Այլընտրանքային պատմություն
«Բռնադատվածները» նախագիծ
Այսօր Ռուսաստանի Դաշնությունում նշվում է քաղաքական բռնությունների զոհերի հիշատակի Օրը: Այդ նույն Ռուսաստանում, որտեղ վերականգնվում է Ստալինի պաշտամունքը և միաժամանակ, բարձրագույն իշխանության աջակցությամբ, բացվում «Վշտի պատը» (հեղինակ` Գեորգի Ֆրանգուլյան)։
Իսկ Երևանում ռուսաստանցի մի խումբ գիտնականներ իրենց գերմանացի, վրացի և հայ գործընկերների հետ միասին հոկտեմբերի 25-26-ին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կլոր դահլիճում բազմակողմանիորեն քննարկում էին խորհրդային ամբողջատիրության արյունոտ դրսևորումները և դրանց դեմ պայքարելու փորձերը` տարերային, կազմակերպված կամ սադրված:
Մենք` «Բռնադատվածներ» նախագիծն իրականացնողների աշխատանքային խմբի գիտաժողովային ներկայացուցիչներս, օգտվեցինք մեզ ընձեռված հնարավորությունից և մասնակցեցինք հայաստանյան իրականության այդ բացառիկ իրադարձությանը, որը մեր հանրապետության տեղեկատվական դաշտում համարժեք արձագանք չգտավ: Խորհրդանշական է:
Գիտաժողովի բոլոր զեկուցումները հրապարակվելու են, ուստի համառոտակի կանդրադառնամ դրանցից մի քանիսում բարձրաձայնված տեսակետներին:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն իր ողջյունի խոսքում կարևորեց «Մեծ տեռորի» և նրա հետևանքների ուսումնասիրությունը սոցիալական հոգեբանության տեսանկյունից:
Վրաց հետազոտող Դավիթ Ջիշկարիանին իր` «Թբիլիսիի «Դինամոյի» ֆուտբոլիստները Մեծ տեռորի առանցքում» զեկուցման մեջ ընդգծեց այն միտքը, որ հիշատակված ակումբի ֆուտբոլիստները միաժամանակ ՆԳԺԿ դահիճներ էին և վրացական ազգայնականության խորհրդանիշ:
Նովոսիբիրսկի պետական համալսարանի դասախոս Նատալյա Պոտապովան խոսելով Հարավային Կովկասում ԽՍՀՄ ՆԳԺԿ իրականացրած «ազգային» օպերացիաների (1937թ. սեպտեմբեր – 1938թ. նոյեմբեր) մասին շեշտադրեց այդ 7 գործողությունների դաժանությունը` գնդակահարվել է բռնադատվածների 85 %-ը:
Գիտաժողովի կազմկոմիտեի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի զեկուցումներից և ելույթներից առանձնացրել եմ երկու ձևակերպում` «Արևմտահայությունը ստալինյան բռնությունների քաղաքականության նպատակային խումբ էր» և «Ինչո՞ւ ենք խուսափում ընդունել, որ հակախորհրդային դրսևորումներ եղել են»:
Պատմական գիտությունների դոկտոր Մարկ Յունգեն (ԳԴՀ, Բոխում) խոսելով Մեծ տեռորի տարիներին Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների դեմ իրականացված բռնաճնշումների մասին հիշատակեց այն պատմական իրողությունը, որ, եթե բռնաճնշումների ենթարկվածների մեջ հայերի տոկոսը մյուս էթնոսների հետ համեմատած միջին դիրքերում է, ապա մահապատժի ենթարկվածների մեջ` տեսակարար կշռով գերազանցում է մյուսներին:
Աշխարհագրական գիտությունների դոկտոր Պավել Պոլյանի (ԳԴՀ, Ֆրայբուրգ) «Դեպորտացիայի հուշարձանացումը» զեկուցումը նվիրված էր տարբեր էթնոսների պատմական հիշողության հուշարձանային դրսևորումներին: Տպավորված եմ կալմիկների` էթնոսի և պետականության, վշտի և բողոքի կոթողներից, որոնք տեղադրված են աքսորավայրերում:
Իհարկե, ծավալվեցին բանավեճեր: Օրինակ, կարելի՞ է ցեղասպանություն անվանել ստալինյան բռնաճնշումները:
Անդրադարձ եղավ նաև ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերում «Մեծ տեռորի» և 1949 թվականին հայերի զանգվածային աքսորի մասին պատմող փոքրածավալ տեքստերին: Կարճատև քննարկման ժամանակ հիմնավորվեց, որ չի կարելի այս ողբերգություն-հանցագործության պատասխանատվությունը սահմանափակել «Ստալինի անձի պաշտամունքը» ձևակերպմամբ: Ամենայն հավանականությամբ դասագրքերի համակարգային սխալները և տեղեկատվական վրիպումներն ուղղելու համար հարկ կլինի կազմակերպել եռակողմ գիտաժողով` այդ ժամանակաշրջանն ուսումնասիրող գիտնականներ, դասագրքերի հեղինակներ, դասավանդողներ (գուցե նաև սովորողնե՞ր):
Գիտաժողովը մեզ հնարավորությոն տվեց վերահաստատելու կապերը անկախ հետազոտող Աշոտ Սիմոնյանի («1930-1931 թթ.: Հակակոլխոզային ընդվզումները. ապստամբությունները Վայոց ձորում») և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի հետ, ինչպես նաև համագործակցելու պայմանավորվածություն ձեռք բերել Ալթայի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Տատյանա Շչեգլովայի հետ: Վերջինս խոստացավ ապահովել մեր խմբի կապը նույն հետաքրքրությունների ոլորտում գործող ալթայական աշակերտական և ուսանողական խմբերի հետ, նաև առկայության դեպքում տրամադրել Ալթայի երկրամաս աքսորված հայերին վերաբերող փաստաթղթերի պատճենները և նրանց մասին տեղացիների հիշողությունները (որպես առաջին քայլ՝ Կոռնիձորից աքսորված 4 ընտանիքների մասին):
Աբողջատիրությունն իր բոլոր տարատեսակներով, մասնավորապես` կայսերապաշտական, կրոնական, ազատական, ազգայնամոլական, գրոհում է մեր մոլորակի ողջ տարածքում: Եվ նրա միակ հակառակորդն անցյալի Դասերը յուրացրած Քաղաքացին է:
Ի՞նչ տվեցին այդ երկու օրերը գիտաժողովին ներկա սովորողներին: Նրաք զգացին գիտական, հետազոտական մթնոլորտը, լսեցին գիտության լեզուն, հասկացան, թե ինչպես է զարգանում գիտությունը` զգույշ ձևակերպումներով և համարձակ դատողություններով, մեղմ երկխոսությամբ և կրքոտ բանավեճերով, տրամաբանության զորությամբ և անպատասխան հարցերի առկայության խոստովանությամբ:
Նաև անկաշկանդ լուսանկարեցին և ձայնագրեցին, ելումուտ արեցին ԳԱԱ նախագահության շենքում:
Նաև ռուսերենի իմացության մակարդակը բարձրացրեցին:
Եվ վերջապես, բայց ոչ վերջինը կարևորությամբ, իրար ավելի լավ ճանաչեցին: Պարզվում է, որ մարդուն կարելի է ճանաչել ոչ միայն խաղի կամ ճամփորդության ժամանակ, այլ նաև «գիտությամբ զբաղվելիս»:
7-րդ դասարանցի Նարեկ Արշակյանի արձագանքը. «Այնտեղ գտնվելը մեծ պատիվ էր… Չնայած նրան, որ թեման բարդ էր, շատ հետաքրքիր էր նրանց լսելը և ընկալելը… Մեծ սիրով էլի կգնայի նման գիտաժողովների: Շնորհակալ եմ… Հուսով եմ այսպիսի առիթներ էլի կլինեն»։
Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան