Ինչպե՞ս ուսուցման երկրորդ տարին սկսած, նոր-նոր կարդացող սովորողի համար ընթերցանությունը դարձնենք հաճելի, մատչելի և զարգացնող։
Նախագծային ուսուցման իրականացման ժամանակ ընտրված թեմայով փորձում ենք հավաքել, ինտեգրել ուսումնական պլանով հաստատված տարբեր ուսումնական առարկաներ՝ ինչպես իրական, ամենօրյա կյանքն է՝ առանց պայմանական բաժանումների: Տարրական դասարաններում մայրենին՝ մասնավորապես կարդալը, կարդացածը վերարտադրելը, ներկայացնելը, դառնում է մյուս ուսումնական դասընթացների բաղադրիչը և միևնույն ժամանակ՝ դրանք «Իմացումի հրճվանքում» միավորողը:
Կարդալու կարողությունները տարբեր սովորողների մոտ տարբեր են, և հաճախ միևնույն տեքստը կարդալը և ընկալելը սովորողների մի մասի մոտ հեշտ է ստացվում, մյուսներին համար լինում է ավելի պարզ կամ ավելի բարդ: Այսպես, սովորողները հայտնվում են անհավասար պայմաններում և հանձնարարությանը տարբեր կերպ են արձագանքում. մի մասի համար այն լինում է մատչելի, հաճելի աշխատանք, մի մասի համար՝ դժվար, հետևաբար, ոչ ցանկալի աշխատանք:
Իմ դասարանի սովորողների կարդալու կարողությունները նույնպես տարբեր են՝ մի մասը բառեր է կարդում, մյուս մասը՝ բառակապակցություններ, մի խումբն էլ հեշտորեն նախադասություններ է կարդում:
Որպեսզի սովորողների համար ընթերցանությունը դառնա հաճելի և սպասված աշխատանք, որոշեցի սովորողների համար ընթերցանության նյութերը անհատականացնել՝ ըստ նրանց կարողությունների այնպիսի նյութեր պատրաստել, որ լինեն զարգացնող, բայց բայց ոչ բարդ:
Երբ պատրաստվում էի կրթահամալիրի օրացույցով որոշված «Անկախության տոն. բարձունքի հաղթահարում» նախագծին, որոշեցի ընտրված վայրի մասին այնպիսի տեղեկատվական նյութեր պատրաստել,որ դրանք սովորողների համար դառնան ընթերցանության նյութեր: Քանի որ պետք է հաղթահարեինք Արզական գյուղի ծայրին գտնվող բլուրի վրա կառուցված Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցին, հետո «Գետը համայնքում» նախագծով շարժվեինք դեպի Դալար գետը, կարդացի նշված վայրերի մասին նյութեր և պատրաստեցի երեք տեղեկատվական նյութ՝ Արզական գյուղի, Նեղուցի վանքի, Դալար գետի մասին:
Ստացված երեք նյութը պետք է բաժանեի սովորողների երեք խմբերին, որպեսզի կարդային, ապա իրենց կարդացածը պատմեին ընկերներին:
Քանի որ յուրաքանչյուր խմբում ունեի կարդալու տարբեր կարողություններ ունեցող սովորողներ, ուստի յուրաքանչյուր նյութը տրոհեցի նախադասությունների կամ պարբերությունների՝ նախապես պլանավորելով, թե նյութի որ հատվածը որ սովորողին պետք է տամ: Ստացված նյութերը տպեցի և դարձրի քարտեր:
Հաջորդ օրը, երբ քարտեզի օգնությամբ ուսումնասիրեցինք Երևան-Արզական ճանապարհը, պարզեցինք երկու վայրերի միջև հեռավորությունը, ճամփորդության օրվա եղանակը, հերթը հասավ տեղեկատվական նյութերի ընթերցմանը: Սովորողները բաժանվեցին 3 խմբի, խմբերից յուրաքանչյուրն ստացավ նախապես բաժանված տեքստի «կտորները» և սկսեց կարդալ: Յուրաքանչյուրը, կարդալով իր նյութը, իրենց կարդացածի մասին ասաց խմբի մյուս անդամներին: Երբ կարդալու համար տրված ժամանակն ավարտվեց, խմբերը համառոտ ներկայացրին, թե ինչի մասին էր իրենց խմբի նյութը (գյուղի՞, եկեղեցո՞ւ, թե՞ գետի):
Հաջորդ առաջադրանքն էր՝ օգտվելով քարտերի համարներից՝ դասավորել քարտերը և ստանալ մեկ ամբողջական տեքստ: Այս աշխատանքը կատարելու համար սովորողները ևս մեկ անգամ վերադարձան իրենց կտորին, այս անգամ բարձաձայն կարդացին իրար համար, որպեսզի որոշեն սկիզբն ու ավարտը:
Աշխատանքի հաջորդ փուլում հանձնարարեցի ամբողջական տեքստից իրենց բաժինը բարձրաձայն կարդալ ընկերների համար:
Այսպիսով, սովորողները տարբեր հանձնարարություններ կատարելու համար մի քանի անգամ վերադարձան իրենց կտորին և վերընթերցեցին:
Երբ բոլոր խմբերում բարձրաձայն ընթերցանությունն ավարտվեց, ես սկսեցի տեքստերի մասին նախապես պատրաստված հարցեր տալ: Պայմանը հետևյալն էր. պատասխանում էր նա, ում բաժին էր ընկել հարցի պատասխանը, եթե դժվարանում էր, օգնում էին խմբի անդամները:
Այսպես, սովորողները կարդացին, իրար պատմեցին, ապա հարցերին պատասխանելով՝ յուրացրեցին երեք նյութ:
Ի՞նչ տվեց այս հնարը սովորողներին։
- Բոլորը ներգրավվեցին ընթերցանության գործընթացի մեջ:
- Բոլորը հնարավորություն ունեցան իրենց բաժին նյութը մենակ, լուռ, ինքնուրույն կարդալու (ընկալելու):
- Քանի որ կարդացել էին կոնկրետ հատված, նախադասություն, ավելի վստահ կարողացան խմբին իրենց կարդացածը վերարտարդել, պատմել, բարձրաձայն կարդալ:
- Սովորողները դարձան խմբի անդամ, ունեցան խմբում իրենց աշխատանքի մասը և միևնույն ժամանակ գիտակցեցին իրենց նշանակությունը խմբում:
Ի՞նչ տվեց այս հնարի կիրառումը ինձ։
- Նյութերը պատրաստելիս փորձում էի ստանալ ավելի մատչելի, պարզ և միևնույն ժամանակ բովանդակալի ձևակերպումներ:
- Ձևակերպումներ անելիս ուշադրություն էի դարձնում բառապաշարին. ընտրում էի նոր բառեր, մտածում աշխատանք այդ բառերով (մասուրի թուփ՝ մասրենի, ընկույզի ծառ՝ ընկուզենի, հավաքած խոտ՝ դեզ, լեռան ստորոտ, լանջ, գետի ակունք, հուն):
- Նյութերը պարբերությունների, նախադասությունների բաժանելիս ևս մեկ անգամ գնահատում էի յուրաքանչյուր սովորողի կարողությունները:
Ինչպե՞ս եմ զարգացրել այս հնարը։
Այս հնարը կիրառել եմ նաև հաջորդ ճամփորդությանը նախապատրաստվելիս, ինչպես նաև կենդանիների մասին տեղեկատվական նյութեր ընթերցելիս: Ավելացրել եմ նաև էլեկտրոնային տարբերակով ողջ տեքստի հետ աշխատանքը՝ կցելով նշված աղյուսակը:
Կարդա՛ տեքստը և ընդգծի՛ր նշված գույնով:
Հաջորդ անգամներին հարցուպատասխանը իմ փոխարեն կանեն սովորողները՝ նախապես իրենց նյութի մասին հարցեր պատրաստելով:
Որպես լրացուցիչ աշխատանք կարող է լինել էլեկտրոնային հարցաշարը (ինչպես ms word ծրագրով, այնպես էլ google տարբերակով), որին պատասխանելով սովորողները կստուգեն իրենց:
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան