Խոշորացույց
Շարունակում է հասարակական լայն դիսկուրսի դաշտում մնալ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացրած առաջարկությունը փողոցների անվանափոխության մասին: Ըստ այդմ, առաջարկվում է իրականացնել այսպիսի անվանափոխություն՝ Կասյան-Վազգեն Ա, Ա. Միկոյան-Քրք. Քրքորյան, Ֆրունզե-Ապրիլյան պատերազմի հերոսների, Ամիրյան-Վռամշապուհ, Լենինգրադյան-Լեոնիդ Ազգալդյան և այլն: Այս հանգամանքին գումարվեց նաև ռուսաց լեզվի կարգավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը: Ինչո՞ւ հերթական, քանի որ արդեն բազմիցս եղել են փորձեր՝ ռուսաց լեզվի նախկին դերը վերականգնելու: Ստորև կփորձենք պարզաբանումներ ներկայացնել վերոնշյալ խնդիրների մասին:
Քննարկվող խնդիրների վերաբերյալ տեղեկություն չեք գտնի պատմության դասագրքերում, սակայն սովորողների հետ մենք ունեցանք քննարկումներ հասարակագիտության դասընթացի շրջանականերում: Այդ քննարկումներին ևս անդրադարձ կկատարենք:
Ներկայացնենք բոլշևիկյան գործիչներից որոշների կյանքի ուշագրավ մանրամասներ, որոնք հատկապես վերաբերվում են հակահայ քաղաքականությանը:
Եթե Արսեն Ամիրյանի և Մյասնիկյանի գործունեության մեջ հակահայկական գործունեության տարրեր չկան, առաջինն ունեցավ շատ կարճ կյանք և գնդակահարվեց հայտնի՝ 26 կոմիսարների դեպքի ժամանակ, իսկ երկրորդը բավականին ծավալուն քայլեր կատարեց Հայաստանում վիճակը կայունացնելու համար, ապա այլ է խնդիրը Սարգիս Կասյանի և Անաստաս Միկոյանի պարագայում:
Սարգիս Կասյան։ 1920թ. դեկտեմբերի 2-ի պայմանագրով Հայաստանում իշխանությունն անցավ բոլշևիկներին: Իշխանության փաստացի ղեկավար մարմինը Հայհեղկոմն էր, որի ղեկավարն էր Սարգիս Կասյանը: Մինչ Հայաստանում իշխանության գալը Կասյանը հասցրել էր արտաքսվել երկրից և երկու անգամ ձերբակալվել Վրաստանի իշխանությունների կողմից հակապետական գործունեության համար: Կասյանի քայքայիչ գործունեության մասին կարելի է բավականին երկար տեքստ ներկայացնել, սակայն բավարարվենք մի քանի փաստերով: Թուրք-հայկական պատերազմի ժամանակ նա և մի շարք այլ հայ գործիչներ նամակ են ուղարկում Հայաստանում գործող բոլշևիկներին: Ըստ այդ նամակի.
…Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է.
ա/ կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին:
բ/ Ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք:
գ/ Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:
Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ Դաշնակցությունից:
Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին, ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործին:
Ծանոթություն – Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել: Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան:
Նո. 218, Բաքու, 1920, ՍԵՊ. 20
Դեկտեմբերի 2-ից անմիջապես հետո, խախտելով համաձայնագրի կետերը, սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Երևան հասնելուց հետո բոլշևիկները 11-րդ բանակի օգնությամբ սկսում են իրականացնել զանգվածային բռնագրավումներ, ձերբակալություններ։ Չեկայի կողմից ձերբակալվում է շուրջ 1000 նախկին պաշտոնյա և սպա: 1921թ. հունվարի 24-ին դեռևս կենդանի մնացած շուրջ 1400 հայ սպա ոտքով, բոկոտն, առանց հագուստի և սննդի աքսորվեց դեպի Ռուսաստան: Հայհեղկոմը սկսեց սեփական ժողովրդի կողոպուտն ու թալանը: Բոլշևիկները բռնագրավում էին մարդկանց ունեցվածքը, փշրում, ջարդում ու հողին էին հավասարեցնում տասնյակ տարիների ընթացքում արդար աշխատանքով կուտակած ինչքը: Հեղկոմի հրամանով Երևանի բանտում կացնահարվեցին հայ քաղաքական, ռազմական գործիչները: Հարկ է նաև հիշեցնել, որ 1931-1934թթ. Կասյանը եղել է Անդրֆեդերացիայի գերագույն դատարանի նախագահ:
Անաստաս Միկոյան։ Այս գործչի անունն արդեն հասցրել է բավականին լայն ու բուռն քննարկումների առարկա դառնալ: Երդվյալ բոլշևիկն իր տեղն է ունեցել ԽՍՀՄ բոլոր կառավարություններում: Սակայն հայերի հանդեպ ունեցած դրսևորումները հիմք են տալիս նրան դասելու հայատյացների շարքում: Այսպես, դեռ 1919թ. Միկոյանը նամակով դիմում է Լենինին, որտեղ հանդես գալով պրոթուրքական դիրքերից՝ առաջարկում է փակել հայկական հարցը և հայկական միասնական պետության խնդիրը, դրանք համարելով նեղ ազգային՝ շովինիստական դրսևորումներ: Որոշակի դերակատարում ստանձնելուց հետո նա 1921թ. տառացիորեն փրկում է Բերիային, որը հետո չարիք դարձավ ամբողջ ԽՍՀՄ-ի համար: 1920 թ. հունիսի 19-ին, երբ Զանգեզուրը զենքի ուժով և փաստացի աշխարհազորով պահում էին Նժդեհն ու Դրոն, իսկ Ղարաբաղը մեկ ամիս առաջ հանձնվել էր բոլշևիկներին, բոլշևիկներ Միկոյանն ու Ա. Նուրիջանյանը Ն. Նարիմանովի ու Մ. Մդիվանիի հետ հեռագիր են ուղարկում Գ. Չիչերինին հետևյալ բովանդակությամբ. «Հայերը Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական հարաբերությունների մեջ են: Ինչ վերաբերում է արդեն Սովետական Ադրբեջանի մեջ մտած իբրև թե վիճարկելի Զանգեզուրին ու Ղարաբաղին, ապա կատեգորիկ հայտարարում ենք, որ այդ վայրերն անառարկելիորեն և այսուհետև պետք է գտնվեն Ադրբեջանի սահմաններում»: Սակայն Միկոյանը, չբավարարվելով այդքանով, իր պարտքն է համարել 1920 թ. հուլիսի 29-ին միայն իր ստորագրությամբ ևս մի հեռագիր ուղարկել Օրջոնիկիձեին. «Ղարաբաղի և Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով»: Խանջյանի սպանությունից հետո, 1937 աշնանը Միկոյանը Մալենկովի և Բերիայի հետ մեկնել է Հայաստան՝ կուսակցական և պետական աշխատողների մաքրում, փաստացի ռեպրեսիա իրականացնելու: Ռուսաստանի պետական արխիվում հայտնաբերվել է Եժովի ստորագրությամբ 1937թ. սեպտեմբերի 22-ով թվագրված մի փաստաթուղթ, որով Եժովը տեղեկացնում է Ստալինին այն մասին, որ Միկոյանը խնդրում է «Դաշնակցական և այլ հակասովետական տարրերից» գնդակահարվողների թիվն ավելացնել 700 մարդով: Նույն փաստաթղթով Եժովն ինքն առաջարկում է գնդակահարվողների թիվն ավելացնել 1500 մարդով և նախկին թիվն էլ ունենալով՝ այն հասցնել 2000-ի: Այդ փաստաթուղթը համաձայնությամբ ստորագրել են Ստալինը, Մոլոտովը, Կագանովիչը, Չուբարը, Լոգինովը:
Իսկ ի՞նչ են ասում մեր դասագրքերն այս մասով: Միկոյանի թեման հնարավորինս շրջանցած է, իսկ Կասյանին հիշատակում են, երբ խոսում են Հեղկոմի գործունեության մասին և այսքանով ամփոփվում: Ընթացող դիսկուրսի շրջանակում հիմնականում հղում չեն անում այս փաստերին, որոնք կարող էին դառնալ հանրամատչելի նյութեր: Իհարկե, որոշ բացառություններ կան, սակայն դրանք բավարար չեն: Քննարկումները հիմնականում ընթանում են բանավեճերի տեսքով, որոնք միանգամից անցնում են անձնական վիրավորանքների՝ շրջանցելով թեմայի բուն էությունը:
Իսկ ինչ մնում է ռուսերենի վերաբերյալ լայն քննարկմանը, ապա այստեղ լսում ենք հավասարակշռված կարծիքներ, սակայն չենք տեսնում առաջարկի հիմնավորումներ ու լուրջ փաստարկներ:
Սովորողների ընկալումները
Միկոյանի, Կասյանի կամ մյուս հայտնի հակահայ գործիչների վերաբերյալ սովորողները հիմնականում տեղեկություններ չունեն: Սա բնական է, քանի որ նրանց հետ ոչ մեկը չի խոսել այդ թեմայով: Շատ դեպքերում նրանք տեղյակ չեն նաև այն գործիչների մասին, որոնց անվամբ կոչված փողոցներում ապրում են: Իսկ ինչ մնում է ռուսերենին կամ Ռուսաստանի ունեցած դերին, ապա այստեղ վիճակն ավելի լուրջ է: Ընտանեկան հիշողության կամ համայնքային խոսակցությունների միջոցով սովորողներին փոխանցվել է մի տարօրինակ մտայնություն՝ «սովետի ժամանակ լավ էր»: Սա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ բացատրությունը, սական դրան անդրադառնալը երկար ազգաբանական դիտարկումների թեմա է: Ուստի կբավարարվենք մի քանի պարզաբանումներով: Մինչ այժմ, ռուսական զորքի մուտքը Հարավային Կովկաս նույնացվում է հայերի ազատագրման խնդիրների հետ: Սա ինքնին մոլորություն է: Պարզապես պետք է գիտակցենք, որ ռուսներն ունեին իրենց պետական հավակնությունները և շահերը: Այստեղ միանգամից պնդենք, որ հակառուսականությամբ չենք տառապում: Եթե այսօր կան որոշակի խնդիրներ, ապա մեծ ի մասամբ մեղավոր ենք մենք, որ չենք կարողանում մեր գերակա պետական շահը ներկայացնել: Այդ նույն պնդման հետևորդները նշում են թե, մենք մեծապես չենք վերացել Ռուսաստանի շնորհիվ: Ասել կուզե՝ չենք ձուլվել այլոց հետ: Այստեղ մի քանի պարզաբանում: Նման մոտեցումն ինքնին սխալ է, քանի որ ասիմիլիացիոն գործընթացը, եթե անգամ պարտադրանք չկա, շատ ավելի հեշտ է տեղի ունենում մշակութապես մոտ կանգնած հանրույթների հետ: Ինչպես հայերի մեծ մասը, այնպես էլ ռուսների զգալի մասը քրիստոնյաներ են: Այս պարագայում չի աշխատում մշակութային հակադրության՝ մենքի ու նրանքի սկզբունքը: Միջնադարում Լեհաստանում և Չեխիայում հաստատված հայերը շատ արագ ձուլվեցին այդ միջավայրին: Այժմ Ռուսաստանում ծնված երկրորդ սերնդի հայն արդեն ունի երկփեղկված էթնիկ ինքնագիտակցություն: Նա եթե անգամ տանը խոսում է հայերեն, ապա միջավայրում գրեթե բոլոր շփումները ռուսերեն են: Մշակութային հակադրություն չկա: Այլ ազգ լինելու գործոնը չի խանգարում միջէթնիկ ամուսնություններին: Նույնը ԱՄՆ-ում և այլ արևմտյան երկրներում: Ըստ այդմ, երրորդ սերնդի հայերի զգալի մասը կորցնում է ինքնության հիմնական բաղադրիչներից մեկը և դադարում է հայ լինելուց: Եթե անգամ որոշակի հիշողություն այդ մասով մնում է, ապա դա նմանվում է «հոբբիի»: Այլ է վիճակը, ենթադրենք, Սիրիայում կամ Լիբանանում ապրող հայերի պարագայում: Այստեղ նրանք պահում են լեզվական ինքնությունը և ապրում են հիմնականում փակ համայնքի կացութաձևով: Աշխատում է մշակութային՝ մենքի ու նրանքի սկզբունքը: Ասիմիլիացիան շատ ավելի դանդաղ է տեղի ունենում: Վերջին 100 տարիների պատմությունը ցույց է տվել, որ այն դեռ տեղի չի էլ ունեցել:
Դասընթացի քննարկումների ժամանակ բնավ խնդիր չի դրվում սովորողներին ուղղորդել այս կամ այն տեսակետին: Եթե նման խնդիր դրվեր, ապա ոչնչով չէինք տարբերվի առկա պարտադրանք ներկայացնողներից: Խնդիրը մեկն է՝ ներկայացնել երկու տեսակետները, տալ հնարավոր ինֆորմացիա և կազմակերպել քննարկում: Շատ հաճախ, այդ քննարկումը կրում է բանավեճի բնույթ: Այս ամենից ելնելով՝ սովորողն ինքն է արդեն որոշում, թե ինչ տեսակետ ունի հասարակական կոնկրետ խնդիրների վերաբերյալ:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան