Ճամփորդ ուսուցչի օրագիր
Աշնանային պայծառ մի շաբաթ օր, ճամփորդին վայել թեթև ու ուրախ, նշված ժամին հանդիպեցինք Արևմտյան դպրոցում։ Մեր սիրելի հայրենագետ ընկեր Սոնայի նախաձեռնած «Ժայռից մասուր է կաթում» էկոհայրենագիտական ճամփորդությանը համագործակցային պարապմունքների ընթացքում մանրամասն նախապատրաստվել էինք։ Բոլորս ոգևորված ու անհամբեր սպասում էինք մեր աշնանային ուսումնական թափառումին։ Ճամփորդության վայրը նույնքան սիրելի ու հարազատ դարձած Գետամեջն էր՝ Հրազդան գետի կիրճում ծվարած, մեր Սոնայի մանկության գյուղը․․․ Երկրորդ անգամ էի այցելում Գետամեջ։ Անցյալ տարի՝ գարնանը, այս տարի՝ աշնանը․․․ Անհամբեր սպասում էի տեսնելու, թե աշունն ինչպես է նախշել գյուղը, որն իր յուրահատուկ դիրքի և հյուրընկալ տիկին Ռուզանի շնորհիվ առավել ձգող է դառնում տարվա բոլոր եղանակներին։
Այս անգամ առաջին կանգառը Նոր Հաճնի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում էր։ Ճամփորդության ամեն քայլը ընկեր Սոնան իրեն բնորոշ բարեխղճությամբ էր պլանավորել։ Երբ սեբաստացի սովորողները հավաքվեցին եկեղեցու բակում, քնից դեռ չարթնացած Նոր Հաճնում կենդանացնող աշխուժություն իջավ։ Մեր ոգևորված ճամփորդները ողջունեցին քաղաքին ու բաժանվեցին պայմանական խմբերի՝ «Նոր Հաճն», «Հրազդան», «Գետամեջ», «Մասրենի» անուններով, նախագծային քայլարշավի ընթացքում իրենց բաժին ընկած ուսումնական թեման ներկայացնելու նպատակով։
Ճամփորդությանը ընթացքում կարևոր ավանդույթ է դարձել տեղի հոգևոր կենտրոն այցելելու, խոնարհված ու գործող եկեղեցիները հոգևոր երգերով ու աղոթքով կենդանացնելու արարողությունը։
Տեսե՜ք, թե ինչ ջերմեռանդ ու լուրջ են երգում չորրորդ դասարանցի սեբաստացիները․․․
Եկեղեցու բակում կառուցված հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի աստիճաններով մագլցեցինք ու զմայլվեցինք Հրազդանի կիրճով։
Անվտանգության նպատակով, դեպի կիրճ տանող ճանապարհը ցանկապատված էր։ Բայց, դե, հետաքրքրասեր սեբաստացիներիս համար ի՞նչ արգելք կարող է լինել։ Ճաղավանդակից հմուտ սողացինք ու, սահմանախախտ դառնալով, տեսա՜նք գետն իր ողջ հմայքով։ Հայացքներս դեպի կիրճ՝ կարդացինք Սահյանական օրերի ընթացքում սովորած «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը։ Կարդացինք, տեսանք ու զգացինք, թե մասուրը ժայռից ինչպես է «կաթում»․․․
Սեբաստացիական ոչ մի ճամփորդություն չի կարող չներառել միջավայրի խնամքին ու մաքրությանն ուղղված ծեսը։ Այս անգամ, մեր քայլքի ճամփին մաքրեցինք Նոր Հաճնի թռչնաբուծականից դեպի Գետամեջ ձգվող ճանապարհի մի հատվածում անխնա թափթփած աղբը։
ժայռերի հայացքի ներքո ապրող այգիներից, Հրազդանի երկայնքով ձգվող ձորակներից աչքդ ու միտքդ չի կտրվում։ Աշունն իր կախարդանքն էր փոխանցում գույների, ձայների, պատկերների միջոցով։ Քայլի՜ր ու քայլի՜ր՝ ամեն քայլափոխի մի նոր հայտնագործություն, ճանաչում ապրելով․․․
Ահա, իմ տեսած առաջին կարմրաթուփ մասրենին, աշնանային հասունությունից ճաքած արու և էգ մասուրները, ճյուղի վրա հասունացած հոնի չրերը․․․
Մեր քայլքի ճամփին՝ հերթական հայտնագործությունը։ Ընկեր Սոնայի օգնությամբ, ուսումնասիրում ենք մրջնանոցը։
ժայռերի հայացքի ներքո ապրող այգիներից, Հրազդանի երկայնքով ձգվող ձորակներից աչքդ ու միտքդ չի կտրվում։ Որտե՜ղ ես, Գետամեջ, գալիս ենք․․․ Փույթ չէ, որ Դավիթը հոգնել է երկար քայլքից կամ կոշիկների քուղերն են արձակվել․․․ Իր ավագ ընկերները առանց որևէ միջամտության հոգում են կրտսեր ընկերոջ կարիքները, հարկ եղած դեպքում՝ շալակում։
Անկեղծ ասած, ուսումնական ճամփորդությունների ընթացքում ձևավորվող հմտություններն ու հարաբերությունները ամենից շատն են հուզում ու տպավորում ինձ։ Ըստ իս, չկա առավել կենդանի ու ազդեցիկ դաստիարակության, փորձի փոխանցման միջոց, քան մեծ ու փոքրով միասին ճամփորդելը։
Մոտ քառասուն րոպե տևող արագ քայլքից հետո, մտանք գյուղ, որտեղ մեզ է սպասում տիկին Ռուզանի ջերմ հյուրասիրությունը։ Տոկուն, շնորհքով հարս, ով շեն է պահում Տիգան պապի ջանքով շինած ու փայափայած օջախը․ հոգնած ու քաղցած ճամփորդի իրական հանգրվան։
Աշնանային հյուրասիրություն
Չեմ կարող չպատմել Սոնայի Տիգրան պապի մասին, ով իր ժամանակի իրական հերոսն է եղել։ Համառ ու ուժեղ գետամեջցի մարդ, որ մեկ ձեռքով քար ու քռից մաքրել, կառուցել է իր ու որդիների տները՝ դրանց համար ընտրելով գյուղի ամենադիտարժան, դեպի Հրազդանի կիրճ նայող հարթակները․․․ Դեռևս առաջին այցի ժամանակ՝ գարանանը, Ռուզան հարսի ու Սոնայի պատմությունները՝ Տիգրան պապի մասին, հուզեցին բոլորիս։ Նա իր հայրենի հողի իրական տերն ու բնակիչն է եղել, կենդանի, ապրող օրինակ․․․
Ահա այս խնամված ու կիրճի երկայնքով ձգվող, բազմահարթակ այգում էլ հանգիստ ենք առնում ամեն անգամ, հետո քայլում դեպի ձորը․․․ Այս անգամ հորդառատ անձրևը փոխեց մեր ճանապարհի ընթացքը ու դադար առնելուց հետո, շրջեցինք Գետամեջ գյուղում, մասուր հավաքեցինք, մասրենու թփերը դիտարկեցինք, այցելեցինք ճամփի վրա գտնվող գյուղի փոքրիկ մատուռը և տանտերերին հրաժեշտ տալով, անձրևի ուղեկցությամբ վերադարձանք։
Աղբյուրը՝ ուսումնական բլոգ․․․
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան