«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավայինդպրոցում աշխատում եմ 2021 թվականից՝ որպես մայրենիի ուսուցիչ և երկարացված օրվա կազմակեպիչ, ուստի կփորձեմ համառոտ ներկայացնել իմ մեկ տարվա գործունեությունը՝ դժվարություններով, ձեռքբերումներով, բացահայտումներով:
Նշեմ, որ մեր օրերում երեխաները շատ հետաքրքրասեր են և, աշխատելով նրանց հետ, չես կարող նորը չորոնել, չինքնակրթվել, այլապես ինքդ կձանձրանաս և հետաքրքրի չես լինի սովորողներիդ համար: Կրթահամալիրում դու ոչ միայն սովորեցնող, այլև՝ սովորող ես:
Աշխատելով կրտսեր դպրոցում՝ կարող եմ պնդել, որ այս տարիքում կարևոր է երեխաների մեջ ստեղծագործելու, ազատ մտածողության և առողջ քննադատության կարողություն ձևավորելը։ Սակայն այս կետերին հասնելու համար պետք է ոչ միայն լավ մասնագետ լինես, այլև պետք է փորձառու լինես քո գործում, որպեսզի հասկանաս ՝ ինչ մեթոդներով հասնես նպատակիդ: Բնականաբար, փորձառության պակասը փոքր-ինչ դժվարեցնում էր աշխատանքը: Ես միշտ հավատում եմ, որ դժվարությունների վերջում հրաշք է տեղի ունենում: Դա մասնավորապես այն է, որ դժվարությունների միջով անցնելիս մարդ կատարելագործվում է: Իհարկե, այդ դժվարությունները հաղթահարվեցին՝ շնորհիվ փորձառու մասնագետների և նաև սովորողներիս: Ինձ համար շատ կարևոր է նաև սովորող-ուսուցիչ-ընկեր հարաբերությունը, որը, կարծում եմ, ստացվեց սպասվածից շուտ: Պարզվեց, որ նաև Հարավային դպրոցի կայքի խմբագիրն եմ: Թվում էր, թե քիթ սրբելու ժամանակ չեմ ունենալու, սակայն կայքի նյութերը խմբագրելով՝ ինքնակրթվում էի: Սա էլ դարձավ իմ երկրորդ «հրաշքը»:
Արևմտահայերենը կրտսեր դպրոցում
Հայերենագիտության առաջնահերթ խնդիրնրից է արևմտահայերենի պահպանության, ուսումնասիրության և զարգացման հարցը, ուստի կրտսեր դպրոցում 2021 թվականից արևելահայերենին զուգահեռ անցանք նաև արևմտահայերեն: Սա ոչ միայն երեխաների համար էր բացահայտում և ձեռքբերում, այլև ինձ համար, քանի որ արևմտահայերեն անցել եմ համալսարանական միջավայրում: Սովորողներս ուրախացան, երբ իմացան, որ շաբաթվա մեջ մեկ օրը նվիրելու ենք արևմտահայերենին: Մենք խոսել էինք լեզվի զարգացման ճյուղերի մասին, սակայն այդքան մոտ, կենդանի չէին պատկերացնում: Սովորողներիս արձագանքը հետևյալն էր.
-Մենք նոր լեզու ենք սովորելո՞ւ, ընկե՛ր Անահիտ:
-Վերջում խոսելո՞ւ ենք այդ լեզվով,- ասում էր մյուսը:
Շնորհիվ Հուրի Աթթարեանի` մի քանի դասաժամից հետո երեխաներ ավելի արագ էին ընկալում մատուցված նյութը: Հուրիի՝ մասնագետ ուսուցչի օգնությունը մեծ է եղել արևմտահայերենի յուրացման գործում: Անշուշտ, լեզու սովորելու համար անհրաժեշտ է լսել, իսկ մեր մասնագետ ուսուցիչը ամբողջ ուսումնական գործընթացում խոսում էր արևմտահայերենով, ինչն էլ ավելի էր ոգևորում սովորողներին: Այսպես սովորողները կենդանի զգում և պատկերացնում էին ժամանակակից հայերենի մյուս ճյուղը՝ արևմտահայերենը:
Փորձում էինք այնպես կազմակերպել դասը, որ երեխաներ մտածեն, թե իրենք խաղում են: Այսպես հավեսով «խաղում էինք» բոլորով:
Ճիշտ է, սկզբից սովորողներին թվում էր, թե արևմտահայերենն այլ լեզու է և հայերենի հետ կապ չունի, բայց հիմա, ինչպես իրենք են ասում` լրիվհայերեն է: Նույնիսկ երբեմն հաղորդակցվում են արևմտահայերենով՝ հումորներ անելով.
-Ընկե՛ր Անահիտ, ադոնք հոս են,-ասում է Ավետը:
«Խաղում էինք» նաև արևելահայերնով: Ավելի մեծ եղավ ուրախությունս, երբ որոշ ժամանակ անց այդ նույն «խաղերից» ստեղծում էին նաև սովորողները: Սովորողներրը տարբեր ծրագրերով ստեղծում էին ինտելեկտուալ խաղեր՝ զարգացնելով նաև ծրագրային կարողությունները և հմտությունները:
Ընթերցանություն
Ինչպես գիտենք, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ նախագծեր: Ես և սովորողներս իրականացրել ենք նաև երկարաժամկետ նախագծեր:
Մենք հաճախ ենք դերերով ընթերցում որևէ գրական ստեղծագործություն: Կարծում եմ, որ դերերով ընթերցելն ավելի է կենտրոնացնում սովորողի ուշադրությունը: Սովորողն ավելի լուրջ է մոտենում իր կատարած կամ կատարելիք գործին: Դերերով ընթերցելը միջոց է, որպեսզի դասարանը հավաքվի և տվյալ ստեղծագործության վերաբերյալ կենդանի պատկերացում կազմի:
Կարևոր է նաև ընթերցածը, սովորածը հանրայնացնելը: Ես սովորողներիս հետ փորձել եմ դա անել քաղաքային թափառուների, ֆլեշմոբերի, խմբասացությունների միջոցով: Ապրիլի 1-7 Հարավային դպրոցի սովորողները մասնակցեցին Թումանյան-Տերյան-Չարենց-Աղայան խմբասացություններին: Սա էլ հանրայնացման մի յուրօրինակ ձև է:
Ծնողը ուսումնական գործընթացի մասնակից
Դերերով ընթերցանությունը բերեց նրան, որ սովորողներն «Ընտանեկան թատրոն» նախագծով հանդես եկան: Ուսումնական գործընթացում կարևոր է նաև սովորողների ընտանիքների ներգրավումը ուսումնական նախագծերին, և կարծում եմ, որ սա ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր ձեռքբերումներից մեկն է: Թումանյանական հեքիաթները շարունակում են մնալ մեր ընտանեկան նախագծային աշխատանքի հիմնական թեման: «Կարդում ենք Թումնայան» նախագծի շրջանակում սովորողներս փոքրիկ բեմականացում են պատրաստել իրենց ընտանիքի անդամների հետ: Ընտանեկան թատրոնի նպատակը ոչ միայն ընտանիքի ներառումն է ուսումնական գործընթացին, այլև սովորողի խոսքի, երևակայության, ստեղծագործական մտքի զարգացումը: Է՞լ Ինչպես կարող է դառնալ ընտանիքն ուսումնական գործընթացի մասնակից: Ընտանիքը ուսումնական գործընթացի մասնակից կարող է դառնալ նաև այն դեպքում, երբ բաց համագործակցում ենք ծնողական համայնքի հետ: Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում մեզ հյուր եկավ 5.1 դասարանի սովորող Դավիթի մայրիկը՝ Աննան: Աննան սովորողներին պատմեց իտալերեն լեզվի մասին, միասին փորձեցինք համեմատել հայերենը և իտալերենը՝ ընդհանրություններ և տարբերություններ գտնելով: Այսպես, ծնողը դարձավ ուսումնական գործընացի լիարժեք մասնակիցը:
Ճամբարը` որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ
Կրթահամալիրում կարևոր դեր է կատարում ճամբարային միջավայրը: «Հունվարյան ճամբար» նախագծի շրջանակում իրականացրել ենք մի շարք համագործակցային նախագծեր: «Սովորող-սովորեցնող» նախագծեր ենք իրականացրել Արևմտյան դպրոցի սովորողների հետ, համագործակցել ենք «Բարբառներ» ակումբի հետ: Համագործակցելով միմյանց հետ՝ սովորողները նոր բացահայտումներ են անել, ուրախացել միմյանց հաջողություներով. այս դեպքում գիտելիքը յուրացվել է հենց սովորողի կողմից: Համագործակցելով «Բարբառներ» ակումբի հետ՝ սովորողներս բացահայտում էին միմյանց: Օրինակ՝ սովորողներս երբեք չէին խոսել իրենց արմատների մասին, բայց կարդալով բարբառով գրված հեքիաթները՝ միանգամից արձագանքում էին.
-Իմ տատիկը այդպես է խոսում,-ասում էր Դավիթը:
-Ես կարող եմ Գորիսի բարբառով «թարգմանել» այս հեքիաթը,- ասում էր Արամը:
Ճամբարի ընթացքում կատարած աշխատանքի արդյունքները տե՛ս ներքևում.
Ազգային խաղերը ձմեռային ճամբարում
Ձմեռային մարզական խաղերը ճամբարում
Համագործակցային բաց դաս Վարդան Կարապետյանի «Բարբառներ» ակումբի հետ
«Սովորող-սովորեցնող» նախագծերը ձմեռային ճամբարում
Բեմականացում. ընթերցում ենք արևմտահայերեն դերերով
Մասնակցում ենք բնագիտատեխնիկական ֆլեշմոբին
Երկարացված օր
Երկարացված օրվա ճամբարականների հետ իրականացրել եմ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ նախագծեր:
Նշեմ նաև, որ երկարացված օրվա աշխատաժամանակը կազմակերպում ենք՝ համաձայնեցնելով կրթահամալիրի օրացույցին, դպրոցի շաբաթվա աշխատակարգին և դասվարի կամ կազմակերպչի կողմից իրականացվող նախագծերին:
Թվում է, թե վերը նշված կետերը անելով՝ ամեն ինչ իր տեղում կլինի: Սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ մենք գործ ունենք 5-6 դասաժամ արած երեխայի հետ, ով հոգնած է, ուզում է հանգստանալ կամ էլ էներգիան այնքան շատ է, որ ուզում է խաղալ և այլն: Այսինքն՝ այնքան հետաքրքիր պետք է լինես, որ կարողանս ուսուցողական նախագծերով համախմբել բոլորին:
Երկարացված օրվա մեր շուրջտարյա նախագծերից են եղել «Միջավայրի խնամքը» և «Շրջակա տարածքի մաքրումը»: Բույսեր խնամելը բնությանը մոտենալու փոքրիկ քայլ է այս տարիքի երեխաների համար։ Երկարացված օրվա ճամբարականները գրեթե ամեն օր ջրել, մաքրել, հեռացրել են ավելորդ ճյուղերը: Ճամբարականները բույսերը խնամելիս հաշվի են առնել յուրաքանչյուր բույսի առանձնահատուկ կարիքները, հետևել դրանց աճին: Արդյունքում սովորողները ավելի ուշադիր էին բույսերի նկատմամբ: