Խառը ուսուցումը համատեղում է երկու ուսումնական միջավայրերի լավագույն կողմերը՝ ավանդական առկա (դեմ առ դեմ) դաս-դասարանային ուսուցում-ուսումնառությունը և բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրոնային ուսումնառությունը: Խառը ուսուցմամբ հնարավոր է ներգրավել բոլոր տեսակի սովորողներին՝ նրանց, ովքեր ավելի լավ են սովորում կառուցվածքային միջավայրում, որը ներառում է ուսուցչի հետ դեմ առ դեմ շփումը, և սովորողների անկախ տիպերին, ովքեր ավելի լավ են սովորում կիսաինքնավար, համակարգչային ուսումնառության միջոցով: Խառը ուսուցումը երկու տիպի սովորողներին էլ ծառայում է:
Դաս-դասարանայինը դերախաղերի հնարավորություն է ընձեռում, որոնց անմիջապես հետևում են դեմ առ դեմ արձագանքները:
Առցանց ուսուցումը առաջարկում է անհատականացված, ինքնուրույն տեմպերով ուսումնառություն՝ էլեկտրոնային ուսումնառության բաղադրիչներով, երբ սովորողները տրվում են ինտերակտիվ մեդիամիջոցներին, ինչպիսիք են՝ խաղերը, տեսանյութերը, տեսադասերը, վիկտորինաները և սոցիալական մեդիայի բաղադրիչները, որոնք հասանելի են ոււսուցման կառավարման համակարգում (LMS-Learning Management System), և երբ սովորողը որպես ուսումնական գործիք օգտագործում է իր սմարթֆոնը կամ պլանշետը: Այստեղ սիրով եմ տեղեկացնում, որ կարելի է կարդալ Արևելյան դպրոց-պարտեզի դասվար Անահիտ Հարությունյանի «Առաջին դասարանցու ուսումնական անհատական գործիք» հոդվածը: Առաջին դասարանցու պլանշետով է սկսվում ամեն ինչ, որին հետևում են անհատական նոթբուքերն ու նեթբուքերը, ժամանակակից սմարթֆոնները, որոնցով իրականացվում է բլոգային ու նախագծային ուսուցումը:
Ինչու՞ խառը ուսուցում-ուսումնառություն
Հինգ հիմնական առավելություն ունի խառը ուսուցում-ուսումնառությունը:
1. Ոչ մի սովորող դուրս չի մնում ուսումնական գործընթացից։
Խառը ուսուցումը հաշվի է առնում սովորողի յուրաքանչյուր տեսակ, անկախ նրանից՝ նրանք նախընտրում են ծանոթ ավանդական դաս-դասարանայինը, թե հեռավարն ու առցանցը, թե փորձում են երկուսի խառնուրդը:
Մեր կրթահամալիրում արդեն չորրորդ տարին է՝ սովորողներին հնարավորություն է տրվում ընդգրկվել հեռավար սովորողների խմբերում: Բլոգային ուսուցումը մեծապես նպաստում է հեռավար ուսուցում-ուսումնառության արդյունավետ կազմակերպմանը: Քովիդ 19-ի համավարակի պայմաններում մեր կրթահամալիրում նույնիսկ համատեղվեց առկա-հեռավար-առցանց ուսուցումը բլոգային ուսուցմամբ և Teams հարթակի օգնությամբ, ինչի մասին գրել է Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը իր «Կրթության կազմակերպման հիբրիդային եղանակը ավագ դպրոցում – The Hybrid Way of Organizing Education at High School» հոդվածում: Կարելի է կարդալ նաև իմ «Առկա-առցանց հիբրիդային դասարաններ» վերնագրով իմ այլոց փորձի ուսումնասիրությունը:
2. Խառը ուսուցմամբ հնչեղություն են ստանում դասավանդողի և սովորողի արձագանքները։
Դրա վառ ապացույցն է կրթահամալիրի դասավանդողների և սովորողների հրապարակումները ուսումնական բլոգներում, կրթահամալիրի կայքի առաջին էջում և դպրոցների ենթակայքերում:
3. Խառը ուսուցմամբ կարող են նվազել կրթությանը հատկացվող ծախսերը։
Teams և Zoom ուսումնական առցանց հարթակների օգնությամբ հնարավոր է վարպետության դաս կազմակերպել միանգամից մինչև 300 սովորողի համար:
4. Խառը ուսուցմամբ մեծանում է սովորողների ներգրավվածությունը ուսումնական գործընթացում:
Օգտագործելով անհատական ՏՀՏ միջոցները՝ հնարավոր է յուրաքանչյուր սովորողի տալ իր ունակություններին համապատասխան առաջադրանքներ և այդ ձևով ապահովել բոլոր սովորողների ներգրավվածությունը:
Ասվածի ապացույցը կարող է լինել 2019 թվականի հոկտեմբերի 10-ի մասնագետ-դասավանդողի իմ օրագիրը: Կարելի է կարդալ նաև իմ «Մանկավարժական երեք հնարք, որոնք խթանում են ամբողջ դասարանին ակտիվորեն ներգրավվել ուսումնական գործունեության մեջ» այլոց փորձի ուսումնասիրությունը:
5. Խառը ուսուցում-ուսումնառությամբ հնարավոր է դառնում ուսուցման անհատականացումը։
Այս ենթակետի տակ տեղին է կարդալ Մարիետ Սիմոնյանի «Անհատականացված ուսուցում» հոդվածը:
Խառը ուսուցում-ուսումնառության մոդելները
- Առկա կամ դեմ առ դեմ
Դասավանդողի ղեկավարությամբ ավանդական դաս-դասարանային ուսումնական պարապմունքներ՝ համալրված ՏՀՏ միջոցներով, որը թույլ է տալիս սովորողներին վերահսկելու իրենց ուսուցման տեմպերը: Առավելություններից են՝ դերախաղը, մենթորությունը, գործնական պրակտիկան և հետադարձ կապը:
- Ուսուցման-ուսումնառության գործունեության ձևերի ռոտացիոն կամ պարբերական կրկնությունների բնույթը
Սովորողները մի ուսումնական գործունեությունից անցնում են մեկ այլ ուսումնական գործունեության կամ ուսուցչի կողմից ղեկավարվող կառուցվածքային ուսումնական պարապմունքներով, կա՛մ առցանց՝ ինքնուրույն ուղղորդված ձևով: Օրինակները ներառում են դասարանական խմբային ուսուցումը, վիրտուալ լաբորատորիաները և շրջված դասարանը, որտեղ սովորողներն ուսումնասիրում են դասի թեման ՏՀՏ միջոցների օգնությամբ՝ նախքան առկա կամ դեմ առ դեմ դաս-դասարանային ուսումնական պարապմունքին մասնակցելը:
- Ճկուն ուսուցում-ուսումնառությունը
Խառը ուսուցման այս տիպը հայտնի է նաև որպես մոդուլային ուսուցում, որը սովորողներին տալիս է որոշակի ընտրություն իրենց ուսումնական ձևաչափում: Նրանք կարող են որոշել, թե արդյոք ցանկանում են մասնակցել դասերին կամ նույնիսկ դասընթացներին առկա (դեմ առ դեմ), թե առցանց, կամ էլ՝ խառը ուսուցման դասարաններում: Դասավանդողը ավելի շատ մենթորի դեր է կատարում․ միայն պատասխանում է սովորողի հարցերին:
Նման ճկուն ուսուցում-ուսումնառությունը մեր կրթահամալիրում փորձարկվել է Քովիդ 19-ի համավարակի դեմ պայքարի պայմաններում:
- Խաղային ուսուցում-ուսումնառությունը
Սովորողներին մոտիվացնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը խաղն է: Օգտագործելով խաղի տարրերը, ինչպիսիք են՝ միավորները կամ խաղացողի վարպետության մակարդակները՝ սովորողները զգում են փոքր մրցակցություն և ավելի են մոտիվացվում:
Անգլերեն դասավանդողի ուղեցույց. լեզվական խաղեր։
- Առցանց լաբորատորիայի մոդելը
Պատկերացրեք հեռավոր գյուղական վայրի մի դպրոց, որտեղ սովորողների թվի սակավության պատճառով քիչ են մասնագետ դասավանդողները: Սովորողները իրենց ուսումնական պարապմունքների մեծ մասն անցկացնում են համակարգչային լաբորատորիայում, որը տեղակայված է գյուղական ավանդական դպրոցում: Ուսուցումն իրականացնում է քաղաքի կամ շրջկենտրոնի լավագույն մասնագետ դասավանդողը հեռավար-առցանց ձևաչափով: Ուսումնական պարապմունքը համակարգչային լաբորատորիայում վերահսկում է մի ոչ մասնագետ: Նա հետևում է միայն սովորողների վարքագծին և հաճախելիությանը: Սա խառը ուսուցման առցանց լաբորատոր մոդելի օրինակ է: Այս մոդելը շատ օգտակար է այն գյուղական վայրերում, որտեղ դպրոցները սահմանափակ ռեսուրսներ ունեն:
Կարծում եմ, որ այս մոդելը կիրառելի կլինի «Գագարին» նախագծով գյուղական համայնքների հետ ուսումնական նախագծեր իրականացնելու համար:
- Խառը ուսուցում-ուսումնառության ինքնախառնուրդ մոդելը
Խառը ուսուցման ինքնախառնուրդ մոդելը գրեթե բացառապես հիմնված է մեդիա համացանցային ուսուցման վրա: Սովորողները կարող են օգտվել համակարգչային լաբորատորիաներից իրենց դպրոցում կամ քոլեջում և ուսուցիչներից օգնություն ստանալ համացանցային ռեսուրսների հասանելիության վերաբերյալ: Իրոք, ինքնախառնուրդի մոդելն ամենևին էլ չի հիմնվում ուսպարապմունքների դաս-դասարանային ձևի վրա: Սովորողները կարող են նույնքան հեշտությամբ ավարտել դասընթացը, որն անցկացվում է տանը՝ ՏՀՏ միջոցների օգտագործմամբ:
Խառը ուսուցման ինքնախառնուրդի մոդելի հիմքում ընկած գաղափարն այն է, որ այն սովորողներին թույլ է տալիս ընտրել կրթության ոլորտներ, որոնք այլ կերպ կարող են անհասանելի լինել ավանդական հանրակրթական դպրոցի դաս-դասարանային ուսպարապմունքների միջոցով: Օրինակ՝ ավագ դպրոցի միջավայրում սովորողները կարող են չկարողանալ ուսումնասիրել որոշակի ուսումնական առարկա, քանի որ դպրոցի դասավանդման ցուցակում չկա մեկը, ով իրավասու է այն դասավանդելու համար:
- Ինքնամղող հեռավար մեդիա մոտեցում
Որպես խառը (համակցված) ուսուցման մոդել՝ կրթության համացանցային ինքնամղող հեռավար մոտեցումն ընդգրկում է թվային տեխնոլոգիաները, ինչպես ոչ մի ուրիշը: Հետևաբար, այն առավել հարմար է այն սովորողներին, ովքեր հասել են որոշակի հմտությունների մակարդակի և իրենց նախասիրությունների համար անհրաժեշտ որակական մակարդակներով բավականին առաջ են ընթացել իրենց համադասարանցիներից: Այս մոդելը հավասարապես կիրառելի է գիտության և տեխնիկայի, ինչպես նաև արվեստի և հասարակագիտական կրթության համար:
Մեր Ավագ դպրոցի սովորողներ Հայկ Խաչատրյանը և Միքայել Վարդանյանը ընդգրկված են հեռավար ուսումնառությամբ խմբում, չնայած ապրում են Երևանում: Նրանք ընտրել են հեռավար ուսումը, քանի որ շատ ժամանակ է մնում իրենց հիմնական նախասիրությանը անհրաժեշտ որակական զարգացումը ապահովելու համար: Հայկը և Միքայելը կատարում են ուսումնական բոլոր առարկաների հեռավար առաջադրանքները իրենց բլոգներում և ժամանակ են շահում լրջորեն զբաղվելու․ մեկը՝ ծրագրավորմամբ, իսկ մյուսը՝ դասական երաժշտությամբ:
- Ուսուցում-ուսումնառությունը նախագծերով
Ո՞րն է ամենաարդյունավետ միջոցը սովորողներին ստիպելու առնչվել ուսումնական առարկայի հետ: Ինչպե՞ս կարող են սովորողները պատասխանատվության զգացում ձեռք բերել իրենց աշխատանքի համար: Ի՞նչ է անհրաժեշտ սովորողներին հաշվետու դարձնելու իրենց գաղափարների և այն տեղեկատվության համար, որից պահանջվում է օգտվել: Այս նշված հարցերի պատասխանը մեկն է՝ նախագծային ուսուցումը: Նախագծային ուսուցում-ուսումնառությամբ սովորողները հարցադրումներ են անում, որոնց պատրաստի պատասխանները չկան դասագրքերում: Այդ հարցադրումների պատասխանները և խնդիրների լուծումները ստանալու համար նրանք ստիպված են լինում կատարել իրենց առաջին հետազոտական աշխատանքները՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ, հանդես գալ սեփական գաղափարներով և եզրակացություններով ու ստեղծել նախագծերի վերջնական արդյունքները:
Գործունեության այս ձևի վերաբերյալ չեմ ուզում օրինակներ բերել մեր կրթահամալիրում արված ու արվող ուսումնական նախագծերի մասին: Դրանցով լի են մեր դասավանդողների ուսումնական բլոգները, «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային հանդեսի էջերը:
Վերջաբան
Խոսքս ուղղում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր վերջերս մուտք գործած երիտասարդ մանկավարժներին: Հեղինակային մանկավարժության կրթական ծրագրով աշխատող մեր մանկավարժները բավականին փորձ են ձեռք բերել, որը թափանցիկ է և հասանելի: Ուսումնասիրե՚ք ձեր փորձառու գործընկերների ուսումնական բլոգները, կարդացե՚ք Հայաստանում եզակի «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային հանդեսում հրապարակված հոդվածները: Տարիներ առաջ նման առիթով մի հոդված էի գրել այս վերնագրով՝ «Ակնոցդ այլ տեղ մի՚ փնտրիր, այն քո աչքերին է»:
Ծանոթագրություն
Շեղատառով գրվածները լուսաբանում են մեր կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի փորձը:
Օգտագործված աղբյուրներ
- What is Blended Learning? Everything You Need to Know
- Online Lab Model in Blended Learning
- Flex Learning: Helping Students Choose their Path to Success Students՚՚ Perception of Project-Based Learning Model in Blended Learning
Էջի նկարը՝ Նունե Խաչիկօղլյանի