Այլոց փորձի ուսումնասիրություն

Մի քանի օր է, ինչ կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի մասնագետներն ուսումնասիրում են կրթահամալիրի դպրոցների՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացրած ուսումնական ճամփորդությունների համապատասխանությունը  կրթահամալիրում ընդունված կարգին: Իսկ ինչպե՞ս են կազմակերպվում ուսումնական ճամփորդությունները արտերկրում: Ո՞րն է այն լավն ու առաջադիմականը, որը կարող ենք ընդօրինակել, և կարո՞ղ ենք արդյոք բացահայտել ուսումնական ճամփորդության կրթահամալիրային մի որևէ փորձառություն, որով կարող ենք աշխարհին ներկայանալ:

Համացանցային որոնումներն ինձ առաջինը տարան Հյուսիսային Կարոլինա նահանգի (ԱՄՆ) LEARN NC հանրակրթական դպրոց, որի ուսումնական ճամփորդությունների կազմակերպման փորձի մասին է պատմում Բոբի Հոբգուդի և Լեսլի Ռիչարդսոնի հոդվածը՝ «Planning a successful (and educational) field trip (Հաջողություն ապահովող ուսումնական ճամփորդության պլանավորումը)»: Նրանք իրենց հոդվածը մի խոստումնալից նախադասությամբ են սկսում. «Աշխարհը կարող է քո դասասենյակը լինել, եթե միայն հանգամանալից պլանավորմամբ երաշխավորում ես, որ ուսումնական ճամփորդությունը սովորողների համար նոր բան սովորելու արդյունավետ փորձառություն է…»:

Այո, աշխարհը քո դասասենյակն է: Սովորելը կարող է և պետք է ամենուր լինի: Հոդվածի հեղինակները պնդում են, որ ուսումնական ճամփորդությունները հազարավոր տարիներ են կրթության մաս կազմել: Բայց իհարկե, նշել, որ հեշտ գործ չէ արժեք ներկայացնող ուսումնական ճամփորդություններ պլանավորելը, իրականացնելը, դպրոցի տնօրենին համոզելը, ծախսերի և սովորողների անվտանգության մասին հոգալը: Այս բոլոր դժվարություններով հանդերձ, լավ պլանավորված և ուսումնական բաղադրիչներով ամբողջականացված ճամփորդությունը նոր բան ընկալելու հսկայական ներուժ է տալիս սովորողներին: Հոդվածի հեղինակները հարցեր են բարձրացնում և իրենք էլ տալիս են դրանց պատասխանները:

Ինչու՞ է պետք կատարել այս ուսումնական ճամփորդությունը:

Ինչպե՞ս է քո ուսումնական ճամփորդությունը աջակցում ուսումնական պլանին: Եթե չկարողանաս պատասխանել այս հարցին, ապա քո ուսումնական ճամփորդության համար աջակցություն մի՛ սպասիր դպրոցի տնօրինությունից: Նախքան ճամփորդության համար թույլտվություն խնդրելը ժամանակ գտիր և քո գործընկերներին և սովորողներին ներկայացրու մի գրություն հետևյալ պարզաբանումներով (ներկայացվող գրության անհրաժեշտությունը որոշ առումով հիշեցնում է մեր կրթահամալիրի դասավանդողների ուսումնական ճամփորդության նախագծերը, որոնք հրապարակվում են բլոգներում՝ իրազեկ դարձնելու սովորողներին, գործընկերներին, տնօրինությանը, ծնողներին, մեզանով հետաքրքրվող հանրությանը).

ա) սպասվող ուսճամփորդության վայրի մասին ծրագրային նյութեր և ուղեցույցներ, որոնք նախկինում արդեն մշակվել են դպրոցի աշխատակազմի կողմից,
բ) ուսճամփորդությամբ նոր բան սովորելու՝ սպասվող արդյունքները,
գ) ուսճամփորդության ընթացքում ակնկալվող և ուսպլանի դասընթացներով նախատեսված գիտելիքների համադրումը, զուգորդումը,
դ) ուսճամփորդության կարևոր բովանդակային և կառուցվածքային մասը:

Կարծում եմ, որ ուսճամփորդության մեր նախագծերը ներկայանալի են այս առումով:

Սովորողներին նախապատրաստելը

Ցանկացած ուսճամփորդության կազմակերպման այս փուլը ամենապահանջվածն է և ամենաաշխատատարը:

Առաջարկվում է ուսճամփորդությանը նախորդող ուսումնական պարապմունք կազմակերպել իր դասի պլանով, որի նպատակն է ուսճամփորդության ինտեգրումը ուսպլանով նախատեսված դասընթացներին:

Ուսճամփորդության նկատմամբ հետաքրքրություն է արթնանում, երբ սովորողներին են ներկայացվում սպասվող ուսճամփորդության վայրի մասին պատմող լուսանկարները, տեսաֆիլմերը: Սովորողների հետաքրքրության խթանման համար կարևոր են նաև նախկինում այդ ուսճամփորդությունը կատարած այլ սովորողների փորձառության մասին պատումները: Կարծում եմ, որ այս հարցում մեր կրթահամալիրի փորձն ավելի առաջադեմ և ուսանելի է, քանի որ հենց իրենք սովորողներն են համացանցից կամ այլ աղբյուրներից տեղեկատվական նյութեր պատրաստում սպասվող ուսճամփորդության մասին: Այս նախապատրաստական աշխատանքներն ընդգրկված են նաև դասավանդողի ուսճամփորդության նախագծում:

Կարևոր է սովորողներին տեղեկացնել ճամփորդության վայրում համապատասխան վարքագծի պահպանման մասին: Սա հատկապես վերաբերում է  թանգարաններ, կենդանաբանական այգիներ այցելություններին:

Դասավանդողներին առաջարկվում է նախապես կազմել ուսումնական ճամփորդության ընթացքում օրվա ռեժիմը, որը սովորողները պետք է ստորագրեն, ինչպես անում են ուսումնառության պայմանագրի վավերացման դեպքում:

Առաջարկվում է սովորողներին խորհուրդ տալ հագնել տվյալ վայր մեկնելու համար համապատասխան հագուստ և կոշիկ՝ հաշվի առնելով այդ վայրի կլիմայական և օրվա եղանակային պայմանները:

Առաջարկվում է սովորողների համար կազմել ուսապարկը շատ չծանրաբեռնող անհրաժեշտ իրերի  ցուցակը, իսկ գիշերակացով ճամփորդությունների դեպքում, երբ անհրաժեշտ իրերի ցուցակը մեծանում է, խորհուրդ է տրվում սովորողներին միմյանց հետ պայմանավորվել (ես սա եմ բերում, իսկ դու՝ սա): Այս ձևով կարելի է հավասարաչափ բաշխել տարվող իրերը և հնարավորին չափ թեթևացնել ուսապարկերը:

Սովորողների համար անհրաժեշտ պարագաների ցուցակի մեջ են մտնում նաև ճամփորդության մասին նշումներ անելու համար գրիչներ, փոքրիկ նոթատետրեր, ֆոտո և տեսախցիկներ:

Անհրաժեշտ է նաև զգուշացնել սովորողներին այն մասին, թե ինչն է արգելվում բերել:

Անձամբ ուսուցչին վերաբերող հարցեր

Նախքան ուսումնական ճամփորդությունը կատարելը հարկավոր է անձամբ մի անգամ տեղազննել ուսճամփորդության վայրը: Այս հարցը խիստ հետևողականությամբ է իրականացվում մեր կրթահամալիրում: Կրթահամալիրում մերժվում է ուսումնական ճամփորդության հայտը, երբ պարզվում է, որ հայտ ներկայացրած դասավանդողը երբևէ չի եղել այդ վայրում:

Հոդվածի հեղինակները ճամփորդության ղեկավար-ուսուցչին հարցեր են ուղղում.

  • Գիտե՞ս, թե որտեղ են զուգարանները այդ վայրում։
  • Հասանելի՞ է արդյոք բջջային հեռախոսային կապը։
  • Որքա՞ն է այդ վայրը հեռու ամենամոտ բնակատեղիից, գյուղից, քաղաքից։
  • Որքա՞ն է տեղանքը մատչելի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար։
  • Ի՞նչ դժվարանցանելի տեղեր կան, և կա՞ն արդյոք դրանք շրջանցելու ուղիներ:
  • Ճամփորդության մասնակիցների ցուցակը քեզ մո՞տ է: Մի տեղանքից մյուսը տեղափոխվելուց առաջ բարձրաձայն ներկա-բացակա անո՞ւմ ես:
  • Հոգացե՞լ ես առաջին բուժօգնության արկղի մասին:
  • Ունե՞ս որոշակի առողջական խնդիրներ ունեցող սովորողների՝ տվյալ ճամփորդությանը մասնակցելու համար բժշկի թույլտվությունը: Ունե՞ս նման սովորողների համար նախատեսված դեղամիջոցները և դրանց օգտագործման մասին բժշկի ցուցումները:
  • Վարորդի հետ քննարկե՞լ ես ճանապարհային քարտեզը, ուղևորության երթուղին: Քաջատեղյա՞կ է նա անցնելիք ճանապարհներին: Փոխանակե՞լ  եք ձեր հեռախոսային համարները:
  • Անհրաժեշտության դեպքում՝ կարո՞ղ ես օգտվել GPS համակարգից:
  • Ոնե՞ս որոշակի քանակության կանխիկ գումար՝ չնախատեսված ծախսերի համար:

Խորհուրդ է տրվում նաև նախօրոք վերահաստատել գիշերակացի համար արված պայմանավորվածությունները, պատվերները: Խորհուրդ է տրվում նաև նախապես ձեռք բերել մոտակա բնակավայրերի տեղական կառավարման գրասենյակների, աշխատակազմի կոնտակտային տվյալներ՝ չնախատեսված անհապաղ դեպքերում օգնություն կանչելու համար: (Այս բոլոր թվարկած հարցերն իրոք կարևոր են, բայց պետք է նշել, որ մեր կրթահամալիրում ուսումնական ճամփորդությունների նախագծերի մեծ մասն իր մեջ ներառում է նաև կրթական փոխանակման բաղադրիչը. հանդիպում տեղի ուսումնական հաստատության սովորողների և աշխատակազմի հետ, հեղինակային կրթական ծրագրի ներկայացում, տարածում, բարեկամական կապերի հաստատում, ինչը մեծապես օգնում է մեր դասավանդողներին ուսումնական ճամփորդության շատ հարցեր հարթելու և կարգավորելու գործում։

Այլոց հետ նախապատրաստական աշխատանք

Անհրաժեշտ է թույլտվություն ստանալ դպրոցի տնօրինությունից: Մեր կրթահամալիրում թույլտվությունը կատարվում է տնօրենի հրամանով, որը տրվում դասավանդողի ներկայացրած հայտի և նախագծի հիման վրա: Իմ կարծիքով կրթահամալիրի կարգն այս առումով անվիճելի առավելություն ունի և ավելի իրավական է, քան հոդվածում նշված ձևը։

Ուսումնական ճամփորդություն պլանավորելիս անհրաժեշտ է ստուգել դպրոցական ուսումնական օրացույցը և պարզել, թե արդյոք չի՞ համընկնում այն դպրոցական կարևոր իրադարձության հետ, որին անհրաժեշտ է ներկա լինել:

Անհրաժեշտ է ստանալ ծնողների թույլտվությունը: Հարկավոր է ծնողներին մանրամասն նկարագրել ճամփորդությունը և բացատրել դրա կապը ուսպլանի մեջ ընդգրկված դասընթացների հետ: Մեր կրթահամալիրի փորձն այս առումով նույնպես ընդօրինակելի է: Ուսումնառության պայմանագրոււմ նշված է, որ ուսումնական ճամփորդությունները հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ մասն են կազմում և կրտսեր ու Միջին դպրոցների սովորողների ծնողները, Ավագ դպրոցի և Քոլեջի սովորողները ծանոթացել ու ստորագրել են այդ պայմանագրի տակ: Նրանք նախապես են համաձայնել ուսումնական ծրագրի իրականացման պայմաններին:

Ուսումնական ճամփորդության ֆինանսավորումը

Խորհուրդ է տրվում դիմել տարբեր կազմակերպությունների, որոնց հարկային պարտավորությունները դպրոցին կատարած նվիրատվության համար կարող են նվազեցվել: Եթե այս ճանապարհով անհնար է ֆինանսավորում ձեռք բերել, ապա խորհուրդ է տրվում դիմել ծնողական օժանդակությանը:

Առաջարկում է ամերիկյան «Scholastic Teacher» ամսագիրը

Ամերիկյան «Scholastic Teacher (Դպրոցական ուսուցիչ)» ամսագրի լրագրող Ջենիֆեր Ֆինկը գործող ուսուցիչների 10 խորհուրդ է հավաքել՝ քաջալերելու բոլոր նրանց, որ վախենում են ուսումնական ճամփորդություններ կազմակերպելուց:

  1. Սկսիր նախապատրաստվել որքան հնարավոր է շուտ։
    Շաբաթներ կարող է տևել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստանալը: Ժամանակ է հարկավոր փող հավաքելու համար, և ժամանակ է հարկավոր այդ փողը դպրոցի հաշվապահությամբ անցկացնելու և անդորրագիր ստանալու համար: Սկսիր պլանավորել քո ուսճամփորդությունը առնվազն 6 շաբաթ առաջ: Գիշերակացով նահանգից դուրս ուսճամփորդության նախապատրաստական աշխատանքները կարող են սկսվել մեկ տարի առաջ:
    Այս տողերը կարդալիս լիովին հասկանում ու գիտակցում եմ, թե ինչ է նշանակում «Ստեղծողի մոբիլ դպրոց» բառակապակցությունը:
     
  2. Խուսափիր մարդաշատ վայրերից։
    Ֆլորիդայի Դեյվի քաղաքի Ավագ դպրոցի տնօրեն Ուենդի Ուեյները խորհուրդ չի տալիս սովորողների ուսումնական ճամփորդությունները կազմակերպել մարդաշատ վայրերում, որտեղ հնարավոր է շատ այլ երեխաներ լինեն. օրինակ, Դիսնեյ Լենդը:
     
  3. Գործունեություն փնտրեք։ 
    Ջորջիա նահանգի Քենդրիք քաղաքի Միջին դպրոցի ուսուցչուհի Ջենիֆեր Բենիֆիլդը խորհուրդ է տալիս ուսումնական ճամփորդության տանել սովորողներին տարբեր փառատոների ընթացքում, որովհետև դրանք դիտարժան են և հետաքրքիր երեխաների համար:
    Ճիշտ խորհուրդ է: Օրինակ, Խաչիկ գյուղ մեկնած մեր Քոլեջի ուսանողների ամենավառ տպավորությունները կապված են հայկական գաթայի փառատոնի հետ:
     
  4. Աշխատիր որքան հնարավոր է իջեցնել ճամփորդության ծախսերը։ 
    Տարբեր կազմակերպությունների կամ անհատների նվիրատվությունները կարող են թեթևացնել ծախսերը: Այդ նվիրատվություններով հնարավոր է փակել անվճարունակ սովորողների ճամփորդական ծախսերը: Ոչ մի սովորող չի կարող փողի պատճառով չմասնակցել ուսճամփորդությանը: Սովորողների վճարունակ ծնողները կարող են նաև մաս-մաս վճարել ուսճամփորդության ծախսերը:
     
  5. Ուսճամփորդության վայրի նախնական տեղազննում
    Եթե հնարավոր է, նախքան մի որևէ վայր մեկնելը կատարեք այդ վայրի տեղազննումը, որպեսզի որքան հնարավոր է շրջանցեք անկանխատեսելին ուսումնական ճամփորդության ընթացքում: Կարևոր է նաև պարզել, արդյոք սովորողների մեջ կա՞ն  այնպիսի երեխաներ, որ, հնարավոր է, տեղանքի բուսականության պատճառով ալերգիկ ռեակցիաների ենթակա լինեն, և ի՞նչ դեղորայք պետք է վերցնել նման դեպքերի զարգացումը կանխելու համար:
     
  6. Օգնություն խնդրեք ուսճամփորդության վայրի տեղական կառավարման մարմիններից
     
  7. Նախապատրաստեք սովորողներին և ծնողներին։ 
    Քննարկեք ուսճամփորդությունը սովորողների հետ:
    Ցույց տվեք նրանց վայրի մասին նկարներ համացանցից, տեսաֆիլմեր:
    Կրտսեր դպրոցի սովորողների ծնողներին ներգրավեք ուսճամփորդության կազմակերպման գործում, դարձրեք նրանց ձեր օգնականները: Պարզեք, թե ինչպես կարող են ծնողները օգնել ձեզ:
     
  8. Անպայման ձեր հետ վերցրեք անկանխատեսելի դեպքերի վերացման համար օգնություն կանչելու կոնտակտային տվյալներ:
     
  9. Ապահովեք սովորողների զբաղվածությունը ուսճամփորդության ընթացքում։
    Սովորողներին բաժանեք մի քանի խմբերի, որոնք ուսճամփորդության ընթացքում պատասխանատու կլինեն որևէ գործի համար: Երբ նրանք որևէ գործով զբաղված են և պատասխանատվություն են կրում դրա համար, նրանք վտանգից հեռու են ու միշտ աչքի առաջ:
     
  10. Նույնիսկ ավտոբուսում կամ գնացքում զբաղվածություն ապահովեք նրանց համար:

Ֆիննական դպրոց

Համացանցում մանկավարժական առաջատար մոտեցումների անգլերեն որոնումները տանում են դեպի Ֆինլանդիա։ Այստեղ պետք է անկեղծորեն խոստովանել, որ նույն նպատակով հայալեզու որոնումները տանում են դեպի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։

Ուսումնասիրվող հարցի վերաբերյալ Ֆինլանդիայի առաջավոր փորձ է, որ համալսարանների մանկավարժական ֆակուլտետներում հատուկ դասընթացներ են անցկացվում, որոնց ընդհանուր թեման բացօթյա կրթությունն է: Այլ կերպ ասած՝ ուսումնական ճամփորդություններն օգնում են բացօթյա կրթության կազմակերպմանը:

Բացօթյա կրթության առաջին թեման է «Շրջակա միջավայրը»: Մովորողներն իրենց շրջակա միջավայրը կենսաբանա-աշխարհագրական տեսանկյունից են ուսումնասիրում: Աշնանը և գարնանը նրանք դիտարկում են բնության մեջ կատարվող փոփոխությունները: Ձմռանը ուսումնասիրում են մշակութային և սոցիալական միջավայրը, կազմակերպվում են ուղևորություններ, էքսկուրսիաներ և ուսումնական ճամբարներ Հյուսիսային Ֆինլանդիայում:

Բացօթյա կրթության երկրորդ թեման է «Ես և շրջակա միջավայրի պահպանումը»: Սովորողներն ուսումնասիրում են կենսաբազմազանություն: Թափոնների վերամշակումը և շրջակա միջավայրի բարելավումը երկարատև նախագծերի թեմաներն են:

Երրորդ թեման է «Ֆինլանդիան և հյուսիսային երկրները»: Աշնանը սովորողները ծանոթանում են, այսպես կոչված, ֆիննա-սկանդիայի կենսա-աշխարհագրությանը: Ձմռանը նրանք ուսումնասիրում են մարդու և բնության հարաբերությունները: Նրանք նաև հեռավար ուսուցման համակարգի միջոցով արտերկրի դպրոցների հետ են համագործակցում, այցելում հյուսիսային այլ երկրների քույր-դպրոցներ:

Կրտսեր դպրոցներում բացօթյա կրթության նպատակն է սովորողներին տալ գիտելիք շրջակա միջավայրի մասին, և զարգացնում են նրանց կարողությունները, պատրաստակամությունը և պատասխանատվությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերում:  

Յոթերորդ դասարանում սովորողներն ուսումնասիրում են եղանակը, ջուրը և հողը տարբեր էկոհամակարգերում:

Ութերորդ դասարանում սովորողներն ուսումնասիրում են ֆիզիկական, քիմիական և կենսաբանական գործոնները բնության մեջ:

Իններորդ  դասարանում ուսումնասիրում են բնության մեջ վտանգված կենդանական և բուսական աշխարհը:

Այստեղ տեղին է հիշել մեր կրթահամալիրում իրականացվող «Գետը քաղաքում», «Գետը համայնքում» նախագծերը, «Սիրուն Զանգի» բլոգի բոլոր հրապարակումները, կատարված աշխատանքները, Հայկուհի Հովհաննիսյանի գերջանքերը Շադրլու ջրանցքի մաքրման համար, յուրաքանչյուր ուսումնական ճամփորդության ընթացքում շրջակա միջավայրը աղտից մաքրելու սովորողների ու դասավանդողների պատրաստակամությունը:

Խմբագիր՝ Սուսան Մարկոսյան

Աղբյուրներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով