Բլոգ բառն առաջացել է անգլերեն blog, web log (վեբ և գրանցում) բառերից: Բլոգը մեդիատարածք է, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներն են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ: Բլոգ վարող անձանց անվանում են բլոգերներ։ (Վիքիպեդիա՝ազատ հանրագիտարան): «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական բլոգն արդեն երկար տարիներ ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչներից մեկն է: Բլոգը որպես անհատական ուսումնական գործիք լայն հնարավորություններ է տալիս ոչ միայն սովորողին, այլև ծնողին, ուսուցչին: Փորձեմ իմ դիտարկումներից մի քանիսն առանձնացնել` որպես հիմնավորում.
- Ուսումնական բլոգը մեդիապահոց է, որտեղ հավաքվում են ոչ միայն սովորողի ուսումնական, այլև նախասիրություններն ու հետաքրքրությունները բացահայտող աշխատանքները, որոնք բլոգի այցելուին հնարավորոթյուն են տալիս սովորողին ավելի լավ ճանաչելու:
- Տարիքային առանձնահատկությունից կամ խառնվածքով պայմանավորված կան սովորողներ (հատկապես այլ դպրոցից տեղափոխված), ովքեր դժվարանում կամ խուսափում են խոսել, արտահայտել իրենց կարծիքը, մտքերը: Իսկ բլոգն այն հարթակն է, որը թույլ է տալիս ազատ, առանց կաշկանդվելու արտահայտել մտքերն ու կարծիքները, ներկայանալ ոչ միայն գրավոր, այլև ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով:
- Որպես բաց տարածք՝ ուսումնական բլոգը տեսանելի է և՛ սովորողին, և՛ ծնողին, և՛ ուսուցչին, և՛ բոլոր-բոլորին, ինչն էլ տեսանելի է դարձնում սովորողի աճը, զարգացումը:
- Այցելուների առկայությունն ու արված աշխատանքի խրախուսումը (դասարանական բլոգում, ենթակայքում կամ կրթահամալիրի կայքում հրապարակելու հնարավորությունը) բլոգավար սովորողի մեջ ավելացնում են պատասխանատվության զգացումը՝ անընդհատ նոր ու հետաքրքիր հրապարակումներ անելու համար:
Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում ավելի ակնառու դարձան ուսումնական բլոգների առավելությունները: Ակտիվ բլոգերներ էին ո՛չ միայն սովորողները, այլև ընտանիքի անդամները: Ընտանեկան դպրոցում ստեղծված ուսումնական նյութերը ավելի գրավիչ դարձրեցին սովորողների բլոգները: Բլոգը գործածելու հմտություններ յուրացրեցին նաև ծնողները, հարազատները:
Ինչպես գիտենք, կրթահամալիրյան բլոգների մեծ մասը wordpress.com հարթակում են ստեղծված: Վերջին շրջանում հարթակի հաճախակի փոփոխությունները դժվարություններ են առաջացրել բլոգների կիրառման համար: Քանի որ 2020-2021 ուսումնական տարվա 3-րդ դասարանցիների համար նոր բլոգներ պետք է ստեղծեինք, Հերմինե Անտոնյանը, ուսումնասիրելով edublogs կրթական բլոգային հարթակը, խորհուրդ տվեց օգտվել տվյալ հարթակից:
Որպես պատասխանատու՝ փորձեցի ինքս ծանոթանալ բլոգային հարթակի հնարավորություններին, յուրացնել բլոգը գործածելու հմտությունները, որպեսզի սովորողներին փոխանցեմ: Նշեմ, որ հարթակը շատ հետաքրքիր և մատչելի է: Ոգևորությունս այնքան մեծ էր, որ հաճույքով ստեղծեցի ուսումնական տեսադասերի փաթեթը:
Ուսումնական տեսադասերը նախատեսված են Edublogs.org բլոգային կրթական հարթակում բլոգի ստեղծման և բլոգային հնարավորությունների յուրացման համար:
- Edublogs.org կրթական բլոգային տարածքում նոր բլոգի ստեղծում,
- Բլոգի թեմայի ընտրություն,
- Բլոգի արտաքին տեսքի կազմաձևում,
- Հղումների ավելացում,
- Բաժինների ավելացում,
- Բլոգի էջերի խմբագրում,
- Բլոգում նյութի հրապարակում,
- Նյութի կիսում,
- Youtube-ի տեսանյութերի հրապարակում բլոգում,
- Հրապարակված նյութի խմբագրում կամ ջնջում,
- Բառի վրա հղումի կցում,
- Բլոգի պատկեր ցուցանակի կցում,
- Ձայնանյութեր և տեսանյութեր ցուցանակների հնարավորությունները:
Խմբագիր՝ Տաթև Աբրահամյան