Ուսումնական ճամփորդությունը սովորողների ամենասիրելի գործունեության ձևերից մեկն է: Իրականացվելիք նախագծի շրջանակներում ճամփորդությունները տարբեր են լինում՝ զբոսանքներ, արշավներ, այցելություններ գրադարաններ, թանգարաններ, թատրոններ և այլն:
Այս անգամ ուզում եմ մի փոքր պատմել թանգարանային ճամփորդությունների կազմակերպման իմ փորձի մասին:
Կրթահամալիրում իրականացվող ինտեգրված ուսուցումը, միջառարկայական կապ ստեղծելով, հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ճամփորդության նախագծում գործունեության հնարավոր շատ ձևեր ներգրավել: Թանգարան այցելության նախագծի շրջանակում իրականացվող գործունեությունը.
- լեզվագործունեություն (տեղեկատվական նյութեր ենք փնտրում, կարդում, քննարկում),
- մաթեմատիկական (հաշվում, համեմատում ենք ճանապարհի հեռավորությունը, ծախսած ժամանակը, տոմսի և տրանսպորտի արժեքը),
- տեխնոլոգիական (ծանոթանում ենք արվեստագետների ստեղծած աշխատանքներին, ինքներս ենք ստեղծագործում, նկարում, ծեփում և այլն),
- երաժշտական (ճանապարհն անցնելու ընթացքում երգում ենք մեր ծրագրային երգերը, ասիկներ ասում),
- բնագիտական (դիտարկում են շրջապատի, եղանակի փոփոխությունները):
Թանգարան այցելության առաջին կարևոր պայմանը սովորողների հետաքրքրելն է: Եթե հաջողվեց նախապատրաստական աշխատանքի ընթացքում սովորողի մեջ հետաքրքրության խայծ գցել, ապա թանգարանում կհաջողվի պահպանել երեք «ոսկե» կանոնը.
- Չվազել:
- Բարձր չխոսել:
- Ցուցանմուշներին ձեռք չտալ:
Կանոնները պահպանելուն նպաստում է նաև սովորողի մասնակցությունը իրականացվող ծրագրին:
Այս ամենը հաշվի առնելով՝ նախընտրում եմ թանգարան այցելությունը կազմակերպել կրթական ինտերակտիվ ծրագրերի շրջանակներում: Ներկայացված ծրագրերից ընտրում եմ այն ծրագրերը, որոնք մեր նախագծերի հետ համընկնում են:
Իրականացվող քայլերը
- Գրանցում կամ պայմանավորվածության ձեռքբերում (այցելության օր, ժամ)
- Նախապատրաստական աշխատանք (ծրագրի ծանոթացում, ճանապարհի քարտեզի, թանգարանի կայքի ուսումնասիրություն)
- Այցելություն թանգարան, մասնակցություն ծրագրին
- Նախագծի ամփոփում:
Այս դասարանական խմբի (2017-2020) հետ թանգարանային նախագծերը
- Ռուսական արվեստի թանգարան, մասնակցություն « Տարվա եղանակներ» և «Կենդանիներ» ծրագրերին:
- Գաֆէսճեան արվեստի կենտրոն, մասնակցություն «Հայ գրերն իմ գրչով» ծրագրին:
- Թումո կենտրոն, մասնակցություն «Շոշափելի մաթեմատիկա» ծրագրին:
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, մասնակցություն «Սարյանական գույներ» ծրագրին:
- Ազգային պատկերասրահ, մասնակցություն «Ստեղծելով գիրք» ծրագրին:
Բոլոր ճամփորդություններն էլ առանձնահատուկ և հետաքրքիր էին, դրա վկայությունը սովորողների ոգևորվորությունն էր, բայց ուզում եմ հատկապես մանրամասնել Ազգային պատկերասրահ կատարած ճամփորդությունը:
Այսպես։ Համացանցում փնտրում էի թանգարանային ինտերակտիվ ծրագրեր, երբ հանդիպեցի Ազգային պատկերասրահում իրականացվող ծրագրերին, առաջին հերթին գրավեց այցելության համար գրանցման հայտը (մինչ այդ զանգով ենք պայմանավորվել այցելությունների համար): Գրանցվեցի, հետո հաստատում ստացա և ամբողջացրեցի նախագիծը:
Նախապատրաստական աշխատանք
Այս անգամ, ի տարբերություն նախորդների, մեկ շաբաթ առաջ սովորողներին ուղարկեցի նախագծի հղումն ու հանձնարարեցի ուսումնասիրել Ազգային պատկերասրահի կայքը:
Ճամփորդության նախորդ օրը փորձեցի զրույց-քննարկման միջոցով հասկանալ, թե ովքեր են «վիրտուալ զբոսանք» կատարել կայքով: Ի զարմանս ինձ, շատ հետաքրքիր բացահայտումներ արեցի: Պարզվեց՝ Լիլիին հետաքրքրել է շենքի հատակագիծը, Եվային և Արփիին՝ Հակոբ Գյուրջյան քանդակագործը, Տարոնին, Խաչատուրին և Հովհաննեսին՝ տոմսերի արժեքը, մի քանիսը կրթական ծրագրերը, հավաքածուներն ու ճանապարհի քարտեզն էին ուսումնասիրել, իհարկե, կային սովորողներ, որ ոչինչ չէին արել, բայց լսեցին ընկերներին և հետաքրքրություն ցուցաբերեցին կայանալիք այցի նկատմամբ:
Հաջորդ օրը նշված ժամին դուրս եկանք դպրոցից: Ճանապարհին խցանումների չհանդիպեցինք և ուղիղ ժամը 11-ին տեղ հասանք: Դեռ 15 րոպե ունեինք ծրագրի սկսվելուն: Որոշեցինք թանգարանի շենքի դիմացի պաստառներն ու խաչքարերն ուսումնասիրել: Պարզվեց՝ դրանք Հայաստանի 10 մարզերն են՝ իրենց կարևոր մշակութային կոթողների լուսանկարներով: Լավ առիթ էր նորից վերհիշելու, հաշվելու մարզերի անունները, կարդալու փոքրիկ տեղեկությունները: Դրանք կարդալուց հետո, առաջին հարկի եռալեզու ցուցապաստառն էլ կարդացինք և բարձրացանք 2-րդ հարկ, որտեղ էլ իրականացվելու էր ծրագիրը: Մեզ դիմավորեցին ծրագիրն իրակացնող երիտասարդ աղջիկները: Մինչ ծրագիրը սկսելը՝ փորձեցին մի փոքր պատմել Ազգային պատկերասրահի շենքի, ցուցասրահների ու իրականացվելիք ծրագրի մասին: Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ սովորողներն իրենց հետ զուգահեռ պատմում էին: Ծրագիրն այնքան հագեցած և հետաքրքիր էր, որ չնկատեցինք, թե ինչպես մեկ ժամը լրացավ: Ոգևորված, լի տպավորություններով, վերադարձանք դպրոց:
Ճանապարհին նրանց բաժանեցի տոմսերը: Դավիթը տոմսի արժեքը տեսնելով՝ հարցրեց.
— Ընկեր Մանուշակ, եթե տոմսը 600 դրամ էր, ինչո՞ւ ենք 1000 դրամ հավաքել:
— Որովհետև 8000 դրամ էլ տրանսպորտի համար էր հարկավոր, Դավիթ ջան,-պատասխանեցի ես:
Սկսեցին հաշվել։ Ուրեմն այսպես, իրենք 19-ն էին, ես էլ հետները՝ 20: 8000 դրամը բաժանած 20-ի, կլինի 400:
— 400,- արագ հաշվեց Ալեքսը:- Հա, այսինքն՝ 400 դրամ տրանսպորտին, 600 դրամ թանգարանի տոմսին, ստացվեց 1000 դրամ:
Ես պահը բաց չթողեցի և առաջարկեցի հաշվել ընդհանուր ծախսը: Հաշվեցինք, պարզեցինք, որ ճամփորդության համար ծախսել ենք 20000 դրամ. 8000 դրամ տվել ենք տրանսպորտին, 12000 դրամ՝ տոմսերին: Յուրաքանչյուրը 1000 դրամ էր բերել, այսինքն՝ հավաքվել էր 19000 դրամ:
— Հա, փաստորեն 1000 դրամ էլ դուք եք ավելացրել, ընկեր Մանուշակ, — բացահայտումից հետո ասաց Դավիթը:
Էյվայի բացահայտումն էլ հաշվելու նոր թեմա դարձավ: Նրան հետաքրքրում էր տոմսի վրայի հնգանիշ թիվը: Քանի որ արդեն դպրոց էինք հասել և դեռ 20 րոպե ունեինք մինչ երկարօրյա ճամբարի սկսվելը, սկսեցինք պարզել: Պարզվեց՝ բոլորի տոմսերի վրա էլ հնգանիշ թիվ էր գրված: Երբ սկսեցինք համեմատել թվերը, մեծ էր նրանց ոգևորությունը: Պարզեցին, որ առաջին երեք թվանշանները՝ 4, 5, 1, նույն էին, իսկ մյուս երկուսը՝ հերթականությամբ 46-65-ը: Այսինքն՝ մեր տոմսերի համարները 45146-ից 45165-ն էին:
Հաջորդ քայլը ամփոփումն էր: Սովորողներն իրենց բլոգներում հրապարակեցին ճամփորդապատումները, իսկ ես՝ ֆոտոպատումը, տեսանյութն ու ռադիոնյութը:
Թանգարանային ճամփորդությունները հնարավորություն են տալիս բացահայտելու սովորողների հետաքրքրություններն ու նախասիրությունները, զարգացնելու նրանց ստեղծագործական հմտությունները, ծանոթանալու թանգարանային մշակույթի հետ, և պակաս կարևոր չէ նաև, էթիկայի կանոններ յուրացնելն ու դրանց հետևելը:
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան