրերի, դասընթացների և ճանապարհորդությունների մի ամբողջականություն, որի ստեղծողն ու իրականացնողը ուսուցիչն է, սովորողները։ Կրթահամալիրում՝ ավագ դպրոցում, սովորում են նաև 9-րդ դասարանցիները։ Այս քայլը միտում ունի սովորողներին ծանոթացնելու ավագ դպրոցի դասավանդողներին, դասընթացներին, ինչպես նաև ավագ դպրոցի ամբողջ համակարգին, ինչն էլ ավելի է հեշտացնում սովորողների՝ հետագայում կատարվելիք ընտրությունը։
Լինելով 9-րդ դասարանների կազմակերպիչ՝ տարվա սկզբից սովորողների ներգրավման համար միասին կատարել ենք բավական ժամանակատար և կարևոր աշխատանք։ Կարող ենք նշել մի քանի կետեր, որոնց շնորհիվ սովորողները ինտեգրվել են ավագ դպրոցի կյանքին։
Ծանոթացում ավագ դպրոցին
Իհարկե, կարելի է հասկանալ, որ 9-րդ դասարանի սովորողները կարիք ունեն նախ և առաջ ծանոթանալու ավագ դպրոցի նիստուկացին։ Այդ իսկ պատճառով դեռևս օգոստոսին կազմակերպվեց հավաք-ծանոթացում սովորողների հետ։ Ծանոթությունն ու տարվող աշխատանքները խմբային բնույթի էին՝ 10-15 սովորող։
Սովորողների հետ ծանոթությունը երկու կողմին էլ հսկայական նյութ տվեց, քանի որ իրենք ընկալեցին ավագ դպրոցը՝ իր բոլոր կողմերով, իսկ ինձ՝ կազմակերպչիս համար պարզ դարձան սովորողների նախասիրությունները։ Բոլոր այս տեղեկությունները կարևոր են փոխհամաձայնեցված գործունեություն ծավալելու համար։
Ճանապարհորդություններ մինչև ուսումնական տարվա սկիզբ. ամառային ճամբար
Եթե ցանկանում ես ճանաչել ընկերոջդ, ճամփորդիր նրա հետ․․․
Ամառային ճանապարհորդությունները մեծ նշանակություն ունեցան և դեռևս պահպանում են իրենց ներգործությունը սովորողների շրջանակում։ Հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին կրթահամալիրի նորեկներն ու հնաբնակ սովորողները մի քանի ճանապարհորդություն ունեցան, որոնք ավելի ամրապնդեցին ծանոթությունը, կապը միմյանց հետ։ Որպես կազմակերպիչ՝ ինքս ավելի լավ ճանաչեցի սովորողների ներքին աշխարհը, հույզերը, խնդիրներն ու մտածմունքները։
Ճամբարի լուսաբանուները․
Արատեսը մեծ քայլ էր դեպի ինքնուրույնություն, հասունություն և ընկերություն։ Սովորողները, չնայած ամառային Արատեսի բարդ պայմաններին, հիանալի ժամանակ անցկացրին միմյանց հետ և սովորեցին կիսել, օգնել, ստեղծել։ Գիտելիքի օրը 9-րդ դասարանցիների հետ: Կարևոր եմ համարում լսելը, երբ սովորողները միմյանց լսում են, քննարկում, հասկանում։
Օգոստոսի 30։ Ուսումնական տարվա առաջին պարապմունքը․․․
Բլոգների կարգավորում, նոր բլոգների ստեղծում
Ուսուցչական ճամբարների ընթացքում մեզ սովորեցրին բլոգներով աշխատանքը, բլոգների բացման ձևն ու ընթացիկ աշխատանքները։ Սրանք ամենագլխավոր դասերն էին, որոնք մինչ այսօր օգնում են սովորողների բլոգների հետ աշխատանքի ժամանակ։
Կարևոր էին նորեկների բլոգային գիտելիքները ամրապնդելը։ Առաջին իսկ օրվանից նրանք ստացան առաջադրանքներ իրենց բլոգներում։
Ներկայացնենք մի քանի բլոգներ, որոնցով աշխատում են նորեկները․
Ուսումնական բլոգները, թերևս, ամենակարևոր բաղադրիչներն են, որոնք ունեն ստուգման կարիք։ Սովորողներն իրենց բլոգներում առաջադրանքները, նախագծերը տեղադրում են շաբաթվա ընթացքում։ Միասին զրուցելուց և պայմանավորվելուց հետո, մշակել ենք հատուկ ժամանակացույց, ըստ որի ամեն շաբաթ օր ինքս ստուգում եմ բլոգները, և կարիք լինելու դեպքում էլեկտրոնային հասցեով նամակ եմ գրում, կամ էլ դպրոցում անհատապես աշխատում ենք բլոգով։
Աշխատանք հատուկ կարիքով սովորողների հետ
Հատուկ կարիքով սովորողների հետ ունեցել եմ բավականին հետաքրքիր աշխատանքային փորձեր։ Օրինակ՝ 9-1 դասարանում սովորող Վահագն Նահապետյանը սկզբնական շրջանում խուսափում էր նույնիսկ մեկ խոսք փոխանակել ինձ հետ։ Հետագայում իրեն ուղեկցող ուսուցչի հետ ամեն օր փորձում էինք ամենապարզ շփման ձևերը, և վերջերս, Վահագնը առաջին անգամ մոտեցավ և գրկեց ինձ։ Սա մեծ հաղթանակ էր և՛ իմ, և՛ Վահագնի համար։ Կան սովորողներ, որոնք ունեն բլոգներ, կատարում են առաջադրանքներ, աշխատում են տանը՝ ծնողների հետ։ Կապը պահպանում ենք ծնողների հետ, պետք եղած դեպում զանգահարում, տեղեկացնում ինչ-ինչ խնդիրների մասին։ Հետաքրքիր են հատուկ կարիքով սովորողների բլոգները։
Նախագծեր և ծրագրեր
Սովորողների հետ իրականացվող նախագծերի և ծրագրերի շրջանակում, որպես կազմակերպիչ, փորձում եմ համատեղել ճանաչողականը և հաճելին, ֆիզիկականն ու հոգևորը։ Այսպիսով, կազմակերպվել են մի քանի նախագծեր, որոնց ընթացքում սովորողները ստացել են տեղեկություններ հայրենագիտության, հնագիտության, եկեղեցաշինության, ճարտարապետության, հնադարյան քաղաքաշինության, մասնագիտությունների, նախաքրիստոնեական և հետքրիստոնեական շրջանի մշակույթների մասին։ Շատ կարևոր են նաև եռօրյա ճամփորդությունները, որոնց ընթացքում կատարվում են ֆիզիկական աշխատանքներ, քայլարշավներ, շրջայցեր, ինչպիսին էր Արատեսյան ճամփորդությունների շարքը։ Բոլոր այս նախագծերը լուսաբանված են։ Առաջիկայում կան հետքրքրաշարժ և ճանաչողական ծրագրեր։
Քանի որ 9-րդ դասարանցիներն արդեն հասուն և ինքնուրույն սովորողներ են, կարիք զգացի ծանոթացնել նրանց հնագիտության և ազգագրության հետ: Նման բնագավառի համար Երևանն ինքնին հարուստ միջավայր է, որտեղ կարելի է ծանոթանալ նախնադարյան մշակույթին, հայկական հնագույն բնակավայրերին և ապրելակերպին: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախագծված ծրագրով կատարեցինք մի քանի այցելություններ Երևանյան հնավայրեր և ամփոփեցինք մեր այցերը Հայոց պատմության թանգարանում:
Առաջին հնավայր-բնակատեղին Թեյշուբն-Թեյշեբաինին էր, կամ ավելի հասանելի՝ Կարմիր բլուրը: Կարմիր բլուր այցելությունը կազմակերպեցինք Քոլեջի և 9-րդ դասարանցիների հետ:
Երկրորդ հնավայրը Շենգավիթն էր: Սովորողներին նախապես խնդրել էի ուշադրություն դարձնել միջավայրին, ապա լուսաբանել իրենց տեսածն ու սովորածը: Ահա մի քանի լուսաբանումներ.
Թեյշուբ
- Դիանա Աթանեսյան
- Մերի Պետրոսյան․
- Աննա Իսախանյան
- Էլեն Աբգարյան
- Մարիա Ավանեսյան
- Էտուար Գույումճյան
- Լուսինե Մարտիրոսյան
Հայոց պատմության թանգարան
Շենգավիթ
- Դիանա Աթանեսյան
- Մերի Պետրոսյան․
- Աննա Իսախանյան
- Էլեն Աբգարյան
- Մարիա Ավանեսյան
- Էտուար Գույումճյան
- Լուսինե Մարտիրոսյան
Նախագիծն ունի երկարաժամկետ բնույթ, այդ իսկ պատճառով աշխատում ենք հնավայրերի փունջը ներկայացնել մեկ խմբին, ապա անցում ենք կատարում մյուսին:
Ամենօրյա աշխատանքներ
Կրթահամալիրում տարվող ամենօրյա աշխատանքները կարելի է ներկայացնել ժամանակային ձևով։ Առավոտյան ընդհանուր պարապմունք, հետո՝ տարածքի խնամք, մաքրման աշխատանքներ, ապա՝ սովորողների հաշվառում ըստ մատյանի։
Աշխատում ենք նաև Սարալանջում, Ագարակում, դպրոցի ներքին բակերում։
Բոլոր լուսաբանումնեն՝ այստեղ։
Գեղեցիկ ու հաճելի են աշխատանքները ճամբարային շաբաթների ընթացքում, երբ սովորողների խմբերը իրենց կազմակերպիչների և դասավանդողների հետ աշխատում են տարբեր նախագծերով։ Գարնանային արձակուրդային շաբաթվա ընթացքում բակերի խնամքի, ծառերի հողի փխրեցման և նոր թփրի տնկման մեծ աշխատանքներ տարվեցին, որոնց մասնակցում էին գրեթե բոլոր տարիքային խմբերը։
Քննություններ
9-րդ դասարանում սովորողները հանձնում են քննություններ։ Այս տարվա քննություններից Հայոց լեզուն միասնական է։ Լուրն իմանալուց հետո մի քանի հակասական հարցեր առաջ եկան․ դրանք էին՝
- հատուկ կարիքով սովորողների քննական կարգը
- սփյուռքից եկած սովորողների գիտելիքների համապատասխանությունը։
Ավագ դրպոցի ծրագրի ղեկավարը հրավիրեց սփյուռքից եկած սովորողների ծնողներին հանդիպման, որտեղ էլ քննարկվեց հարցը, թե ինչպես են քննություն հանձնելու արևմտահայերեն սերտած սովորողները։ Ծնողները շատ մեծ ոգևորությամբ ընդունեցին այն փաստը, որ դպրոցը հոգում է այդ խնդրի մասին։ Ստորագրվեցին դիմումներ, որոնք ուղարկվել են Կրթության և գիտության նախարարություն։
Իսկ Հատուկ կարիքով սովորողները քննությունները պեք է հանձնեն դպրոցում։ Ծնողներն արդեն տեղեկացված են։
Սովորողների ինտեգրումը
Ավագ դպրոցում կան սովորողներ, ովքեր դժվար են ինտեգրվում, կամ հատուկ պահանջներ ունեն ինտեգրման համար։ Այսպիսի սովորողների հետ աշխատանքը պահանջում է լրացուցից ջանքեր, քանի որ պետք է հասկանալ, թե ինչն է նման խնդրի պատճառը։ Հիմնականում այդ պատճառները լինում են շփման փորձի պակասից, ինչն էլ շատ շուտ իր լուծումն է գտնում։ Ինտեգրումը լինում է աստիճանաբար․ սովորողներին ուղղորդում ենք՝ մասնակցելու նախ ներդպրոցական ընդհանուր ծրագրերին, ապա՝ քաղաքային։ Համատեղ աշխատանքը, անպայման շփումը շատ դեպքերում բերում են հաջողության։
Ի վերջո, այս ամենն իրենից ներկայացնում է բազմաճյուղ աշխատանք, որին պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր գործը ստանձնող անձնավորություն: Կարևոր է ունենալ սովորողների հետ հոգևոր կապ, որի միջոցով ավելի պինդ և արդյունավետ է լինում յուրաքանչյուր աշխատանք: Ես ընկեր եմ 9-րդ դասարանցիների համար, իրենք՝ ինձ:
Ներդաշնակությունը ընկերության և ուսուցիչ-կազմակերպչի միջև պետք է լինի անխախտ, չխանգարի մեկը մյուսին. սա ինձ համար ամենասկզբից եղել է առաջնորդող միտքը:
Որքան էլ անձնական կապը կարևոր է, ես կատարում եմ նաև պետական աշխատանք, ինչն էլ իրենից ներկայացնում է մի շարք պարտականություններ և սովորողի հետ փոխհամաձայնեցված գործողություններ: Դրանք են` ընդունելությունը, պայմանագրային կետերին ծանոթությունը, քննությունների կարգին ծանոթացման և հետագա կազմակերպման աշխատանքները, փոխադարձ պարտականություններն ու իրավունքները իմանալ-հարգելը, դպրոցական կյանքում խնդիրների և առօրյա պահանջների լուծումը:
Վերջապես, կազմակերպչի աշխատանքի որակը ուղիղ համեմատական է սովորողի`իր պարտականություններն ու իրավունքները ճիշտ օգտագործելուն: