«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական գործունեությունն իրականացվում է ուսումնական չորս շրջափուլով՝ սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար, փետրվար-մայիս, հունիս։ Ուսումնական երկրորդ և չորրորդ շրջանները ճամբարային-ստուգատեսային են՝ բաղկացած տարատեսակ ստուգատեսներից՝  ազգագրական, բնագիտատեխնիկական, մեդիահմտությունների, մարզական և այլն։ Ճամբարային այս ժամանակահատվածը սովորողների ձեռք բերած հմտությունների ու կարողությունների յուրատեսակ ստուգատես է, որը նաև փորձի փոխանակման, տարածման մի ձև է։
Հունվարյան ճամբարն այս տարի լի էր ճամփորդություններով, խաղերով, զգացմունքներով։ Ճամբարամուտն ազդարարվեց առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունքով։ Միասնական ողջույն, երգ ու պար, բերանացի ընթերցումներ․․․Միասին սովորելը, սովորեցնելը կրթահամալիրում ուսումնական գործունեություն է, յուրահատուկ հրճվանք թե՛ սովորողի, թե՛ ուսուցչի, թե՛ ծնողի համար։

Սովորողներն ամեն տարի անհամբերությամբ են սպասում հունվարին։ Ճամբարը նրանց համար ուսուցման այլընտրանքային մի ձև է, որի ընթացքում դառնում են ավելի անկաշկանդ, մեծանում են կարծես։ Ճամբարային ստուգատեսների ընթացքում շատ ակտիվ, ազատ քննարկում են, բացատրում միմյանց տարատեսակ տրամաբանական խաղերի կանոնները,  մանրամասն ներկայացնում, ցույց տալիս, խաղում, ուրախանում հաղթելիս, մի քիչ տխրում պարտվելիս՝ ամբողջությամբ ներգրավվելով ուսումնական գործունեության մեջ։ Ուսուցիչն իր տեսախցիկով պիտի հասցնի հա՛մ մասնակցել այդ հրճվանքին, հա՛մ ֆիքսել այդ ամենը, վերլուծել, փոխանցել ընտանեկան դպրոցներ։  Ամեն օր տնից նոր խաղ բերելը, ընկերներին սովորեցնելը սովորողի համար ուսումնական աշխատանք է դառնում․ նա իրեն ինքնուրույն է զգում, ինքնուրույն որոշումներ կայացնող է, ում կարծիքը կարևոր է ընկերների համար։ Սիրով սովորում են իրարից, միասին խաղում, ուրախանում։ Հընթացս ճամբարականների հետ սովորում ենք նաև ազգային խաղերինքնաշեն խաղեր պատրաստում։ Ընտանեկան դպրոցն էլ չի ուշացնում. ներկայացնում է իր հրճվանքը։ Տեսեք՝ սովորողներն ինչ հավեսով են պատմում իրենց ինքնաշեն խաղ-խաղալիքի մասին, ինչպիսի սիրով են ստեղծագործում՝ ստեղծում սեփական խաղը, խաղալիքը, գործիքը։

Ճամբարի ընթացքում մասնակցում ենք ազգագրական փառատոն-ստուգատեսի, որի ընթացքում սովորում ենք նոր պարեր, պարերգեր, տանում ընտանեկան դպրոց կամ ընտանեկան դպրոցից բերում դպրոց։ Ընտանեկան խոհանոցը դառնում է տարածաշրջանային տարբեր բաղադրատոմսերի փոխանցման հարթակ սովորողի կամ դասարանական ուսումնական մեդիատարածքի՝ բլոգի միջոցով։ Ինչպիսի սիրով են ճամբարականները գնումներ կատարում, հաշվում, համեմատում, պատմում բաղադրատոմսի, բաղադրիչների, պատրաստման մասին։ Վստահաբար այդ ոգևորությունը դպրոցից տեսաֆիլմի, լուսանկարի, ձայնագրության, զգացմունքային պատումների տեսքով փոխանցվում է ընտանեկան դպրոց՝ վարակելով բոլորին։ Ուսումնական գործունեությունն այսպիսով փոխանցվում է ընտանեկան դպրոցներ, դառնում փոխադարձ, շարունակական, անընդհատ։ Ազգագրական փառատոնն ամփոփվում է Ղափամայի տոնական, համայնքային ծեսով։ 
Ճամբարականի համար կարևոր ուսումնական աշխատանք է դասարանական բլոգին, ընկերների աշխատանքներին հետևելը, միասին քննարկելը, վերլուծելը․ սա նույնպես ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ է։ Այսպես նրանք զարգացնում, ամրապնդում են իրենց մեդիակարողությունները։ «Դիջիթեք» մեդիահմտությունների ստուգատեսին ճամբարականները ներկայացնում են իրենց մեդիաաշխատանքները, փոխանցում մեդիահմտություններ «Սովորող-սովորեցնող» նախագծով իրենցից փոքրերին և սովորում նոր հմտություններ ավագ ընկերներից։ 
Ճամբարների կարևոր բաղադրիչ են ուսումնական ճամփորդությունները, որոնք համալրում, զարգացնում, ամրապնդում են ձեռք բերած հմտություններն ու կարողությունները՝ զուգորդվելով ուսումնական գործունեության տարբեր ձևերի հետ։ Հունվարյան ճամբարի ընթացքում սովորողների ամենասիրելի զբաղմունքը ձմեռային մարզական խաղերին մասնակցելն է, որի ընթացքում մասնակցում են էստաֆետային մարզական խաղերիճամփորդում ձյունառատ վայրեր։

Միասին վազելը, ցատկելը,  սահելը, իրար օգնելը, իրար զիջելն ակամայից ամենաջերմ զգացումներն են տալիս սովորողին, կապում միմյանց ընկերական ամուր կապերով: Կարող են անվերջ ու անհոգնել խաղալ ու խաղալ…
Ճամբարային-ստուգատեսային ամիսները կրթահամալիրում հավեսի ու հրճվանքի ժամանակահատվածներ են, որոնք գալիս են լրացնելու այլընտրաքային-հեղինակային կրթական ծրագրի ընձեռած հրճվանքի, ուրախության, հավեսի չափաբաժինը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով