Տատյանա Չերնիգովսկայա
Դասախոսության սղագրությունը

Ժամանակակից մայրիկներն ու հայրիկները բառացիորեն խանձարուրից սկսում են զարգացնել իրենց փոքրիկներին։ Եվ լիովին համոզված են, որ ամեն ինչ ճիշտ են անում։ Բայց պարզվում է, որ դա այդքան էլ կարևոր չէ։ Շատ ավելի կարևոր է գրագետ օգտագործելն այն ռեսուրսները, որոնց մենք տիրապետում ենք։ Հոգելեզվաբան, նեյրոկենսաբան, Սանկտ Պետերբուրգի պետական կենսաբանական համալսարանի պրոֆեսոր Տատյանա Վլադիմիրովնա Չերնիգովսկայան իր «Ինչպես սովորեցնել ուղեղին սովորել» դասախոսության մեջ պատմում է, թե ինչու տղաներին ու աղջիկներին պետք է տարբեր կերպ սովորեցնել, նաև պատմում է այն գաղտնիքների մասին, որոնք ուսուցման գործընթացը դարձնում են ավելի հեշտ ու հասկանալի։

Մի՛ սկսեք չափազանց վաղ ուսուցանել ձեր երեխային
Երեխաների համար շատ կարևոր է սովորելը ճիշտ ժամանակին սկսելը։ Ժամանակակից երեխայի գլխավոր դժբախտությունը ծնողների փառասիրությունն է։ Երբ ինձ ասում են․ «Ես իմ զավակին երկու տարեկանից եմ սկսել կարդա սովորեցնել», ես պատասխանում եմ․ «Այ քեզ հիմար»։ Ո՞ւմ է դա պետք։ Նա երկու տարեկանում դեռ չի կարող դա անել։ Նրա ուղեղը դրան պատրաստ չէ։ Եթե դուք նրան վարժեցնեք, նա, իհարկե, կկարդա և անգամ գուցե կգրի, բայց մենք ձեզ հետ ուրիշ խնդիր ունենք լուծելու։
Ընդհանրապես երեխաները զարգացման արագության ահռելի տատանումներ ունեն։ Այսպիսի եզրույթ կա՝ «դպրոցական հասունացման տարիք»։ Այն որոշվում է այսպես․ մի երեխա 7 տարեկան է, մյուսն էլ է 7 տարեկան, բայց առաջինը գնում է դպրոց, որովհետև նրա ուղեղը պատրաստ է, իսկ երկրորդը դեռ կես տարի էլ տանը արջուկով պիտի խաղա և հետո դպրոցական նստարանին նստի։
Պաշտոնական տվյալներով մեզ մոտ նախակրթարանն ավարտող երեխաների ավելի քան 40% կարդալու և գրելու խնդիրներ ունի։ Եվ անգամ 7-րդ դասարանում կան սովորողներ, որոնք վատ են կարդում։ Այդպիսի երեխաների ուղեղի ամբողջ ուժը ծախսվում է նրա վրա, որ ճեղքեն-անցնեն տառերի միջով։ Դրա համար էլ, եթե անգամ նա կարդում է տեքստը, իմաստը հասկանալու համար այլևս ուժ չի մնում, և թեմայի վերաբերյալ ցանկացած հարց նրան փակուղու առաջ է կանգնեցնում։

Զարգացրե՛ք մանր մոտորիկան 
Մեր առջև շատ դժվար խնդիր է դրված․ մենք ձեռագրով գրող ու սովորական գրքեր կարդացող մարդու և հիպերտեքստեր կարդացող, գրել ընդհանրապես չիմացող, պիտակներով աշխատող և տեքստն անգամ չհավաքող մարդու խաչմերուկում ենք։ Կարևոր է հասկանալ, որ սա ուրիշ մարդ է, և նա ուրիշ տեսակի ուղեղ ունի։ Մեզ՝ մեծահասակներիս, դուր է գալիս այդ ուրիշ տեսակի ուղեղը, և մենք վստահ ենք, որ դրանից ոչ մի վտանգ չկա։ Այնինչ այդ վտանգը կա։ Եթե փոքրիկ երեխան, դպրոց գալով, գրել չի սովորում՝ վարժվելով ձեռքի նրբարվեստ, մանրիկ շարժումներին, եթե մանկապարտեզում նա ոչինչ չի ծեփում, մկրատով ոչինչ չի կտրատում, ուլունքաշար չի հավաքում, ապա նրա մանր մոտորիկան չի մշակվում։ Իսկ դա հենց այն է, ինչ ազդում է խոսքային գործունեության վրա։ Եթե դուք երեխայի մանր մոտորիկան չեք զարգացնում, ապա հետո մի դժգոհեք, որ նրա ուղեղը չի աշխատում։

Երաժշտությո՛ւն լսեք և սովորեցրե՛ք այն երեխաներին
Ժամանակակից նեյրոգիտություններն ակտիվորեն ուսումնասիրում են ուղեղն այն ժամանակ, երբ նրա վրա ներազդում է երաժշտությունը։ Եվ մենք այսօր գիտենք, որ եթե երաժշտությունը մասնակցում է մարդու զարգացմանը վաղ հասակից, դա խիստ ազդում է նրա նեյրոնային համակարգի կառուցվածքի և որակի վրա։ Երբ մենք ընկալում ենք խոսքը, տեղի է ունենում ֆիզիկական ազդակի շատ բարդ մշակում։ Մեր ականջին դեցիբելներ, ինտերվալներ են հնչում, բայց դա արդեն ֆիզիկա է։ Ականջը լսում է, բայց ունկնդրում է ուղեղը։ Երբ երեխան երաժշտություն է ուսանում, նա սովորում է ուշադրություն դարձնել մանր դետալներին, տարբերում է ձայներն ու դրանց միջև եղած տևողությունները։ Եվ հենց այդ ժամանակ էլ ձևավորվում է նեյրոնային ցանցի նրբագույն հղկումը։

Թույլ մի՛ տվեք ուղեղին ծուլանալ
Մեր մոլորակի վրա ոչ բոլոր մարդիկ են հանճարեղ։ Ու եթե երեխան վատ գեներ է ժառանգել, ապա ոչինչ անել չես կարող։ Բայց եթե անգամ գեները լավն են, ապա դա, այնուամենայնիվ, բավարար չէ։ Տատիկից կարելի է Steinway մակնիշի ռոյալ ժառանգություն ստանալ, բայց պետք է այն նվագել սովորել։ Նույնկերպ և երեխան կարող է սքանչելի ուղեղ ժառանգել, բայց եթե նա դա չզարգացնի, չձևավորի, չհղկի ու չլարի, ոչինչ է, այն կմեռնի։ Ուղեղը կժանգոտի, եթե այն չունենա ճանաչողական ծանրաբեռնվածություն։ Եթե պառկում եք բազմոցին և մնում այդպես կես տարի, ապա դուք հետո չեք կարող վեր կենալ։ Ուղեղի հետ էլ բացարձակապես նույն բանն է կատարվում։
Ես կարծում եմ՝ ցանկացած մարդու պարզ է, որ եթե Շեքսպիրը, Մոցարտը, Պուշկինը, Բրոդսկին և արվեստի այլ ականավոր գործիչներ փորձեին միասնական ավարտական քննություններ հանձնել, կտապալվեին։ Եվ IQ թեստն էլ կտապալեին։ Ի՞նչ է սա փաստում։ Այն, որ IQ թեստը ոչինչ չարժե, որովհետև ոչ ոք կասկածի տակ չի առնում Մոցարտի հանճարեղությունը, բացի խելագարներից։

Մի՛ տաշեք երեխաներին միասնական քննություններին համապատասխան 
Մի ծաղրանկար կա, որում պատկերված են կենդանիներ՝ կապիկ, ձուկ և փիղ, որ ծառը պիտի բարձրանան։ Տարբեր էակներ, որոնցից որոշները սկզբունքորեն ծառ բարձրանալ չեն կարող։ Սակայն սա հենց այն է, ինչ մեր հատուկ հպարտության առարկա միասնական քննությունների տեսքով առաջարկում է մեզ կրթության ժամանակակից համակարգը։ Ես կարծում եմ, որ դա շատ մեծ վնաս է։ Եթե մենք ուզում ենք կյանքի պատրաստել մարդկանց, որոնք պիտի աշխատեն հոսքագծի վրա, ապա սա, անշուշտ, հարմար համակարգ է։ Բայց այդ դեպքում մենք պետք է ասենք՝ վերջ, մենք մեր քաղաքակրթության զարգացմանը վերջակետ ենք դնում։ Կպահպանենք Վենետիկը ինչքան հնարավոր է, որ այն չխորտակվի, իսկ նոր բան մեզ հարկավոր չէ, բավական են եղած գլուխգործոցները, դնելու տեղ չկա։ Իսկ եթե մենք ուզում ենք արարողներ դաստիարակել, ապա այս համակարգը վատթարագույնն է, որ հնարավոր էր ստեղծել։

Աղջիկներին և տղաներին տարբեր կերպ ուսուցանեք 
Տղաների հետ պետք է խոսել կարճ ու կոնկրետ։ Առավելագույն արդյունք ապահովելու համար նրանք պետք է ներգրավված լինեն ակտիվ գործունեության մեջ, նրանք հանգիստ չպետք է նստեն։ Նրանք այնքան էներգիա ունեն, որ ավելի լավ է ջանալ այդ էներգիան դեպի խաղաղ հուն ուղղորդել, ելք տալ, ընդ որում՝ հենց պարապմունքի ժամանակ։ Մի՛ փակեք նրանց փոքրիկ, նեղվածք տարածքներում, նրանց տարածություն ու հնարավորություն տվեք շարժվելու։ Բացի դրանից՝ տղաներին պետք է ավելի շատ իրական առաջադրանքներ հանձնարարել, իրավիճակներ հորինել, իսկ տխուր գրավոր առաջադրանքներ քիչ տալ, դրանից օգուտ չկա։ Եվ հետո նրանց անպայման պետք է գովել ամեն արած չնչին մանրուքի համար։ Ահա ևս մի հետաքրքիր փաստ․պարզվում է՝ տղաները պետք է դաստիարկվեն ավելի ցուրտ տարածքում, քան աղջիկները, որովհետև հակառակ դեպքում նրանք պարապմունքի ամբողջ ընթացքում կքնեն։
Աղջիկները սիրում են աշխատել խմբերով, նրանց հաղորդակցություն է հարկավոր։ Նրանք նայում են միմյանց աչքերի մեջ և սիրում են օգնել ուսուցչին։ Եվ ինչն է շատ կարևոր․ աղջիկներին պետք չէ հեռու պահել ընկնելուց և կեղտոտվելուց, նրանք պետք է զգան «վերահսկվող ռիսկը»։ Հնարավորություն կա ընկնելու՝ թո՛ղ ընկնի և սովորի իրավիճակից ինքնուրույն գլուխ հանել։
Աղջիկները բոլորովին չեն սիրում բարձրաձայն, կտրուկ զրույցները, անհապաղ զգացմունքային ներառումներ չեն պահանջում, և հետո նրանք սիրում են գունավոր աշխարհ, այսինքն՝ աղջիների համար դասարանը պետք է վառ գույների մեջ լինի։
Ուշադիր, անհատական մոտեցումը կարող է ծույլիկին գերազանցիկ դարձնել։ Ոչ բոլոր ծույլիկներն են իսկական ծույլիկներ. նրանցից ոմանք Լեոնարդո դա Վինչի են, որ հավերժ կործանվում են իրենց ուսուցիչների փայլուն ջանքերի շնորհիվ։

Ընդմիջումնե՛ր արեք 
Սովորաբար համարվում է, որ եթե ուսուցման գործընթացում երեխան ինչ-որ բան մոռացել է, վա՛տ է, շեղվում է՝ վա՛տ է, ընդմիջում է արել՝ նույնպե՛ս վատ է, իսկ եթե քնել է, ընդհանրապես սարսափելի է։ Բոլոր այս ընդմիջումները ոչ միայն արգելք չեն նյութը հիշելու և տեղեկատվություն մշակելու համար, այլև հակառակը՝ օգնում են։ Եթե մեզ շտապ հարկավոր է ինչ-որ բան սովորել հենց վաղվա համար, ամենալավը հենց հիմա կարդալն ու պառկել քնելն է։ Ուղեղի հիմնական աշխատանքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք քնած ենք։
Որպեսզի տեղեկատվությունը պահպանվի երկարաժամկետ հիշողության մեջ, հարկավոր են ժամանակ և որոշակի քիմիական գործընթացներ, որոնք հենց քնի ընթացքում են տեղի ունենում։
Մշտական լարվածությունը նրանից, որ ինչ-որ բան չհասցրիք, ինչ-որ բան չստացվեց, նորից սխալներ արեցիք, բան դուրս չի գալիս, հենց այն վատթարագույնն է, որ դուք կարող եք ձեզ պատճառել։ Պետք չէ սխալներից վախենալ։ Որպեսզի սովորելը հեշտ լինի, հարկավոր է գիտակցել, որ ուսումնառությունը մշտական գործընթաց է, ոչ թե աշխատանք՝ միայն գրասեղանի առաջ։ Եթե մարդը պարզապես նստած է գրասեղանի դիմաց և ձև է անում, թե սովորում է, ոչ մի օգտակար բան դուրս չի գա։

_______________________________________________________________________

Татьяна Владимировна Черниговская: психолингвист, нейробиолог, профессор СПБГУ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով