Մանկության խաղերը մարդու կյանքի ամենալուսավոր, պայծառ հիշողություններն են: Այս խաղերի շնորհիվ է, որ մարդ ձեռք է բերում ինքնավստահություն, կոփվում է, հղկվում, ճարպկանում, դառնում է ավելի ճկուն, սովորում մարդկանց հետ շփվել, ինքն իր հարցերը, խնդիրները կարգավորել, հաղթել, դառնալ առաջնորդ, խմբի համար պատասխանատու, սովորում է ստրատեգիաներ գծել, մշակել , պլանավորել, կազմակերպել, անարդարության դեմ համառորեն մինչև վերջ պայքարել, բողոքել, դառնում է բարի, կամեցող, մի խոսքով ձեռք է բերում կյանքի համար անհրաժեշտ հմտությունները և, որ ամենակարևորն է, ինքնակրթվում է և գտնում ընկերներ:
Մի քանի ամիս է փորձում եմ ավելի խորը և գիտական հարթակում գտնել հայ ժողովրդական խաղերի ֆենոմենի բանալին, ուսումնասիրել դրանց ծագումը, հիմքը, պատմությունը, զարգացումը, փոխակերպումները և դրանց մերօրյա դրսևորումները, համեմատել հինն ու նորը, գնահատել, դուրս հանել շերտեր և դրանցից վերցնել ու կիրառել այսօրվա համար մեզ անհրաժեշտը և օգտակարը:
Հայ ժողովրդական խաղերի մասին ազգագրական, մշակութաբանական հետազոտությունները բազմազան են, նյութերը, գրանցումները՝ անթիվ: Բոլոր հետաքրքրվողվերին առաջարկում եմ կարդալ Վարդ Բդոյանի «Հայ ժողովրդական խաղերի» երեք հատորները:
Այդ ծով հարստության մեջ մարդ իսկապես խճճվում է և հասկանում, որ տարեցտարի կորցնում է այդ գանձերը՝ պակասում են խաղերը կրողներն ու փոխանցողները, իսկ որ ամենացավալին է՝ խաղացողները:
Այսօր բակային խաղերին փոխարինում են համակարգչային խաղերը: Երեխան մնում է տանը՝ համացանցի տիրույթում, չի իջնում բակ, այնտեղ չի խաղում և ընկերներ էլ ձեռք չի բերում: Այսինքն, նա դադարում է մանկության խաղեր ունենալուց, և հետևապես՝ կորցնում է բնական ճանապարհով թվարկածս հմտությունների ձեռք բերումը: Այստեղ կարծես ինչ-որ խաթարում է տեղի ունենում: Մանուկը չունենալով իր տարիքակիցների մեջ ինքնադրսևորման որևէ փորձ, այլ ուղիներում և հարթակներում է փորձում ձեռք բերել այդ հմտությունները և շատ-շատ բաներ կորցնում ճանապարհին:
Խնդիրը իրականում լուրջ է: Այն լիարժեք լուծել հնարավոր չէ: Այդուհանդերձ կարելի է մշակել քայլեր, որոնք երեխային կամաց-կամաց կբերեն և կդնեն իր զարգացման բնականոն ճանապարհին:
Կարծում եմ, որ այս հարցում պետք է լինեն մի քանի շահագրգիռ կողմեր՝ պետություն, դպրոց, ծնող, երեխա, ովքեր պետք է գործեն միասնական և քայլերը համապատասխանեցնեն միմյանց հետ:
Միանգամից ասեմ, որ երեխաների մոտ ազգային խաղերի հանդեպ դրական կամ բացասական ընկալման հարցում մեծ է դպրոցի՝ հանձինս մանկավարժի և ծնողի մոտեցումները, դիրքորոշումները, դիտարկումները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալի հեղինակային մանկավարժության հիմքում, որպես երեխայի դաստիարակության կարևորագույն գործիք, մեծ տեղ է գրավում խաղով ուսուցումը: Ամեն ինչ արվում է, որ որդեգրված մանկավարժությանը ոչինչ չխանգարի․ ստեղծվում են համապատասխան ծրագրեր, թարմացվում են նախագծերը, որպես պատվեր առաջանում են նոր, լայն տարածքներ, հրապարակվում են ազգային խաղերի փաթեթներ, տեսադասեր, հավաքվում է համապատասխան գրականություն, տեղի են ունենում վերապատրաստումներ, հրավիրվում են մասնագետներ:
Նախորդ հոդվածումս` «Հեռավար-առցանց ազգագրություն», արդեն պատմել եմ «Ազգային խաղեր» նախագծի և «Ազգային խաղերի, խաղերգերի, ասիկների», ընտանեկան ֆլեշմոբի իրականացման իմ նպատակների, խնդիրների, վերլուծությունների, ամփոփումների մասին:
Նկատենք, որ այստեղ շեշտադրումը գլխավորապես արել եմ այն բանի վրա, թե ինչպե՞ս է սովորողը ուսումնական, ազգային նյութը հասցնում ընտանիք, փոխանցում, ինչպե՞ս է փոխանցածը հետո զարգանում, ձևափոխվում:
Իրականում խաղով դաստիարակելու քայլերը և շեշտադրումները մեկ-երկու նախագծերի իրականացումով և արդյունքների ամփոփումով հնարավոր չէ կատարել: Անհրաժեշտ են երկարաժամկետ նախագծեր՝ որոնք կբացահայտեն ոչ միայն սովորողի, այլև ծնողի ընդունակությունները, կօգտագործեն ծնողի պոտենցիալը, կներառեն ավելի լայն զանգվածներ․ դրանք պետք է լինեն միջընտանեկան, միջառարկայական, միջդպրոցական նախագծեր, որպեսզի տարածվեն, հանրայնացվեն և դառնան ազգային կրթության հիմքերից մեկը:
Ազգային խաղերը ուսուցանելուն, փոխանցելուն, տարածելուն և հանրայնացնելուն ուղղված մանկավարժական խնդիրները մասամբ են լուծված, քանի որ․
- չկա պետական ու կրթական հատուկ մոտեցում՝ դասաժամ, պետական կրթական ծրագրերում թեմային առնչվող ուսումնական նյութերի ներառում,
- ազգային խաղերով ուսուցումը չի կարևորվում նախակրթարանի դաստիարակների և դպրոցում դասավանդող մանկավարժներից շատերի կողմից,
- սովորողը չի տիրապետում որևէ խաղի․ այս դեպքում ուսուցիչը ստիպված է տարրական խաղային կանոններ բացատրել և ավելի երկար խոսել խաղային վարքականոններից, քան խաղը ցույց տալ ու խաղացնել,
- ծնողը չգիտի խաղալ և առաջարկած խաղային փաթեթները շատ անգամ անտեսում է,
- ծնողների մեծամասնությունը չեն կարևորում խաղը իրենց և իրենց երեխաների կյանքում․ այս դեպքում խաղով ուսուցուման մեջ հարցով հետաքրքրվող ուսուցիչը մնում է մենակ:
Առցանց-հեռավար ուսուցումը շատ լավ առիթ էր, որ թվարկածս խնդիրների գոնե մի մասը մասնակի լուծվեր, իսկ «Մանկության խաղեր՝ 1+1» ընտանեկան նախագիծ-ֆլեշմոբը, որպես կրթության կազմակերպման ձև, պիտի օգներ ինձ այդ հարցում:
Նախագծի կազմակերպման գլխավոր նպատակն էր՝ հավաքագրել և դասակարգել 1980-1990-ական թվականների բակային խաղերը, ստեղծել ուսումնական խաղերի փաթեթ ծնողի և սովորողի մասնակցությամբ, և ծնողի իմացած ազգային նյութը փոխանցել սովորողին:
Նախագծի գլխավոր խնդիրներից էր ընտանեկան կրթության կազմակերպումը, ծնողի ներառումը կրթութական դաշտ, խաղով ուսուցումը, խաղի արժևորումը սովորողի և ծնողի կողմից:
Իրականում շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպիսի խաղեր գիտեն ծնողները, ինչպես են դրանք սովորեցնում և փոխանցում ժամանակակից երեխային, ինչ գործիքներ են օգտագործում, արդյոք կարևորում են իրենց փոխանցածը երեխային: Հիմնական մտավախությունս այն էր, որ ընտանիքները հնարավոր է չցանկանան իրենց միջընտանեկան շփումը ներկայացնել երրորդ աչքի:
Ծնողների ուղարկած տեսանյութերից ակնհայտ էր, թե ինչ սիրով ու նվիրումով են նրանք պատմում խաղերի մասին, իսկ սովորողները ինչ հրճվանքով են լսում, սովորում և խաղում դրանք: Մասնակից ծնողները հասկանում էին, որ այն խաղային ինֆորմացիան, որը փոխանցելու են, շատ կարևոր է հատկապես իրենց երեխաների համար: Ստեղծված խաղերի տեսաֆիլմերը կոկիկ էին՝ նկարված մանրամասն դետալներով, անկեղծ էին, պարզ, մանկական, ուսուցողական, օգտակար:
Ֆլեշմոբին մասնակից ծնողները ներկայացան երկու ձևով՝
- անմիջական, որտեղ հենց իրեք էին ներկայացնում և խաղում խաղերը մանկական ժպիտով, հումորով և չարաճճիությամբ,
- երկրորդային՝ չուզենալով խաղի ընթացքում բացահայտվել՝ չնշելով իրենց անունը, տարիքը, բայց կարևորելով խաղի ճիշտ ներկայացումը իրենց երեխաների միջոցով:
Չնայած նրան, որ ֆլեշմոբի այս անգամվա մասնակիցների խումբը ներկայացավ ավելի կոկիկ և որակյալ տեսանյութերով, այնուամենայնիվ մասնակցային ցուցանիշը ցածր էր՝ Հյուսիսային դպրոցի 280 սովորողներից ֆլեշմոբին մասնակցեցին 55 սովորող:
Ցածր մասնակցության համար առանձնացրել եմ հետևյալ պատճառները․
- նախորդ՝ «Ազգային խաղերի, խաղերգերի, ասիկների» ֆլեշմոբից հետո նույն խաղային թեմայով ֆլեշմոբը սովորողին չհետաքրքրեց,
- այս օրերին հեռավար-առցանց ուսուցման հանձնարարությունները շատ էին և սովորողները չհասցրեցին մասնակցել,
- ծնողը հենց ինքը չցանկացավ ֆլեշմոբի մասնակից դառնալ և չներգրավեց իր երեխային:
Ի սկզբանե նախագիծը կազմելուց իմ հեռահար նպատակները և ակնկալիքները շատ էի իդեալականացրել՝ հաշվի չառնելով, որ գործ եմ ունենալու ազգային մշակույթից շատ քիչ բան հասկացող խմբերի հետ: Հույսս ավելի շատ դրել էի մարդկանց մանկության խաղերի բարի հիշողությունների վերապրումների վրա:
Այդուհանդերձ, ֆլեշմոբի ամփոփումից հետո հնարավոր եղավ դուրս բերել կարևոր վիճակագրություն 1980-1990-ական թվականների խաղերի տարածվածության, բազմազանության մասին և ստեղծել այդ թվականների բակային խաղերի տեսադասերի փաթեթ ծնողների և սովորողների մասնակցությամբ:
Ստորև ներկայացնում եմ «Մանկության խաղեր՝ 1+1» ընտանեկան նախագիծ-ֆլեշմոբի արդյունքները՝ սովորողների մասնակցություն, ընտանիքի ներգրավվածություն, և 1980-1990-ական թվականների խաղերը՝ ըստ տարածվածության:
Ինտերակտիվ ինֆոգրաֆիկան՝ այստեղ․․․
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան