Իմ նախորդ` «Բլոգային, նախագծային ուսուցում. ընդհանուր դիտարկումներ» հոդվածում, սովորողների նախասիրությամբ նախագծերը դիտարկվել էր լրացուցիչ կրթության տեսանկյունից: Կարծիք էր հայտնվել նաև, որ նման նախագծերը կարող են կարևոր խթան դառնալ կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման շաբաթների, նախագծային ուսուցման ստուգատեսների, ուսումնական ճամբարների և արձակուրդների ընթացքում՝ ապահովելով ուսումնական գործունեության շարունակականությունը:
Սովորողների նախասիրությամբ` անհատական և խմբային նախագծերը, որպես կանոն, երկարաժամկետ նախագծեր են: Դրանք կարող են ձգվել մեկ կիսամյակից մինչև մեկ ուսումնական տարի: Լինում են երկարաժամկետ նախագծեր էլ, որոնք դիմանալով «փորձությանը»` տարիներ շարունակ նույն գաղափարի շուրջն են հավաքում սովորողների նորանոր խմբերի: Նմանատիպ նախագծերի օրինակներն են` Առականին, Երգ Երգոցը, Լապտերը:
Այս նախագծերը, ինչ խոսք, ունեցել են թռիչք-վերելքի և անկում-վայրէջքի պահեր` ժամանակի ընթացքում բախվելով շարունակականությունը պահելու անխուսափելի խնդրի հետ` սկսած գործի հանդեպ հետաքրքությունը թուլանալու բնական պատճառով: Այս առումով, ի տարբերություն կարճաժամկետ նախագծերի, երկարաժամկետ նախագծերը բավականաչափ խոցելի են և, որպես կանոն, ինչ-որ պահից սկսած կանգ են առնում` դադարելով գոյություն ունենալուց:
Երկարաժամկետ տարաբնույթ նախագծերի համատեղման առաջին փորձը գրանցվել է տարիներ առաջ, երբ անսալով տիար Բլեյանի` «Ուխտադարան-փաթեթի» կոչ-առաջարկին` իրակացվեց «Քրիստոսի հետքերով. ուխտագնացություն Երուսաղեմ» մեգանախագիծը:
Անցնող տարիների փորձը ցույց է տալիս, որ սովորողների նախասիրությամբ նախագծերը հաջողությամբ դառնում են նախագծային ուսուցման շաբաթների և ուսումնական ճամբարների շարժիչ ուժը` ապահովելով սկսած գործի շարունակականություն և արդյունավետ գործունեություն: Երբ նախապես գիտես անելիքդ և սպասում ես հարմար ժամանակի` նախագծային շաբաթներին և ճամբարներին, որ շարունակես կիսատ թողած գործդ, միանգամայն այլ են լինում նաև արդյունքները: Դրանք շատ ավելի ամբողջական են, շատ ավելի տեսանելի և շոշափելի:
Վերը ասվածը բացարձակ չի նշանակում, թե երկարաժամկետ նախագծերը սկսում են գործել միայն նախագծային ուսուցման շաբաթների և ուսումնական ճամաբարների ժամանակ: Երկարաժամկետ նախագծերը որպես տնային աշխատանքին փոխարինող այլընտրանք, գործում են միշտ, ուղղակի նախագծային շաբաթների և ուսումնական ճամբարների օրերին առավել ակտիվություն են գրանցում:
Երկարաժամկետ նախագծերի գործունեության կազմակերպումը նախագծային շաբաթների և ուսումնական ճամբարի ժամանակ
Երկարաժամկետ նախագծերին առաջակվում է կոնկրետ թեմա, ասենք` «Ամանոր, Սուրբ Ծնունդ»: Նախագծի ղեկավարի և մասնակիցների հետ քննարկվում են հնարավոր ուղղությունները, կատարվում է աշխատանքի բաժանում, ճշտվում է կատարման ժամանակահատվածը: Աշխատանքը կատարելուց հետո, նախագծի ղեկավարը հավաքում է համապատասխան ուսումնական փաթեթը` ամբողջական կերպով ներկայացնելով նախագծի մասնակիցների կատարած աշխատանքը:
Օրինակներ`
- «Ամանորյա առակներ» բաժնի համալրում- Առականի
- Ձմեռային ընթերցում-վերլուծություններ-Լապտեր
- Սուրբ Ծնունդը՝ հայ դասական քնարերգության մեջ-Երգ Երգոց
- Քրիստոնեական տոներ և հեթանոսություն-Սեբաստացի
- Ամանորյա, սուրբծննդյան առակներ-Խրատանի
- Սուրբ Ծնունդի թեման համաշխարհ. արվեստի մեջ- Ձայնագիրք
- «Սուրբծննդյան» ֆիլմեր բաժնի ստեղծում-Ֆիլմադարակ
- Սուրբծննդյան պատարագի խորհուրդը-Ինքնանկար
- Ժամանակակից հոգևոր ընթերցումներ—Մտափունջ
- Աղոթքի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա-Ճանաչենք մեր օրգանիզմը
- Ամանորի, Սուրբծծնդյան արևմտահայերեն ընթերցումներ
- «Ամանորյա, սուրբծննդյան ռոք երգեր» բաժնի համալրում-Ռոքադարակ
Հավելեմ նաև, որ վերոհիշյալ երկարաժամկետ նախագծերը դեռևս աշխատանքային փուլում են: Վերջնական փաթեթը պատրաստ կլինի հունվարյան ճամբարի օրերին:
Այսպիսով, երկարաժամկետ նախագծերը, ներուժ ունենալու դեպքում, ի վիճակի են ժամանակ առ ժամանակ այլ նախագծեր ևս իրականացնել` «շեղվելով» իրենց հիմնական ասելիք-անելիքից և մեկ ընդհանուր թեմայի շուրջ «միավորվելով» այլ երկարաժամկետ նախագծերի հետ: Սա, թերևս, նոր հնարավորություններ է ստեղծում և նոր հետաքրքրությունների դաշտ է բացում` շարունակականություն, թարմություն և նոր շնչառություն հաղորդելով երկարաժամկետ նախագծերին:
Կարծում ենք` լրացուցիչ ջանքեր և մտածված ելք-քայլեր անելու դեպքում` սովորողների նախասիրությամբ երկարաժամկետ նախագծերը նոր որակ-զարգացում կարող են հաղորդել հեղինակային կրթական ծրագրին:
Խմբագիր՝ Հասմիկ Ղազարյան